Ռոտավիրուս
Ռոտավիրուս, վիրուս, որը հայտնաբերվել է 1972 թվականին ավստրալիացի գիտնականների կողմից։ Այն հայտնաբերվել է գաստրոէնտերիտով հիվանդ երեխաների աղիքային բիոպսիայի նմուշներում՝ էլեկտրոնային մանրադիտակի միջոցով։ 1974 թվականին վիրուսն անվանվեց «ռոտավիրուս»՝ կապված նրա տեսքի հետ (լատիներեն rota՝ «անիվ» բառից)։
Ռոտավիրուսը հանդիսանում է ծանր ընթացող փորլուծությունների պատճառ, բնորոշվում է որպես հոսպիտալացում պահանջող դիարեա։ Այդ վիրուսային վարակից տարեկան մահանում են մոտ 611000 երեխաներ։ Մահերի 80%-ը տեղի են ունենում Հարավային Ասիայի և Աֆրիկայի ցածր եկամուտով երկրներում։ Վերջին տարիներին աճել է ռոտավիրուսային դիարեաների հետ կապված հոսպիտալացումների ցուցանիշը ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում։ Հիմնական խոցելի տարիքային խումբը վաղ մանկական հասակի երեխաներն են՝ 3-35 ամսական։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոտավիրուսները կրկնակի պարույրով ՌՆԹ պարունակող 70 նմ չափերի վիրուսներ են։ Վիրուսը կազմված է երեք սպիտակուցային շերտերից՝ արտաքին, միջին և ներքին։ Ներքին շերտը շրջապատում է վիրուսի գենոմը, որը բաղկացած է ՌՆԹ-ի 11 սեգմենտներից։
Վիճակագրական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոտավիրուսը վաղ մանկական հասակի երեխաների ծանր փորլուծության ամենահաճախ պատճառն է ամբողջ աշխարհում և հանդիսանում է մինչև 5 տարեկան երեխաների՝ տարեկան ավելի քան 2 միլիոն հոսպիտալացումների պատճառ։ ԱՄՆ-ում ռոտավիրուսի պատճառով գրանցվում է տարեկան մինչև 500000 ամբուլատոր այց և մոտ 50000 հոսպիտալացման դեպքեր, չնայած այնտեղ մահացության ցուցանիշը շատ ավելի ցածր է (տարեկան 20-60 մահ)։
Դեպքերի մեծ մասը հանդիպում են 4-ից 35 ամսական հասակում։ Առավել ծանր է ընթանում 3 ամսականից հետո ձեռք բերված վարակը, ի տարբերություն նորածինների, որոնց մոտ հիվանդությունը համեմատաբար թեթև ընթացք ունի։ Վերջինիս պատճառը ամբողջությամբ հասկանալի չէ, սակայն ենթադրվում է, որ նորածնին փոխանցված մայրական հակամարմիններն ունեն պաշտպանողական դեր կյանքի առաջին մի քանի ամիսների ընթացքում՝ մինչև արյան մեջ նրանց մակարդակի նվազումը։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Համարվում է ֆեկալ-օրալ ճանապարհով փոխանցվող վարակ։ Զարգացող երկրներում այն կարող է տարածվել նաև կղանքով աղտոտված ջրի միջոցով։ Հնարավոր են փոխանցման այլ ուղիներ։ Քանի որ վիրուսն ունի սեզոնայնություն և առավելապես հանդիպում է ցուրտ ամիսներին, հնարավոր է համարվում նաև օդակաթիլաին եղանակով տարածումը։
Վիրուսի տարածման գործում կարևոր դեր ունեն նաև զանազան պարագաները, հատկապես՝ ոչ ծակոտկեն մակերեսովները, ինչպիսիք են մետաղը և պլաստմասսան։ Վերջիններիս վրա վիրուսը երկար ժամանակ կարող է պահպանել իր կենսունակությունը։
Վիրուսի տարածումը սկսվում է մինչև հիվանդության ախտանիշների երևան գալը, և երեխաները վարակիչ կարող են դառնալ ախտանիշների դրսևորումից դեռ 48 ժամ առաջ։
Ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերանով վիրուսի ներթափանցումից հետո, ռոտավիրուսային մասնիկների մեծ մասն ապակտիվանում են ստամոքսի ցածր pH-ի պայմաններում։ Սակայն, պարզվել է, որ բարակ աղիքը վարակելու համար բավական է, որ ստամոքսում կենդանի մնան ընդամենը 1-ից 10 վիրուսներ։
Հյուսվածքաբանական մակարդակով, բարակ աղիքում տեղի են ունենում ինչպես անզեն աչքով տեսանելի (աղիքային պատի հաստացում), այնպես էլ միկրոսկոպիկ փոփոխություններ (թավիկների կարճացում, միկրոթավիկների մերկացում, մոնոնուկլեար ինֆիլտրացիա և սյունաձև էնտերոցիտների փոխարինում խորանարդաձևով), որոնք նպաստում են հեղուկի կորստին։
Սակայն անհրաժեշտ է հիշել, որ ռոտավիրուսային վարակը կարող է ընթանալ առանց ախտանիշների։
Ինկուբացիոն շրջանը տևում է 1-3 օր, որից հետո հիվանդությունը կարող է սկսվել հանկարծակի։ Հիմնական ախտանիշներից են տենդը, դիարեան և փսխումը առավել հաճախ դիտվող ախտանիշներն են, որոնք կարող են հանդես գալ ինչպես միասին, այնպես էլ առանձին-առանձին։ Վարակված շատ երեխաներ չեն ջերմում, հիվանդների մինչև 1/3-ը կարող են ունենալ բարձր ջերմություն։ Սովորաբար տենդը տևում է 1-2 օր։ Փսխումը, որը հանդիպում է ավելի քան 75% դեպքերում, կարող է տևել 1-3 օր։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ ստամոքսը դանդաղ է դատարկվում։ Աղիքները օրվա ընթացքում գործում են մինչև 10-20 անգամ, որի հետևանքով կարող է զարգանալ ծանր ջրազրկում։
Ախտորոշում և բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այնուամենայնիվ, ռոտավիրուսի մասին կարելի է ենթադրել, եթե հիվանդի մոտ առկա է տենդ՝ փսխումով և ջրիկ կղանքով։ Ներկայումս ռոտավիրուսի ախտորոշման համար առավել հաճախ կիրառում են իմունոֆերմենտային և լատեքս ագլյուտինացիայի թեստերը։ Ռոտավիրուսային վարակի բուժման հիմնական նպատակն է կորցրած հեղուկի և էլեկտրոլիտների վերականգնումը։ Ներկայումս չկան ռոտավիրուսային վարակի բուժման համար պիտանի հակավիրուսային դեղամիջոցներ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միհրանյան Ա., «Մանկաբուժական լրատու» №,2012 թ., էջ 13-22
- Ellen S. Bass, Dante A. Pappano and Sharon G. Humiston – Rotavirus. Pediatrics in Review, 2007, vol. 28, Nû 5, pp 183–191
- David I. Bernstein - Rotavirus Overview. The Pediatric Infectious Disease Journal, 2009, vol. 28, Nû 3, pp 50–53
- Benjamin Clark and Mike McKendrick - A review of viral gastroenteritis.- Current Opinion in Infectious Diseases, 2004, vol 17, pp 461–469.
- Richard Ward - Mechanisms of Protection Against Rotavirus Infection and Disease The Pediatric Infectious Disease Journal, 2009, vol. 28, Nû. 3, pp 57–59
- Penelope H. Dennehy - Transmission of rotavirus and other enteric pathogens in the home.- The Pediatric Infectious Disease Journal, 2000, vol. 19, No. 10, pp 103–105
- Miguel L. O’Ryan, German Hermosilla, Gonzalo Osorio - Rotavirus vaccines for the developing world.- Current Opinion in Infectious Diseases, 2009, vol 22, pp 483–489.
- F. Raul Velazquez - Protective Effects of Natural Rotavirus Infection.- The Pediatric Infectious Disease Journal, 2009, vol. 28, Nû. 3, S54–S56
- Marc-Alain Widdowson, Duncan Steele, Jazmin Vojdani, John Wecker, and Umesh Parashar - Global Rotavirus Surveillance։ Determining the Need and Measuring the Impact of Rotavirus Vaccines.- The Journal of Infectious Diseases, 2009; 200։S1–8.
- Beryl P. Gladstone, Sasirekha Ramani - Protective Effect of Natural Rotavirus Infection in an Indian Birth Cohort- The New England Journal of Medicine, 2011, vol 365, pp 337–46.