Ռիբոնուկլեազներ (ՌՆԹ-ազներ, անգլ.՝ Ribonuclease, RNase), ռիբոնուկլեինաթթուների ճեղքումը կատալիզող ֆերմենտներ։ Մեծ առանձնահատկություն են ցուցաբերում նուկլեոտիդների հիմքերի նկատմամբ (տարբեր նուկլեոտիդների միջև եղած կապերը ճեղքվում են տարբեր ռիբոնուկլեազներով)։
Պանկրեատիկ ռիբոնուկլեազն անջատվել է ցուլի ենթաստամոքսային գեղձից։ Դա առաջին ֆերմենտային սպիտակուցն է, որի առաջնային կառուցվածքը՝ բաղադրության մեջ մտնող ամինաթթուների հաջորդականությունը, լրիվ ուսումնասիրված է (1960-1962)։ Պարզվել է, որ նշված ֆերմենտի պոլիպեպտիդային շղթան կազմված է 124 ամինաթթվային մնացորդից։ Այդ ֆերմենտը սինթեզվել է 1969 թվականին։
Ռիբոնուկլեազները կենսաքիմիայում կիրառվում են նուկլեոտիդների հաջորդականությունը ՌՆԹ-ում պարզելու, բժշկության մեջ՝ որոշ վիրուսային հիվանդություններ բուժելու նպատակով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։