Կաստիլիայի թագավորություն
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Բուրգոս (1037-1087) Տոլեդո (1087-1230) | |||
Մակերես | 40 000 | |||
Լեզու | Կաստիլերեն, Բասկերեն, Մոսարաբերեն | |||
Ազգություն | աստուրացիներ, մոսարաբներ, վեստգոթեր | |||
Կրոն | Կաթոլիկություն (99%), Հեթանոսություն (0.5%), Հուդայականություն (0.3%) և Իսլամ (0.2%) | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Բացարձակ միապետություն | |||
Պետության գլուխ | Միապետ |
Կաստիլիայի թագավորություն (իսպ.՝ Reino de Castilla՝ ռեյնո դե կաստիլիա) միջնադարյան պետություն Պիրենեյան թերակղզու տարածքում 1065-1230 թվականներին: Հիմնադրել է իշխան Սանչո II-ը 1065 թվականին: Երկիրը կառավարել են տարբեր ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, ովքեր բարեկամական կապեր ունեին հարևան քրիստոնեադավան դինաստիաների հետ։ Տարածքը կազմել է առավելագույնը 40 000 քառ. կմ՝ Ֆերդինանդ III արքայի օրոք (1217-1230)։
Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Բուրգոսը։ 1087 թվականից Ալֆոնսո VI Քաջը մայրաքաղաքը տեղափոխում է Տոլեդո, որը ավելի քան մեկուկես դար մնում է Կաստիլիայի մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոնը։ Հզորության շրջանում, երբ անկում էր ապրում թերակղզու մուսուլմանական պետությունները, իր մեջ ներառել է հարևան և հեռավոր գավառներ՝ հասնելով մինչև ժամանակակից Իսպանիայի կենտրոնական հատվածներ։ Երբեմն այն իր մեջ ներառում էր Գալիսիայի, Լեոնի, Նավարրայի և Արագոնի թագավորությունները:
13-րդ դարի առաջին քառորդին Կաստիլիայի թագավորությունը միավորվեց Լեոնի թագավորությանը, երբ Ֆերդինանդ III-ը ամուսնության շնորհիվ ժառանգեց այն: Այդ ժամանակից սկսած՝ երկիրը կոչվում էր Կաստիլիայի և Լեոնի թագավորություն, իսկ առաջնորդները՝ Կաստիլիայի թագի ասպետ:
Կաստիլիայի թագավորությունը առաջին քրիստոնյա պետության՝ Աստուրիայի թագավորության քաղաքական միավորներից էր, որ ձևավորվել էր 9-րդ դարում՝ որպես «ամրոցների երկիր» (լատին․՝ Castel՝ ամրոց) կամ Կաստիլիայի կոմսություն (Condado de Castilla): 1072-1157 թվականներին Կաստիլիան նորից միանում է Լեոնին, իսկ 1230 թվականին Լեոնը դառնում է իր մասը: Կաստիլիայի արաքները արշավանքներ են կատարում դեպի Պիրենեյան թերակղզու հարավ՝ իսլամադավան պետությունների դեմ:
Պատմություն
9-11-րդ դարեր
Համաձայն Ալֆոնսո III-ի աղբյուրների, «Castile» (Կաստիլիա) անվան առաջին հիշատակումները գտնվել են 800-ական թվականներին: Ալ-Անդալուսի աղբյուրներում ամենահին հիշատակումը եղել է որպես ալ-կիլա (արաբ․՝ القلاع՝ ամրոցներ): Բերդերը գտնվել են Ալավայում և դրանից հարավ ընկած շրջաններում՝ Աստուրիայի թագավորության արևելքում, որից էլ եկել է պետության անվանումը:
Կաստիլիայի կոմսությունը հարավում սահմանակից էր Տոլեդոյի լեռներին, վերաբնակեցվել էր Կանտաբրիայից, Աստուրիայից, Բասկոնիայից եկած բնակիչներով, որոնք ունեին վեստգոթական ծագում: Նրանք կոչվում էին «մոսարաբներ»՝ քրիստոնյա արաբախոսներ: Այն ուներ իր սեփական հռոմեական բարբառը և օրենքները:
711 թվականին Պիրենեյան թերակղզին նվաճած արաբներն այստեղ հիմնել էին ալ-Անդալուսի ամիրայությունը, որը ենթակա էր Արաբական խալիֆայությանը: 750 թվականին արևելքում տեղի ունեցած դինաստիական փոփոխության արդյունքում կայսրությունը 90 տարի իշխած Օմայանները (661-750) իրենց իրավունքերը զիջում են Աբբասյաններին (750-1258): Օմայյան դինաստիայի միակ ներկայացուցիչ Աբդ ալ-Ռահման I-ը հեռանում է մայրաքաղաք Դամասկոսից ու հանգրվանում ալ-Անդալուսում՝ հիմնելով խալիֆայությունից անկախ քաղաքական միավոր՝ Կորդովայի ամիրայությունը (750-929): Վերջինս մշտական հարձակումներ էր գործում Պիրենեյան թերակղզու հյուսիսում ձևավորված Աստուրիայի դեմ:
910 թվականին Աստուրիայի թագավորությունից առանձնանում է Լեոնը՝ սկզբում որպես կախյալ միավոր, իսկ թագավորության անկումից հետո (924)՝ որպես անկախ քաղաքական ուժ: Կաստիլիայի տարածքը ամբողջությամբ գտնվում էր Լեոնի կազմում: Այն վերաբնակեցվում է Մենայից և Բիսկայան ծոցի ափին գտնվող Լաս-Էնկարտասյոնեսից եկած գյուղացիներով ու արհեստավորներով: Ստեղծվեցին փոքր քաղաքներ, որոնք կառավարվում էին կոմսության կողմից:
Առաջին կոմսը, ում տիրույթները համեմատաբար մեծ էին Կաստիլիայում, Ռոդրիգոն էր: 850-ական թվականներին նա ենթարկվում էր Օրդոնյո I-ին և Ալֆոնսո III: Նա բնակեցրեց և ամրություններ կառուցեց հին կանտաբրիական քաղաք Ամայայում, որպեսզի հեշտացներ հարավից Լեոն տանող ճանապարհի պաշտպանությունը մուսումանական ռազմական արշավանքներից: Տարածաշրջանը բաժաննվել էր մի քանի կոմսությունների՝ Ալավա, Բուգոս, Ցերեսո և Լանտերոն, Կաստիլիա:
931 թվականին, օգտվելով Հյուսիսային Աֆրիկայում ձևավորված Ֆաթիմյան խալիֆայությունից, Կորդովայի արաբ ամիրա Աբդ ալ-Ռահման III-ը հիմնում է անկախ խալիֆայություն (931-1029): Մինչ այդ Օմայանները խուսափում էին այդ քայլից՝ հարգելով Բաղդադում իշխող Աբբասյան խալիֆին: Կորդովայի խալիֆայությունը սակայն, թույլ էր նախորդից: Այն ոչ միայն չի կարողանում վերանվաճել թերակղզու հյուսիսը, այլև իր տարածքները զիջում է նորաստեղծ մի քանի քրիստոնեական պետություններին:
931 թվականին Լեոնի արքա Ռամիրո II-ը Կաստիլիայի կոմս է նշանակում Ֆեռնան Գոնսալեսին: Վերջինս շարունակում է թագավորի պատերազմը նորաստեղծ խալիֆայության դեմ: Աբդ ալ-Ռահմանին օգնության են հասնում Սարագոսայի և մյուս քաղաքների արաբ կառավարիչները: Թագավորը կոմսին թողնում է մենակ՝ մարտի դաշտում: Կոմսը կարողանում է հաղթել թշնամիներին, որից հետո ապստամբում է Լեոնի թագավորության դեմ: 945 թվականին արքան գահընկեց է անում նրան, սակայն մեկ տարի անց նա վերակագնում է իր իրավունքները և ձեռք բերում ինքնավարություն ու իր գահի հանդեպ ժառանգական իշխանություն, քանի որ նախկինում նրանց նշանակում էր Լեոնի արքան:
Ֆեռնանի իշխանության շրջանում (931-970) Կաստիլիայի կենտրոնը պարսպապատ Բուրգոսն էր, որ հիմնադրվել էր Դիեգո Գոնսալեսի կողմից: Ֆեռնանի թոռան՝ Սանչո Գարսիայի օրոք (995-1017) նստավայրը բարեկարգվում է և բնակեցվում արհեստավորներով ու առևտրականներով՝ բերդից վերածվելով աշխույժ մայրաքաղաքի: Կաստիլիայի կոմսությունը հասնում է հզորության գագաթնակետին և մի քանի հաղթանակներ տանում արաբների դեմ: Որոշ ժամանակ անց հասունանում է Կաստիլիայի՝ ինքնուրույն թագավորություն դառնալու պահը:
Անկախացում և միացում Լեոնի թագավորության հետ
Կատիլիայի կոմսության ինքնավարությունը ճանաչեց Նավարրայի արքա Սանչո III-ն, ով ամուսնացավ Կաստիլիայի կոմս Գարսիա Սանչեսի քրոջ հետ: 1028 թվականին Գարսիան Լեոնում սպանվեց: Այդտեղ նա պետք է ամուսնանար Լեոնի թագավոր Բերմուդո III-ի քրոջ հետ: Սանչո III-ը հաստատեց իր որդուն (Գարսիայի զարմիկին)` Ֆերդինանդ I-ին, որպես Կաստիլիայի կոմս` ամուսնացնելով նրան իր մորեղբոր հարսնացու Սանչայի հետ: Սանչոյի մահից հետո 1035 թվականին Կաստիլիան նորից մտավ Լեոնի ազդեցության տակ, սակայն Ֆերդինանդը, դաշինք կնքելով իր եղբոր` Նավարրեյի թագավոր Գարսիա Սանչես III-ի հետ, պատերազմ սկսեց Լեոնի թագավոր Բերմուդոյի դեմ: Տամարոնի ճակատամարտում Բերմուդոն սպանվեց` մնալով անժառանգ[1]: Որպես Բերմուդոյի քրոջ ամուսին Ֆերդինանդը ժառանգեց նաև Լեոնի թագը[2]:
1031 թվականին Կորդովայի խալիֆայությունը դադարեց գոյություն ունենալ: Նրա տարածքում առաջացան տասից ավելի ամիրայություններ կամ թայֆաներ (արաբ․՝ طائفة), որոնցից առավել հայտնի էին Տոլեդոն, Սարագոսան և Վալենսիան: Թայֆաները բավական արագ ընկան Աֆրիկայում ստեղծված բերբերական Ալ-Մորավիների պետության ազդեցության տակ (1040-1147), որոնց փոխարինելու եկան Ալ-Մոհադները (1121-1269): Այսպիսով՝ իսլամադավան բնակչության ու վերնախավի ներկայությունը Իսպանիայում ավելի ուժեղացավ:
Միևնույն ժամանակ Լեոնից բացի Պիրենեյան թերակղզում իրենց ազդեցությունը զորեղացրին Կաստիլիայի արևելյան հարևան Նավարրան, ինչպես նաև Արագոնի թագավորությունն ու Բարսելոնի կոմսությունը: Վերջինս ձևականորեն գտնվում էր Ֆրանսիայի թագավորության կազմում: Նավարրան, Արագոնը և Բարսելոնը տեղակայված էին Պիրենեյան լեռներում և կարողանում էին պաշտպանվել մուսուլմանների հարձակումներից:
1065 թվականին Ֆերդինանդ I-ը մահացավ, և նրա տարածքները բաժանվեցին երեխաների միջև: Սանչո II-ը դարձավ Կաստիլիայի[3], Ալֆոնսո VI-ը` Լեոնի և Գարսիան` Գալիսիայի արքա[4], իսկ աղջիկներին բաժին հասան քաղաքները. Ուրակային՝ Զամորան և Էլվիրային՝ Տորոն:
Սանչո II-ը զորքերով Ալֆոնսո VI-ի հետ և միասին գրավեցին և բաժանեցին Գալիսիայի թագավորությունը: Սանչոն հետագայում հարձակվեց Ալֆոնսոյի վրա և միավորեց Լեոնը Կաստիլիային, իսկ Ալֆոնսո VI-ին բանտարկեց: Նրանց քույր Ուրակայի կողմը անցավ Լեոնի բանակի մեծ մասը, ով պատսպարվեց Զամորայում: Սանչոն պաշարեց քաղաքը, սակայն սպանվեց Բելլիդո Դոլֆոսի կողմից: Կաստիլիական բանակը նահանջեց: Արդյունքում գահին վերադարձավ Ալֆոնսո VI-ը, ով վերականգնեց Լեոնի տարածները, նաև դարձավ Կաստիլիայի և Գալիսիայի արքա:
Ալֆոնսոյի օրոք սկսվեցին հարաբերություններ հաստատել այլ եվրոպական թագավորությունների, ներառյալ Ֆրանսիայի հետ: Նա ամուսնացրեց իր աղջիկներին ֆրասիացի կոմսերի հետ: Ալֆոնսո VI-ի մահից հետո նրան փոխարինեց իր դուստր Ուրական, ով հետո ամուսնացավ Արագոնի արքա Ալֆոնսո I-ի հետ: Սակայն նրանց հարաբերությունները միանգամից սրվեցին և Ալֆոնսոն 1114 թվականին անհաջող փորձ արեց նվաճել Ուրակայի տարածները: Ուրական նույնպես ստիպված էր պայքարել իր որդու` (առաջին ամուսնությունից) Գալիսիայի թագավորի դեմ իր իրավունքները պահպանելու համար: Երբ Ուրական մահացավ Կաստիլիայի և Լեոնի թագավոր դարձավ նրա որդին` Ալֆոնսո VII-ը: Իր կառավարման տարիներին Ալֆոնսո VII-ը փորձեց իրան միավորել թուլացած Նավարրայի և Արագոնի թագավորությունները: Արքայի հավակնությունները, սակայն, չկարողացան հասնել իրենց նպատակին, քանի որ Արագոնը միավորվեց Բարսելոնայի կոմսության հետ: Այդտեղ վերջնականապես վերացավ Ֆրանսիայի ազդեցությունը
Քրիստոնեություն և իսլամ
Արաբական տիրապետության ընթացքում (711-1492) Կաստիլիայի կենտրոնական մասը, ինչպես նաև Իսպանիայի հիմնական մասը օգտագործվում էր գյուղատնտեսական նպատակներով[5]: Նրանք կարողացան զարգացնել Իսպանիայի տնտեսությունը նաև արհեստների ու առևտրի տեսանկյունից, զարկ տալ մշակույթին ու արվեստներին: Մինչ այդ Պիրենեյան թերակղզին դարեր շարունակ համարվում էր Հռոմեական, ավելի ուշ՝ Բյուզանդական կայսրության հետամնաց ծայրամաս, որտեղ իշխանություն նվաճած վեստգոթերի վայրի ցեղերը կարողացել էին հիմնել ինքնուրույն թագավորություն:
Վաղ միջնադարի ավարտին՝ մասնավորապես 7-րդ դարի ընթացքում ու 8-րդ դարի սկզբին, տեղի ունեցան արաբական նվաճումները: Ենթարկեցնելով Սասանյան Պարսկաստանը (226-642) և նվաճելով Բյուզանդական կայսրության տարածքների երեք քառորդը՝ անապատաբնակ արաբները ստեղծեցին ժամանակի ամենահզոր կայսրությունը՝ Արաբական խալիֆայությունը: Հյուսիսային Աֆրիկայում արաբները նվաճել էին նախկին հելենական Եգիպտոսը և Լիբիան[6]: Արաբական պետականության կայացման մեջ ուրույն տեղն են գրավել հելլենիստական ու պարսկական ավանդույթները, գիտությունն ու մշակույթը[7]: Որոշ ժամանակ անց մեծաքանակ թարգմանական գրականության շնորհիվ Բաղդադի, Դամասկոսի ու Մեքքայի գրադարաններում հայտնվում են հին աշխարհի նշանավոր փիլիսոփաների աշխատությունները: Թարգմանական աշխատանքներն արվում էին ոչ միայն արաբների, այլև պարսիկների, հնդիկների, հույների ու ասորիների միջոցով:
750 թվականին Արաբական խալիֆայության կենտրոնական նահանգներում սկսված ապստամբությունն ավարտվեց Աբբասյանների հաղթանակով: Աբու ալ-Աբբասի հաջորդ Աբու Ջաֆար ալ-Մանսուրը մայրաքաղաքը Դամասկոսից տեղափոխեց նորակառույց Բաղդադ[8]: Այստեղ նա հեմնեց մեծ գրադարան, որը պարունակում էր հունական դասական գրություններ: Ալ-Մանսուրը հրամայեց համաշխարհային գրականության հարուստ հավաքածուն, որը գրված էր հունարենով, արամեերենով և պարսկերենով, թարգմանել արաբերեն[9]: Թարգմանվեցին ու պետության կառավարման մեջ օգտագործվեցին նաև Պարսկաստանի արքա Խոսրով I Անուշիրվանի (531-578) հրամանով գրված օրենքներն ու կանոնները[10]: Ուսումնասիրելով հունական գրականությունը Աբբասյանները սկսեցին նայել իսլամին հունական աչքերով և հույներին իսլամական աչքերով[11]: Աբբասյանների ժամանակաշրջանի փիլիսոփաները նաև կարծում էին, որ իսլամը ոչ միայն կարևորագույն կրոնն է, այլ նաև ուսուցողական մեծ առաքելություն ունի[12]: Խաչակրաց արշավանքների շնորհիվ մինչ այդ մոռացված հարուստ մշակույթը դարեր անց նորից արմատներ ձգեց Եվրոպայում, որտեղ սկսվեց Վերածննդի դարաշրջանը:
12-րդ դարի ընթացքում Եվրոպան ունեցավ մեծ ինտելեկտուալ ձեռքբերումները, որոնց մի մասը պայմանավորված էր Կաստիլիայի կողմից մեծագուն մշակույթային կենտրոն Տոլեդոյի նվաճմամբ (1085 թվական): Այստեղ հայտնաբերվեց արաբական դասական գրադարանը, որտեղ պահպանվում էին իսլամական գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ աշխատություններ: 12-րդ դարի կեսերին այստեղ հիմնվեց Տոլեդոյի դպրոցը, որը սկսեց թարգմանել գիտական և փիլիսոփայական աշխատությունները հունարենից և արաբերենից լատիներեն: Քաղաքում կար նաև մեծաքանակ հրեական բնակչություն: Շատ եվրոպական գիտնականներ, ներառյալ Դանիել Մոռլեացին և Ժերարդ Կրեմոնացին մեկնեցին Տոլեդո հետագա կրթություն ստանալու նկատառումով: Տոլեդոն դարձավ Կաստիլիայի նոր մայրաքաղաքը:
Տոլեդո քաղաքը դարձավ երեք՝ քրիստոնեական, իսլամական ու հրեական մշակույթների խոշոր կենտրոն: Այն գտնվում էր Պիրենեյան թերակղզու կենտրոնում և աշխուժորեն մասնակցում էր իսպանական առևտրին ու քաղաքական անցուդարձերին: Ավելի ուշ շրջանում, երբ Կաստիլիայի թագավորությունը հզորացավ ու սկսեց մեկը մյուսի հետևից գրավել թերակղզու բոլոր պետությունները, նոր մայրաքաղաք Մադրիդը կառուցվեց Տոլեդոյից ոչ հեռու՝ նրա ոճով ու ճարտարապետությամբ:
Կաստիլիա և Լեոն
Վերջնական միացում Լեոնի հետ
Ալֆոնսո VII-ը վերականգնեց թագավորական ավանդույթը և թագավորությունը բաժանեց իր որդիների միջև: Սանչո III-ը դարձավ Կաստիլիայի թագավոր, իսկ Ֆերդինանդ II-ը Լեոնի թագավոր:
Ֆերդինանդ III-ը արքան ժառանգել էր Կաստիլիայի թագավորությունը իր մորից` Բերենգուելայից, 1217 թվականին: 1230 թվականին նա ժառանգում է նաև Լեոնի թագավորությունը իր հորից` Ալֆոնսո IX-ից: Բացի այդ նա օգտվեց Ալ-Մոհադների կայսրության անկումից և նվաճեց Գվադալախարա գետի հովիտը և նվաճեց Մուրսիայի թայֆան:
Կաստիլիայի և Լեոնի կոմսությունները միավորվեցին, այստեղից սկիզբ առավ Կաստիլիայի թագի գաղափարը, որը բացի Կաստիլիայի, Լեոնի, նվաճված թայֆայից ներառեց նաև արաբներից նվաճված այլ տարածքներ` այդ թվում Կորդովայի թայֆան, Մուրսիայի թայֆան, Խաենի թայֆան և Սևիլյայի թայֆան: Այսպիսով՝ Կաստիլիայի միացյալ թագավորության մեջ մտան Պիրենեյան թերակղզու հիմնական տարածքները՝ բացի Արագոնի ու Պորտուգալիայի թագավորություններից:
Տրաստամարայի տոհմ
Տրաստամարայի տոհմը թագավորական տոհմ է, որը կառավարել է Կաստիլիայում 1369-1504, Արագոնում՝ 1412-1516, Նավարրայում՝ 1425-1479 և Նեապոլում 1442-1501 թվականներին:
Անունը ստացել է Տրաստամարա կոմսից[13]: Տիտղոսը առաջին անգամ օգտագործել է Կաստիլիայի թագավոր Հենրի II-ի կողմից, 1369 թվականին մինչև գահին բազմելը, իր եղբոր` Պետրոսի հետ քաղաքացիական պատերազմի ընթացքում:
Կաստիլիայի և Արագոնի թագերի միավորում
Արագոնի թագավոր Ֆերդինանդ II-ի և Կաստիլիայի թագուհի Իզաբելլա I-ի ամուսնությունից հետո 1469 թվականին սկսվեց ընտանեկան միությունը երկու թագավորությունների միջև: Նրանք հայտնի դարձան որպես Կաթոլիկ միապետներ (los Reyes Católicos): Իզաբելլան ժառանգել էր թագը իր եղբորից և Ֆերդինանդը որպես նրա ամուսին դարձավ Կաստիլիայի թագավոր 1474 թվականին: Երբ Ֆերդինանդը ժառանգեց նաև Արագոնի թագը 1479 թվականին, Կաստիլիայի թագը և Արագոնի թագի տարբեր տարածքներ միավորվեցին մեկ ընդհանուր երկրի ներքո, որը կոչվեց Էսպանա (Իսպանիա): Կաթոլիկ միապետները սկսեցին բուրժուազիայի և ազնվականության իշխանության նվազեցման քաղաքանություն, ինչը նպաստեց թագավորության զարգացմանը: 1492 թվականին Կաստիլիայի թագավորությունը նվաճեց վերջին մուսուլմանական երկիր Գրանադան` վերջ դնելով մուսուլմանական իշխանությանը Պիրենեյան թերակղզում և ավարտեցին Ռեկոնկիստան:
16-րդ դար
Իզաբելայի մահից հետո 1504 թվականին, նրա դուստրը` Խուաննա I-ը դարձավ Կաստիլիայի թագուհի, իսկ իր ամուսնը` Ֆիլիպ I-ը թագավոր: Խուաննայի մահից հետո նրա որդին` Կառլոս I-ը վեց տարեկան էր, և երկիրը ղեկավարում էր, նրա հայրը` Ֆերդինանդ II-ը: 1516 թվականին միավորված Իսպանիայի առաջին թագավորը դարձավ Սրբազան Հռոմեական կայսր Կառոլս Հաբսբուգը[14]: 1519 թվականին նա թագադրվեց նաև Գերմանիայում: Այսպիսով՝ իսպանական ժողովրդի՝ իսլամադավան նվաճողների դեմ 8 դար տևած պայքարի արդյունքում ստեղծված միացյալ Իսպանիայի թագավորությունը սկսեցին ղեկավարել գերմանացի Հաբսբուրգները:
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ Bernard F. Reilly, The Contest of Christian and Muslim Spain, (Blackwell Publishers, 1995), 27.
- ↑ Bernard F. Reilly, 27.
- ↑ Bernard F. Reilly, 39.
- ↑ Bernard F. Reilly, 39
- ↑ H.C. Darby, "The face of Europe on the eve of the great discoveries", in The New Cambridge Modern History vol. I, 1957:23.
- ↑ Rosenthal 2
- ↑ Rosenthal 2
- ↑ Lindberg 55
- ↑ O'Leary, 1922, էջ 107
- ↑ Brickman 84-85
- ↑ Rosenthal 2
- ↑ Rosenthal 5
- ↑ Ruiz, Teofilo F. (2007). Spain's Centuries of Crisis: 1300-1474. Malden, Massachusetts: Blackwell Publishing. էջ 78. ISBN 978-1-4051-2789-9.
- ↑ Estudio documental de la Moneda Castilian de Carlos I fabricada en los Países Bajos (1517); José María de Francisco Olmos, pp. 139-140