Սիմպկինսը ծնվել է ԱՄՆՆյու Յորք քաղաքում։ Նրա ծնողները Մոնիկա և Ստիվեն Սիմպկիսներն են[1]։ Նա առաջին անգամ հայտնվեց հեռուստատեսությունում, երբ դեռ 3 շաբաթական էր։ Սիմպկինսը առաջին անգամ խաղացել է «Մեկ կյանք, որպեսզի ապրես» հեռուստասերիալում, ապա 4 տարի խաղացել է Ջուդա Կուպեր Բաուերայի դերը՝ «Ուղեցուցային լույս» սերիալում։ Նա խաղացել է «Օրենք և կարգուկանոն։ Հանցավոր մտադրություն» հեռուստասերիալում և գովազդային մի քանի հոլովակներում ու տպագիր գովազդներում։
2005 թվականին Սիմպկինսը մարմնավորել է Ստիվեն Սպիլբերգի «Աշխարհների պատերազմը» ֆիլմի գլխավոր դերերից մեկը։ Նրա հաջորդ դերը եղել է «Ամբողջ թագավորական զորքը» ֆիլմում, որտեղ խաղացել է երիտասարդ Ջուդա Լոուի դերը։ Հետո Սիմպկինսը նկարահանվում է «Ինչպես փոքրիկ երեխաները» ֆիլմում[2]։ 2008 թվականին Սիմպկինսը նկարահանվել է «Հպարտություն և փառք» ֆիլմում, որտեղ նկարահանվել է նաև նրա քույրը՝ դերասանուհի Ռայան Սիմպկինսը։ 2008 թվականին նա նկարահանվել է «Գիշերային այգիներ» ֆիլմում, ինչպես նաև «Փոփոխությունների ճանապարհ» ֆիլմում, որտեղ դարձյալ նկարահանվել է իր քրոջ հետ։ 2009 թվականի սեպտեմբերին ընտրվել է խաղալու Լուկայի դերը՝ «3 օր փախչելու համար» ֆիլմում։ Բացի այդ խաղացել է նաև Դալտոն Լամբարտի դերը «Աստրալ» և «Աստրալ, 2-րդ գլուխ» ֆիլմերում։
2013 թվականին Սիմպկինսը Ռոբերտ Դաունի կրտսերի հետ նկարահանվել է «Երկաթե մարդը 3» ֆիլմում։ «Երկաթե մարդը 3» ֆիլմում նա խաղում էր Երկաթե մարդու ընկերոջ՝ Հարլի Կիների դերը։ Առաջին անգամ երեխան նշանակալի դեր է մարմնավորել Երկաթե մարդու մասին ֆիլմերում[3][4]։ Սիմպկինսը պայմանագիր է կնքել՝ խաղալու է «Marvel Studios»-ի 3 ֆիլմերում։ 2015 թվականին նա խաղացել է «Աշխարհը յուրայի դարաշրջանում» ֆիլմում[5]։