Jump to content

Վլադիմիր Բարանով-Ռոսսինե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Բարանով-Ռոսսինե
ԿեղծանունBaranov-Rossine, Vladimir
Ծնվել էհունվարի 1 (13), 1888[1][2][3][…]
ԾննդավայրVelyka Lepetykha, Q12117696?, Melitopolsky Uyezd, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվար 1944[4][2][5][…] կամ 1942[6]
Մահվան վայրՕսվենցիմ, Bielitz, Upper Silesia Province, Պրուսիայի ազատ պետություն, Գերմանական ռայխ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՕդեսայի գեղարվեստական ուսումնարան և Գեղարվեստի բարձրագույն դպրոց
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ
 Vladimir Baranov-Rossine Վիքիպահեստում

Վլադիմիր  Դավիդովիչ Բարանով- Ռոսսինե կամ  Բարանով- Ռոսսինե[7]  (իսկական անուն ազգանունը՝ Շուլիմ-Վոլֆ  Լեյբ  Բարանով, կեղծանունը՝ 'Դանիել Ռոսսինե, հունվարի 1 (13), 1888[1][2][3][…], Velyka Lepetykha, Q12117696?, Melitopolsky Uyezd, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն - հունվար 1944[4][2][5][…] կամ 1942[6], Օսվենցիմ, Bielitz, Upper Silesia Province, Պրուսիայի ազատ պետություն, Գերմանական ռայխ), ռուսական ավանգարդի վարպետ, գեղանկարիչ և քանդակագործ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Բարանով-Ռոսսինեն ծնվել է 1888 թվականի հունվարի 1-ին, Ռուսական կայսրության Տավրիկյան նահանգի Բոլշայա Լեպատիխա գյուղում[7] (այժմ՝ Վելիկայա Լեպետիխա, Խերսոնի մարզ, Ուկրաինա)։ 1902-1908 թվականներին սովորել է Օդեսայի գեղարվեստի ուսումնարանում, որն ավարտել է որպես գծագրության և նկարչության ուսուցիչ։ 1908 թվականին ընդունվել է Արվեստի կայսերական ակադեմիային կից բարձրագույն գեղարվեստական ուսումնարան, սակայն առաջին կուրսից անմիջապես հետո պարապմունքներին չհաճախելու պատճառով հեռացվել է։ 1907-1910 թվականներին Միխայիլ Լարիոնովի, Նատալյա Գոնչարովայի, Դեյվիդ Բուրլյուկի, Ալեքսանդրա Էքստերի և այլ երիտասարդ նկարիչների հետ մասնակցել է ռուսական ավանգարդի առաջին «Ստեֆանոս»  (Մոսկվա, 1907-1908), «Օղակ»  (Կիև, 1908), «Պսակ-Ստեֆանոս» (Պետերբուրգ, 1909), «Իմպրեսիոնիստներ» (Պետերբուրգ, Վիլնա, Բեռլին, 1909-1910)  ցուցահանդեսներին։

1909-1910 թվականներին ճանապարհորդել է Եվրոպայում և հաստատվել Փարիզում։ Ընկերացել է Մարկ Շագալի, Օսիպ Ցադկինի, Ալեքսանդր Արխիպենկոյի, Խայիմ Սուտինի, Ամեդեո Մոդիլիանիի հետ և դարձել հայտնի «Մեղվի փեթակ»-ի փարիզյան տան բնակիչ։ Այդ ժամանակից ի վեր բարեկամություն է արել Ռոբեր Դելոնեի և Սոնյա Դելոնեի հետ, և Բարանովին հրապուրել է շարժման դինամիկան և ռիթմերի երաժշտականությունը արտահայտելու գաղափարը հիմնական գույների սպեկտրի փոխներթափանցման «օրինաչափությունների» օգնությամբ։  

Նրա ստեղծագործությունները ցուցադրվել են Աշնանային սալոնում, Անկախների սալոնում, ինչպես նաև Ցյուրիխի և Ամստերդամի ավանգարդիստների ցուցահանդեսներում։ Այդ շրջանում վերցրել է Դանիել Ռոսսինե կեղծանունը։ Անկախների ցուցասրահում Բարանով-Ռոսսինեն ցուցադրել է առաջին պոլիքրոմային կուբիստական քանդակները, և նրա «Սիմֆոնիա № 2» քանդակը գրավել է բոլորի ուշադրությունը։ Երիտասարդ նկարչին գովաբանել է Գիյոմ Ապոլիները։

Բնանկար եկեղեցով, 1909 թվական

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Բարանով-Ռոսսինեն բնակվել է Նորվեգիայում, որտեղ էլ վերջնականապես ձևավորվել է նրա գեղարվեստական ոճը։ Օսլո քաղաքում (այն ժամանակ՝ Քրիստիանիա) տեղի է ունեցել նրա առաջին անհատական ցուցահանդեսը։ Նկարիչը խորությամբ ուսումնասիրել է երաժշտության և գույնի սինթեզի խնդիրները՝ շարունակելով տավղահարների գաղափարները։ Այդ ժամանակ նախագծել է «օպտոֆոնիկ» (գունավոր-երաժշտական) դաշնամուր և տալիս իր առաջին օպտոֆոնիկ համերգները Քրիստիանիայում և Ստոկհոլմում։ 1917 թվականին Փետրվարյան հեղափոխությունից հետո վերադարձել է Ռուսաստան, դասավանդել Ազատ արվեստի արվեստանոցներում (Պետրոգրադ), Վխուտեմասում (Բարձրագույն գեղարվեստական և տեխնիկական արվեստանոցներում), մի խումբ հայտնի նկարիչների հետ մասնակցել է Պետրոգրադի ապստամբության հրապարակի ձևավորմանը Հոկտեմբերյան հեղափոխության առաջին տարեդարձի կապակցությամբ, նկարել է մեծ հեղափոխական պաննոներ։ 1917 թվականին Պետրոգրադում Նադեժդա Դոբիչինայի գեղարվեստական բյուրոյում տեղի է ունեցել ցուցահանդես, որում Բարանով-Ռոսսինեն ցուցադրել է իր 60-ից ավելի ստեղծագործությունները, նույն տարում նրա աշխատանքները ցուցադրվել են հրեա նկարիչների գեղանկարների և քանդակների մոսկովյան ցուցահանդեսում։ 1918 թվականին Պետրոգրադի նախկին Արվեստի ակադեմիայի շենքում նա կազմակերպել է արվեստանոց։

Երկար տարիներ, ավելի ճիշտ, իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում նա մշտապես հայտնվել է (ժամանակագրական առումով) ամենատարբեր ավանգարդիստական շարժումների առաջնագծում, լինի դա կուբիզմ, թե սյուրռեալիզմ, ֆուտուրիզմ, էքսպրեսիոնիզմ և այլն՝ մինչև աբստրակցիա։ Նա շատ ծանր մարտերի ուղեկիցն ու զինակիցն է եղել, որոնք ալեկոծում էին գեղարվեստական աշխարհը։
- Յուրի  Աննենկով , ռուս և ֆրանսիացի գեղանկարիչ և գծանկարիչ

Զինվորական համազգեստի հայտնի մասնագետ, պատմաբան Ա. Բ. Ստեպանովի կարծիքով, նկարիչ Բարանով-Ռոսսինեն 1918 թվականին եղել է Կարմիր բանակի համազգեստի մշակման հանձնաժողովի անդամ[Նշում 1], կատարել է բուդյոնովկայի և Կարմիր բանակի նոր համազգեստի այլ տարրերի վերջնական գծագրությունը, դրանց նախագծերի էսքիզների հիման վրա[8][9]։

1920-ականների սկզբին նկարիչը զարգացնելով Ալեքսանդր Սկրյաբինի գաղափարները, շարունակել է զբաղվել լուսագունային երաժշտության խնդիրներով և ստեղծել կլավեր՝ օպտոֆոնի նոր տարբերակ, որի յուրաքանչյուր ստեղնը համապատասխանել է ոչ միայն որոշակի ձայնի, այլև գույնի (լույսը  «քրոմոտրոն» օպտիկական ֆիլտրերի միջով անցնելով  պատկերը ցուցադրում  է էկրանի վրա)։ Նրա կողմից 1923-1924 թվականներին կազմակերպվել է երկու գունավոր-տեսողական համերգ՝ Վսևոլոդ Մեյերխոլդի թատրոնում և Մոսկվայի Մեծ թատրոնում։ «Լույսի խաղը» կատարել է ինքը՝ նկարիչը։ Բարանով-Ռոսսինեի օպտոֆոնն արժանացել է հանրության հավանությանը։ Նա հավատում էր, որ իր գյուտը կարող է օգտագործվել զանգվածային միջոցառումների ժամանակ  ամպերի կամ ծխի վրա պատկերներ և լոզունգներ ցուցադրելու համար։

«Զարմուհին ծաղիկներով», 1912

1925 թվականին, չնայած խորհրդային արտոնագրային գերատեսչության կողմից կառուցվածքի  ճանաչմանը, բազմաթիվ ցուցահանդեսների մասնակցության առաջարկներին և Վխուտեմասի դեկանի պաշտոնը զբաղեցնելուն, նկարիչը ընտանիքի հետ մեկնել է Փարիզ։ Ֆրանսիայում Բարանով-Ռոսսինեն կրկին արտոնագրել է օպտոֆոնը, կազմակերպել է Օպտոֆոնիկական ակադեմիա, անցկացրել աուդիովիզուալ հետազոտություններ, տվել օպտոֆոնիկ համերգներ, դասավանդել և իր գյուտի օգնությամբ փորձել ուսանողների մեջ «տեսողական ընկալումներ» դաստիարակել։ Նա նաև շարժական (մոբիլ) քանդակի ստեղծողներից է։ 1920-ականների երկրորդ կեսին Բարանով-Ռոսսինեին հետաքրքրել է սյուրռեալիզմի ուղղությունը, որը ցուցադրվել է Անկախների ցուցասրահում։ 1939 թվականին նա արտոնագրել է «քամելեոնի մեթոդը» («պուանտիլիստիկ-դինամիկ կամուֆլյաժ»)՝ որպես զորքերի քողարկման միջոց։ Այս արտոնագիրը հիմք է հանդիսացել բծավոր կամուֆլյաժի համար։

1943 թվականի նոյեմբերին Բարանով-Ռոսսինեն ձերբակալվել է գեստապոյի կողմից, 1944 թվականի հունվարին մահացել է Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Неизвестный русский авангард в музеях и частных собраниях / Авт.-сост. Андрей Дмитриевич Сарабьянов. — М.: Советский художник, 1992. — 352 с. — 20 000 экз. — ISBN 5-269-00326-0
  • Владимир Баранов-Россине — художник русского авангарда
  • Андрей Дмитриевич Сарабьянов Владимир Баранов-Россине. — М.: Трилистник, 2002. — 265 с.
  • Шустов С. Л. Забытые страницы истории отечественной прото-электронной музыки: Владимир Давидович Баранов-Россине и его «Оптофонический клавир» // Музичне мистецтво і культура : сборник. — Одесса: Одеська державна музична академія ім. А. В. Нежданової, 2004. — № 5. — С. 316—328.
  • Евгений Деменок Владимир Баранов-Россине - одессит и парижанин.
  • Колганова О. В. Светозвуковой инструментарий В. Баранова-Россине и Г. Гидони // Вопросы инструментоведения. Вып. 11: сборник статей и материалов XI Международного конгресса «Благодатовские чтения» : сборник / отв. ред. И. В. Мациевский, ред.-сост. О. В. Колганова. — СПб.: РИИИ, 2017—2018. — С. 229—239.
  1. Комиссия по выработке форм обмундирования для Красной армии заседала в Школе военной маскировки в Москве.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Vladimir Davidovich Baranoff-RossinéOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  4. 4,0 4,1 4,2 Swartz A. Vladimir Baranov-Rossine — 2007.
  5. 5,0 5,1 5,2 Athenaeum
  6. 6,0 6,1 6,2 http://kmska.be/collection/work/data/h81t0n
  7. 7,0 7,1 «БАРАНОВ-РОССИНЭ • Большая российская энциклопедия - электронная версия». bigenc.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 3-ին.
  8. «КТО И КОГДА ПРИДУМАЛ МИФ О БУДЕНОВКЕ?» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  9. «Офицерская школа маскировки при Главном штабе — Офицеры русской императорской армии». ria1914.info. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Բարանով-Ռոսսինե» հոդվածին։