Քելբաջարի շրջան (Ադրբեջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քարվաճառ (այլ կիրառումներ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քելբաջարի շրջան (այլ կիրառումներ)
- | |
Երկիր | Ադրբեջան |
Կարգավիճակ | Ադրբեջանի շրջան |
Վարչկենտրոն | Քարվաճառ |
ԲԾՄ | 1961 մետր |
Տարածք | 3050 կմ² |
Հիմնադրված է | 1991 թվական թ. |
ISO 3166-2 կոդ | AZ-KAL |
Հեռախոսային կոդ | 237 |
Փոստային ինդեքսներ | AZ 3200 |
Ավտոմոբիլային կոդ | 32 |
kelbecer-ih.gov.az/az(ադրբ.) | |
Քելբաջարի շրջան (Քարվաճառի շրջան) (ադրբ.՝ Kəlbəcər rayonu), Ադրբեջանի Հանրապետության վարչատարածքային միավոր 1991 թվականից։ Վարչական կենտրոնը Քարվաճառ քաղաքն է։ Համաձայն Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ շրջանի տարածքը հանդիսանում է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի մաս։ Խորհրդային Միության տարիներին շրջանի տարածքը համարվել է Խորհրդային Ադրբեջանի Քելբաջարի շրջան։
Քարվաճառի շրջանի տարածքը 1991-1993 թվականներին գտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։ Արցախյան ազատամարտի արդյունքում 1993 թվականին այն անցել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի վերահսկողության ներքո։ Մինչև 2020 թվականի նոյեմբերի 25-ը շրջանի տարածքն ամբողջությամբ գտնվել է հայկական վերահսկողության ներքո։ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով շրջանն ամբողջությամբ հայաթափվել և 2020 թվականի նոյեմբերի 25-ին հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[2][3][4][5][5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարվաճառի (Քելբաջարի) շրջանի տարածքը բնակեցված է եղել դեռևս վաղնջական ժամանակներից։ Մ.թ.ա. 9-ից 6-րդ դարերում Քարվաճառի շրջանի տարածքն ընդգրկված է եղել Վանի թագավորության կազմում։ Մ․թ․ա․ 4-ից մ․թ․ 5-րդ դարերում՝ Մեծ Հայքի թագավորության ժամանակաշրջանում, Քարվաճառը եղել Արցախ նահանգի Վայկունիք գավառի տարածք։ Շրջանը եղել է քրիստոնեության տարածման առաջին կենտրոններից մեկը և պատահական չէ, որ այդտեղ է գտնվում Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից Թադեոս առաքյալի յոթանասուն աշակերտներից մեկի՝ 1-ին դարում քարոզչական գործունեություն իրականացրած Դադիի գերեզմանը, որի վրա կառուցվել է Դադիվանքը։ 5-ից 7-րդ դարերում եղել է Պարսկաստանից կախում ունեցող Հայկական մարզպանության կազմում[6][7][8]։
9-րդ դարի սկզբներից գավառին տիրող հայ իշխանական և թագավորական Առանշահիկներ տոհմը սկսել է հզորանալ։ Առանշահիկների ներկայացուցիչները ակտիվ կերպով մասնակցել են հակաարաբական պայքարին՝ միաժամանակ նորոգելով ու կառուցելով իրենց տիրույթներում գտնվող պաշտպանական ամրություններ, բերդեր[8]։ Մինչև Հայաստանում մոնղոլների տիրապետության շրջանը Վայկունիք-Ծարի իշխանության ներկայացուցիչները խնամիական կապերով բարեկամացած էին Զաքարյան զորապետերի հետ և վայելում էին վերջիններիս հովանավորությունը։ Մասնավորապես՝ Զաքարե և Իվանե իշխանների քույրը՝ Դոփը, ամուսնացել էր Առանշահիկների տոհմի տեղական իշխան Հասանի հետ[8][9]։ 12-ից 13-րդ դարերում Ծարի կամ ինչպես երբեմն ասում են՝ Վերին Խաչենի իշխանության սահմանները (Խաչենի իշխանական տուն) զգալի ընդարձակվել էին, ինչը, ըստ պնդումների, պայմանավորված էր Իվանե Զաքարյանից որպես օժիտ իշխանուհի Դոփի ստացած կալվածներով։ Այդպիսով, Ծարի կամ Վերին Խաչենի տիրույթները հյուսիս-արևմուտքում ձգվում էին Սևանա լճի հարավային ափի ողջ երկարությամբ՝ ներկայիս Գեղարքունիքի մարզի Սոդքից մինչև Շողվագա (Ձորագյուղ) բնակավայրերի հատվածը, իսկ արևելքում՝ հասնում մինչև ներկայիս Մարտակերտի շրջանի Ականաբերդ բնակավայրը, հյուսիսում՝ Հանդաբերդի հատվածը, հարավում՝ Բերձոր, Հին Շեն, Եղցահող բնակավայրերի հատվածը։ Այդ մասին է վկայում Խաչակապ գյուղի Թարգմանչաց վանքում 1312 թվականին գրված ավետարանի հիշատակարանում։ Այս սահմանների մեջ Առանշահիկների ենթաճյուղ Դոփյան իշխանությունը մնաց մինչև 14-րդ դարի սկզբները։ Դոփյանների իշխանական տունը մեծ կորուստներ կրեց Լենկթեմուրի արշավանքի ժամանակ՝ 1387 թվականին։ Շրջանի բնակչության շրջանում տեղի ունեցան կոտորածներ։ Զոհվեցին նաև իշխան Հասանն ու կինը՝ Խոնձան, նրանց որդիներ Գրիգորը, Սարգսը, Ջհանշեյը, Շանշեն, Շրվանն ու Աղբուղան։ Այնուամենայնիվ, Դոփյանների իշխանությանը հաջողվեց անկախությունը կամ կիսանկախությունը պահպանել մինչև 18-րդ դարի սկզբները։ Այդ ընթացքում Արևելյան Հայաստանի որոշ գավառներ արդեն ներթափանցել էր թյուրքական տարրը, որը սակայն չէր կարողացել մտնել Ծարի գավառի սահմաններից ներս։ Թուրք-պարսկական պատերազմների հետևանքով այլ գավառներից տեղահան արված հայ բնակչությունը պատսպարվում էր Ծար գավառում, քանի որ այն դարձել էր լավ պաշտպանված շրջան[8][10][11][12][13][14][15][16]։
16-րդ դարի վերջերից ամբողջ Արևելյան Հայաստանը, այդ թվում՝ Քարվաճառի շրջանը, որը կոչվում էր Ծար գավառ, գտնվում էր Սեֆյան Պարսկաստանի տիրապետության ներքո։ 1603 թվականին Դոփյան Հասանի որդի Ջհանշեի սերունդները պարսից շահ Աբբաս I Սեֆիից ստացել են գավառի վրա օրինական մելիքության վավերացումը։ Չնայած 17-րդ դարի վերջին Ծարի մելիքությունը լուծարվեց և բաժանվեց հարևան Սոթքի և Ջրաբերդի մելիքությունների մեջ, այնուամենայնիվ այն կարողացավ պահպանել իր գոյությունը մինչև 18-րդ դարի սկզբները։ Այդ ընթացքում գավառի համար շինարարության և նորոգույան ժամանակաշրջան էր. մելիքների նախաձեռնությամբ ստեղծվեցին նորոգվեցին գավառի մի շարք բնակավայրերի եկեղեցիներ, կառուցվեցին նորերը, բազմաթիվ հասարակական նշանակության կառույցներ՝ կամուրջներ, աղբյուրներ և այլն[8][15][16][17][18]։
Արդեն 18-րդ դարի սկզբներին ավելի հաճախակի էին դառնում թյուրքական ցեղերի հարձակումներն ու ներխուժումները Քարվաճառի շրջանի տարածք։ Այդ դժվարություններին ավելանում էր նաև պարսկական իշխանությունների սահմանած բարձր հարկերը։ Ստեղծված իրավիճակը դժվարին կացության մեջ էին դրել Ծար գավառի մելիքներին և ազգաբնակչությանը[8]։ 1720-ական թվականների սկզբներին Ծարի գավառը դեռևս ուներ միատար հայ բնակչություն, սակայն նրանց համար ստեղծվել էր օրհասական դրություն։ Կովկասյան լեռնականները, մասնավորապես՝ լեզգիները սկսել էին կազմակերպել իրար հաջորդող թալանչիական արշավանքներ, իսկ շրջանի հարուստ արոտավայրերը ամառային ամիսներին սկսել էին զբաղեցնել Կուր և Արաքս գետերի ափամերձ տափաստաններ վաղուց տեղափոխված թուրք և քուրդ քոչվորական խաշնարած տարբեր ցեղեր[8][19]։
Արցախի մյուս մելիքությունների օրինակով Ծարի հայերը նույնպես սկսեցին նախապատրաստվել ազատագրական պայքարի։ Նրանք նույնպես ստեղծել էին հատուկ զորակայաններ, որոնք նաև կոչվում էին սղնախներ։ Սակայն, 1720-ական թվականների վերջերից գավառի բազմաթիվ գյուղեր աստիճանաբար սկսեցին դատարկվել հայ բնակչությունից։ Գավառը հայ ազգաբնակչությունից զրկվելու գործընթացը հատկապես մասսակայան չափերի հասավ 1724 թվականից հետո, ինչը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Ռուսական կայսրության Պետրոս I կայսրը, հակառակ արցախահայությանը տված խոստումների, Պարսկաստանից նվաճած մերձկասպյան խանություններում իր ազդեցությունն ավելացնելու նպատակով պայմանագիր կնքեց Օսմանյան կայսրության հետ՝ վերջինիս թույլատրելով մինչև Շամախի ընկած տարածքներում վարել սեփական քաղաքականությունը։ Պայմանագրի կնքումից անմիջապես հետո թուրքական բանակները սկսեցին հարձակումներ հատկապես Արցախի տարածքի հայության նկատմամբ, ովքեր պայքարի էին դուրս եկել հանուն անկախության[8][20][21]։ 1720-ական թվականներից հետո հայ բնակչությունը սկսեց ստիպողաբար գաղթել՝ չնայած մինչև 1725-ական գավառի տարածքում դեռևս մնացել էին հայաբնակ գյուղեր, իսկ որոշ վանքեր ու եկեղեցիներ գործում էին։ Այնուհետև որոշ ժամանակահատվածով Քարվաճառի շրջանի տարածքը անցնում է խանի ենթակայության ներքո։ 1751-1810 թվականներին շրջանի տարածք են տեղափոխում Իրանի քրդերի երեք քոչվոր ցեղի՝ չեմիշկեզեկների, խանուսլուների և բազուկիների, ինչպես նաև Մուղանի դաշտավայրում թափառող թյուրքական չևանշիրների ցեղի ներկայացուցիչների և բնակեցնում շրջանում դեռևս մնացած հայերի կողքին։ Թյուրք և քուրդ բնակչության վերաբնակեցման գործընթացը խրախուսվում էր հայ իշխանների պառակտության հետևանքով Շուշիում հաստատված Փանահ Ալի-խանը և նրան հաջորդող Իբրահիմ Հալիլ-խանը։ Թյուրք և քուրդ քոչվոր ցեղերի ներթափանցումը շրջանի տարածք երբեմն ուղեկցվում էր քրդերի ու լեզգիների բախումներով։ Այդպիսի ընդհարումներից է 1760-ական թվականներին տեղի ունեցածը, որին ականատես է եղել հայ ազատագրական գործիչ Հովսեփ Էմինը։ Սևանա լճի մոտ լեզգիները հանդիպում են քյոլանի անունով քուրդ թափառական ցեղին, որ գաղթում էր դեպի ներկայիս Քարբվաճառի շրջանի տարածքի կողմ։ Արյունահեղ կռվում հաղթում են լեզգիները և գերի վերցնում 814 քուրդ, առգրավում 8000 ոչխար, 2000 տավար և 600 մատակ ձի։ Ստացված ավարը 12.000 թումանի արժեք էր ներկայացնում»։ Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ ընթացքում շրջանի տարածքը հարկադրաբար լքել են շուրջ 10․000 հայ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ արդեն 1760-ական թվականներին շրջանի տարածքը գրեթե ամբողջությամբ հայաթափ էր եղել։ Բացառություն էին կազմում միայն Խութավան գյուղն ու նախկին եպիսկոպոսանիստ ու թեմական կենտրոն Դադիվանքը, որտեղ կային հոծ հայ բնակչություն[8]։ Ըստ ուսումնասիրողների՝ այնուամենայնիվ, իսլամադավան եկվոր բնակչության գալու ժամանակ բնակավայրերում դեռևս մնացել էր հայ բնակչություն, որոնցից էլ եկվորները իմացել են բնակավայրերի անուններն ու հարմարեցրել իրենց լեզվական հնարավորություններին՝ աղավաղելով ու իմաստային կամ բառացի թարգմանության ենթարկելով։ Այդպիսի ձևափոխված տեղանուններից է «Ծարը», որը ձևափոխվել է և դարձել «Զառ», «Սևաջուրը»՝ «Ղարասու», «Ցրտնոտը»՝ «Սոյուղբուլաղ», «Երիցուշենը»` «Քեշիշքյանդ», «Խնձորեկը»՝ «Ալմալու» և այլն[8][22]։ Ըստ ճանապարհորդ Մեսրոպ արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանի վկայության՝ Ծարի բնիկ հայ ազգաբնակչությունը, չկարողանալով դիմադրել մեծաքանակ եկվոր մուսուլմաններին, ստիպված է եղել գաղթել տարբեր վայրեր։ Շրջանի հայերի մի մասը գաղթել է Ռուսական կայսրության Մոզդոկի և Ղզլարի շրջաններ։ Հայ բնակչության մի մասը հաստատվել է Տփխիս (ներկայիս Թբիլիսի) և հարակից գյուղեր։ Հայտնի է, որ Չիրքին գյուղի հայերը վերաբնակվել էին Տփղիսում, Յանշաղի հայերը՝ Տփղիսից ոչ հեռու Տաբախմելիք (ներկայիս Տաբախմելա) գյուղում, Խութավանի հայերի մի մասը՝ Շուլավերում (ներկայիս Մառնեուլի շրջանի Շահումյան քաղաք)և այլ վայրերումԱյնուամենայնիվ, Քարվաճառի շրջանի տարածքում 1800 թվականի դրությամբ հայ բնակչությունը կազմում էր ընդհանուր բնակչության շուրջ 50%-ը[8][23][24][25][26][27][28][29][30]։
1813 թվականին շրջանի տարածքը վերջնականապես միացվեց Ռուսաստանի կայսրությանը։ 1869 թվականին այն ներառվեց նորաստեղծ Ջիվանշիրի գավառի (ուեզդի) մեջ, որն էլ նորաստեղծ Ելիզավետպոլի նահանգի մաս էր կազմում։ Ռուսաստանին միացվելուց հետո կառավարության պահանջով քոչվոր բնակչության որոշ խմբեր սկսեցին աստիճանաբար հաստատվել հայկական լքված գյուղատեղիներ դարձած մի քանի բնակավայրերում։ Այնուամենայնիվ, մինչև 1850-ական թվականները շրջանի տարածքում իսլամադավան բնակչությունը խիստ սակավաթիվ էր։ Հայտնի է, որ 1861 թվականին շրջանի ամբողջ տարածքում ապրում էին շուրջ 100 տուն «ալիանլուեցի բարբարոս քոլանիներ», որոնք կազմում էին 14 փոքրիկ գյուղ։ Այս տեղեկատվությունը ուսումնասիրողները թերահավատությամբ են վերաբերվում։ Առավել վստահելի է այն տեղեկությունը, որ 1865 թվականին շրջանի տարածքում գոյություն ունեին ընդամենը 9 նորաստեղծ գյուղ՝ 102 տուն բնակչությամբ։ Որոշ ժամանակ անց, Արցախի հոգևորականությունը Բաղդասար մետրոպոլիտի գլխավորությամբ հին կալվածագրերով վավերացված Դադիվանքին պատկանած երբեմնի կալվածները օրենքի ուժով քոչվոր բնակչությունից ետ վերադարձնելու ուղղությամբ ակտիվ գործընթաց սկսեց։ Մի քանի տարվա ակտիվ աշխատանքի արդյունքում Դադիվանքին վերադարձվեցին վանքապատկան տարածքներից 140000 դեսյատին (1526 կմ2) հողատարածք։ Վերադարձված տարածքը կազմում էր ներկայիս Քարվաճառի շրջանի գրեթե կեսը և Մարտակերտի շրջանի արևմտյան որոշ տարածքներ։ Մինչև Հարավային Կովկասում խորհրդային կարգերի հաստատումը՝ Դադիվանքը հանդիսանում էր այդ կալվածքների սեփականատերը, որից ստացված եկամուտներով գոյատևում էր։ Հայ բնակչության նկատմամբ հարձակումների և ճնշումների պատճառով 1900 թվականին հայ բնակչության թվաքանակը նվազել էր հասնելով մինչև 30%-ի[8][26][31][32][33][34][35]։
1918 թվականին Անդրկովկասի մուսուլմանների ժամանակավոր ազգային խորհրդի կողմից հռչակված Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության հռչակումից և 1920 թվականին Հարավային Կովկասի խորհրդայնացումից հետո Դադիվանքը զրկվեց իր բոլոր կալվածներից և ամայացավ, իսկ շրջանը միացվեց Խորհրդային Ադրբեջանին։ 1923 թվականի հուլիսի 7-ին Արցախի կենտրոնական հատվածում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ վարչական միավորը, որի բնակչության բացարձակ մեծամասնությունը հայեր էին, իսկ հուլիսի 16-ին՝ ներկայիս Շահումյանի շրջանի քարվաճառյան հատվածի (պատմական Ծար գավառի) և Քաշաթաղի շրջանի տարածքում Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները ստեղծեցին Կարմիր Քուրդիստան վարչական միավորը, որի բնակչությունը մեծամասամբ քրդեր էին։ Վերջինիս ստեղծման նպատակն էր Խորհրդային Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ միջև ցամաքային կապի վերացումը, ինչպես նաև այդ տարածքը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ մեջ չընդգրկելը։ 1929 թվականին Կարմիր Քուրդիստանը վերացվեց, և տարածքն ուղղակիորեն մտցվեց Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ։ Կարմիր Քուրդիստանի տեղում 1930 թվականի մայիսի 25-ից օգոստոսի 8-ը եղել է Քրդական շրջան, որի կենտրոնը եղել է Լաչին (Բերձոր) բնակավայրը։ Այնուհետև Ծար (Վերին Խաչեն) գավառի տարածքում Խորհրդային Ադրբեջանի կողմից ստեղծվեց Քյալբաջար անունով շրջան։ 1937 թվականին շրջանի տարածքում մնացած սակավաթիվ հայերին և արդեն այդ ժամանակ մեծամասնություն կազմող քրդերի մեծ մասին Իոսիֆ Ստալինի հրամանով աքսորում են Միջին Ասիա։ Աքսորված հայերի ու քրդերի տներում բնակություն են հաստատվում ադրբեջանցիներ։ Նորաստեղծ շրջանի անունը առաջացել է հնում գոյություն ունեցած հայկական Քարվաճառ գյուղի ձևափոխված անունից, իսկ գյուղը դարձավ շրջանի վարչական կենտրոն։ 1960-ական թվականներից սկսած ադրբեջանական իշխանությունները հսկայական ներդրումներ կատարեցին շրջանում և ավելացրեցին ադրբեջանական բնակչության թվաքանակը։ Այդ աշխատանքներն ահռելի չափերի հասան հատկապես 1980-1992 թվականների ընթացքում[8][26][31][32][33][36][37][38]։
Արցախյան ազատամարտ, 1991-1994
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ-ադրբեջանական պատերազմ, 2020
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․)։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ 5,0 5,1 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ Անանիա Շիրակացի, Մատենագրություն, Երևան, 1979 թվական։
- ↑ Միխայիլ Ասորի, ժամանակագրութիւն, Երուսաղէմ, 1871 թվական։
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 Սամվել Կարապետյան, «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», Երևան, 1999 (էլեկտրոնային տարբերակ Արխիվացված 2019-07-02 Wayback Machine)
- ↑ Գ. Հովսեփյան, Խաղբակյանք կամ Պռոշյանք Հայոց պատմության մեջ, Վաղարշապատ, 1928, էջ 19-20։
- ↑ Կարապետ եպիսկոպոս, Նիւթեր հայ մելիքութեան մասին, պրակ Բ, Դօփեանք եւ Մէլիք Շահնազարեանք, Էջմիածին, 1914, էջ 34։
- ↑ «ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», Երեւան, 1950, էջ 84։
- ↑ Գրիգոր Խլաթեցի, Յիշատակարան աղէտից, Վաղարշապատ, 1897, էջ 6։
- ↑ «Նիւթեր հայ մեւիքութեան», Բ, էջ 84։
- ↑ «Մանր ժամանակագրություններ», հատոր Բ, Երեւան 1956, էջ 275։
- ↑ 15,0 15,1 «ժէ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», հատոր Ա. Երեւան, 1974, էջ 218։
- ↑ 16,0 16,1 «Հայ մտավորականները եւ Շահ-Աբբասի չգործած հանցանքը» հոդված, «Հայք» օրաթերթ, 1995, 13 հունիս, N 105, էջ 7։
- ↑ Ա. Յովհաննիսեան, Գեղամայ եւ Ծարայ մելիքների տոհմը, «Բանբեր Հայաստանի գիտական ինստիտուտի», գիրք Ա եւ Բ, 1921-1922, էջ 105-113։
- ↑ Բ. Ուլուբաբյան, Խաչենի իշխանությանը X-XVI դարերում, Երեւան, 1975։
- ↑ Պատմութիւն համառօտ Աղուանից երկրի յօրինեալ ի Տ. Եսայի Աղուանից կաթողիկոսէ Հասան Ջալալեանց, Յերուսաղէմ, 1868, էջ 37-38։
- ↑ «Հայ ժողովրդի պատմություն», հատոր 4, Երեւան, 1972, էջ 151։
- ↑ Աշոտ Յովհաննիսեան, Պետրոս դի Սարգիս Գիլանենց, Վաղարշապատ, 1916, էջ 16։
- ↑ «Արդյո՞ք իսպառ հայաթափ էր Ծար գավառը խաշնարած ցեղերի ներթափանցման պահին» հոդված, «Ար» շաբաթաթերթ, 1995, N 9, էջ 5։
- ↑ Մեսրոպ մագիստրոս արքեպիս. Տէր-Մովսիսեան, Հայկական երեք մեծ վանքերի՝ Տաթեւի, Հաղարծնի եւ Դադի եկեղեցիները եւ վանական շինութիւնները..., Երուսաղեմ, 1938, էջ 84։
- ↑ «Армянский Кизляр в «Кавказском календаре» (1845–1860 гг.)» հոդված regnum.ru կայքում, (արխիվացված 12․12․2021թ․)(ռուս.)
- ↑ «Возникновение армянской общины в г. Кизляр в 18 - 19 вв.» հոդված armeniansite.ru կայքում, (արխիվացված 12․12․2021թ․)(ռուս.)
- ↑ 26,0 26,1 26,2 «Краткая история армянского Карвачара» հոդված ИА Реалист միջազգային տեղեկատվական գործակալության կայքում հրապարակված 10․06․2021թ․-ին, (արխիվացված 12․12․2021թ․)։(ռուս.)
- ↑ Հայաստանի Հանրապետության Պատմության պետական կենտրոնական արխիվ, ֆոնդ 57, ցուցակ 1, գործ 4. թերթ 1։
- ↑ Լեո, Հայոց պատմության, հատոր 3, գիրք երկրորդ, Երեւան, 1973, էջ 303։
- ↑ «The Life and Adventures of Joseph Emin, London, 1792, Էջ 372։(անգլ.)
- ↑ «Դիվան Հայոց Պատմաթեան», Գ, Թիֆլիզ, 1894, էջ 494։
- ↑ 31,0 31,1 Ա Մելքոնյանի «Քելբաջարի եւ Լաչինի պատմությունից» հոդվածը, «Հայրենիքի ձայն», N 12, 1993, էջ 6։
- ↑ 32,0 32,1 Հ. Սիմոնյանի հետ հարցազրույցը «Նպատակ», N 1,1995, էջ 1։
- ↑ 33,0 33,1 «Ադրբեջանական խորհրդային հանրագիտարան» (ադրբեջաներեն), հատոր 5, Բաքու, 1981, էջ 334։
- ↑ «Նոր-Դար» օրաթերթ, 1885, N 104, էջ 4։
- ↑ «Արարատ» ամսագիր, 1910, ապրիլ, էջ 58։
- ↑ «Արցախ պատմությունը Արցախի Հանրապետության ՄԻՊ կայքում։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.()։
- ↑ Ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական փաստարկները ԼՂԻՄ կազմավորման և Ադր. ԽՍՀ կազմից դուրսբերման շրջանի փաստաթղթերում (1923-1989թթ.), Հրայր Փաշայան, (արխիվացված 14․01․2022թ․):
- ↑ Ս. Կարապետյան, Ինչպէ՞ս էին իւրացնամ հայկական հողերը (Քարվաճառ քաղաքի օրինակով), «Ազատամարտ», 1994, N 40, էջ 13։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քելբաջարի շրջան (Ադրբեջան) կատեգորիայում։ |
|