Հունական խոհանոց
Հունական խոհանոց (հուն․՝ Ελληνική Κουζίνα), Հունաստանի ազգային խոհանոց, որը ձևավորվել է բալկանյան և միջերկրածովյան մյուս ժողովուրդների խոհանոցների ազդեցությամբ։
Այն նմանություն ունի ֆրանսիական, թուրքական և իտալական ազգային խոհանոցներին[1]։ Հունական խոհանոցն ունի չորս հիմնական հենքեր՝ թարմ մթերքներ, բուսական համեմունքների և կանաչեղենի հմուտ օգտագործում, ձիթապտղի լայն կիրառում, ինչպես նաև ճաշերի պարզություն։
Ձիթապտուղը համարվում է հունական խոհանոցի գլխավոր խորհրդանիշը[2]։ Հունական խոհանոցում ձիթապտղի լայն կիրառումը կապված է հին հույների շրջանում ձիթենու պաշտամունքի հետ[2]։ Ամառային ճաշատեսակներից ամենահայտնին հունական աղցանն է։ Պետք է նշել նաև, որ հույները միայն աղցանը պատրաստելու ժամանակ են մաքրում վարունգը կեղևից և աղցանը խառնում են միայն մատուցելուց առաջ։
Արագ սննդատեսակներից համաշխարհային հայտնիություն է վայելում գիրոսը, որը նման է թուրքական դոներին և արաբական շաուրմային։ Տարբերությունը նրանում է, որ սոուսով և մսով գիրոսի մեջ օգտագործվում է նաև կարտոֆիլի ֆրի։
Ընդհանուր ակնարկ
Հունական խոհանոցին բնորոշ հնագույն տարրերից է ձիթապտղի յուղը, որն առկա է գրեթե բոլոր հունական ճաշատեսակներում[2]։ Այն պատրաստվում է ձիթենու ծառից՝ բնական եղանակով։ Հունաստանում աճեցվող հիմնական հացահատիկային մշակաբույսերը ցորենն ու գարին են։ Այս երկու բաղադրամասերն օգտագործվել են հունական խոհանոցում դեռևս վաղնջական ժամանակներից։
Բանջարեղեններից տարածված են լոլիկը, սմբուկը, կարտոֆիլը, կանաչ լոբին, բամիան, պղպեղը և սոխը։ Հունական մեղրը ստացվում է հիմնականում արևադարձային պտղատու ծառերի, հիմնականում՝ նարնջենու և կիտրոնենու նեկտարներից։ Մածուծանը Հունաստանում աճում է միայն Եգեյան ծովի Խիոս կղզում։
Հունական խոհանոցում խոտաբույսերն ու համեմունքներն օգտագործվում են շատ ավելի հաճախ, քան որևէ այլ միջերկրածովյան խոհանոցում։ Հայտնի խոտաբույսերից են ռեհանը, ուրցը, սամիթը, սուսամբարը, անանուխը, սխտորը և այլն։ Հյուսիսային Հունաստանում պատրաստվող շատ բաղադրատոմսերում օգտագործվում են «քաղցր» համեմունքներ՝ մսի համադրությամբ։ Հունաստանյան ուտեստները նաև բնութագրվում են անանուխի և մշկընկույզի հաճախակի օգտագործմամբ։ Այլ սիրված բաղադրիչներ են գառան և խոզի միսը, ֆետա պանիրը, խաղողի տերևը և մածունը։ Աղանդերներում գերակշռում են մեղրն ու ընկույզը։
Ձիթապտղի յուղի հետ մեկտեղ կարևոր բաղադրիչ է նաև կիտրոնը։ Հույն ժողովուրդն աչքի է ընկնում պանրի բավականին շատ կիրառմամբ։ Հունաստանում կան ավելի քան 50 սորտերի (ըստ Հունաստանի մարզերի) պանիրներ։ Ամենատարածված պանրի տեսակը կոչվում է «ֆետա»[2]։ Այս պանիրն օգտագործվում է նաև հունական աղցանի մեջ։
Հունաստանում նախապատվությունը տրվում է խոզի, ոչխարի և այծի մսերին։ Բացի մսից, հունական խոհանոցում տեղ է գտել նաև ծովամթերքի լայն տեսականին՝ ձկնեղեն, խեցեմորթներ և այլն։ Ծովամթերքն առավել մեծ քանակությամբ օգտագործվում է կղզիաբնակների շրջանում։
Հունական սննդատեսակներին բնորոշ է շատ պարզ, գունեղ ու բուրավետ լինելը։ Շատ ուտեստներ կարևոր դեր են խաղացել Հունաստանի պատմության և մշակույթի մեջ։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ «Հունական խոհանոց - MediterrAsian.com». www.mediterrasian.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Հունական խոհանոց - Bonduelle Հայաստան». bonduelle.am (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հունական խոհանոց» հոդվածին։ |
|