Միքայել Նալբանդյան
Արտաքին տեսք
Միքայել Նալբանդյան (նոյեմբերի 14, 1829 — մարտի 31, 1866), հայ գրող և բանաստեղծ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Հարուստներին պետք է խղճալ, նրանք շրջապատված են բարիքներով, որոնք, սակայն, չեն թափանցում նրանց հոգիների մեջ[1]։
- Ճշմարիտ և ստույգ մատենագրությունը մի հայելի է, որի մեջ ցոլանում է ազգի կյանքը[2]։
- Օրենքի և իրավունքի առջև քննվում և դատվում է նախ գործը և ապա գործողը[3]։
- Ճշմարտությունը մի մարդու սեփականություն չէ[3]։
- Ազգ ասացյալը է այն ուժը, այն կենդանի կապակցությունը մարդերի, որ առանց նորան, կամ նորանից դուրս, մասնավոր մարդը կլիներ մի անօգուտ անձնասեր-էգոիստ, իսկ բոլոր մարդկությունը՝ մի անպտուղ վերացականություն[3]։
- Ոչ մի ազգություն իրավունք չունի կուլ տալու և ոչնչացնելու մի ուրիշ ազգություն, բայց այս բանը ստեպ կրկնվում է մարդկության պատմության մեջ[3]։
- Բայց մի աննկարագրելի վատաբախտություն, մի սարսափելի տեսարան է, եթե մի ազգի անդամք ինքեանք հրաժարվում են յուրյանց ազգությունից, և մտանելով մասնավորության կորստական դրոշակի տակ, ընդհանուր մարդկային հարգ ու արժանավորություն տեսանել համարում են մի մեծ, բայց օտար ազգի ազգության մեջ։ Ի՜նչ ողորմելի փիլիսոփայություն, ի՜նչ արտասվելի վարդապետություն։ Թող ամենայն ազգ պահպանե յուր ազգության կերպարանքը, թող ազատ և պայծառ ծաղկի ամենայն ազգություն մարդկեղեն աշխարհի մեջ. դոքա միայն զորություն, հոգի են տալիս ազգերի ընդհանուր աշխատությանը[3]։
- Բայց երբ բռնությունը, ազատությամբ շուլալվելով, հանդես կգա, երբ նեղսիրտ խավար խղճի ազատության և լուսեղեն դիմակներով կը զարդարվի, և բուն ազատությունը կը քարկոծվի, այն ժամանակ ամեն ստույգ ազատասերի պարտքն է բանականության սրով ասպարեզ մտնել և կեղծավոր փարիսեցիների գլխից Մովսեսի քողը մերկացնել. այս վարդապետության հետևում ենք մենք[3]։
- Ինչպես կյանքն է, այնպես է և նրա փիլիսոփայությունը[4]։
- Ազգը ինքնըստինքյան ազգ չէ, եթե չունի լեզու[4]։
- Լեզուն է այն սարսափելի ուժը, որի ընդդեմ տկար են նաև միլիոնավոր բարբարոսների սվիններ[4]։
- Մարդն է փիլիսոփայության և՛ հեղինակը, և՛ առարկան[4]։
- Մինչդեռ ընդհանուրը ապահովված չէ, մասնավորի երջանկությունը մի վաղանցուկ երազ է[4]։
- Ազգը չի կորչի, եթե նրա լեզուն պատշաճավոր կերպով ճոխանա, արմատանա և հաստատվի ազգի հոգու և սրտի մեջ[4]։
- Ժողովրդի լեզվի միջոցով կարող ենք ավելի հավաստիորեն ճանաչել մի ժողովուրդ, քան թե նրա պատմական հիշատակարաններով[4]։
- Մարդուն հարմար վերևից եկած ազատությունը այն ցողից ավելի չէ, եթե մարդը նախ ինքը յուր մեջ ազատ չէ, և երկրորդ՝ եթե ինքը այնուհետև պիտի բռնանա յուր ընկերների վրա[4]։
- Ազատությունը ըստ ինքյան լոկ խոսք է և իրողապես չէ կարող մարմնանալ առանց տնտեսական խնդրի լուծվելուն[4]։
- Քանի որ հույսը չէ հիմնվում ստույգ հաշվի վրա, հույս չէ, այլ անձնախաբություն[5]։
- Ժողովրդի հանճարը նրա լեզուն է. նրանով կարող ենք դատել ժողովրդի լուսավորության աստիճանի, նրա հատկությունների, բարքերի, սովորությունների, արժանիքների ու արատների մասին[5]։
- ...Պահի՛ր քո լեզուն, որ է՝ քո ազգության դրոշը[5]։
- ...Ազգությունը ունի յուր հոգին, և այս հոգին լեզուն է։ Առանց այս լեզվին չկա ազգ[5]։
- Լուսավորությունը այնքան հիմնավոր է, որքան ազատ է և անկախ, ստրկության մեջ չի կարող լուսավորության ծիլ կանաչիլ[5]։
- Ստրկության մեջ, աղքատության մեջ չկա և չի կարող լինել լուսավորություն[5]։
- Խավարապաշտ մարդիկ փախչում են ճշմարտությունից այնպիսի կամակոր ու անձնաբռնադատ զորությամբ, որպես կփախչեր մի ավազակ յուր մութն ու խոնավ բանտից...[5]
- Դպրոցի ազգայնությունը կախված չէ աշակերտների և վարժապետների լոկ հայութենից, լեզուն է, որ միմիայն կարող է այդ վերնագիրը դնել դպրոցի ճակատին։ Անհիմն ու ամենայն ընդունելության անարժան պատճառ է, թե օտար լեզուներ խոսեցնելով ազգի զավակներին՝ պիտի վարժեցնեին նորանց այդ լեզուների մեջ. առաջին հարկավոր բանը չէ, որ ազգի զավակը ուսանի օտար լեզուներ. դորա հակառակ՝ պարտական է նա քաջանալ յուր լեզվի մեջ[5]։
- Լեզուն է ազգության դրոշակը, լեզուն է նոցա որպիսության և վիճակի հայտարարը[6]։
- Ոչինչ բան չէ կարող բնությանց մեջ լինել կենդանի, եթե չկա նորանում հոգի. այս հոգին լեզուն է[6]։
- Մտքի զգեստը, որ լեզուն է, այդքան դարավոր ժամանակների մեջ պիտո է փոփոխված լինի. լեզու ենք ասում, որ մի կենդանի, հոսանուտ բան լինելով, համարյա թե ամենայն փոփոխության և ներգործության տակ է[6]։
- Հավառական բառերը, եթե բուն հայերեն են և այդ բառի գաղափարը հասկացնելու համար մեր նոր գրական լեզուն բառ չունի կամ երկու, երեք բառ է գործ դնում այն գավառական մեկ բառի տեղ, այն ժամանակ նախընտիր է այն գավառական բառը, որ գործ ածելով՝ կը դառնա հանրական[6]։
- Ես ազգով հայ եմ, անձով՝ նահատակ[6]։
- Ինչպես օրենքը, այնպես և կյանքը, ինչպես կյանքը, այնպես և պատմությունը[6]։
- Մեք... արյան չափ հարգում ենք մարդկային ազատությունը և իրավունքը[6]։
- Մարդն է կատարելության իդեալը[6]։
- Կոչված ենք մենք պատրաստել ճանապարհը մեր զավակների համար[7]։
- Ազգի վնասը և օգուտը ավելի մեծ կշիռ ունի մեր աչքում, քան թե մեր անձնականը[7]։
- Մենք ազատական նվիրեցինք մեզ հասարակ ժողովրդի իրավունքը պաշտպանելու։ Մեր անձը և գրիչը նվիրեցինք հարուստներին. նոքա յուրյանց արծաթի թումբերի տակ միշտ անխոցելի են նաև բռնակալների իշխանության ներքո[7]։
- Լուսավորությունը. ահա մարդու խորհուրդը[7]։
- Նա, որ փախչում է ազնիվ պատերազմից, մարդ չէ բարոյապես, այլ մի թշվառ արարած՝ կնամարդի բնավորությամբ[7]։
- Կյանքի բարոյական հաղթությունը պատկանում է ոչ միայն մարդուն, այլև ազգերին[7]։
- Ժամանակը վազում է հառաջ, ուրեմն և ժողովուրդը պետք է վազե[7]։
- Ազատն Աստված այն օրից,
Երբ հաճեցավ շունչ փչել
Իմ հողանյութ շինվածքին,
Կենդանություն պարգևել.
Ես անբարբառ մի մանուկ՝
Երկու ձեռքս պարզեցի,
Եվ իմ անզոր թևերով
Ազատությունն գրկեցի։
- Ազատություն
- – Ազատությո՜ւն,– գոչեցի,–
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թո՛ղ դաւ դնե թշնամին.
Ես մինչ ի մահ, կախաղան՝
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ,
Անդադար՝ Ազատությո՜ւն։
- Ազատություն
Քաղվածքներ Նալբանդյանի մասին
[խմբագրել]- Միքայել Նալբանդյան... Որքա՜ն սիրել ենք այդ լուսապայծառ մարդուն մեր մանկությունից մինչև պատանեկություն, երիտասարդությունից մինչև ծերություն։
- Երբեք չի թառամում նրա լուսապսակը, երբեք չի սառչում այդ սերը։
- Մ. Նալբանդյանը 19-րդ դարի 60-ական թվականների որոտն է ու կայծակը, գարնանաբեր ամպրոպը։ Հայկական մրրկահավը լիակուրծք հրավեր կարդաց կռվի ու ալեկոծության, բերեց փոթորիկ և մաքրեց հասարակական կյանքի օդը[8]։
- «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ»՝ Նալբանդյանի ամենահայտնի հրապարակախոսական աշխատությունը, արգելված էր իշխանությունների կողմից։
- Պատգամաբեր գիրք. գիրք, որի մեջ հեղինակը իր պատգամներն է թողնում գալիք սերունդներին[8]։
- Քանի կա և կապրի հայոց լեզուն և գրականությունը, Մ. Նալբանդյանցի անմահ հիշատակը միշտ կունենա յուր զգալի համակրությունքը ամեն մի հայի սրտում մինչև դարերի վերջը[8]։
- Շատ հալածական ու չարքաշ կյանք է անցկացրել մեր Նալբանդյանը, բայց նույնիսկ էդ հալածանքների մեջ էլ բարձրացել է նա։ Հալածվելով էլ միշտ դեպի վեր է գնացել, ոչ թե դեպի վար։ Հալածանքի մեջ էլ վերացել է մեր կյանքի անձուկ ու վատ մթնոլորտից դեպի էն հավերժական բարձրությունը, որտեղից դենը էլ տեղ չկա լավ հոգիների համար, և ընդմիշտ հավերժացել է հայոց գրականության համաստեղության մեջ ու դարձել նրա ամենավառ, ամենապայծառ աստղերից մեկը[8]։
- Նալբանդյանն իր էպոխայի ամենատիրական և ներշնչող դեմքն է՝ իր գաղափարների նորությամբ, իր համարձակ պայքարով, լավատեսության հավատով տոգորված՝ շքեղ ապագայի հանդեպ, և, վերջապես, իր առնական լեզվով, որ կատարյալն էր ժամանակի նկատառումով՝ կտրուկ, կայծակնային նոր ոճով, թարմ, կյանքոտ պատկերներով[8]։
- Մեր հասարակական մտքի անպայման ամենահետաքրքիր ու մեզ համար շահեկան դեմքն է նա[9]։
- Նալբանդյանը շատ ու շատ ազնիվ մարդ է։
- Կարծեմ՝ խոսքը մեր հեռացած արևելյան բարեկամի մասին է։ Բարևեցե՛ք նրան. նա գերագույն մարդ է. ասացե՛ք նրան, որ մենք սիրում և հիշում ենք իրեն[9]։
- Նալբանդյանը ոսկի հոգի ունի, նվիրված է անշահախնդիր, նվիրված է մտորեն՝ սրբության հասնող չափով[9]։
- Մ. Նալբանդյանի անունը մենք արտասանում էինք սրբազան պատկառանքով։ Նա մեր նոր կյանքի քաջարի ասպետն էր։ Իր անունը գաղափարի և ազգի, նահատակի ու հերոսի լուսապսակով էր զարդարված։
- Երևցավ նա որպես զինված մարգարե՝ մի ձեռքում ջահ, մյուսում՝ սուր։ Գրեթե մի ամբողջ դար նա լուսավորում էր մեր ուղին՝ ցույց տալով զարգացման, առաջադիմության ճշմարիտ ուղին, մարտնչելու բռնության դեմ, ստրկական կարգերի և մտայնության դեմ՝ հանուն հայրենիքի և հայ ժողովրդի քաղաքական ու տնտեսական ազատության, հանուն մարդկային ու համամարդկային ազատության և եղբայրության[9]։
- Մեզանից շատ էր սիրում նա գարունն ու վարդը
- Եվ մեզանից ավելի բանաստեղծ ու մարդ էր,
- Բայց դարը դաժան էր, ու ցարը՝ ոխերիմ,
- Եվ նա սուր վերցրեց գրչի փոխարեն...
- Սիրով էր նա զարկում քնարին քերթության,
- Եվ չէին դիմանում լարերը քնքշության,-
- ...Դյուրին է թանաքով գովերգել գարունը,
- Եվ դժվար՝ գարնանը զոհել իր արյունը...[9]
- Դու լավ ծանոթացիր Նալբանդովի հետ, փայփայի՛ր նրան։ Նա ոսկի մարդ է՝ ամբողջովին հոգի և ամբողջովին նվիրվածություն։ Հենց առաջին րոպեից, կարծում եմ, կսիրես նրան։ Ի. Տուրգենևն, ահա, օրինակի համար, ուրիշ է. նա նույնիսկ շատ բարի է, բայց աստված էլ գիտե, որ ինքն աստված է։ Տուրգենևը և՛ խելացի է, և՛ սիրալիր, բաց չի մոռանում իրեն. չունի այն սուրբ պարզությունը, որ ունի Նալբանդովը, որը գրավում է ոչ թե խելքով, այլ՝ սրտով[10]։
- Մենք՝ վրացիներս, հպարտանում ենք մեծ դեմոկրատ Նալբանդյանի անունով. նա ընդհանուր գաղափարներով մոտ էր կանգնած մեր գործիչներին։ Նալբանդյանը ժողովրդի ազատությունն իր կյանքի նպատակն է համարել։ Շնորհակալություն Նալբանդյանին, որն իր հայրենիքին վերադարձրեց այն բոլորը, ինչ ժողովուրդը տվել էր նրան։
- Միքայել Նալբանդյանն անմահ է։ Նա այսօր մեզ հետ է, նա մեր ժամանակակիցն է[10]։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 119. ISBN 99930-2-276-4.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 156.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 24։
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 25։
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 26։
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 27։
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 28։
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 21։
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 22։
- ↑ 10,0 10,1 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 23։