Jump to content

Պավոն (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավոն
Տեսակգետի կղզի
Երկիր Արգենտինա
ԲԾՄ9 մետր
Ջրլիցի ափինSanta Cruz River?
Քարտեզ
Քարտեզ
Լուիս Պիեդրաբուենա
Լուիս Պիեդրաբուենայի տունը Պավոն կղզում

Պավոն կղզի (իսպ.՝ Isla Pavón), կղզի Սանտա Կրուս գետում՝ գետաբերանից 40 կիլոմետր դեպի հյուսիս, Արգենտինայի Հանրապետության Սանտա Կրուս (Santa Cruz) պրովինցիայի Կորպեն Այկե (Corpen Aike) դեպարտամենտում։ Ներկայումս մտնում է մերձակա գետափնյա Կոմանդանտե Լուիս Պիեդրաբուենա (Comandante Luis Piedrabuena) քաղաքի կազմի մեջ։

Եվրոպացիների կողմից կղզին առաջին անգամ հայտնաբերվել է դեռևս 1518 թվականի մարտ ամսվա վերջերին։ Պորտուգալացի նշանավոր ծովագնաց Մագելանը պատմության մեջ առաջին շուրջերկրյա նավարկության ծամանակ իր ոչ մեծ նավատորմի կազմի մեջ գտնվող «Սանտյագո» նավի անձնակազմին հանձնարարում է հետազոտել Ատլանտյան օվկիանոսի հարավային ափերը, և այդ հանձնարարությունը կատարելու ընթացքում հայտնաբերում են Սանտա Կրուս գետը (նավապետ Խուան Սերանոն այդ անունն է տալիս գետին), բարձրանում են հոսանքով և հայտնաբերում նաև կղզին։

Դրանից շուրջ ութ տարի անց՝ 1526 թվականի հունվարի 6-ին, օգտվելով քարտեզագրական տվյալներից, այստեղ այցելել է մեկ ուրիշ ծովագնաց՝ Էլկանոն։

Ըստ պատմական տեղեկությունների՝ եվրոպացիների հաջորդ այցը այս կղզի տեղի է ունեցել երեք հարյուր երկու տարի հետո։ Դա կատարել է անգլիացի նավապետ Փրինգլ Սթոքսը HMS Beagle նավով իր առաջին նավարկության ժամանակ։ Ընդ որում՝ նա նաև նշագրել է կղզին քարտեզի վրա։

«Բիգլ»-ի երկրորդ նավարկության ժամանակ, երբ նավապետը Ռոբերտ Ֆիցռոյն էր, և անձնակազմի հետազոտական ջոկատի մեջ էր գտնվում նաև Չարլզ Դարվինը, անգլիացիները կրկին եղան մարտավարական կարևոր նշանակություն ունեցող աշխարհագրական այս օբյեկտում, որին տրվեց «Միջին կղզի» անվանումը։

1854 թվականին ուելսցի հետազոտող Հենրի Լիբանուս Ջոնսը արգենտինական դրոշի ներքո այս կողմերում հիմնեց Ֆուերտե Պաս բնակավայրը, որի բնակիչները անասնապահությամբ էին զբաղվում, որսորդներին անհրաժեշտ ծառայություններ մատուցում, բայց երկու տարի անց նրանք թողեցին-հեռացան[1]։

1859 թվականին արգենտինացի անվանի ծովագնաց, Հարավային Ամերիկայի հարավային ծովափերի նշանավոր հետազոտող Լուիս Պիեդրաբուենան ընտանիքով բնակություն հաստատեց կղզում, այստեղ հիմնեց մի ոչ մեծ բնակավայր՝ առևտրի կետով, որից օգտվում էին նաև Չիլիից կամ Ֆոլկլենդյան կղզիներից Բուենոս Այրես մեկնող կամ այնտեղից վերադարձող նավերի անձնակազմերն ու ուղևորները, ինչպես նաև ձկնորսական նավերի անձնակազմերը։

1862 թվականին անգլիկան եկեղեցու երկու միսիոներներ ևս փորձեցին հաստատվել այստեղ, բայց, չկարողանալով հաջողություններ արձանագրել, հաջորդ տարի հեռացան։ Այդ նույն տարում՝ 1863 թվականին Լուիս Պիեդրաբուենան այս կողմերում հիմնեց ևս մեկ փոքրիկ բնակավայր՝ Լաս Սալինասը, որը ներկայումս Պուերտո Սանտա Կրուսի կազմի մեջ է մտնում։

Կղզու նկատմամբ հավակնություններ են հանդես բերել ոչ միայն արգենտինացիները, այլև չիլիացիները, բրազիլացիները, անգլիացիները, ֆրանսիացիները։ 1868 թվականին Արգենտինայի այն ժամանակվա նախագահ Բարտոլոմե Միտրեի ղեկավարած կառավարությունը կղզին տնօրինելու իրավունքը շնորհել է Լուիս Պիեդրաբուենային։ 1873 թվականին 650 տոննա ջրատարողությամբ չիլիական Abtao ռազմանավը մոտեցել է կղզու ափամերձ փոքրիկ բնակավայրին և փորձել է բնակիչներին վախեցնելով հարկադրել, որ թողնեն-հեռանան, բայց նրանք, Պիեդրաբուենայի գլխավորությամբ, հրաժարվել են ենթարկվել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Monti, Daniel P.; en "Presencia del protestantismo en el Río de la Plata durante el siglo XIX" (pp. 133-135, Ed. La Aurora, 261 págs., año 1969).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Martinic Beros, Mateo; en "Presencia de Chile en la Patagonia austral, 1843-1879" (Ed. Andrés Bello, Santiago de Chile, año 1963).
  • Castagneto, Piero, y Diego M. Lascano en "Prat, agente secreto en Buenos Aires: 1878, la guerra que no fue" (pp. 23–25, Ed. Ril Editores, Santiago de Chile, año 2009). ISBN 978-956-284-683-7
  • Oroz, Adolfo Carlos; en "Puerto Santa Cruz, un pueblo histórico" (284 págs., año 2001). ISBN 987-02-0885-1
  • Chebez, Juan Carlos; en "Guía de las reservas naturales de la Argentina. Patagonia Austral" (Ed. Albatros, Buenos Aires, República Argentina, año 2005). ISBN 950-224-1057-22
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավոն (կղզի)» հոդվածին։