Սոսի թխկիատերև
Սոսի թխկիատերև | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Platanus acerifolia Willd
|
Սոսի թխկիատերև (լատին․՝ Platanus acerifolia Willd), սոսազգիների ընտանիքի, սոսի ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճյուղավորված, հզոր ծառ է՝ 30-40 մ բարձրությամբ։ Բնի կեղևը անջատվում է խոշոր թիթեղներով, որից ծառի բունը մերկանում է, ստանալով սպիտակավուն, հարթ տեսք։ Բունը ուղիղ է, սլացիկ, 3-5 մ տրամագծով։ Տերևների երկարությունը կազմում է 25-17 սմ, լայնությունը՝ 18-20 սմ, 5-7 բլթականի են, երբեմն, երիտասարդ ճյուղերի վրա 3 բլթականի։ Բլթակները լայն-եռանկյունաձև են, միանման երկարությամբ և լայնությամբ, կամ երկարությունը ավելի է, քան լայնությունը, խոշոր ատամնաեզր կամ ամբողջաեզր է։ Տերևաթիթեղը ներքին կողմից, ջղերի ուղղությամբ, մազմզուկապատ է։ Տերևակիցը միջին մեծության է։ Պտղագլխիկները սովորաբար երկուսն են, հազվադեպ 1 կամ 3 հատ, մոտ 3 սմ տրամագծով, խոզանականման։ Հիբրիդային ծագում ունի, ստացվել է արևելյան և արևմտյան սոսիների տրամախաչումից։ Թխկիատերև սոսին բավականին դիմացկուն է արտաքին միջավայրի պայմանների նկատմամբ։ Հատկապես աչքի է ընկնում բավականին ցրտադիմացկունությամբ, արագ աճում է և հեշտությամբ բազմանում սերմերի, ինչպես նաև կտրոնների և անդալիսի միջոցով։ Դեկորատիվ տնկարկներում ամենուրեք արագորեն փոխարինում է արևելյան սոսուն։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի պայմաններում աճում է ամենուրեք, ծովի մակերևույթից մինչև 1400 մ բարձրության վրա։ Ավելի բարձրադիր շրջաններում ցրտահարվում և ոչնչանում է։ Հատկապես շատ է տարածված Արարատյան դաշտի բնակավայրերում և մասնավորապես Երևանում, որտեղ կանաչապատման տեսակաշարի հիմնական տեսակ է։ Լավ է հարմարվել քաղաքի յուրահատուկ պայմաններին՝ գազերին, ծխին, փոշուն, մրին, հողի մեխանիկական տրորմանը և աղտոտմանը։ Ոռոգման դեպքում շատ լավ է տանում նույնիսկ երկարատև օդային երաշտը։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհուրդ է տրվում օգտագործել մասսիվներում, խմբերում, ծառուղիներում և որպես սոլիտեր, ինչպես նաև գետերի և լճերի ափերին[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 144։