Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հռոմկլա (այլ կիրառումներ)

Հռոմկլա (Հռոմ-Քար, Կլայն Հռոմեական), բերդաքաղաք Եփրատեսիա նահանգում, Եփրատ գետի աջ ափին, Փարզման (այժմ՝ Մերզումեն) վտակի միախառնման տեղում, սեպաձև հրվանդանի վրա։ Շրջափակված էր դժվարամատչելի ժայռերով, երեք կողմից ողողվում էր Եփրատի ու Փարզմանի ջրերով, ուներ քառաշարք պարիսպ ու աշտարակաձև, երկհարկանի մաշիկուլներով 7 դարպաս։ Ժայռերին խարսխված բարձր պարիսպներն ամրացված էին ուղղանկյուն կտրվածքի աշտարակներով։ Բերդի ներսում պահպանվել են աշխարհիկ շենքերի ավերակներ։ Հռոմկլան հռչակված էր ձիթենու, թզենու, պիստակենու ծառերով, ձմերուկի, սեխի, դդմի մշակությամբ։

Հռոմկլա
Նկարագրություն
Տեսակդղյակի ավերակներ և հնագիտական հուշարձան
ՏեղագրությունԹուրքիա Թուրքիա Եփրատ գետի ափին
Վարչական միավորՆիզիփ
ԵրկիրԹուրքիա
ԿառուցողՀռոմեացիներ
Օգտագործվան մեջՈրպես բերդ՝ հռոմեացիների դարաշրջանից սկսած
Որպես կաթողիկոսի նստավայր՝ 1203-1293 թթ.
Ընթացիկ վիճակԲերդերի ավերակներ, հայկական եկեղեցիներն ավերված
Կապված անձինքՆերսես Դ Կլայեցի, Գրիգոր Դ Տղա, Կոնստանդին Ա Բարձրաբերդցի Ամենայն Հայոց Կաթողիկոսները
Մանրանկարիչներ Կիրակոսը, Հովհաննեսը
Քարտեզ
Քարտեզ
 Rumkale Վիքիպահեստում
Հռոմկլան հարակից գետի հակառակ ափից

Հռոմկլայի հիմնադրման մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Բյուզանդական տիրապետության ժամանակ եղել է կարևոր գետանց և սահմանապահ բերդ (այստեղից էլ նրա Հռոմկլա՝ հոռոմների կամ հույների բերդ անունը)։

11-րդ դարի 2-րդ կեսից ենթարկվել է Փիլարտոս Վարաժնունու, այնուհետև՝ Գող Վասիլի հայկական իշխանություններին։ Մեծ իշխան Գող Վասիլի մահից (1112) հետո Եդեսիայի դուքս Բոլդուինը Տղա Վասիլից Հռոմկլան գրավել և պարգևել է իր ազգական Ջոսլին II Կուրտենեին։ 1151-ին Ջոսլինի այրին՝ Բեատրիս դքսուհին, Հռոմկլան վաճառել է Հայոց կաթողիկոս Գրիգոր Գ Պահլավունուն։ Վերջինս վերակառուցել է Հռոմկլայի ամրությունները, հիմնել երկու հոյաշեն եկեղեցի (Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Աստվածածին) և հայոց կաթողիկոսական աթոռը Ծովք դղյակից տեղափոխել այստեղ։ Ավելի ուշ Հռոմկլայում կառուցվեց նաև Ս. Փրկիչ եկեղեցին։ 1178-ին և 1179-ին Հռոմկլայում գումարված ժողովները, որոնց մասնակցել են գրեթե բոլոր հայ արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները, քննարկել և մերժել են բյուզանդական եկեղեցուն միանալու Հռոմի պապի առաջարկը, ճանաչել Հռոմկլայի կաթողիկոսության համահայկական ընդհանրական իրավունքը։ Մինչև 13-րդ դարի սկիզբը Հռոմկլան եղել է Հայոց կաթողիկոսի կալվածքը։ Հայոց թագավոր Լևոն Բ Մեծագործն այն միացրեց արքունի տիրույթներին։ Մինչև 1292-ը Հռոմկլայում է եղել Հայոց կաթողիկոսական աթոռը։ Կաթողիկոս Ներսես Շնորհալու օրոք (1166-1173) Հռոմկլան դարձել է համահայկական մշակութային կենտրոն։ Այնտեղ հավաքվել, բազմացվել և պատկերազարդվել են բազմաթիվ հին ձեռագրեր, ստեղծվել նորերը։ Հռոմկլան հռչակվել է իր ուրույն ու բարձրարվեստ մանրանկարչական դպրոցով։ Հռոմկլայում են գործել կաթողիկոսներ Ներսես Դ Կլայեցին, Գրիգոր Դ Տղան, Կոստանդին Ա Բարձրբերդցին, մանրանկարիչներ Կիրակոսը, Հովհաննեսը և ուրիշներ։

1292 թ-ի մայիսին Եգիպտոսի սուլթան Մելիք Աշրաֆը խոշոր ուժերով պաշարեց Հռոմկլան, որի բնակչությունը և պահակազորը 33 օր հերոսաբար դիմադրում էին թշնամուն։ Դրսի օգնությունից զրկված պաշտպանները հունիսի 28-ին քաղաքը հանձնեցին թշնամուն։ Պահակազորը սրի քաշվեց, քաղաքը կողոպտվեց, բնակչության զգալի մասը, այդ թվում՝ Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսը, գերվեցին։ Հռոմկլայի անկումը ժամանակակից պատմիչները համարել են հայ կյանքի մեծագույն աղետ։ Այնուհետև կաթողիկոսական աթոռը հաստատվել է մայրաքաղաք Սսում։ 16-րդ դարից հետո՝ օսմանյան թուրքերի տիրապետության ժամանակ, Հռոմկլայի Ս. Աստվածածին եկեղեցին փոխվեց մզկիթի, մյուսներն ավերվեցին։ Հռոմկլան վերջնականապես ավերվեց 1839-ին՝ Եգիպտոսի Իբրահիմ փաշայի ռմբակոծությունից։ Հռոմկլայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում են ամփոփված Գրիգոր Գ Պահլավունու և Ներսես Դ Կլայեցու աճյունները։ Մինչև 20-րդ դարի սկիզբը կիսավեր այդ եկեղեցին հայերի ու եզդիների համար ուխտատեղի էր (եզդիներն այն անվանում էին Տեր Ներսես

Գրականություն

խմբագրել
  • Արաբական աղբյուրները Հայաստանի և հարևան երկրների մասին, Երևան, 1965։
  • Կիլիկիա, ՍՊԲ, 1894։
  • Կյուլեսերյան Բ., Ծովք։ Ծովք-Տլուտք և Հռոմկլա, Վնն., 1904։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 610