Jump to content

Մասնակից:Մեդորա Ասիլյան/Ավազարկղ 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մենուա
«Մեծ արքա», «Հզոր արքա», «Տիեզերքի արքա», «Նաիրի, Սուրա, Բիայնա երկրների արքա»
ՈւղեկիցԹարիրիա
ԵրեխաներԻնուշպուա, Արգիշտի Ա

Մենուա (նաև՝ Մինուա, (), Վանի թագավորության արքա։ Իշպուինի թագավորի որդին, գահակիցը և հաջորդը։

Կենսագրություն

Հայ պատմագրության և առկա արձանագրությունների մեջ Մենուայի մասին կենսագրական տեղեկությունները բացակայում են: Հայտնի չեն նրա մանկության և պատանեկության մասին տեղեկությունները: Ամուսնության և ընտանիքի վերաբերյալ ևս ոչինչ հայտնի չէ: Պատմագրության մեջ պահպանվել են նրա կառավարման շրջանի և գործունեության վերաբերյալ տեղեկությունները:

Մենուա արքան պատմության մեջ դիտարկվում է ոչ միայն որպես հզոր տիրակալ, այլև բարենորոգիչ ու հմուտ զորավար: Վան քաղաքում հայտնաբերված մի արձանագրությունից հայտնի է դարձել, որ արքան իր Արծիբի (Արծիվ) ձիով մրցույթի ժամանակ ցատկել է 22 կանգուն` մոտ 11.4 մետ, այն մինչ օրս չգերազանցված ռեկորդ է հանդիսանում համաշխարհային պատմության մեջ[1]:

Գործունեություն

Իշպուինի և Մենուայի համատեղ թագավորության շրջան

Մինչ միանձնյա կառավարել՝ Մենուա արքան եղել է իր հոր` Իշպուինի գահակիցը: Վերջինս իր հորից՝ Սարդուրի Ա արքայից, ժառանգել էր հզորության ճանապարհը բռնած թագավորություն: Իշպուինը ձեռնարկել է թագավորության միավորմանն ուղղված քայլեր: Իշպուինի և Մենուայի համատեղ թագավորության օրոք իրականացվել են մի քանի նշանակալի ռազմերթեր, որոնց արդյունքում թագավորության սահմանները ընդլայնվել են: Հիշատակելի է թագավորության հարավարևելյան ուղղությամբ իրականացված ռազմերթը, որով Վանի թագավորությունը սահմանակից էր դարձել Մանա և Բարշուա երկրներին, ինչպես նաև արևելյան ուղղությամբ՝ Ասորեստանին: Այս իրողությունը լուրջ դրսևորում էր այն առումով, որ հայոց պետությունն իր վերահսկողությունն էր սահմանել դեպի արևելք ձգվող առևտրական մայրուղիների վրա: Սակայն պատմական այդ նույն ժամանակահատվածում Ասորեստանը ներքին երկպառակությունների մեջ էր գտնվում, ուստի չկարողացավ հակադարձ քայլեր ձեռնարկել և կասեցնել Վանի թագավորության առաջխաղացումը[1]:

Վանի թագավորությունը Մենուայի միանձնյա կառավարման շրջանում

Մենուայի միանձնյա թագավորության օրոք Վանի թագավորությունը ապրել է ռազմաքաղաքական վերելք։ Նա վարել է ակտիվ արտաքին քաղաքականություն: Հարկ է նշել, որ մինչ ռազմական նվաճումներ ձեռնարկել, արքան, երկրի անվտանգությունը ապահովելու նպատակով, կառուցել է բազմաթիվ ամրոցներ, բերդեր, պաշտպանական շինություններ[2]: Պաշտպանական ամրությունները նա շրջապատեց բնակավայրերով՝ դրանք դարձնելով բերդաքաղաքներ, որոնց ներսում էլ կառուցեց հոգևոր կենտրոններ` հայոց աստվածների տաճարներ, որոնք զարդարված էին որմնանկարներով, հիմնականում աստվածների պատկերներով և ռազմի տեսարաններով: Մենուան իրականացրել է նաև կրոնական բարեփոխումներ՝ վերջնականապես ձևավորելով հայոց աստվածների դիցարանը: Նա կարգավորել է նաև հայոց տոնացույցը: Պահպանված արձանագրություններից իմանում ենք, որ հայոց երկրում տոնակատարություններ, խաղեր ու մրցումներ են կազմակերպվել: Այդ տեղեկատվությունը Նավասարդյան խաղերի մասին մեզ հասած հնագույն վկայությունն է[1]:

Ռազմական հաղթարշավները

Ցավոք, Մենուայի քաղաքական և ռազմական գործունեության ժամանակագրության կարգը հայտնի չէ, քանի որ մեզ չի հասել նրա տարեգրության ամբողջական պատկերը: Հայտնի են միայն առանձին դրվագներ և հիշատակություններ: Ներկայումս հիմք են ընդունվում ռազմական արշավանքների ուղղությունները և հակառակորդ երկրների տնտեսական և ռազմական մակարդակը: Վանի թագավորության հյուսիսային շրջանները՝ Էրիկուախին, Էթիունին, զարգացման մակարդակով ավելի թույլ էին, քան արևմտյան և հարավարևմտյան շրջանները (Խաթե, Իշալա, Ալզի, Մելիտեա և այլն): Սակայն հարավում և հարավարևելյան շրջանում ազդեցիկ խոչընդոտ էր հանդիսանում Ասորեստանը: Ուստի Մենուայի սկզբնական արշավանքները ուղղված էին դեպի հյուսիս՝ ավելի նվազ ցեղերի և ցեղային միությունների դեմ: Կարևոր էր Հայկական Պար լեռնաշղթայի արևելյան հատվածում ամրապնդվելը: Մենուան հյուսիսում հասնում է Կարսի շրջան ու Ճորոխ գետի ավազան, ապա շարժվում դեպի հյուսիս-արևելք` հասնելով Արարատի հյուսիսային փեշերը` Արաքսի աջ ափ, որտեղ նվաճում է Էրիկուախի երկիրը՝ Լուխիունի արքունի քաղաքով[3]: Հյուսիսում հաջորդը նվաճվում է Էթիունի ցեղային մեծ միությունը: Այս ժամանակահատվածում, ի համեմատ նախորդ նվաճումների, լուրջ հակառակորդ է հանդիսանում Դիաուխի ցեղային միությունը, որի տարածքը Կարինի շրջանից ձգվում էր դեպի Ճորոխի ավազան: Մենուան գրավում է կենտրոնական Շաշիլու քաղաքը: Դիաուխիի թագավոր Ուտուպուրշին անձնատուր է լինում: Մենուան ստանում է մեծաքանակ ոսկի, արծաթ և այլ արժեքներ, իսկ Դիաուխին պարտավորվում է հարկ վճարել: Հյուսիսային արշավանքներին հաջորդում է արևմուտքում և հարավ-արևմուտքում իրականացված նվաճումների շարքը: Մեկ այլ արշավանք է իրականացնում Ալզի (Աղձնիք) երկրի ուղղությամբ և իր հսկողության տակ է վերցնում Հայկական Տավրոսի կենտրոնական հատվածի լեռնանցքները: Մենուան նվաճում է Ծուփանի (Ծովք), Մելիտեա (Մալաթիա), Ուրմե/Արմե, Ալզի (Աղձնիք), Ուլիբա շրջանները և այլ երկրներ, որոնց անունները չեն հիշատակվում: Պետության սահմանները ընդլայնվում են՝ հասնելով ընդհուպ մինչև Արածանիի հետ Մեղրագետի միախառնման շրջան, որը ընդգրկում էր ողջ Մշո դաշտը: Այդտեղից հայտնի են նրա մի քանի արձանագրությունները[2]:

Այս նվաճումները ամրապնդում են Վանի թագավորության դիրքերը, որի շնորհիվ արշավանք է սկսում դեպի հարավ և հարավ-արևելք: Պատերազմի թատերաբեմ էր դարձել Մանա երկիրը, որը տարածքը ընդգրկում էր Ուրմիո լճից դեպի հարավ և արևելք ընկած շրջանները: Սա մարտահրավերը էր Ասորեստանին, որը ևս նկրտումներ ուներ Մանայի նկատմամբ: Հայտնի է նաև, որ հյուսիսային արշավանքների ժամանակ, Ասորեստանը Ք.ա. 807-806 թվականներին արշավել էր Մանա: Այս համատեքստում ստեղծվում է լարված իրավիճակ, քանի որ երկուստեք արշավանքներ են սկսվում Մանայի դեմ, որի ժամանակ փոփոխակի հաջողություններ են գրանցում և՛ Վանի թագավորությունը, և՛ Ասորեստանը[3]:

Այսպիսով, Մենուայի ռազմական արշավանքները շնորհիվ Վանի թագավորությունը ամրապնդեց իր դիրքերը Առաջավոր Ասիայում՝ վերածվելով գերտերության: Այս հաղթարշավները շարունակվեցին Մենուայի որդու՝ Արգիշտի Ա-ի թագավորության տարիներին[3]:

Կառուցապատում և բարեկարգում

Մենուա արքան ծավալել է շինարարական բուռն գործունեություն և՛ կենտրոնական, և՛ ծայրամասային շրջաններում: Այդ տեղեկությունները հայտնի են դարձել Գյուզակում, Գործոտում, Անձավում, Կողբանցում, Շուշանցում և Վարագավանքում գտնված արձանագրությունների շնորհիվ: Դեպի Արարատյան դաշտ իրականացրած հաղթարշավից հետո, հիմնադրել է Մենուախինիլի ռազմավարական կարևորագույն քաղաք-ամրոցը: Գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով թագավորության ողջ տարածքով ստեղծել է ոռոգման կայուն համակարգ, որի բարձրակետն է համարվում 72 կմ երկարություն ունեցող «Մենուայի ջրանցքը», որը մինչ այժմ աշխարհում գործող ամենաերկար ու ամենահին ջրանցքն է: Այն ջուր էր մատակարարում Վան քաղաքին Մժնկերտի ժայռի աղբյուրից` Խոշաբ գետից[3]:

Մենուա արքայից մեզ հասած շուրջ 14 արձանագրություն կապված են ջրանցքի կառուցման հետ, որոնցում հայոց թագավորը հայոց աստվածների զորությամբ սպառնում է այն անձանց, որոնք կփչացնեն արձանագրությունները և իրենց կվերագրեն այս հրաշալի կառույցի շինարարությունը: Նա ջրանցքներ է անցկացրել իր թագավորության մյուս շրջաններում ևս: Արտամետ գյուղի մոտակայքում գեղեցիկ այգի է հիմնել՝ այն կոչելով իր դստեր Թարիրիախինելե անունով: Այն հանդիսացել է վանեցիների սիրելի վայրերից մեկը, որտեղ հայերը մինչև ցեղասպանությունը ուխտի են գնացել[1]:

Մենուայի քաղաքաշինական ձեռնարկներից է Մանազկերտ քաղաքի կառուցապատումը: Այն գտնվում էր Վանա լճի հյուսիսում, և մինչև միջնադար` շուրջ երկու հազարամյակ, կարևոր դեր է ունեցել հայ ժողովրդի կյանքում: Զուգահեռ այս իրողությանը, հայոց ավանդույթը պատմում է, որ Մանազկերտ քաղաքը հիմնել է Հայկ նահապետի ժառանգներից Մանավազը Ք.ա. 2020 թ.: Սակայն Մենուան այնտեղ այնպիսի մեծ շինարարական աշխատանքներ կատարեց, որ արմատապես փոխեց քաղաքի տեսքը: Դա են վկայում բազում շինարարական արձանագրություններ, որոնք հայտնաբերվել են Մանազկերտի շրջակայքում[1]:

Մենուան հատուկ ուշադրություն է դարձրել նաև ռազմական շինարարությանը. երկրի ռազմավարական ուղղություններում կառուցել է բերդաքաղաքներ: Պետության հյուսիսային գլխավոր հենարան Մենուախինիլիից բացի, հիմնել է մի քանի այլ ամրոցներ ևս: Դրանով հսկողության տակ են վերցվում կարևոր ճանապարհները, այդ թվում նաև Արաքսի ափով ձգվող առևտրական մայրուղու զգալի մի հատված: Մենուայի շինարարական գործունեության արդյունքներից է Վերին Անձավի նշանավոր բերդաքաղաքը, որը հյուսիս-արևելքից հսկում էր Տուշպա մայրաքաղաքի մատույցները: Այսպիսով, Մենուա արքան, հաշվի առնելով երկրի անվտանգային խնդիրները և մարտահրավերները, երկրով մեկ ստեղծել է ռազմական հենակետերի հզոր շղթա[2]:

Գրականություն

  • Գ. Ղափանցյան, Ուրարտուի պատմությունը, Երևան 1940 էջ 143-152
  • Ն. Ադոնց, Հայաստանի պատմություն, Երևան 1972
  • Пиотровский Б. Б.5 Ванское царство (Урарту) Москва 1959
  • Марр Н. Я. и Орбели И. А., Археологическая экспедиция 1916 г. в Ван, Петербург 1922
  • Меликишвили Г. А., Наири-Урарту, Тбилиси 1954
  • Арутюнян Н. В., Биайнили (Урарту), Ереван 1970
Վանի թագավորությունը դարերի ընթացքում

Տես նաև


Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Աթանեսյան Վ. (12.12.2013). «Մենուա». Անկախ նորություն. Վերցված է 21.02.2023-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Վանի թագավորությունը Մենուայի օրոք». ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ. Վերցված է 20.02.2023-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Հայ ժողովրդի պատմություն. Vol. Ա. Եր. 1976. էջեր 300–303.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Նախորդող
Իշպուինի
Վանի արքա
Մենուա

մ.թ.ա. 810 - 786
Հաջորդող
Արգիշտի Ա