Jump to content

Սուրբ Վիտուսի Մայր Տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Վիտուսի Մայր Տաճար
չեխ․՝ Katedrála svatého Víta
Սուրբ Վիտուսի մայր տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար
ԵրկիրՉեխիա Չեխիա
ՏեղագրությունՀրադչանի[1] և Պրահա 1
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԹեմՊրահայի թեմ
Հոգևոր կարգավիճակկանգուն
Հիմնական ամսաթվերը1344
Ներկա վիճակգործող
Մասն էՊրահայի ամրոց
Կազմված էSaint Wenceslas Chapel?, Golden Gate?, Chapel of Saint John the Baptist? և Q10861605?
Ժառանգության կարգավիճակpart of cultural heritage site in the Czech Republic?
ՆվիրվածՍուրբ Վիտոս, Adalbert of Prague? և Saint Wenceslaus I, Duke of Bohemia?
ԱնվանվածՍուրբ Վիտոս
ՃարտարապետՄաթյո Արրասացի և Պետեր Պարլեր
ՀիմնադիրArnošt of Pardubice? և Կառլոս IV կայսր
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն և Նեոգոթիկա
Կառուցման սկիզբ930 թ., ներկայիս տեսքով՝ 1344 թ.
Կառուցման ավարտ1929 թ.
Հիմնադրված1344
60 մ
Երկարություն124 մ
Լայնություն60 մ
Քարտեզ
Քարտեզ
 St. Vitus Cathedral Վիքիպահեստում
katedralasvatehovita.cz

Սուրբ Վիտուսի Մայր Տաճար կամ Սրբեր Վիտուսի, Վենցեսլաուսի և Ադալբերտի Տաճար (չեխ․՝ metropolitní katedrála svatého Víta, Václava a Vojtěcha), Հռոմի կաթոլիկ եկեղեցու տաճար Պրահայում, արքեպիսկոպոսի նստավայր։ Մինչև 1997 թվականը տաճարը նվիրված էր միայն Սուրբ Վիտուսին և մինչ օրս անվանվում է միայն նրա անունով։

Այս տաճարը գոթական ճարտարապետության գերազանց օրինակ է և հանդիսանում է երկրի ամենամեծ ու կարևոր եկեղեցական կառույցը։ Այն տեղակայված է Պրահայի ամրոցի տարածքում, այնտեղ են գտնվում Բոհեմիայի մի շարք թագավորների և Սրբազան Հռոմեական կայսրության կայսրերի գերեզմանները։ Տաճարը հանդիսանում է Չեխիայի կառավարության սեփականությունը և մտնում է Պրահայի Ամրոցի համալիրի մեջ[2]։ Տաճարի երկարությունը 124 մ է, լայնությունը՝ 60 մ, հիմնական աշտարակի բարձրությունը՝ 96.5 մ, դիմացի աշտարակինը՝ 82 մ, կամարինը՝ 33 մ[3]։

Տաճարը այդ տարածաշրջանում Սուրբ Վիտուսին նվիրված երրորդ եկեղեցական կառույցն է։ Առաջին եկեղեցին (ռոտոնդան) կառուցվել է 930 թվականին Բոհեմիայի դուքս Վենցեսլաուս 1-ինի կողմից։ Այս հովանավոր սուրբն ընտրվել էր, քանի որ Վենցեսլաուսը կայսր Հենրի 1-ինից ձեռք էր բերել սուրբ մասունք՝ Սուրբ Վիտուսի ձեռքը։ Հնարավոր է նաև, որ Վենցեսլաուսը, կամենալով իր հպատակներին ավելի հեշտությամբ առաջնորդել դեպի քրիստոնեություն, ընտրեց մի սրբի, որի անունը (չեխ․՝ Svatý Vít) շատ նման էր հնչում սլավոնական արևային աստվածության Սվանտեվիտի (Svantevit) անվանը։ Կրոնական երկու հասարակությունները՝ ավելացող քրիստոնյաները և նվազող հեթանոսները, միաժամանակ բնակվում էին Պրահայի Արոցում առնվազն մինչև 11-րդ դարը։

1060 թվականին, երբ հիմնվեց Պրահայի թեմը, արքայազն Սփիթիհնև 2-րդը սկսեց ավելի ընդարձակ եկեղեցու կառուցումը, քանի որ պարզ դարձավ, որ գոյություն ունեցող եկեղեցին շատ փոքր էր հավատացյալներին տեղավորելու համար։ Նրա տեղում կառուցվեց ռոմանական ոճի ավելի մեծ և ներկայացուցչական բազիլիկ։ Չնայած այն ամբողջությամբ չկառուցվեց, այնուամենայնիվ փորձագետների մեծ մասը համամիտ էր, որը այն երգչախմբի երկու դահլիճներով և զույգ աշտարակներով եռասրահ բազիլիկ էր։ Տաճարի նախագիծը հարում էր ռոմանական ճարտարապետությանը։ Ռոտոնդայի հարավային մասը ներառվեց նոր եկեղեցու արևելյան հատվածում, քանի որ այնտեղ էր գտնվում Սուրբ Վենցեսլաուսի շիրիմը, ով մինչ օրս համարվում էր Չեխիայի արքայազնների հովանավոր սուրբը։ Նոր եկեղեցուց դեպի հարավ կառուցվեց եպիսկոպոսի նստավայրը, որը ընդարձակվեց 12-րդ դարի կեսերին։

Գոթական տաճարը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տաճարի նախագիծը

Ներկայիս գոթական տաճարը սկսել է կառուցվել 1344 թվականի Նոյեմբերի 21-ին, երբ Պրահայի եպիսկոպոսությունը վերածվեց արքեպիսկոպոսության։ Հովանավորներն էին տաճարի առաջնորդը, Արքեպիսկոպոս Արնոշտ Պարդուբիցը և Բոհեմիայի արքա Չարլզ 4-րդը, ով շուտով պետք է դառնար Սրբազան Հռոմեական կայսրության նոր կայսրը։ Նա նպատակ ուներ նոր տաճարը օգտագործել որպես թագադրության սրահ, ընտանեկան դամբարան, թագավորության առավել թանկարժեք մասունքների գանձարան և հովանավոր սուրբ Վենցեսլաուսի հանգստի վերջին վայր։

Առաջին վարպետ կառուցողը ֆրանսիացի Մաթիաս Արրասացին էր, ով հրավիրվել էր Ավինյոնի պապական պալատից։ Մաթիասը կառույցի ընդհանուր տեսքը նախագծել էր որպես հինականում ֆրանսիական գոթական ճարտարապետության նմուշ։ Սակայն նա կառուցեց միայն երգչախմբի դահլիճի արևելյան հատվածը՝ կամարակապ սրահը և ապսիդի շրջակա միջանցքը։ Ֆրանսիական գոթական ճարտարապետության ուշ շրջանի նրբագեղ սլացիկությունը, բացարձակ հարգանքը համամասնությունների նկատմամբ այսօր տարբերում են նրա աշխատանքը։

1352 թվականին Մաթիասի մահից հետո տաճարի շինարարությամբ սկսեց զբաղվել նոր վարպետ։ Դա Պետեր Պարլերն էր, ով այդ ժամանակ ընդամենը 23 տարեկան էր։ Նա Շվեբիշ-Գմյունդի Սուրբ Խաչ եկեղեցու ճարտարապետի որդին էր։ Սկզբնական շրջանում Պարլերն աշխատում էր իր նախորդի նախագծով. երգչախմբի դահլիճի հյուսիսում նա կառուցեց ավանդատունը, իսկ հարավում՝ աղոթարանը։

Գոթական աշտարակները

Ավարտելով Մաթիասի անավարտ թողած գործը՝ Պարլերը սկսեց իրագործել իր սեփական գաղափարները։ Նրա համարձակ և նորարարական գաղափարները յուրահատուկ սինթեզ ստեղծեցին գոթական ճարտարապետության մեջ։ Դա առավել լավ է արտահայտվում երգչախմբի դահլիճի համար կառուցված կամարների միջոցով։ Այսպես կոչված պարլերյան կամարներն ունեն կրկնակի (ոչ միակ, ինչպես ընդունված է գոթական կամարների դեպքում) անկյունագծային կողիկներ, որոնք ընդգրկում են դահլիճի լայնությունը։ Կողիկների խաչվող զույգերը ստեղծում են ցանցանման շինվածք, որը, ենթադրաբար, ամրացնում է կամարը։ Նրանք կենդանի զարդարանք են հաղորդում առաստաղին, քանի որ կամարները տաճարի երկարությամբ ստեղծում են յուրօրինակ դինամիկ զիգզագ։

Եթե Մաթիաս Արրասացին ուսուցանվել էր երկրաչափության ոգով՝ շեշտադրելով նախագծի հստակ մաթեմատիկական համամասնությունները, ապա Պարլերը ուսուցանվել էր որպես քանդակագործ և փայտագործ։ Նա ճարտարապետությանը վերաբերում էր որպես քանդակի՝ յուրօրինակ «խաղ խաղալով» քարի կառուցվածքային ձևերի հետ։ Բացի կամարներից, նրա աշխատանքի յուրահատկությունը կարելի է նկատել նաև սյուների (գոթական ճարտարապետության կողմից գրեթե մոռացության մատնված դասական, զանգաձև սյուներ), Սբ. Վենցեսլաուսի մատուռի հնարագետ գմբեթակամարի, ալիքաձև պատերի, պատուհանների ինքնատիպ զարդանախշերի միջոցով։ Երբ կառուցման աշխատանքներն իրականացնում էր Պարլերը, ճարտարապետական քանդակին տրվել էր զգալի դեր, ինչը կարելի է տեսնել, մասնավորապես, կիսանդրիների միջոցով, որոնք պատկերում են թագավորական ընտանիքի, Պրահայի եպիսկոպոսների և երկու վարպետների (այդ թվում՝ Պարլերի) դիմապատկերները։

«Ոսկե դարպաս»

Տաճարի կառուցման աշխատանքները շատ դանդաղ էին ընթանում, քանի որ կայսրը այդ նույն ժամանակահատվածում Պարլերին այլ նախագծեր էր հանձնարարել, ինչպես օրինակ՝ Պրահայում Կառլի կամուրջի և չեխական թագավորության տարբեր եկեղեցիների կառուցումը։ Մինչ 1397 թվականին Պարլերի մահը ավարտին էին հասցվել միայն եկեղեցական երգչախմբի դահլիճը և տրանսեպտը։

Պետեր Պարլերի մահից հետո նրա որդիներ Վենսել Պարլերը և, մասնավորապես, Յոհաննես Պարլերը շարունակեցին նրա աշխատանքը։ Նրանց հաջորդեց Մասթեր Պերիլկը, ով, ամենայն հավանականությամբ, Պարլերի աշխատանքային խմբի անդամ էր։ Այս վարպետների շնորհիվ ավարտին հասցվեցին տրանսեպտը, տաճարի հարավային հատվածի մեծ աշտարակը, աշտարակը հարավային տրանսեպտին կապող ֆրոնտոնը։ Այն հատվածը, որտեղից արքաները մուտք էին գործում տաճար թագադրության արարողությունների համար, կոչվում էր «Ոսկե դարպաս» (հավանաբար, ոսկեգույն խճանկարի պատճառով)։

Ամբողջական կառուցման աշխատանքները կանգ առան 15-րդ դարի առաջին կեսին, երբ սկսվեց Հուսյան հեղափոխական շարժումը։ Պատերազմը վերջ դրեց գրեթե մեկ դար անընդհատ իրականացվող աշխատանքներին, և տաճարի հարդարանքնրեը՝ բազմաթիվ նկարնրե ու քանդակներ, ավերումներից տուժեցին։ Սակայն դա ամենը չէր. 1541 թվականի մեծ հրդեհը հսկայական վնաս հասցրեց տաճարին։

Սուրբ Վենցեսլաուսի աղոթարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերևս, տաճարի ամենաուշագրավ հատվածը Սբ. Վենցեսլաուսի աղոթարանն է, որտեղ պահվում են սրբի մասունքները։ Սրահը կառուցվել է Պետեր Պարլերի կողմից 1344-1364 թվականներին և ունի կողավոր կամար։ Պատերի ստորին հատվածները հրաշալիորեն հարդարված են ավելի քան 1300 կիսաթանկարժեք քարերով և Քրիստոսի տանջանքները պատկերող նկարներով, որոնք ստեղծվել են 1372-1373 թվականներին։ Պատերի վերին հատվածները պատկերում են Սբ. Վենցեսլաուսի կյանքը։ Պատի կենտրոնում Սբ. Վենցեսլաուսի գոթական արձանն է, որի հեղինակը Պետերի զարմիկ Յինդրիխ Պարլերն է (1373 թվական)։ Աղոթարանը բաց չէ այցելուների համար, բայց այն կարելի է տեսնել դռների ետևից։ Աղոթարանի հարավարևմտյան անկյունում գտնվող յոթ փականներով փոքրիկ դուռը տանում է դեպի թագադրման պալատ, որտեղ գտնվում են Չեխիայի թագավորական զարդերը, որոնք հանրությանը ցուցադրվում են ութ տարին մեկ անգամ։

Վերածնունդ և Բարոկկո

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարոկկո ոճով աշտարակը

Հաջորդող դարերի ընթացքում տաճարը կիսակառույց վիճակում էր։ Կառուցված էին միայն հիմնական աշտարակը և տրանսեպտը, որը շրջապատված էր ժամանակավոր պատով։ Հետագայում կառուցված եռասրահ բազիլիկի տեղում կանգնած էր փայտե տանիքով մի կառույց, և կրոնական արարողությունները կատարվում էին առանձին հենց այնտեղ։ Տաճարի աշխատանքների շարունակման մի քանի փորձեր անհաջողության մատնվեցին։ 15-րդ դարի երկրորդ կեսին արքա Վլադիսլավ 2-րդը Վերածննդի գոթական ճարտարապետ Բենեդիկտ Ռայեդին հանձնարարեց շարունակել տաճարի կառուցումը, բայց աշխատանքները սկսելուց անմիջապես հետո նախաձեռնությունը դադարեցվեց ֆինանսավորման պակասի պատճառով։ Տաճարի կառուցումն ավարտելու հետագա փորձերը գոթական կառույցին հաղորդեցին որոշ վերածննդյան և բարոկկոյական տարրեր, որոնցից հատկապես հայտնի են հարավային աշտարակի ակնհայտորեն տարբերվող բարոկկոյական ոճը և տրանսեպտի հյուսիսային թևի մեծ երգեհոնը։

Շինարարության ավարտը 19-րդ և 20-րդ դարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1844 թվականին Պրահայում գերմանական ճարտարապետների հանդիպման ժամանակ Վաքսլավ Պեշինան և նեոգոթիկական ճարտարապետ Ժոզեֆ Կրաները ներկայացրեցին տաճարի վերանորոգման և ավարտման նախագիծ։ Նույն տարում «Պրահայի Սբ. Վիտուսի տաճարի ավարտման միություն» անվանման ներքո ստեղծվեց մի կազմակերպություն, որի նպատակն էր վերանորոգել, ավարտին հասցնել տաճարը և ազատվել «ամեն ինչ այլանդակված է» պիտակից։ Ժոզեֆ Կրաները ղեկավարում էր 1861-1866 թվականների աշխատանքները, որոնց ընթացքում վերացվեցին բարոկկոյական զարդարանքները, որոնք համարվում էին ավելորդ։

Տաճարի վարդանման պատուհանը

1870 թվականին վերջապես դրվեց նոր աշխատանքների մեկնարկը. 1873 թվականին Կրաների մահից հետո վերակառուցումը գլխավորեց ճարտարապետ Ժոզեֆ Մոքերը։ Հենց նա էր, ով նախագծեց արևմտյան ճակատը հատկանշական դասական գոթական ոճով՝ երկու աշտարակներով։ Նույնը մոտեցումը ցուցաբերեց նաև վերակառուցման վերջին ճարտարապետ Քամիլ Հիլբերտը։

1920-ական թվականներին քանդակագործ Վոժտեխ Սաչարդան աշխատեց ճակատի վրա, իսկ հանրահայտ չեխ մոդեռն գեղանկարիչ Ալֆոնս Մուխան զարդարեց հյուսիսային հատվածի նոր պատուհանները։ Վարդանման պատուհանը նախագծվել է Ֆրանտիսեկ Կիսելայի կողմից 1925-1927 թվականներին։ Այն արտացոլում է արարման աստվածաշնչյան պատմության դրվագներ։ Մինչ 1929 թվականի Սբ. Վենցեսլաուսի հոբելյանը՝ տաճարը վերջապես ավարտին հասցվեց՝ մեկնարկից մոտավորապես 600 տարի անց։ Չնայած այն հանգամանքին, որ տաճարի արևմտյան հատվածն ամբողջությամբ կառուցված է նեոգոթիկայի ազդեցությամբ, Պետեր Պարլերի ներմուծած տարրերը օգտագործվել են վերակառուցման ժամանակ՝ տաճարին հաղորդելով ներդաշնակ, միասնական տեսք։

Ազդեցությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տաճարի ներքին հարդարանքը, կամարակապ առաստաղը

Սբ. Վիտուսի տաճարը հսկայական ազդեցություն է ունեցել Կենտրոնական Եվրոպայում միջազգային գոթիկայի ոճական առանձնահատկությունների ձևավորման վրա։ Պարլերի աշխատանքային խմբի անդամները և Պարլերներն առհասարակ նախագծել են Կենտրոնական Եվրոպայի բազմաթիվ եկեղեցիներ և կառույցներ։ Առավել հանրահայտ օրինակներ են՝ Վիեննայի Սուրբ Ստեփանոսի տաճարը, Ստրասբուրգի տաճարը, Զագրեբի Սբ. Մարկոսի եկեղեցին, Սբ. Բարբարայի եկեղեցին։ Պարլերի ոճը մեծ ազդեցություն է ունեցել Սլովենիայի, հյուսիսային Խորվաթիայի, Ավստրիայի, Չեխիայի և հարավային Գերմանիայի գոթիկայի վրա։

Ուշագրավ են հատկապես Պարլերի կամարները։ Կենտրոնական Եվրոպայի միջազգային գոթիկային հատուկ են գեղազարդ և արտասովոր կամարները, որոնք ի սկզբանե զարգացվել էին Պարլերի կողմից, երբ նա կառուցում էր Սբ. Վիտուսի տաճարի եկեղեցական երգչախմբի դահլիճի կամարային համակարգը։ Մեկ այլ գոթական ոճ ևս ներկայացնում է կամարների նույնատիպ շինվածք՝ Անգլիական գոթական ճարտարապետության ուղղահայաց ոճը։ Հարցը նրանում է, թե որ ոճն է կրել մյուսի ազդեցությունը։ Արվեստի և ճարտարապետության որոշ բրիտանացի տեսաբաններ կարծում են, որ հնարավոր է Պարլերը իր կյանքի որևէ շրջանում եղել է Անգլիայում և ուսումնասիրել է գոթական տաճարները, ինչն էլ հետագայում ոգեշնչել է նրան կառուցել Սբ. Վիտուսի տաճարը։ Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Անգլիական գոթիկայում իրապես շքեղ կամարներ սկսել են կիրառվել 14-րդ դարի վերջին, հնարավոր է, որ հենց Սբ. Վիտուսի տաճարի ազդեցությամբ է զարգացել Անգլիական գոթիկան[4]։

Նորագույն պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տաճարի արտաքին տեսքը

1997 թվականին՝ Սբ. Վոյտեշուսի մահվան 1000-րդ տարելիցին, տաճարի ձոնը սկսեց տարածվել նաև Սբ. Վենցեսլաուսի և Սբ. Վոյտեշուսի վրա (վերջինս արտասահմանում առավել հայտնի է որպես Սբ. Ադալբերտ)։

1954 թվականի կառավարական որոշման համաձայն՝ ամբողջ Պրահայի Ամրոցը համարվում է չեխոսլովակ ժողովրդի սեփականություն, որի վարչական ղեկավարումն իրականացնում է նախագահական գրասենյակը։ 1992 թվականից սկսած մի քանի եկեղեցական միջնորդություններ են հարուցվել՝ պարզելու, թե ով է ի վերջո դրա սեփականատերը։ 14 տարի անց՝ 2006 թվականի հունիսին Պրահայի քաղաքային դատարանը որոշում կայացրեց, ըստ որի՝ 1954 թվականի որոշումը չի փոխել տաճարի սեփականատիրոջը, և սեփականատերը Սբ. Վիտուսի տաճարի առաջնորդարանն է։ 2006 թվականի սեպտեմբերին նախագահական գրասենյակը վարչական ղեկավարումը փոխանցեց տաճարի առաջնորդարանին։ Սակայն մեկ տարի անց Պրահայի համայնքային դատարանը որոշեց, որ տաճարի սեփականատերը չեխ ժողովուրդն է, ինչը հաստատվեց քաղաքային և սահմանադրական դատարանների կողմից։ Այնուամենայնիվ, տաճարի ներքին պարագաների բացարձակ սեփականատերը եկեղեցին է։

2010 թվականի մայիսին Պրահայի նոր արքեպիսկոպոս Դոմինիկ Դուկան և երկրի նախագահ Վացլավ Կլաուսը համատեղ հայտարարեցին, որ նրանք չեն ցանկանում շարունակել հակամարտությունները։ Նրանք հաստատեցին, որ Սբ. Վենցեսլաուսի աղոթարանի բանալիների 7 պահապանները ևս դառնում են տաճարի վարչական օգտագործման խորհրդի մի մաս։ Սակայն սեփականության որոշ հարցերի շուրջ տարաձայնությունները դեռևս շարունակվում են։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Fučíková, Eliška, Martin Halata, Klára Halmanová, Pvel Scheufler. "Prague Castle in Photographs /1956-1900". Prague: Správa Pražského hradu a Nakladatelství KANT, 2005. ISBN 80-86217-94-9
  • K. Benešovská, P. Chotebor, T. Durdík, M. Placek, D. Prix, V. Razim. "Architecture of the Gothic", vol. 2 of "Ten centuries of architecture" series, Prague Castle Administration & DaDa, a.s., Prague 2001, ISBN 80-86161-41-2 (անգլերեն տարբերակ)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Hold, Gabriella (26 May 2010). "Church concedes battle for St. Vitus". The Prague Post.
  3. Katedrála svatého Víta (Gotický metropolitní chrám svatého Víta, Vojtěcha a Václava). (չեխերեն)
  4. P. Zatloukal, "Architecture of the 19th Century", vol. 5 of "Ten centuries of architecture" series, Prague Castle Administration & DaDa, a.s., Prague 2001, ISBN 80-86161-41-2 (անգլերեն տարբերակ)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Վիտուսի Մայր Տաճար» հոդվածին։