Լոզանի կոնֆերանս
Երկիր | Շվեյցարիա | |
---|---|---|
Վարչատարածքային միավոր | Լոզան | |
Վայր | Լոզան | |
Սկսած | 20 Նոյեմբերի 1922 | |
Ավարտված | 24 Հուլիսի 1923 | |
Հետևանք | Լոզանի կոնֆերանս |
Լոզանի կոնֆերանս, միջազգային կոնֆերանս Մերձավոր Արևելքի հարցով՝ Թուրքիայի դեմ անգլո-հունական արշավանքի (1919-1922) ձախողումից հետո։ Տեղի է ունեցել 1922 թվականի նոյեմբերի 20-ից 1923 թվականի հուլիսի 24-ը, Լոզանում (Շվեյցարիա)։ Մասնակցել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Հունաստանը, Ճապոնիան, Ռումինիան, Հարավսլավիան, Թուրքիան, ինչպես նաև՝ դիտորդի կարգավիճակով ԱՄՆ–ն։ Խորհրդային (ռուս-ուկրաինական-վրացական) միացյալ պատվիրակությունը մասնակցել է միայն սևծովյան նեղուցների հարցի քննարկմանը։ Լոզանի կոնֆերանսը ավարտվել է մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ, որոնց մեջ ամենակարևորը Լոզանի հաշտության պայմանագիրն էր, որով հաստատվեցին Թուրքիայի արդի սահմանները։ Վերացվեցին օտարերկրացիների տնտեսական ու քաղաքական արտոնությունները Թուրքիայում, հատուկ կոնվենցիայով թույլատրվեց առևտրային ու ռազմական նավերի ելումուտը սևծովյան նեղուցներով և այլն։
Լոզանի կոնֆերանսում քննարկվեց նաև Հայկական հարցը։ Հայաստանի պատվիրակությանը (Ավետիս Ահարոնյան, Ալեքսանդր Խատիսյան) չթույլատրվեց պաշտոնապես մասնակցել կոնֆերանսին, քանի որ նա այլևս չէր ներկայացնում Հայաստանը, որտեղ հաստատվել էր խորհրդային իշխանություն։ Այդուհանդերձ, Ազգային պատվիրակության (Գ. Նորատունկյան, Լ. Բաշալյան) հետ համատեղ կոնֆերանսին ներկայացվեց մի հուշագիր, որն առաջարկում էր Հայկական հարցի երեք հնարավոր լուծում. «Հայկական ազգային օջախի» ստեղծում ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի սահմանագծած Հայաստանի տարածքում, Երևանի հանրապետության ընդարձակում՝ նրան կցելով Արևմտյան Հայաստանի մի մասը՝ դեպի ծով ելքով, իսկ հակառակ դեպքում՝ Հայկական ազգային օջախի ստեղծում Կիլիկիայում։
Ազգային փոքրամասնությունների հարցի կապակցությամբ 1-ին հանձնաժողովն ու ենթահանձնաժողովը մի քանի նիստերում անդրադարձան Հայկական ազգային օջախին։ Դեկտեմբերի 12-ի նիստում նախագահողը՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար լորդ Քերզոնը, անդրադառնալով Թուրքիայի ազգային փոքրամասնությունների պաշտպանության հարցին, խոսքը մասնավորեցրեց հայերի վրա, որոնք «արժանի են հատուկ ուշադրության՝ աչքի առաջ ունենալով ոչ միայն սերունդների կյանքի ընթացքում նրանց կրած դաժան տառապանքները, որոնք հարուցել են քաղաքակիրթ աշխարհի համակրանքն ու զարհուրանքը, այլև նկատի առնելով ապագայի վերաբերյալ նրանց տրված (դաշնակից տերությունների կողմից) հատուկ հավաստիացումները», և Անկարայի կառավարությանը խնդրեց այդպիսի «ազգային ոգի ունեցող ու վճռականությամբ լեցուն» ժողովրդի համար «ազգային տուն» (օջախ) հատկացնել Թուրքիայի հյուսիսարևելյան նահանգներում կամ Կիլիկիայի ու Սիրիայի հարավարևելյան սահմանագծի վրա[1]։
Նույն ոգով արտահայտվեցին նաև Անտանտի մյուս ներկայացուցիչները (Բարրեր, Գարրոնի, Մոնտանա, Վենիզելոս, Չայլդ և այլք), որոնք «մարդասիրական» ճառեր չխնայեցին ի պաշտպանություն հայոց դատի։ Բայց թուրքական պատվիրակությունը (Իսմեթ փաշա, Ռեզա Նուր բեյ) վճռականորեն մերժեց Թուրքիայի տարածքում որևէ հայկական ազգային օջախ ստեղծելու գաղափարը՝ պատճառաբանելով, թե Թուրքիան ոչ իր արևելյան նահանգներում, ոչ Կիլիկիայում չունի «տարածքի որևէ պատառ», որի բնակչության մեծ մասը թուրքեր չլինեն, և որը կարելի լիներ որևէ կերպ անջատել մայր հայրենիքից։ Եվ բացի այդ, Թուրքիան միջազգային իրավունքին համապատասխան պայմանագրեր է կնքել (նկատի ունեն Մոսկվայի և Կարսի պայմանագրերը) և «բարիդրացիական հարաբերություններ» հաստատել ներկայումս գոյություն ունեցող «անկախ Հայաստանի», այսինքն՝ ՀԽԱՀ-ի հետ, և դրան հակառակ կլիներ պատկերացնել որևէ «այլ Հայաստանի գոյությունը»։
Հաղթանակած Թուրքիան այսպես իր կամքն էր պարտադրում Անտանտի պետություններին։ Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան, որոնք շահադիտական նպատակներ էին հետապնդում Թուրքիայում ու Մերձավոր Արևելքում, քայլ առ քայլ տեղի էին տալիս թուրքական պատվիրակության համառության առջև՝ զիջումների գնալով ի հաշիվ ազգ. փոքրամասնությունների (հայեր, հույներ, Թրակիայի բուլղարներ և այլն) օրինական շահերի։ Մի վերջին անգամ Հայկական հարցը շոշափվեց 1-ին հանձնաժողովի 1923 թվականի հուլիսի 17-ի նիստում և, վերածվելով «հայ գաղթականության» հարցի, փոխանցվեց Ազգերի լիգային (տե՛ս Ազգերի լիգան և Հայկական հարցը)։ Եվ արդեն կնքված պայմանագրում հիշատակություն անգամ չկար հայերի ու Հայաստանի մասին։ Այդպիսով Թուրքիան ոչ միայն յուրացրեց Արմ. Հայաստանն ու Կիլիկիան, այլև «ագիտատորներից» պաշտպանվելու պատրվակով մերժեց բազմահազար տարագիր արևմտահայերի վերադարձը հայրենի երկիր։ Պայմանագրի 42-րդ հոդվածով թուրքական կառավարությունը պարտավորվում էր «պաշտպանություն ցույց տալ» Թուրքիայի ազգ. փոքրամասնությունների աղոթարաններին, գերեզմանոցներին ու կրոնական մյուս հաստատություններին։ Լոզանի կոնֆերանսի խորհրդ. պատվիրակությունը (ղեկ. Գ. Չիչերին) մի հուշագրով պատրաստակամություն հայտնեց Ռուսաստանում և Ուկրաինայում ապաստան տալ հայ գաղթականներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923)», 1972, էջ 735-736
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արա Պապյան - Հայրենատիրություն. Հայոց պահանջատիրության իրավական հիմունքները և հարակից հարցեր (հոդվածների ժողովածու), Ասողիկ, Երևան, 2012 (ISBN 978-9939-50-190-1, ՀՏԴ՝ 941(479.25)։341(045), ԳՄԴ՝ 63.3(2Հ) + 67.91ց1, Պ234։ Համակարգչային շարվածքը և ձևավորումը՝ Դավիթ Օ. Աբրահամյանի)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Армянский вопрос на Лозаннской конференции. Извлечения из протоколов։ Тифлис 1926. с. 3-36.
- Mandelstam А N.. La Socie'te' des Nations at les Puissances devant le proble'me arme'nien, 2 e'me e'd, Beyrut, 1970, p. 260-280։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 652)։ |