Jump to content

IAI Harop

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
IAI Harop
IAI Harop ԱԹՍ-ն Փարիզի ավիա-ցուցահանդեսում 2013 թվական
ՏեսակԱԹՍ
Ենթատեսակհետախուզական / հարվածային
ԱրտադրողԻսրայել IAI
Առաջին թռիչք2003
ՇահագործողներՀոմերա, Ադրբեջան և Հնդկաստան
Բազային մոդելIAI Harpy
 IAI Harop Վիքիպահեստում

IAI Harop (կամ IAI Harpy 2), հետախուզական և հարվածային ԱԹՍ, նախագծվել է իսրայելական Israel Aerospace Industries կազմակերպության կողմից։ Մշակվել է իսրայելական «Տաասիա ավարիտ» ռազմաարդյունաբերական կոնցեռնի մասը կազմող «Մաբաթ» ռազմաարդյունաբերական ձեռնարկության կոնստրուկտորական բյուրոյի կողմից՝ դեռևս 2001-2005 թթ.[1]։ Առաջին փորձնական թռիչքը իրականացվել է Նեգև անապատում գտնվող ռազմական օդանավակայանից, 2003 թվականի աշնանը[2]։ «Harop» ԱԹՍ-ն առաջին անգամ ներկայացվել է Aero-India 2009 ցուցահանդեսում։ ԱԹՍ-ն ստեղծվել է նրա նախորդ հարվածային IAI Harpy սարքի կիրառման փորձի գնահատումից հետո։ Նրա վրա տեղադրված է ռադիոտեղորոշիչ կայան (ՌՏԿ), Radiolocation Station (RLS, ռադիոլոկացիոն կայան) և բարձր թույլտվությամբ թվային տեսախցիկ՝ 360 աստիճան տեսադաշտով։

Harop ԱԹՍ-ն հիմնականում ստեղծվել է որպես ՌՏԿ-ների դեմ պայքարի միջոց, այն կարող է ինքնուրույն հայտնաբերել և վերացնել ռադիոճառագայթում արձակող կայանները։ Իրենից ներկայացնում է ինքնակառավարվող ռումբ-ինքնաթիռ։ ԱԹՍ-ն աշխատում է երկու ռեժիմով՝ ինքնակառավարման կամ օպերատորի կողմից կառավարման։ Եթե թռիչքի ժամանակ համապատասխան թիրախ չի հայտնաբերվել կամ նշվել, ԱԹՍ-ն վերադառնում է օդանավակայան ինքնուրույն։ ԱԹՍ-ն ստեղծելիս հատուկ ուշադրություն է դարձվել նրա հայտնաբերելիությանը (ռադիոտեղորոշիչ պատկեր, ռադիոլոկացիոն պատկեր)։ Նախատեսված է վերացնելու թշնամու հակաօդային պաշտպանությունը առաջին գծում[3]։

2005 թվականի հոկտեմբերին Harop ԱԹՍ-ները ("White Hawk" - Սպիտակ Ուրուր անվան տակ) ներկայացվել են Միացյալ Թագավորության Պաշտպանության նախարարությանը հետագայում կիրառման համար ԱԹՍ-ների ընտրության ժամանակ[4][5]։ Harop-ն ընտրվել է որպես նախնական ընտրված թիմ, սակայն հետագայում մերժվեց, քանի որ ՊՆ-ի դիրքորոշմամբ նախապատվությունը տրվեց բրիտանական արտադրողներին[4]։

2007 թվականի օգոստոսին Հնդկաստանի կառավարությունը բանակցություններ սկսեց ութից տաս Harop համակարգերի գնաման մասին[6]։ 2009 թվականի սեպտեմբերին Հնդկաստանի ՌՕՈւ-ն հայտարարեց 100 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի Harop համակարգերի գնման մասին[7]։

Առաջին անգամ այս մակնիշի ԱԹՍ-ները կիրառվել են մարտական գործողություններում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հետ պատերազմի ընթացքում 2016 թվականի ապրիլ ամսին[8][9]

Մարտավարատեխնիկական բնութագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Երկարությունը՝ 2,5 մ
  • Թևերի բացվածքը՝ 3,0 մ
  • Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 135 կգ
  • Մարտագլխիկի զանգվածը՝ 23 կգ[10]
  • Նպատակակետերի հայտնաբերման միջոցները՝ ռադիոհաճախականային, էլեկտրոնա-օպտիկական[10]

Թռիչքային առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Առավելագույն արագությունը՝ 185 կմ/ժ
  • Թռիչքի առավելագույն տևողությունը՝ 6 ժ
  • Գործնական թռիչքի առավելագույն հեռավորությունը՝ 1000 կմ

Կիրառվում է այս պահին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրառումը 2016 թվականի Ապրիլյան Քառօրյա պատերազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանը և նրա հետևում կանգնած Թուրքիան ու Իսրայելը դարձան առաջին պետությունները, որոնք մարտադաշտում, կոնկրետ՝ Արցախում լայնորեն կիրառեցին հարվածային կամիկաձե ԱՕԹՍ-ները։ Կամիկաձե-ԱՕԹՍ-ները նոր մահաբեր զենք են, որոնց առաջին անգամ լայնորեն կիրառումը մեծ առավելություն էր տալիս ագրեսոր կողմին՝ Ադրբեջանին։ Սակայն հայկական կողմին հաջողվեց վայր գցել կամ վայր իջեցնել 12 տարատեսակ ԱՕԹՍ։ Այնուամենայնիվ, Ադրբեջանի ԱՕԹՍ-ներին հաջողվեց որոշակի վնասներ պատճառել հայկական կողմին։ Կամիկաձե-ԱՕԹՍ-ի զոհ դարձավ նաև Մարտակերտի շրջանի տարածք հասած Սիսիանի երկրապահ-կամավորների ավտոբուսը, որտեղ զոհվեցին հայ քաջարի 6 կամավորականներ։ Զուտ պատահականությամբ ԱՕԹՍ-ի զոհ չդարձավ նաև հայ լրագրողների ավտոբուսը, որից տասնյակ մետր հեռավորության վրա ընկավ երկնքից սրընթաց գրոհի իջած մահաբեր սարքը։ Պարզվեց, որ հարվածային այդ սարքերը իսրայելական Harop-ներ են, որոնք արտադրել է «Israel Aerospace Industries» ռազմաօդային կոնցեռնի «Տաասիա Ավիրիտ» ռազմարդյունաբերական ընկերությունը։ Նաև համացանցում հայտնվեց հայկական ռազմական դիրքերը գրոհող իսրայելական ԱՕԹՍ-ի տեսանկարահանությունը[14]։ Իսրայելական «Հարոփ» ԱՕԹՍ-ը իսկական կամիկաձե է, որը, ի տարբերություն հայտնի ամերիկյան «Փրիդեյթըր» (Predator) ԱՕԹՍ-ի, որը հակառակորդի թիրախների վրա արձակում է իր վրա տեղակայված «Հելֆայըր» (Hellfire) հրթիռները, հենց ինքն է նպատակաուղղվում դեպի թիրախը և ոչնչացնում է վերջինիս՝ երկնքից քարի նման ընկնելով նրա վրա[14]։ Իսրայելական այդ 135 կգ-անոց ԱՕԹՍ-ները օդ են բաց թողնվում թվով 12 հատուկ շարժական կոնտեյներներից, որոնք գտնվում են բեռնատար մեքենայի վրա։ Ցամաքային թիրախները գրոհելու համար այդ ԱՕԹՍ-ն ունի 15-ից 23 կգ-անոց մարտագլխիկ։ ԱՕԹՍ-ը օդում շարժվում է պրոպելլերի օգնությամբ, կարող է 6 ժամ լինել երկնքում՝ փնտրելով նպատակակետեր։ «Հարոփը» կարող է գործել մեծ բարձրությունների վրա, ինչը ընդլայնում է նրա տեսադաշտը և նվազեցնում իր նկատելիությունն ու ոչնչացման հավանականությունը։ Նպատակակետը գտնելուն և ընտրելուն պես՝ դրոնը ցած է ընկնում՝ նրա վրա տանելով իր մահաբեր պայթուցիկ լիցքը։ Իսկ եթե թռիչքի ընթացքում չի հաջողվում ոչնչացման ենթակա նպատակակետ գտնել, ապա դրոնը հետ է վերադառնում իր արձակման վայր[14]։ Քառօրյա պատերազմում առաջին անգամ կիրառված կամիկաձե-ԱՕԹՍ-ները փորձարկում անցան իրական պատերազմական գործողություններում՝ հետագա ավելի մեծ պատերազմում լայնորեն կիրառվելու համար[14]։ Ըստ Harop-ների արտադրողի՝ Israel Aerospace Industries-ի պաշտոնական կայքի տվյալների՝ այդ ԱՕԹՍ-ը կարող է հեռակառավարվել կամ ինքնանպատակաուղղվել դեպի թիրախը՝ սեփական ռադարի օգնությամբ կամ էլ գետնից արձակվող ռադիոճառագայթները որսալու շնորհիվ[14]։ Harop-ը համարվում է հակառակորդի Հակաօդային պաշտպանության դեմ պայքարի հիանալի միջոց, քանզի այդ դրոնի փոքր չափսերը թույլ են տալիս խուսափել ցամաքային ռադարների կողմից հայտնաբերվելուց[14]։ «Հարոփը» համարվում է «Հարփի» (Harpy) դրոնի կատարելագործված տարբերակը, որը հեռակառավարման հնարավորություն չի ունեցել։ Ի դեպ, իսրայելական հետախուզական ԱՕԹՍ-ները կիրառվել են Ադրբեջանի կողմից նաև այլ հարևան պետությունների դեմ։ Օրինակ՝ 2014 թ. օգոստոսին Ադրբեջանի տարածքից Իրանի օդային տարածք էր ներթափանցել իսրայելական հետախուզական ԱՕԹՍ-ներից մեկը։ Համենայն դեպս, հայտնաբերվել էր այդ մեկը[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրյան, ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ «ՀԱՐՈՓ» ԿԱՄԻԿԱՁԵ-ԱԹՍ-Ը ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ, ՀՀ Պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» պաշտոնաթերթ, #13 (1133) 13.04.2016 - 19.04.2016
  2. «Израильский» «HAROP» — это РУССКИЙ «G-1»!!! Արխիվացված 2009-12-14 Wayback Machine // «Цельнотянутая Россия», 7 սեպտեմբերի 2009 (ռուս.)
  3. Israeli-made kamikaze drone spotted in Nagorno-Karabakh conflict By Thomas Gibbons-Neff April 5, Washington Post (անգլ.)
  4. 4,0 4,1 "Israel Unveils Loitering Anti-Missile Drone"
  5. "Rivals unveil concepts for loitering munition demo"
  6. "India eyes IAI's Harop attack UAV"
  7. «IAF plans to induct Harop UCAV by 2011». The Times Of India. 2009 թ․ սեպտեմբերի 30.
  8. 8,0 8,1 «Arminfo: Azerbaijan uses Israel-made Harop drone against NKR». arminfo.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին. (անգլ.)
  9. http://www.telegraph.co.uk/news/2016/04/08/suicide-drone-used-for-first-time-in-fighting-between-azerbaijan/ (անգլ.)
  10. 10,0 10,1 http://www.hayzinvor.am/38064.html | Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրյան, ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ «ՀԱՐՈՓ» ԿԱՄԻԿԱՁԵ-ԱԹՍ-Ը ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ, ՀՀ Պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» պաշտոնաթերթ, #13 (1133) 13.04.2016 - 19.04.2016:
  11. «Harop Loitering Munitions System for the IAF». Indian Defence Review. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին. (անգլ.)
  12. «Indian air force orders Harop loitering munitions». Flightglobal.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին. (անգլ.)
  13. «Անօդաչու սարքի անկումը Մարտակերտում». 2016 թ․ ապրիլի 4. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին – via YouTube.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 https://archive.azg.am/AM/2016041516 | Գնդապետ ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐԵԱՆ, Ռազմական պատմաբան, ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄ, «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-04-2016:

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]