Jump to content

Բակտերիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
16:02, 12 Ապրիլի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Բակտերիաներ
Բակտերիաներ
Աղիքային ցուպիկ (լատին․՝ Escherichia coli)
Գիտական դասակարգում
Թագավորություն Բակտերիաներ
Լատիներեն անվանում
Bacteria



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 202421
NCBI 2
EOL 288

Բակտերիաներ (հին հունարեն՝ βακτήριον՝ ցուպիկ), պրոկարիոտ (անկորիզ), մեծ մասամբ միաբջիջ միկրոօրգանիզմների թագավարություն։ Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճում են, զարգանում, նյութափոխանակություն են կատարում, բազմանում և այլն։ Ներկայումս բնութագրված են մոտ տասը հազար բակտերիա, սակայն իրականում գոյություն ունի միլիոնից ավելի տարբեր տեսակի բակտերիաներ։ Բակտերիաները կյանքի նախնական ձևերն են։ Դրանք շատ փոքր են և տեսանելի են միայն մանրադիտակով։ Մի կաթիլ ջրում հանգիստ կարող են ապրել 40 միլիոն բակտերիաններ։ 1 գրամ հողում կարող է լինել 300 հազարից մինչև 90 միլիոն բակտերիա։

Սովորաբար բակտերիաների երկարությունը չի անցնում մի քանի միկրոմետրից և լինում են տարբեր ձևերի։ Բակտերիաները տարածված են ամենուր՝ հողում, ջրում, օդում, բույսերի, կենդանիների և մարդկանց օրգանիզմներում։ Դրանց կարելի է հանդիպել այնտեղ, որտեղ թվում է, թե կյանքի գոյության համար անհրաժեշտ պայմաններ չկան։ Ըստ տարբեր հաշվարկների աշխարհում կա հինգ նոնիլլիոն (5×1030) բակտերիա[1]։

Բակտերիաները լինում են ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև։ Դրանք բավական ակտիվ կյանքով են ապրում։ Օրվա ընթացքում կարող են ուտել իրենց զանգվածից 30 անգամ ավելի սնունդ։ Երբ խոնավությունը, սնունդը, ջերմաստիճանը և այլ պայմաններ բարենպաստ են, բակտերիաները շատ արագ աճում և բազմանում են։

Բակտերիաների մեծամասնությունը չունի քլորոֆիլ և նյութափոխանակության համար օգտագործում է ոչ թե Արեգակի էներգիան, այլ իրենց միջավայրում գտնվող անօրգանական և օրգանական միացությունների քիմիական փոխարկումների հետևանքով առաջացած էներգիան։ Բակտերիաները տարածված են հողում, ջրում, բույսերում, մարդու և կենդանիների օրգանիզմներում, կարող են գոյություն ունենալ ամենաբազմազան պայմաններում, որոնք հաճախ անբարենպաստ են այլ օրգանիզմների համար։ Մասնակցելով բնության մեջ էներգիայի և նյութերի շրջապտույտին՝ բակտերիաներ մեծ նշանակություն ունեն կենսոլորտի ձևավորման և Երկրի վրա կյանքի պահպանման գործընթացներում։ Վարակիչ հիվանդություններ առաջացնելու բակտերիաների ունակությունը կոչվում է հիվանդածնություն կամ ախտածնություն։ Որոշ բակտերիաներ պայմանական ախտածին են, քանի որ դրանց հիվանդածնությունը կախված է մի շարք պայմաններից և 1-ին հերթին՝ օրգանիզմի (որում գտնվում են) դիմադրողականությունից։

Ուսումնասիրման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բակտերիաներն առաջինը հայտնաբերել է հոլանդացի գիտնական Անտոնի վան Լևենհուկը (17-րդ դար), իսկ կենսաբանական հատկությունները և կենսոլորտում ունեցած դրանց նշանակությունը պարզելու ուսումնասիրություններն սկսվել են 19-րդ դարի կեսերին, ֆրանսիացի գիտնական Լուի Պաստյորի, գերմանացի Ռոբերտ Կոխի և անգլիացի Ջոզեֆ Լիստերի աշխատանքներով։

Բջջի կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բակտերիաների բջիջներն ունեն տարբեր ձևաբանություն և դասավորություն

Բակտերիաները լինում են գնդաձև (կոկեր), ցուպիկաձև (բացիլներ) և պտուտակաձև (վիբրիոններ, սպիրիլներ)։ Ցուպիկաձև բակտերիաների երկարությունը 1-8 մկմ է, լայն.՝ 0,5-2 մկմ, գնդաձևերի միջին տրամագիծը 0,5-1 մկմ է։ Բակտերիաների հիմնական կառուցվածքային տարրերն են թաղանթը, բջջապլազման և նուկլեոիդը։ Որոշ ցուպիկաձև բակտերիաներ ցուպիկի ներսում առաջացնում են սպորներ և կոչվում են բացիլներ։ Սպորները ձևավորվում են անբարենպաստ պայմաններում (սննդարար նյութերի բացակայություն, միջավայրի քիմիական նյութերի և ջերմաստիճանի փոփոխություն ևն)։ Յուրաքանչյուր բակտերիա գոյացնում է 1 սպոր, հետևաբար սպորներ առաջացնելը ոչ թե բազմացման եղանակ է, այլ տեսակի պահպանումն ապահովող մեխանիզմ։ Սպորները տարբերվում են ձևով, չափերով, բջջում տեղադրությամբ։ Ի տարբերություն վեգետատիվ բջիջների (որոնք կարող են բազմանալ), սպորները բնորոշվում են ճարպերի և ճարպանման նյութերի (լիպիդներ) ավելի բարձր և ջրի համեմատաբար փոքր պարունակությամբ, որի համար էլ խիստ կայուն Են արտաքին ազդեցությունների (ջերմաստիճան, արեգակի լույս և այլն) նկատմամբ, իսկ դա հնարավորություն է տալիս կենսունակությունը պահպանել երկար տարիներ։ Բարենպաստ պայմաններում սպորներն աճում են՝ առաջացնելով վեգետատիվ բջիջներ։

Գրամ դրական բակտերիայի մտրակը։

Շատ բակտերիաներ կարող են ակտիվորեն շարժվել մտրակիկների օգնությամբ։ Բջջի մակերևույթի վրա լինում են 1-ից մինչև մի քանի տասնյակ մտրակիկներ։ բակտերիաների ակտիվորեն շարժվելու ունակությունն օգնում է դրանց, հեղուկ մրջավայրի նյութերն արագորեն կլանելուն։ Շատ բակտերիաներ շարժվում են դեպի ավելի բարենպաստ միջավայրեր՝ հեռանալով իրենց վրա վնասակար ազդող նյութեր պարունակոդ շրջաններից (դրական և բացասական քեմոտաքսիս

Թթվածնի կարիք ունեցող շարժուն բակտերիաներ (օրինակ՝ խոլերայի վիբրիոնը) շարժվում են դեպի միջավայրի մակերևույթ, որտեղ լուծված թթվածնի քանակն առավելագույնն է։ Կարելի է ենթադրել, որ ակտիվ շարժումն օգնում է ախտածին բակտերիաներին՝ մածուցիկ, լորձային արտազատուկների միջոցով թափանցել էպիթելային պատնեշով և տարածվել օրգանիզմի հեղուկների ու հյուսվածքների մեջ։

Քիմիական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բակտերիալ բջջի կառուցվածքը, գրամ դրական բակտերիայի օրինակով

Քիմիական կազմությամբ բակտերիաներ չեն տարբերվում օրգանիզմի մյուս բջիջներից։ Դրանց բջիջը պարունակում է ջուր (70-85%), նուկլեինաթթուներ, սպիտակուցներ, բազմաշաքարներ, ճարպային նյութեր, ամինաթթուներ, անօրգանական աղեր և այլ միացություններ։ Բակտերիաների կենսագործունեությանը մասնակցում են ֆերմենտներ, որոնց մի մասը գործում է միայն բջջի ներսում (էնդոֆերմենտներ) և ապահովում սինթեզի, շնչառության ու այլ գործընթացները, մյուսները (էկզոֆերմենտներ) բակտերիաների կողմից արտադրվում են շրջակա միջավայր։ Բնականոն կենսագործունեության համար բակտերիաներ պետք է ապահովված լինեն ածխածնով և ազոտով։ Որոշ տեսակներ (ավտոտրոֆներ) օգտագործում են անօրգանական ածխածին (ածխաթթու գազի կամ ածխաթթվի աղերի ձևով), մյուսները (հետերոտրոֆներ), որոնցից են ախտածին բակտերիաներ՝ օրգական միացություններ։

Նյութափոխանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆոտոսինթեզ իրականացնող ցիանոբակտերիայի թելիկները

Հետերոտրոֆ բակտերիաներ բաժանվում են սապրոֆիտների (սնվում են արտաքին միջավայրի օրգանական միացություններով) և մակաբույծների (ապրում են այլ օրգանիզմների հաշվին)։ Վերջիններին պատկանող ախտածին բակտերիաների համար հեշտ յուրացվող ածխածնի (խաղողաշաքար և ամինաթթուներ) աղբյուր են օրգանիզմի հյուսվածքային հեղուկները։ Որոշ բակտերիաներ յուրացնում են մթնոլորտի ազոտը, որն ազոտֆիկսացիայի գործընթացում փոխարկվում է ամոնիումային աղերի։ Պահպանելով հողերի բերրիությունը և ապահովելով կենսոլորտում ազոտի շրջապտույտի համար անհրաժեշտ ռեակցիաների անընդհատությունը՝ ազոտսևեռող բակտերիաներ մեծ նշանակություն ունեն Երկրի վրա կյանքի գոյության ապահովման գործում։

Բակտերիաներ բաժանվում են 3 խմբի՝ աերոբներ, անաերոբներ և պայմանական (ֆակուլտատիվ) անօդակյացներ։ Խիստ օդակյացները (օրինակ՝ կապտաթարախային ցուպիկները) կարող են զարգանալ միայն ազատ թթվածնի առկայության պայմաններում, իսկ գազային փտախտի (տես Անօդակյաց վարակ), փայտացման հարուցիչները զարգանում են առանց ազատ թթվածնի։ Պայմանական անօդակյացները (օրինակ՝ աղիքային վարակների հարուցիչները) զարգանում են ինչպես թթվածնի, այնպես էլ թթվածնազուրկ միջավայրում։ Որոշ բակտերիաներ (ֆոտոսինթեզով) բույսերի նման կարող են օգտագործել անմիջապես Արեգակի, մյուսները (քեմոսինթեզող)՝ քիմիական ռեակցիաների, իսկ մեծամասնությունը՝ օրգանական միացությունների (ածխաջրեր, սպիտակուցներ, ճարպեր ևն) փոխարկումների էներգիան։ Կենսագործունեության ընթացքում բակտերիաներ առաջացնում են զանազան կենսաբանորեն ակտիվ նյութեր՝ ֆերմենտներ, հակաբիոտիկներ, գունակներ, տոքսիններ և այլն։

Աճ և բազմացում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղիքային ցուպիկ[2] բակտերիաների գաղութի աճը

Բակտերիաներ բազմանում են կիսման եղանակով, և առաջացած դուստր բջիջներն իրենց կազմությամբ, ֆիզիոլոգիական առանձնահատկություններով ևս նման են մայրական բջջին։ Արհեստական պայմաններում բակտերիաների աճեցման համար օգտագործում են սննդարար միջավայրեր, հիմնականում մսապեպտոնային արգանակ և մսապեպտոնային ագար, որոնցում բազմացման արագությունը շատ բարձր է։ Մոտավորապես յուրաքանչյուր 20 րոպեում բակտերիաներ կիսվում են՝ առաջացնելով 2 դուստր բջիջներ։ Հետևաբար, լավ սննդամիջավայրում աճեցվող բակտերիաների 1 բջջից 10 ժ հետո կառաջանա 1000000000 սերունդ։ Եվ եթե սննդարար միջավայրում բազմացումը սահմանափակ չլիներ, ապա 24 ժ հետո 1 բակտերիայից կստացվեր 102՝ բջիջ՝ մոտ 4 հազար տ զանգվածով։ Իրականում սննդարար միջավայրում բջիջների կիսման մեծ արագությունը դիտվում է շատ կարճ ժամանակ, որովհետև միջավայրի սննդարար նյութերն արագ սպառվում են, և կուտակվում են բակտերիաների վրա վնասակար ազդող փոխանակության արգասիքները։ Ախտածին բակտերիաների բազմացման արագությունն օրգանիզմում զգալիորեն փոքր է, քան արհեստական սննդամիջավայրում։

Բնակության պայմաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թերմոֆիլ բակտերիաների 20 մմ կենսաշերտ, Օրագոնում

Բակտերիաների կենսագործունեության վրա ազդում են ջերմաստիճանը, խոնավությունը, անդրամանուշակագույն և իոնացնող ճառագայթումը։ Ցածր ջերմաստիճանների նկատմամբ բակտերիաներ կայուն են, որոշ տեսակներ կենսունակ են -190 °C-ում, սպորները՝ նույնիսկ -253 °C-ում, իսկ բարձրի նկատմամբ խիստ զգայուն են։ Սպորներ չառաջացնող բակտերիաներ ոչնչանում են 60-70 °C ջերմաստիճանում, սպորառաջացնողները՝ 100 °C-ից բարձրում։ Որոշ տեսակներ (օրինակ՝ գոնոկոկերը) արագորեն ոչնչանում են չոր պայմաններում, մյուսները շարունակում են ապրել։ Օրինակ՝ դիզենտերիայի ցուպիկը չոր պայմաններում կենսունակ է մնում 7, դիֆթերիայինը՝ 30, բծավոր տիֆինը՝ 70, տուբերկուլոզինը 90 օր, սիբիրյան խոցի բացիլների սպորները՝ մինչև 10 տարի։ Բակտերիաներ զգայուն են ուլտրամանուշակագույն ճառագայթման, այդ թվում՝ արեգակի լույսի ուղղակի ազդեցության նկատմամբ։ Կան կայուն տեսակներ, որոնք ապրում են ուրանային հանքաշերտերում, նույնիսկ միջուկային ռեակտորների ջրում՝ 2-3 միլիոն ռադիան չափաքանակի դեպքում։

Բակտերիասպան գործոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բակտերիասպան գործոնների ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի գործնական մանրէաբանության և բժշկության մեջ։ Որևէ օբյեկտի լրիվ մաքրումը կենսունակ միկրոօրգանիզմներից (ներառյալ վիրուսները, բակտերիաներ ու դրանց սպորները, սնկերը և այլն) կատարվում է մանրէազերծման միջոցով, իսկ վարակազերծման դեպքում ազատվում են առավելապես ախտածին միկրոօրգանիզմներից։ Մանրէազերծման ամենաարդյունավետ եղանակը բարձր ջերմաստիճանի (100 °C և բարձր) ազդեցությունն է։ Օգտագործվում են նաև իոնացնող ճառագայթներ։ Իսկ վարակազերծման համար կիրառում են հականեխիչ դեղանյութեր՝ քիմիական հակամանրէային գործոններ, որոնք սպանում են բակտերիաներին (մանրէասպան ազդեցություն) կամ ընկճում դրանց կենսագործունեությունը (մանրէակասեցնող ներգործություն)։ Վարակազերծման համար օգտագործվող քիմիական միացությունները, օժտված լինելով բարձր հակաբակտերիային ակտիվությամբ, թունավոր են և չեն կարող կիրառվել բուժիչ նպատակով։ Դրա համար պիտանի են հակաբակտերիային քիմիական բուժիչ միջոցները, որոնք ներգործում են բակտերիաների վրա և որոնց որոշակի չափաքանակները թունավոր չեն հյուսվածքների կամ ամբողջական օրգանիզմի համար։ Ուժեղ հակաբակտերիային միջոցներ են հակաբիոտիկները՝ բնական ծագման քիմիական բուժիչ պատրաստուկները, որոնք սինթեզվում են միկրոօրգանիզմների կողմից։

Քիմիաբուժության տեսական հիմունքները և վարակիչ հիվանդությունների բուժման գործում դրանց գործնական օգտագործման հարցերը մշակել է (20-րդ դարի սկզբներին) գերմանական գիտնական Պաուլ էռլիխը, որը հայտնաբերել է արսենի օրգանական միացությունները, որոնք ակտիվ են սիֆիլիսի բուժման համար (սալվարսան)։ Բացահայտվել են սուլֆանիլամիդային պատրաստուկները, որոնք խախտում են նուկլեինաթթուների սինթեզը բակտերիային բջջում։

Հիվանդածնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Salmonella typhimurium բակտերիան զավթում է մարդկային բջիջների կուլտուրան

Բակտերիաների հիվանդածնությունը բնության մեջ հայտնաբերված մեծ քանակությամբ բակտերիաների փոքրաթիվ մասն է ախտածին։ Օրգանիզմի պաշտպանական պատնեշների հաղթահարումը, նրա հյուսվածքների մեջ ներխուժումը (ինվազիա) և թունավոր նյութեր արտադրելը (թունածնություն) կազմում է բակտերիաների հիվանդածնությունը։ Մի շարք հիվանդությունների (դիֆթերիա, փայտացում, բոտուլիզմ և այլն) դեպքերում օրգանիզմի ընդհանուր ծանր ախտահարումը չի ուղեկցվում հարուցիչ բակտերիաների տարածմամբ (սկզբնական տեղադրման հատվածից)։ Օրինակ՝ դիֆթերիայի ժամանակ հարուցիչը հայտնաբերվում է քթաըմպանում և շնչափողում, իսկ ախտահարվում են սրտամկանը, նյարդերը և մակերիկամները։ Պարզվել է, որ դրա պատճառը հիվանդության հարուցչի կողմից արտադրվող թույնի ներծծումն է արյան մեջ և տարածումը տարբեր օրգաններ ու հյուսվածքներ։ Սննդամիջավայրում կամ օրգանիզմում ակտիվ աճման շրջանում բակտերիաներ շրջակա միջավայր են արտադրում արտաթույներ։ Բացի դիֆթերիայի ցուպիկից, արտաթույներ գոյացնում են փայտացման, բոտուլիզմի, գազային փտախտի, դիզենտերիայի հարուցիչները։ Արտաթույները ջերմության նկատմամբ զգայուն (ջերմաանկայուն), մեծ մոլեկուլային զանգվածով, խիստ թունավոր սպիտակուցներ են բոտուլիզմի մասամբ մաքրված 5 կգ տոքսինը կամ 7 կգ ստաֆիլոկոկային էնտերոտոքսինը կարող են թունավորել ավելի քան 5 միլիոն լիտր ջուր։ Շատ արտաթույներ օժտված են հյուսվածքային յուրահատուկ ընտրողականությամբ և կարող Են ախտահարել որոշակի օրգաններ կամ հյուսվածքներ։ Պարզվել է, որ մրջնալդեհիդի ազդեցությունից արտաթույները կորցնում Են իրենց թունավորությունը, արդյունքում տոքսինը փոխարկվում է տոքսոիդի (անատոքսինի), որը կիրառվում է օրգանիզմի իմունացման համար։ Մի շարք բակտերիաներ (սալմոնելներ, աղիքային ցուպիկներ, գոնոկոկեր և այլն) չեն սինթեզում արտաթույներ, և. օրգանիզմի վրա դրանց թունավորող ազդեցությունը կապված է ներթույների հետ։ Վերջիններս բարդ միացություններ են, որոնց մոլեկուլը պարունակում է ֆոսֆոլիպիդ, բազմաշաքար և սպիտակուց։ Ներթույները, ի տարբերություն արտաթույների, չեն արտադրվում դեպի միջավայր, այլ բակտերիաների բջջապատի մի մասն են կազմում և. ազատվում են միայն նրա քայքայումից հետո։ Ներթույներն ավելի պակաս թունավոր են և ընտրողական ներգործություն չունեն հյուսվածքների վրա։ Մրջնալդեհիդով մշակելիս ներթույնը չի փոխարկվում անատոքսինի։ Ներթույների ընդհանուր հատկությունը մարմնի ջերմաստիճանը բարձրացնելու ունակությունն է, որը կապված չէ ջերմակարգավորման կենտրոնի վրա ունեցած ներգործության հետ։

Որոշ բակտերիաների (ստրեպտոկոկեր, սիբիրյան խոցի, ժանտախտի, կապույտ հազի ցուպիկներ) ախտածնության գործոնը պատիճն է, որը ֆերմենտներով կամ այլ միացություններով քայքայվելիս, ինչպես նաև համապատասխան մուտացիաների ենթարկվելիս, կտրուկ նվազում է բակտերիաների ախտածնությունը։ Բացի տոքսիններից և պատիճից, որոշ բակտերիաներում հայտնաբերվել են ախտածնությունը պայմանավորող այլ գործոններ։ Դրանցից է հիալուրոնիդազ ֆերմենտը, որն արտադրում է թարախածին ստրեպտոկոկը և լուծում շարակցական հյուսվածքի հիմնական նյութը՝ հիալուրոնաթթուն։ Ախտածին ստաֆիլոկոկերը սինթեզում են կոագուլազ ֆերմենտ, որն այդ բակտերիաների ախտածնության գործոններից է և ունի թրոմբինի նման ազդեցություն։

Պլազմիդով բակտերիա

Բակտերիաներին բնորոշ բոլոր հատկանիշները որոշվում են ֆերմենտների և բջջային այլ սպիտակուցների կառուցվածքի մեջ մտնող պոլիպեպտիդներրի հատկություններով։ Բակտերիաների գենետիկական ինֆորմացիան գրանցված է ԴՆԹ-ի նուկլեոտիդների առանձնահատուկ հաջորդականության տեսքով։ Բակտերիաների մեծամասնությունը որպես քրոմոսոմ ունի ԴՆԹ-ի 1 մոլեկուլ, որը պարունակում է 1-3 հազար գեն։ Վերջիններս ենթարկվում են մուտացիաների, այսինքն առաջանում են փոփոխություններ նուկլեոտիդների հաջորդականության մեջ։ Մուտացիայի կարող է ենթարկվել բակտերիաների ցանկացած գեն, և քանի որ վերջիններս հսկում են կենսականորեն անհրաժեշտ միացությունների սինթեզը, ապա այդպիսի մուտացիան բակտերիաների համար կարող է մահացու լինել։

Մուտացիաների ուսումնասիրությունն ունի գործնական նշանակություն։ Օրինակ՝ մուտացիաների հետևանքով ստացվել են բակտերիաներ, որոնք չեն կարող առաջացնել հիվանդություն, բայց կարոդ են օրգանիզմում ստեղծել անընկալություն դրա նկատմամբ։ Այդպիսի թուլացած բակտերիաներ կիրառվում են որպես կենդանի վակցինա՝ տուբերկուլոզի, սիբիրյան խոցի և այլ հիվանդությունների կանխարգելման համար։ Դրանք անվտանգ են, քանի որ բացառվում է հետադարձ մուտացիաների հնարավորությունը։ Կարևոր նշանակություն ունի հակաբիոտիկների նկատմամբ բակտերիաներին կայունություն տվող մուտացիաների առաջացման մեխանիզմի վերծանումը։ Հաճախ բուժման համար հիվանդի օրգանիզմից անջատում են բակտերիաներ և որոշում, թե դրանք որ հակաբիոտիկի նկատմամբ են զգայուն։ Բջջապլազմայում հայտնաբերվել են ԴՆԹ-ի ոչ մեծ, արտաքրոմոսոմային օղակաձև մոլեկուլներ, որոնք բակտերիաների բաժանման ժամանակ պատճենահանվում են և անցնում դուստր բջիջների մեջ։ Դրանք կոչվում են բակտերիային պլազմիդներ։ Վերջիններս տարբերվում են իրենց չափերով, խոշորները պարունակում են ավելի քան 100 գեն։ Պլազմիդները կարող են մեկ բակտերիայից տեղափոխվել մյուսի մեջ՝ իրենց հետ տանելով ոչ միայն սեփական, այլև բակտերիաների քրոմոսոմի գեները։ Շատ պլազմիդներ, ընկնելով բակտերիային բջջի մեջ, վերջինիս տալիս են նոր հատկություններ. օրինակ՝ հայտնի են պլազմիդներ, որոնք աղիքային ցուպիկների ոչ ախտածին տարատեսակները փոխարկում են ախտածնի, և դա կապված է պլազմիդներում թունավոր նյութերի սինթեզը հսկող գեների առկայության հետ։ Հաճախ պլազմիդում թույնի առաջացումը հսկող զեները զուգակցվում են մարդու և կենդանիների օրգանիզմներում բակտերիաների ընտելացումն ապահովող զեների հետ։ Այդպիսի զուգակցումը 1 պլազմիդում աղիքային ցուպիկը փոխարկում է ծանր վարակների հարուցչի։ Հակաբիոտիկների և թույների նկատմամբ բակտերիաներին կայունություն տվող պլազմիդների հատկությունը պայմանավորված է ֆերմենտների սինթեզը հսկող՝ հակաբիոտիկը քայքայող գեների առկայությամբ։ Օրինակ՝ պենիցիլինի շարքի հակաբիոտիկների նկատմամբ կայունությունն ապահովում է լակտամազ ֆերմենտը (քայքայում է հակաբիոտիկի մոլեկուլի լակտամային օղակը)։

Առանձին պլազմիդներում կարող են լինել գեներ, որոնք հսկում են մի քանի բուժիչ պատրաստուկների (պենիցիլին, կանամիցին, տետրացիկլին և այլն) նկատմամբ կայունությունը։ Այդպիսի պլազմիդները, որպես կանոն, տեղափոխվում են անպլազմիդ բակտերիաների մեջ, որը վտանգ է ստեղծում դրանց լայն տարածմանը բակտերիաների միջավայր, այդ թվում նաև հիվանդածին, և սահմանափակում է բուժիչ նպատակով հակաբիոտիկների օգտագործման հնարավորությունը։ բակտերիաների քրոմոսոմների ու պլազմիդների ֆունկցիաների և կառուցվածքի ուսումնասիրությամբ բացահայտվեց զեների տեղափոխման (գենոմի մի հատվածից մյուսը կամ այլ բակտերիաների գենոմներ) հատկությունը։ Գեների շարժունությունը կապված է գենոմում հատուկ կառուցվածքների առկայության հետ։ Ներկայումս զգալիորեն զարգացել են գենետիկական ինժեներիան և կենսատեխնոլոգիան՝ արդյունաբերական մեթոդների ամբողջությունը, որոնք միկրոօրգանիզմներն օգտագործում են ժողտնտեսության համար արժեքավոր նյութերի (ֆերմենտներ, հակաբիոտիկներ, հորմոններ) արտադրության համար։

Դերը կենսոլորտում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բակտերիաները մասնակցում են բնության մեջ տեղի ունեցող նյութերի շրջապտույտին։ Նեխման բակտերիաները յուրահատուկ սանիտարներ են. քայքայում են բույսերի և կենդանինների մնացորդները՝ նրանց մեռած մարմինը կազմող օրգանական նյութերը վերածելով հումուսի։ Այս բակտերիաներն անվանվում են քայքայողներ։ Մեծ օգուտ են տալիս հողային բակտերիաները. նրանք փտած օրգանական նյութերը վերածում են հանքային աղերի, մասնակցում են օգտակար հանածոների, հանքերի, լեռնային ապարների և քայքայման, և առաջացման գործընթացներին։

Կենսատեխնոլոգիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բակտերիաները կարևոր նշանակություն ունեն նաև մարդու։ Սննդարդյունաբերության մեջ բակտերիաների գործունեությամբ են պայմանավորված կաթնաշոռի, թթվասերի, մածունի պատրաստումը, ինչպես նաև բանջարեղենի թթվեցումը, գինու և քացախի ստացումը։

Շատ բակտերիաներ փչացնում են սննդամթերքը։ Դրանց ազդեցությամբ վերջինս նեխում է, թթվում կամ դառնանում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ուիթման (1998). «Պրոկարիոտներ». Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 95 (12): 6578–83. doi:10.1073/pnas.95.12.6578. PMC 33863. PMID 9618454.
  2. Stewart EJ, Madden R, Paul G, Taddei F (2005). «Aging and death in an organism that reproduces by morphologically symmetric division». PLoS Biol. 3 (2): e45. doi:10.1371/journal.pbio.0030045. PMC 546039. PMID 15685293.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բակտերիաներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բակտերիաներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 243