Դու իմ միակն ես
Դու իմ միակն ես ռուս.՝ Ты у меня одна | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | դրամա և մելոդրամա |
Թվական | 1993 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Դմիտրի Աստրախան |
Սցենարի հեղինակ | Oleg Danilov? |
Դերակատարներ | Ալեքսանդր Զբրուև, Մարինա Նեյոլովա, Սվետլանա Ռյաբովա, Մարիա Կլյոնսկայա, Մարկ Գորոնոկ, Մարիա Լոբաչովա, Վիկտոր Գոգոլև, Իրինա Մազուրկևիչ, Վլադիմիր Տրուխանով, Գենադի Վորոպաև, Ալեքսանդր Լիկով, Վալերի Կրավչենկո, Վիկտոր Միխայլով, Անդրեյ Ֆեդորցով, Վալենտին Բուկին, Արթուր Վախա և Իվան Պարշին |
Օպերատոր | Յուրի Վորոնցով |
Երաժշտություն | Ալեքսանդր Պանտիկին |
Պատմվածքի վայր | Սանկտ Պետերբուրգ |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 92 րոպե |
IMDb | ID 0108421 |
«Դու իմ միակն ես» (ռուս.՝ «Ты у меня одна»), ռուսական գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանել է ռեժիսոր Դմիտրի Աստրախանը[1][2][3]։ Թողարկվել է 1993 թվականի փետրվարին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի նախաբանում հակիրճ ներկայացվում է մի աղջկա՝ ԱՄՆ մեկնելու պատմությունը, որն անպատասխան սիրահարված է ավագ եղբոր ընկերոջը, որին նա դիմում է «քեռի Ժենյա»։
Անցնում է քսան տարի։ Նախկին բռնցքամարտիկ Եվգենի Տիմոշինը (Ալեքսանդր Զբրուև) աշխատում է որպես հասարակ ինժեներ Սանկտ Պետերբուրգի ինստիտուտներից մեկում՝ գիշերները գումար վաստակելով մթերային խանութում որպես բեռնակիր աշխատելով։ Տիմոշինն ապրում է իր սեքսոպաթոլոգ կնոջ (Մարինա Նեյոլովա) և դստեր՝ Օլյայի հետ խրուշչովյան շենքի մեկ սենյականոց բնակարանում։ Դուստրը մտերիմ է իր դասընկերոջ՝ Պետյայի հետ, որը ծնողների հետ մեկնում է արտերկիր։ Եվգենիի հայրը՝ նախկին նավաստի, մուրացկանություն է անում մետրոյում, շատ գոհ է կյանքից և իր գործունեությունից։ Իսկ հասունացած Աննա Կոլիվանովան (Սվետլանա Ռյաբովա), որը բիզնեսում կայացած կին է և դեռ սիրահարված է Եվգենիին, ԱՄՆ-ից գործնական այցով գալիս է նոր Ռուսաստան։
Կոնստրուկտորական բյուրոյում, որտեղ աշխատում է Եվգենին, հայտարարում են, որ ռուս-ամերիկյան համատեղ ձեռնարկություն է կազմակերպվում, և հաջորդ օրը կժամանի ամերիկյան կողմի ներկայացուցիչը։ Բյուրոյի մասնագետները պետք է անցնեն որոակի քասթինգ, քանի որ համատեղ ձեռնարկությունը վերցնում է միայն երկու աշխատակից։ Եվգենիի գործընկերը ենթադրում է, որ երկու թափուր տեղերից մեկն արդեն զբաղեցնում է պետը։ Տանը Եվգենին այս մասին պատմում է իր կնոջը, և նրանք միասին երազում են, թե ինչպես Եվգենին կընդունվի համատեղ ձեռնարկություն, և նրանք ամբողջ ընտանիքով կմեկնեն ԱՄՆ՝ այնտեղ ապրելու։ Ընտանեկան իդիլիան ընդհատվում է նախ վերևի աղմկոտ հարևանների, իսկ հետո մոտեցող մթերային ֆուրգոնի պատճառով։ Ապրանքները բեռնաթափելուց հետո Եվգենին քնում է հենց խանութում և հիշում, թե ինչպես է ծանոթացել իր կնոջ հետ. Եվգենին տարրական դպրոցում սիրահարված է եղել Նատաշային, որին նորից հանդիպել է Եվգենիի բռնցքամարտի մենամարտի ժամանակ, երբ երկուսն էլ քսան տարեկան էին, և որտեղ հավաքվել էին նրա բոլոր ընկերները։ Եվգենին Նատաշային ծանոթացրել է իր ընկերոջ՝ Լյոշայի հետ, որը պատրաստվում էր ամուսնանալ ամերիկուհու հետ, ինչպես նաև Լյոշինայի քրոջ՝ տասներկուամյա Անյայի հետ, որը սիրահարված էր Եվգենիին։ Նշելով Եվգենիի հաղթանակը ռինգում՝ ընկերները երեկույթ են կազմակերպում Լյոշայի և Անյայի բնակարանում, որի ընթացքում սկսվում են հարաբերությունները Եվգենիի ու Նատաշայի միջև հենց վրդովված, խանդող Անյայի աչքի առաջ։
Հաջորդ օրը ամերիկյան ընկերության ներկայացուցիչը ժամանում է կոնստրուկտորական բյուրո։ Ներկայացուցիչն Անյան է, որը բիզնեսում հաջողության է հասել ԱՄՆ-ում։ Նա անմիջապես ճանաչում է Եվգենիին, բայց անսպասելի հանդիպումից շփոթված՝ անցնում է կողքով՝ առանց նույնիսկ բարևելու։ Վրդովված Եվգենին գնում է տուն, որտեղ տոնական սեղանի շուրջ նրան սպասում են կինն ու դուստրը։ Նատաշան և Օլյան արդեն գիտեն, թե ով է ներկայացնում ամերիկյան ընկերությունը, և երկուսն էլ վստահ էին, որ հայրը հյուր կբերի իր վաղեմի ծանոթին։ Բայց Եվգենին գալիս է մենակ և ասում, որ Անյան ճանաչել է իրեն և անտեսել։ Նատաշան զանգահարում է «Աստորիա» հյուրանոց, որտեղ հանգրվանել է Աննան, և պնդում է, որ Եվգենին նրան հրավիրի իրենց տուն։ Եվգենին կտրականապես հրաժարվում է, և այս ամենը վերաճում է ընտանեկան խոշոր սկանդալի, որի ընթացքում կինն ու դուստրը փախչում են տնից, իսկ Եվգենը կոտրում է հեռախոսը և միայնակ հարբում պատրաստված սեղանի շուրջ։
Հենց այդ պահին Անյան գալիս է Եվգենիի տուն։ Նա խոստովանում է, որ միանգամից ճանաչել է նրան, նրա հանդեպ զգացմունքները չեն սառել, և որ ինքը եկել է նրան ոչ պաշտոնական միջավայրում տեսնելու։ Եվգենին նրան առաջարկում է միասին խմել, և վերջում Անյայի հետ դավաճանում է կնոջը։
Երջանիկ Անյան պատրաստակամություն է հայտնում Եվգենիին իր հետ տանել ԱՄՆ։ Նրանք երկուսով ծառայողական մեքենայով գնում են Անայի հյուրանոց։ Ճանապարհին նրանք զանգահարում են Լյոշային, որն ամերիկյան ձեռնարկության տնօրենն է, Աննան նրա հետ համաձայնեցնում է Եվգենիին համատեղ ձեռնարկությունում աշխատանքի տեղավորելու հարցը և պատվիրում ավիատոմսեր։ Այնուհետև նրանք կանգ են առնում խանութում, որտեղ Անյան դոլարով Եվգենիի համար գնում է թանկարժեք կոստյում։ Դրանով նա անհարմար դրության մեջ է դնում Եվգենիին (թվում է՝ նա դոլար առաջին անգամ է տեսնում), բայց աղջիկը հանգստացնում է նրան՝ ասելով, թե թող դա նվեր լինի Լյոշայից։
«Աստորիա» չհասած՝ Եվգենին մեքենայի պատուհանից տեսնում է իր կնոջը, որը հարբած վիճակում պարում է զբոսանավի վրա։ Նա խնդրում է կանգնեցնել մեքենան և ասում է Անյային, որ պետք է Նատաշային տուն տանի։ Անյան դժկամորեն համաձայնում է, բայց ասում է, որ նրան կսպասի հյուրանոցում, և եթե նա չգա, ինքն առավոտյան ժամը 6-ին կգնա նրա հետևից, և իրենք կմեկնեն օդանավակայան։ Նրա ցուցումով Անյայի թիկնապահները Եվգենիին օգնում են տուն տանել հարբած կնոջը։
Տանը Եվգենին ու Նատաշան շարունակում են պարզել իրենց հարաբերությունները։ Գիշերվա կեսին վրդովված դուստրը՝ Օլյան, վերադառնում է Պետյայի մոտից և ականատես լինում ընտանեկան սկանդալի։ Այդ պահին բերևի հարկի հարևանների բնակարանից նորից սկսում է բարձր երաժշտություն լսվել։ Դա կատաղեցնում է Եվգենիին. նա գնում է հարևաններիմոտ և ծեծում տանտիրոջն ու նրա հյուրերին՝ հիշելով բռնցքամարտիկի իր անցյալը։ Վերադառնալով իր բնակարան՝ նա երաժշտություն է միացնում և որոշում է գնալ հյուրանոց՝ Անյայի մոտ։ Հեռանալիս նա խոստովանում է իր կնոջն ու դստերը դավաճանության մասին և ասում, որ հեռանում է նրանցից։
«Աստորիա» հյուրանոցի մոտ իջնելով տաքսիից՝ Եվգենին ականատես է լինում հետևյալ տեսարանին. դռնապանը (նախկին սովետական սպա) դիմավորում է Վովա անունով համասեռամոլին, որը հագել է կանացի հագուստ։ Վերջինս վիրավորում և նվաստացնում է դռնապանին, ապա ուշադրություն է դարձնում Եվգենիին, համակրանք է ցուցաբերում նրա նկատմամբ և դոլար է առաջարկում։ Եվգենին չի արձագանքում՝ հիշելով այն պահը, երբ Անյան դոլարով իր համար կոստյում էր գնել, լուռ շրջվում է և արագ գնում տուն։
Առանց իր բնակարան բարձրանալու՝ Եվգենին մինչև առավոտ մտորումների մեջ կանգնում է իր շքամուտքի մոտ, և երբ Անյան գալիս է նրա հետևից, մերժում է գնալ նրա հետ։ Անյան հուսահատության մեջ փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Եվգենիի շքամուտքի պատուհանից, բայց թիկնապահները փրկում և հանգստացնում են նրան։ Հաղթահարելով րոպեական թուլությունը և նորից տիրապետելով իրեն՝ Անյան, անցնելով Եվգենիի կողքով, ասում է նրան՝ «Ցտեսություն, քեռի Ժենյա», ու հեռանում է։
Եվգենին, գտնվելով շոկային վիճակում, վերադառնում է տուն։ Կինն ու դուստրը գրկում են նրան, լաց լինում, ներում խնդրում և հաշտվում։ Այդ պահին նրանց բնակարանի պատուհանների տակ գալիս է Եվգենիի հայրը իր մուրացկան ընկերների և սիրողական նվագախմբի հետ։ Նրանք նվագում են Եվգենիի սիրած երգը՝ «Դու իմ մենակ ես»։ Եվգենին դուրս է գալիս փողոց, և նրան հյուրասիրում են ալկոհոլ և խորոված։ Տոնին միանում են նաև Եվգենիի կողմից ծեծված հարևանները, որոնց հետ նա հաշտվում է, ինչպես նաև Աննայի թիկնապահը, որը բերել էր Եվգենիի՝ նոր կոստյումի գրպանում մոռացած անձնագիրը, և շրջակա բոլոր անտունները։
Ֆիլմի ավարտին Եվգենին կանչում է իր կնոջը և գոռում՝ «Նատաշկա, դու իմ միակն ես», որից հետո նորից մռայլվում է։
Ֆիլմի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]«Դու իմ միակն ես» վերնագիրը մեջբերում է Յուրի Վիզբորի երգից, որը հայտնի է եղել գլխավոր հերոսների երիտասարդության շրջանում։ Այն կրկներգի պես հնչում է ամբողջ ֆիլմում։
Սցենարը գրվել է Օլեգ Դանիլովի «Մենք գնում ենք դիտելու Չապաևին» (Ես չեմ ուզում գնալ Ամերիկա, ռուս.՝ «Мы идём смотреть „Чапаева“» (Не хочу ехать в Америку) պիեսի հիման վրա։
Բացատրության տեսարանում ռեժիսորը որոշել է հանել կնոջը ֆիզիկական անհավատարմությունը խոստովանելու արտահայտությունը, որն ի սկզբանե առկա էր սցենարում։ Սակայն նկարահանումների ավարտից հետո մոնտաժի և հնչյունավորման ընթացքում նա հասկացել է, որ այդ արտահայտությունն, այնուամենայնիվ, անհրաժեշտ է։ Աստրախանն սկսել է շտապ (ֆիլմի հանձնման վերջնաժամկետը մոտենում էր ավարտին) փնտրել, թե ով կարող էր այն արտասանել Զբրուևի ձայնով (որն այդ ժամանակ մեկնել էր արտասահման) և հարմար ոչ մեկին չգտնելով՝ ինքն է այն արտասանել բավականին արտիստիկ կերպով։
Կոլիվանովների լուսանկարում, որը Անյան նվիրել է Տիմոշինին, Լյոշայի կերպարում պատկերված է Սերգեյ Պարշինը՝ Իվան Պարշինի հայրը, որը մարմնավորել է Լյոշային երիտասարդ տարիքում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ты у меня одна –
Словно в ночи луна,
Словно в степи сосна,
Словно в году весна.
Нету другой такой
Ни за какой рекой.
Нет за туманами,
Дальними странами...
Դերասան | Դեր |
---|---|
Ալեքսանդր Զբրուև | Եվգենի Պավլովիչ Տիմոշին, ինժեներ, նախկին բռնցքամարտիկ |
Մարկ Գորոնոկ | Ժենյա Տիմոշինը երիտասարդ տարիքում |
Մարինա Նեյոլովա | Նատալյա Անատոլևնա Սոմյոնովա-Տիմոշինա, բժիշկ, Եվգենիի կինը |
Մարիա Լոբաչովա | Նատաշա Սեմյոնովան երիտասարդ տարիքում |
Սվետլանա Ռյաբովա | Աննա Կոլիվանովա |
Քսենյա Մորոզովա | Անյան մանկության տարիներին |
Մարիա Կալենսկայա | Օլյա, Տիմոշինի դուստրը |
Վիկտոր Գոգոլև | Պավել Տիմոշին, Եվգենիի հայրը |
Իրինա Մազուրկևիչ | «Սինկա», մուրացկան, Եվգենիի հոր ընկերուհին |
Վլադիմիր Տրուխանով | Վլադիմիր Ալեքսանդրովիչ Ռուբանով, Տիմոշինի գործընկերը |
Գենադի Վորոպաև | Տիմոշինի գործընկերը |
Ալեքսանդր Լիկով | [4] | Վովա, համասեռամոլ մարմնավաճառ «Աստորիա» հյուրանոցի մոտ
Վալերի Կրավչենկո | «Աստորիայի» դռնապան |
Վիկտոր Միխայլով | բեռնատարի վարորդ |
Անդրեյ Ֆեդորցով | ուսանող, երիտասարդ Ժենյա Տիմոշինի ընկերներից |
Լյուդմիլա Վագներ | ՔԿԱԳ-ի աշխատակից |
Վալենտին Բուկին | ոստիկան |
Ռոման Ժուկին | Պետյա |
Արթուր Վախա | Տիմոշինի աղմկող հարևանը |
Իվան Պարշին | Լյոխա Կոլիվանով, Անյայի ընկերը |
Գենադի Սվիր | ուսանող |
Իլյա Լինովիչ | Աննայի թիկնապահը |
Ալեքսանդր Սլաստին | Աննայի թիկնապահը |
Դմիտրի Աստրախան | բռնցքամարտի մրցավար' |
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր | Դմիտրի Աստրախան[5] |
Սցենարիստ | Օլեգ Դանիլով |
Օպերատոր | Յուրի Վորոնցով |
Հնչյունային օպերատոր | Ալեքսանդր Դուդարև |
Բեմադրող նկարիչ | Մաշա Պետրովա |
Կոմպոզիտոր | Ալեքսանդր Պանտիկին |
«Ты у меня одна» երգի տեքստի հեղինակ | Յուրի Վիզբոր |
Ֆիլմի տնօրեն | Յուրի Գլոտով |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1993 – «Կինոտավր-93» կինոփառատոնի նախագահական խորհրդի մեծ մրցանակ և Մեծ մրցույթի ժյուրիի մրցանակ Ալեքսանդր Զբրուևին «Տղամարդու լավագույն դերակատարման համար»
- 1993 – Կահիրեի միջազգային կինոփառատոնի «Արծաթե բուրգ» մրցանակ և դիպլոմ Մարինա Նեյոլովային «Կնոջ լավագույն դերակատարման համար»
- 1993 – Ռուսական կինոակադեմիայի «Կանաչ խնձոր-Ոսկե տերև» մրցանակ Սվետլանա Ռյաբովային կնոջ լավագույն դերակատարման համար
- 1993 – Ռուսական կինոակադեմիայի «Կանաչ խնձոր-Ոսկե տերև» մրցանակի է առաջադրվել Մարիա Պետրովան «Նկարչի լավագույն աշխատանք» և Ալեքսանդր Պանտիկինը՝ «Կոմպոզիտորի լավագույն աշխատանք» անվանակարգերում
- 1993 – «Նիկա-93» կինոակադեմիայի մրցանակ Մարինե Նեյոլովային կնոջ լավագույն դերակատարման համար
- 1993 – «Նիկա-93» մրցանակի է առաջադրվել Ալեքսանդր Զբրուևը «Տղամարդու լավագույն դերակատարում» անվանակարգում
- 1994 – «Կանանց աշխարհ-94» (Նաբերեժնիե Չելնի) կինոփառատոնի հանդիսատեսի համակրանքի մրցանակ
- 1994 – «Բյուրեղապակյա արցունք-94» (ռուս.՝ «Хрустальная слеза-94», Մագնիտոգորսկ) հայրենական մելոդրամայի կինոփառատոնի նախագահի հատուկ դիպլոմ Մարինա Նեյոլովային
- 1994 – «Լենֆիլմի» մասնագիտական մրցանակների մրցույթում «Տարվա լավագույն ֆիլմ» մրցանակ և Ադրիան Պիոտրովսկու անվան մրցանակ Օլեգ Դանիլովին՝ «Լավագույն սցենարի համար»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Биография Артура Вахи: театр Ленсовета и фильмы Клима Шипенко
- ↑ «Все будет хорошо»: Актер Марк Горонок, попавший в серьезное ДТП, отменил все запланированные съемки в кино
- ↑ В Минкультуры РФ одобрили субсидирование десяти российских фильмов
- ↑ You Are My Only Love (1993) Full Cast / Crew
- ↑ «Դու իմ միակն ես» // ԿինոՊոիսկ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Любовь Аркус Новейшая история отечественного кино: А-И 1896-2000. — СЕАНС, 2001. — Т. 1. — С. 439. — 523 с. — ISBN 9785901586013
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Зачем Астрахан ругался голосом Збруева – 7 дней (ռուս.)
|