Տարածքի զբաղեցում
Տարածքի զբաղեցում կամ զավթում, ռազմավարություն, որը բողոքի գործողության նպատակով հաճախ օգտագործվում է սոցիալական շարժումների և կոլեկտիվ սոցիալական գործողությունների այլ ձևերի կողմից՝ նպատակ ունենալով գրավել ու իրենց վերահսկողության տակ պահել հասարակական և խորհրդանշական տարածքները, շենքերը, կրիտիկական ենթակառուցվածքները, ինչպես օրինակ երկաթուղային կայարանների մուտքերը, առևտրի կենտրոնները, համալսարանական շենքերը, հրապարակները և զբոսայգիները[1][2]։ Ի տարբերություն ռազմական բռնազավթման, որը փորձում է հպատակեցնել նվաճած երկրին, բողոքի նպատակով իրականացվող զավթումն առկա իրավիճակին դիմակայելու միջոց է և հանդես է գալիս պետական կամ հանրային քաղաքականության փոփոխության օգտին[3][4]։ Բողոքի ակցիաների այդ տեսակի մասնակիցները փորձում են կոնկրետ տարածքն օգտագործել որպես գործիք՝ քաղաքական և տնտեսական փոփոխությունների հասնելու և այլընտրանքային և ընդդիմադիր տարածքներ (հարթակներ) ստեղծելու համար, որտեղ ցուցարարներն արտահայտում են այս կամ այն երևույթի նկատմամբ իրենց բողոքը կամ պահանջը[2][3]։ Երբեմն այդ ակցիաները կարող են իրականացվել քաղաքային հիմնախնդիրների պատճառով, որի պարագայում նրանք փորձում են իրացնել կոնկրետ քաղաքի նկատմամբ իրենց իրավունքը։ Վերջինս քաղաքում ապրելու և այնտեղ գտնվելու, ինչպես նաև կոնկրետ քաղաքն այնպես վերաիմաստավորելու իրավունքն է, որ այն բավարարի կապիտալիստական տնտեսական համակարգում կապիտալի շարունակական կուտակման պահանջներին։ Քաղաքի նկատմամբ իրավունքը ենթադրում է ոչ միայն բնակչության կողմից քաղաքային տարածքներին հասանելիությունը, այլև հասարակության կողմից գերիշխող տնտեսական ուժերին դիմակայելու ունակությունը, որոնք առաջնահերթ են համարում շահույթը, այլ ոչ թե բնակիչների բարեկեցությունը։ Վերափոխելով քաղաքը՝ անհատներն ու համայնքները ձգտում են ստեղծել քաղաքային միջավայր, որտեղ առաջնային են սոցիալական արդարությունը, հավասարությունը և կայունությունը, այլ ոչ թե կապիտալիզմի անվերահսկելի աճը և շահագործումը[2]։ Բնականաբար, բողոքի նման ակցիաների իրականացումն արվում է հանրային տարածքները քաղաքացիների համար ավելի արժեքավոր դարձնելու, այլ ոչ թե կորպորատիվ և ֆինանսական կապիտալի շահերը բավարարելու համար[5]։
Ի տարբերություն բողոքի այլ ձևերի, ինչպիսիք են ցույցերը, երթերը և հանրահավաքները, տարածքի զավթումը բնութագրվում է երկարաժամկետ տևողությամբ և սովորաբար իրականացվում է որոշակի վայրերում[6]։ Շատ դեպքերում տեղական ինքնակառավարման մարմինները կոնկրետ տարածքի զբաղեցումը կամ զավթումը հայտարարում են անօրինական, քանի որ ցուցարարները ձգտում են երկար ժամանակով իրենց վերահսկողությունը պահպանել տվյալ տարածքի նկատմամբ։ Որպես կանոն, բողոքի այս ակցիաների մասնակիցները հաճախ կոնֆլիկտի մեջ են մտնում քաղաքական իշխանությունների ներկայացուցիչների և իրավապահ մարմինների՝ հատկապես ոստիկանության հետ[3][7]։ Այս բախումները հաճախ գրավում են լրատվամիջոցների ուշադրությունը[8][9]։
Տարածքի զավթումը՝ որպես բողոքի արտահայտման և փոփոխության հասնելու միջոց, առաջացել է բանվորների պայքարից, որոնք ձգտում էին անել ամեն ինչ՝ իրենց նպատակներին հասնելու համար՝ սկսած աշխատավարձերի բարձրացումից մինչև կապիտալիզմի վերացում։ Բողոքի այս տեսակը հաճախ կոչվում է նստացույց-գործադուլ։ Սա քաղաքացիական անհնազանդության ձև է, որի ընթացքում աշխատողների կազմակերպված խումբը, որը սովորաբար աշխատում է գործարանում կամ կենտրոնացված այլ վայրում, «գրավում» է աշխատավայրը՝ «նստացույց-գործադուլ» անելով իր աշխատատեղում՝ արդյունավետորեն խոչընդոտելով գործատուներին իրենց փոխարինել այլ աշխատողներով (շտրեյկբրեխերներ) կամ, որոշ դեպքերում, արտադրությունը տեղափոխել այլ վայրեր։
Արգենտինայում վերականգնված գործարանները (ժամանակին սեփականատերերի կողմից լքված կամ փակված գործարաններ, որոնք ավելի ուշ վերականգնվել են հենց բանվորների ջանքերով) աշխատավայրի զավթման օրինակ են, որոնք դուրս են գալիս աշխատավայրում աշխատանքային խնդիրների լուծման սահմաններից և պահանջում արտադրական միջոցների սեփականության փոփոխություն։
«Աշխարհի արդյունաբերական աշխատողներ»-ն ամերիկյան առաջին արհմիությունն էր, որը կիրառեց բողոքի այս ձևը, մինչդեռ «Ավտոարդյունաբերության միացյալ աշխատակիցներ» արհմիությունը 1930-ական թվականներին հաջող նստացույց-գործադուլներ անցկացրեց, որոնցից ամենահայտնին 1936-1937 թվականներին ԱՄՆ Միչիգան նահանգի Ֆլինթ քաղաքի նստացույց-գործադուլն էր։ Նստացույց-գործադուլներն անօրինական են ճանաչվել Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի կողմից, բայց մինչ օրս կիրառվում են արհմիությունների կողմից, որոնց թվում է «Ամերիկայի միացյալ հանքագործները» (կիրառել են Փիթսթոնի գործադուլի ժամանակ)։ Բողոքի այս ձևը կիրառվել է նաև Չիկագոյի Պատուհանների և դռների հանրապետական գործարանի աշխատողների կողմից։
«Գրավի՛ր Ուոլ սթրիթը» շարժումը, որը ոգեշնչվել էր նաև «Արաբական գարուն» և Իսպանիայում կոշտ տնտեսության դեմ շարժումներից, սկիզբ դրեց համաշխարհային մի շարժման, որտեղ հանրային տարածքների զավթումն առանցքային մարտավարություն է։ 2011 թվականին տեղի ունեցած այս բողոքի ակցիաների ժամանակ զավթման մարտավարությունը կիրառվեց նորովի, քանի որ ցուցարարները ցանկանում էին անորոշ ժամանակով մնալ զբաղեցված տարածքում, մինչև իրենց ձայները լսելի կլինեին համապատասխան մարմինների կամ պաշտոնյաների կողմից։ Այդ ընթացքում նրանք դիմադրում էին ոստիկանությանը և պետական պաշտոնյաներին, որոնք ցանկանում էին զբաղեցված տարածքից դուրս վտարել նրանց։ Ի տարբերություն բողոքի՝ ավելի վաղ կիրառված ձևերի, այս ակցիաներն ավելի երկար ժամանակահատվածում ավելի շատ քաղաքներում կարողացել են ավելի շատ մարդ մոբիլիզացնել՝ սևեռելով ողջ աշխարհի ուշադրությունը[3]։
Հայտնի դեպքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաղեստինամետ բողոքի ակցիաներ համալսարանական կամպուսներում (2024 թվական)։
- Պաղեստինամետ ցուցարարների կողմից Կոլումբիայի համալսարանի կամպուսի զավթում (2024 թվական)։
- Բողոքի ակցիաներ Մանչեսթերի համալսարանում (2023 թվական)՝ ներառյալ ուսանողների կողմից համալսարանական շենքերի զավթումը։ Ցուցարարները բողոքի ակցիա էին իրականացնում բարձրագույն կրթության շուկայավարման դեմ։
- Բրազիլիայի ազգային կոնգրեսի պալատի վրա ցուցարարների հարձակում (2023 թվական)։
- Կալիֆոռնիայի Օքլենդ քաղաքում Parker տարրական դպրոցի «գրավում»։ Շուրջ 130 օր ակցիայի մասնակիցները բողոքի ցույցեր էին անում դպրոցի փակման դեմ։
- Ազատության ավտոշարասյունը Կանադայում (2022 թվական)։
- Անկարգություններ Մինեապոլիսի Ափթաուն թաղամասում, որը տեղի է ունեցել 2021 թվականին ԱՄՆ Մինեսոտա նահանգում։
- 2021 թվականին «Օրիշայի երկիր» ինքնավար գոտու ստեղծումն ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթին քաղաքում։ Ստեղծվել է ոստիկանության կողմից Ջորդան Ուոլթոնի սպանությունից հետո։
- ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակում (2021 թվական),
- 2020 թվականին Կապիտոլիումի բլրի ինքնավար գոտու ստեղծում ԱՄՆ Սիեթլ քաղաքում՝ Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո սկսված բողոքի ցույցերից հետո։
- 2020 թվականից մինչ օրս ԱՄՆ Մինեապոլիս քաղաքում ցուցարարները զավթել են Ջորջ Ֆլոյդի հրապարակը։
- 2018-2023 թվականներին բրիտանական բուհերը բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների դեմ բողոքի ակցիաներ իրականացրին։ Մեծ Բրիտանիայի ավելի քան 20 համալսարաններում և «Universities UK»-ի լոնդոնյան գրասենյակների մոտ բողոքի ակցիայի նպատակով ուսանողները տարածքներ զավթեցին՝ ի պաշտպանություն Համալսարանների և քոլեջների միության 4-շաբաթյա ազգային գործադուլին, որը հայտարարվել էր կենսաթոշակային բարեփոխումների պատճառով։ Որոշ տարածքներ շարունակվեցին զավթված մնալ ավելի քան մեկ ամիս՝ նույնիսկ գործադուլի ավարտից հետո։ Ուսանողները կոչ էին անում դադարեցնել բարձրագույն կրթության նեոլիբերալացումը և շուկայավարումը և աջակցել համալսարաններում ցածր եկամուտ ունեցող աշխատողների իրավունքներին, ինչպիսիք են հավաքարարները և պահակները[10]։
- 2017 թվականին Երևանի պետական համալսարանի մի քանի ուսանողներ հացադուլ և դասադուլ հայտարարեցին՝ փակվելով ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում։ Պատճառը տարկետման իրավունքում փոփոխությունների դեմ բողոքն էր, որը նախաձեռնել էր Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը։
- «Զավթի՛ր Լոնդոնը» ակցիան 2015 թվականին[11]։ Վեցշաբաթյա ակցիաներ Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի նեոլիբերալացման և Մեծ Բրիտանիայի բարձրագույն կրթության համակարգի դեմ։
- 2015 թվականին Ամստերդամի համալսարանի Բունգեհաուս և Մախդեհաուս մասնաշենքերի բռնազավթումը։ Բողոքի ակցիայի մասնակիցները ցույց էին իրականացնում համալսարանական բյուջեի կրճատման դեմ և համալսարանում ավելի լայն ժողովրդավարության հաստատման համար։
- 2014 թվականին Հոնկոնգի բողոքի ցույցեր։ Ցուցարարները, կիրառելով այս մեթոդը, բողոքի ակցիա էին անում համընդհանուր ընտրական իրավունքի համար։
- 2014 թվականին ցուցարարները Թայվանում գրավեցին օրենսդիր մարմնի շենքը։ Սա համարվում է «Արևածաղկի ուսանողական շարժման» մի մասը։
- 1973 թվականից մինչ օրս Բրազիլիայում ոչ բերրի հողերի զանգվածային մի քանի զավթումներ աշխարհի ամենամեծ և ամենազանգվածային շարժման՝ «Movimento dos Trabalhadores Rurais Sem Terra»-ի կողմից։
- Բողոքի ցույցեր Իսպանիայում (2011-2012 թվականներ)[12]։
- 2011 թվականի փետրվարին Մեդիսոն քաղաքում Վիսկոնսինի նահանգային կապիտոլիումի զավթումը որպես 2011 թվականին Վիսկոնսինում աշխատանքային իրավունքների համար բողոքի ցույցերի մի մաս։ Սրան հաջորդեց «Գրավի՛ր Ուոլ սթրիթը» շարժումը։
- «Գրավի՛ր Ուոլ սթրիթը» շարժում, որը նպաստեց «Գրավի՛ր» համաշխարհային շարժման ի հայտ գալուն։
- 2011 թվականին եգիպտական հեղափոխության ժամանակ Թահրիր հրապարակի զավթումը ցուցարարների կողմից,
- 2010 թվականի նոյեմբերին և 2011 թվականի սկզբին Մեծ Բրիտանիայի համալսարանական որոշ շենքերի զավթումն ուսանողների կողմից՝ ի պատասխան Պահպանողական և Լիբերալ-դեմոկրատական կուսակցություններից բաղկացած կոալիցիոն կառավարության կողմից ծախսերի կրճատմանը՝ ներառյալ հանրային ծառայություններին, սոցիալական նպաստներին և կրթության բոլոր մակարդակներին (մասնավորապես՝ պետական այս հատկացումներին զուգահեռ կառավարությունը մտադիր էր բարձրացնել ուսման վարձերը) ուղղված ծախսերը[13][14][15][16]։
- 2010 թվականին Լոնդոնի Խորհրդարանի հրապարակում «Ժողովրդավարության գյուղ» անունը ստացած վրանային քաղաքը։
- 2009 թվականի սկզբին Մեծ Բրիտանիայի համալսարաններում ուսանողների կողմից, ի նշան բողոքի, տարածքների զավթում։
- 2009 թվականին Կալիֆոռնիայի համալսարաններում ուսման վարձի բարձրացման դեմ բողոքի ցույցերի ժամանակ համալսարանական շենքերի զավթումը[17][18]։
- 2008-2009 թվականներին Նյու Յորքի համալսարաններում ուսանողների կողմից համալսարանական տարածքների զավթումը՝ ներառյալ Նյու Յորքի համալսարանում և Նոր դպրոցում։
- 2008 թվականի փետրվարին Սիմֆոնի Ուեյ փողոցի տներ զանգվածային ներխուժումից հետո, ինչը Հարավաֆրիկյան Հանրապետության պատմության ամենամեծ ներխուժումն էր, այդ տների բնակիչները շուրջ 1 տարի 9 ամիս զավթեցին գլխավոր փողոցը։
- 2006 թվականի բողոքի ցույցերի ժամանակ ցուցարարները շուրջ 150 օր զբաղեցրել էին Օախակա դե Խուարես քաղաքը։
- 2005 թվականի Մայրիների հեղափոխությունը Լիբանանում։
- 2001 թվականին Վենեսուելայի Կենտրոնական համալսարանի ռեկտորատի զավթումը։
- «Վայրի շուշաններ» ուսանողական շարժումը 1990 թվականին։
- Բողոքի ցույցեր Պեկինի Տյանանմեն հրապարակում, 1989 թվական։
- Անգլիայի Գրինհեմ Քոմոնի կանանց խաղաղության ճամբարը, որը 1981 թվականին սկսեց բողոքի ակցիաներ իրականացնել միջուկային մարտագլխիկներով թևավոր հրթիռների տեղակայման դեմ։
- Վունդիդ Նիի զավթումն Ամերիկայի հնդկացիական շարժման կողմից, Հարավային Դակոտա (1973 թվական)։
- Ալկատրասի զավթումն Ամերիկայի հնդկացիների կողմից, 1969 թվական։
- 1969 թվականին Նյու Յորքի քաղաքային քոլեջի զավթումը հիմնականում սևամորթ և պուերտոռիկացի ուսանողներից բաղկացած խմբի կողմից, որը պահանջում էր, որ Նյու Յորքի քաղաքային համալսարանն ընդունելությունն իրականացնի բաց տարբերակով։ Արդյունքում նրանք հասան իրենց պահանջին։
- 1969 թվականին Մոնրեալի Սըր Ջորջ Ուիլյամսի համալսարանի համակարգչային կենտրոնի զավթումն ուսանողների կողմից։
- 1968 թվականին Կոլումբիայի համալսարանում ուսանողական գործադուլը։
- 1968 թվականին Հանուն աղքատների արշավը, որը կազմակերպվել էր Մարտին Լյութեր Քինգ կրտսերի (սպանությունից առաջ) և Հարավային քրիստոնեական առաջնորդության կոնֆերանսի կողմից և զբաղեցրել Վաշինգտոնի Ազգային ծառուղին։
- 1968 թվականի մայիսի 13-ին Սորբոնի օկուպացիոն կոմիտեն Փարիզում զավթեց Սորբոնի համալսարանի տարածքը։
- 1968 թվականին «Մարտի 22-ի շարժման» կողմից Փարիզի Նանտերի համալսարանի զավթումը։
- 1936-1937 թվականներին ԱՄՆ Միչիգան նահանգի Ֆլինթ քաղաքի «General Motors»-ի գործարանում բանվորների նստացույց-գործադուլը։
- Առաջին համաշխարհային պատերազմի վետերանների և նրանց ընտանիքի անդամների բողոքի ակցիան, որոնք ամերիկյան իշխանություններից պահանջում էին վճարել իրենց հավելավճարները, Վաշինգտոն, 1932 թվական։
Մարտավարություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խաղաղության վրաններ, որոնք ստեղծվում էին վիճելի տարածքներում, ինչպես օրինակ՝ Քեմփ Համֆրեյսում
- Նստացույց-գործադուլ
- Նստացույցեր
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Halvorsen, Sam (2012). «Beyond the Network? Occupy London and the Global Movement». Social Movement Studies. 11 (3–4): 427–433. doi:10.1080/14742837.2012.708835. S2CID 143804926.
- ↑ 2,0 2,1 2,2 Vasudevan, Alexander (2015). «The Autonomous City: Towards a Critical Geography of Occupation». Progress in Human Geography. 39 (3): 316–337. doi:10.1177/0309132514531470.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Hammond, John L. (2013). «The Significance of Space in Occupy Wall Street» (PDF). Interface. 5 (2): 499–524.
- ↑ Pickerill, Jenny; Krinsky, John (2012). «Why Does Occupy Matter?». Social Movement Studies. 11 (3–4): 279–287. doi:10.1080/14742837.2012.708923. S2CID 144969899.
- ↑ Purcell, Mark (2003). «Citizenship and the Right to the Global City: Reimagining the Capitalist World Order» (PDF). International Journal of Urban and Regional Research. 27 (3): 564–590. doi:10.1111/1468-2427.00467.
- ↑ Moore, Sheehan (2013). «Taking Up Space: Anthropology and Embodied Protest» (PDF). Radical Anthropology. 7: 6–16. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Zhelnina, Anna (2014). «"Hanging Out", Creativity, and the Right to the City: Urban Public Space in Russia before and after the Protest Wave of 2011-2012». Stasis. 2 (1): 228–259. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Gillham, Patrick F.; Edwards, Bob; Noakes, John A. (2013). «Strategic Incapacitation and the Policing of Occupy Wall Street Protests in New York City, 2011». Policing and Society. 23 (1): 81–102. doi:10.1080/10439463.2012.727607. S2CID 145650774.
- ↑ Castañeda, Ernesto (2012). «The Indignados of Spain: A Precedent to Occupy Wall Street». Social Movement Studies. 11 (3–4): 309–319. doi:10.1080/14742837.2012.708830. S2CID 143081582.
- ↑ «University strike talks resume after Twitter skirmishes». BBC News. 2018 թ․ մարտի 6.
- ↑ «Occupy LSE - Free University of London».
- ↑ «MST». Movimento dos Trabalhadores Rurais Sem Terra.
- ↑ «Student tuition fees protests across the UK». BBC News. 2010 թ․ նոյեմբերի 24.
- ↑ «Defend Education. - Conforming to the needs of the current Internet». Defend Education. (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ http://anticuts.com/2010/11/24/list-of-occupied-universities/(չաշխատող հղում)
- ↑ «the Free Hetherington».
- ↑ «Occupations».
- ↑ «Communist Party of Great Britain (Marxist-Leninist)».