Jump to content

Հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.

Կառավարման համակարգն իրենից ներկայացնում է տվյալ երկրում իշխանության ձևավորման և ժողովուրդ-իշխանություն փոխհարաբերությունների համակարգ։ Ըստ կառավարման համակարգի պետությունները լինում են՝

  • հանրապետություններ,
  • միապետություններ։

Հանրապետություն

Հանրապետական կառավարման համակարգի պարագայում իշխանությունը ձևավորվում է ուղղակի կամ անուղղակի ընտրությունների միջոցով, որի դեպքում ժողովուրդը մասնակցում է իշխանության ձևավորման գործընթացին։ Առանձնացվում են հանրապետական կառավարման համակարգի 3 տեսակներ՝

  • նախագահական,
  • պառլամենտական,
  • խառը կամ կիսանախագահական։

Նախագահական կառավարման համակարգի դեպքում գործում է երկմանդատ կառավարման համակարգը, երբ և նախագահը, և խորհրդարանը ընտրվում են ժողովրդի կողմից։ Այստեղ նախագահը հանդիսանում է պետության գլուխը, ինչպես նաև գործադիր իշխանության ղեկավարը, նրան է վերապահված կառավարության ձևավորման իրավունքը և կառավարությունը իր գործունեության համար ավելի շատ հաշվետու է նախագահի առջև, քան պառլամենտի։ Նախագահական հանրապետություններին բնորոշ է օրենսդիր և գործադիր իշխանությունների անկախ գործակցությունը, ինչ նշանակում է, որ նախագահը իրավունք չունի ցրել պառլամենտը, իսկ պառլամենտը չի կարող անվստահություն հայտնել կառավարությանը, սակայն գոյություն ունեն փոխադարձ վերահսկման և հակակշռման մեխանիզմներ, մասնավորապես, նախագահը կարող է վետո դնել պառլամենտի ընդունած օրենքների վրա, իսկ խորհրդարանը իր հերթին կարող է գործի դնել իմփիչմենթի (անվստահություն հայտնելու) գործընթացը։

Խորհրդարանական հանրապետություններում կառավարության ձևավորման իրավունքը պատկանում է խորհրդարանին։ Խորհրդարանական ընտրություններից հետո մեծամասնություն ստացած քաղաքական ուժը կամ մի քանի քաղաքական կուսակցություններ, կոալիցիոն սկզբունքով, ձևավորում են կառավարություն, և կառավարությունը իր գործունեության համար հիմնականում հաշվետու է լինում խորհրդարանի առջև։ Խորհրդարանական հանրապետություններում կարող է գործել նախագահի պաշտոնը, որը ընտրվում է խորհրդարանի կողմից, որոշակի ժամկետով։ Նա հանդիսանում է պետության գլուխը, սակայն նա իրականացնում է զուտ ներկայացուցչական լիազորություններ և օժտված չէ իրական գործադիր լծակներով։ Խորհրդարանական հանրապետություններում, որպես կանոն, կառավարությունները ավելի հաճախ են փոփոխության ենթարկվում և կայուն կառավարման տեսանկյունից ավելի խոցելի են, սակայն ներկայացուցչական դեմոկրատիայի ապահովման տեսանկյունից՝ ավելի ընդունելի։

Կիսանախագահական կառավարման համակարգերը նույնպես շատ տարածված են։ Կիսանախագահական հանրապետությունները բաժանվում են 2 խմբի՝

  • նախագահական-խորհրդարանական,
  • խորհրդարանական-նախագահական։

Առաջինի պարագայում նախագահը ավելի մեծ լիազորություններ ունի կառավարության ձևավորման գործընթացում։ Նա կարող է ձևավորել կառավարություն, նշանակել վարչապետին, իսկ խորհրդարանը արդեն երկրորդ փուլում կառավարության հաստատման ժամանակ կարող է անվստահություն հայտնել կառավարությանը։ Այդպիսի կարգ էր գործում Հայաստանում մինչև սահմանադրական բարեփոխումները՝ 2005 թ. նոյեմբերի 27-ին։ Սահմանադրության բարեփոխումներով կառավարության ձևավորման գործընթացում խորհրդարանի դերը ավելի մեծացավ։ Բարեփոխված սահմանադրությամբ նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական խումբ-խմբակցությունների հետ խորհրդակցելուց հետո, պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձի։ Ռուսաստանում, որը նույնպես կիսանախագահական հանրապետություն է, վարչապետի թեկնածությունը նախագահը առաջարկում է ՊետԴումային, որն էլ քվեարկում է վարչապետի օգտին։

Արտաքին հղումներ

Տես՝ republic Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանրապետություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 228