Ուիլյամ Գիլբերտ
Ուիլյամ Գիլբերտ անգլ.՝ William Gilbert | |
---|---|
Ծնվել է | մայիսի 24, 1544 Կոլչեստր, Միացյալ Թագավորություն[1] |
Մահացել է | նոյեմբերի 30, 1603[2][3] (59 տարեկան) Լոնդոն, Անգլիայի թագավորություն բնական մահով |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Մասնագիտություն | փիլիսոփա, բժիշկ, ճարտարագետ, ֆիզիկոս, աստղագետ և բնագետ |
Գործունեության ոլորտ | ֆիզիկոս, բժիշկ, ֆիզիկա[4], աստղագիտություն[4], մագնիսականություն[4], ելեկտրականություն[4] և բժշկություն[4] |
Ալմա մատեր | Սուրբ Ջոնի քոլեջ |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն[5][4] և անգլերեն[4] |
Հայր | Jerome Gilberd?[6] |
Մայր | Jane Wingfield?[6] |
William Gilbert Վիքիպահեստում |
Ուիլյամ Գիլբերտ (անգլ.՝ William Gilbert, երբեմն ազգանունը նշվել է Gilberd, մայիսի 24, 1544, Կոլչեստր, Միացյալ Թագավորություն[1] - նոյեմբերի 30, 1603[2][3], Լոնդոն, Անգլիայի թագավորություն)[7], անգլիացի ֆիզիկոս և բժիշկ, Եղիսաբեթ I-ի և Հակոբ I-ի պալատական բժիշկ։ Ուսումնասիրել է մագնիսական ու էլեկտրական երևույթներ, առաջինն է ներմուծել էլեկտրական եզրույթը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլյամ Գիլբերտը ծնվել է 1544 թվականի մայիսին Կոլչեստրում, Ջերոմ և Էլիզաբեթ Գիլբերտների ընտանիքում[8]։ Նրա հայրը եղել է հաշտարար դատավոր[7]։ Գիլբերտների ընտանիքը բավական ապահովված էր, և Ուիլյամը բժշկական լավ կրթություն է ստացել[8]։ 1561 թվականին նա ավարտել է Քեմբրիջի Սուրբ Հովհաննեսի քոլեջի բալկալավրիատը, 1564 թվականին ստացել է մագիստրոսի, իսկ 1569 թվականին՝ բժշկության դոկտորի աստիճան[7]։ Մի քանի հեղինակների պնդումն այն մասին, որ Գիլբերտը նաև սովորել է Օքսֆորդում, փաստերով ապացուցված չէ[9]։
Ուսումն ավարտելուց հետո Ուիլյամ Գիլբերտը երկար ուղևորություն է ձեռնարկել՝ ամենայն հավանականությանմբ ուղևորվելով Իտալիա[8][9]։ 1573 թվականին նա հաստատվել է Լոնդոնում՝ Սենտ Պիտերս Հիլլ շրջանում։ Շուտով դարձել է Բժիշկների թագավորական քոլեջի անդամ և սկսել իր բժշկական պրակտիկան՝ ճանաչում ձեռք բերելով ազնվականական շրջանակներում[7]։ 1580-ական թվականների մեծ մասում զբաղեցրել է Բժիշկների թագավորական քոլեջի գրաքննիչի պաշտոն, ինը տարի եղել է գանձապահ, իսկ 1600 թվականին ստանձնել է քոլեջի նախագահի պաշտոնը[7]։
1601 թվականին Գիլբերտը նշանակվել է Եղիսաբեթ թագուհու բժիշկ, իսկ նրա մահից հետո 1603 թվականին ստացել նույն պաշտոնը նոր արքայի՝ Հակոբ Ա-ի օրոք, սակայն մեկ տարի չանցած՝ նա մահացել է հավանաբար ժանտախտի համաճարակից[10]։ Լինելով ամուրի՝ Բժշկական քոլեջին է կտակել իր գրքերը, սարքավորումները, հանքաքարերի հավաքածուն, որոնք, սակայն, ոչնչացել են Լոնդոնի մեծ հրդեհի (1666) արդյունքում[7]։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես գործող բժիշկ՝ Գիլբերտը հետաքրքրություն է դրսևորել քիմիայի հանդեպ։ Նա հետաքրքրվել է նաև աստղագիտությամբ, ուսումնասիրել է մոլորակների մասին հասանելի գրեթե ողջ գրականությունը, Կոպեռնիկոսի ու Ջորդանո Բրունոյի գաղափարների կողմնակիցն է եղել Անգլիայում[11]։ Մասնավորապես, նա կողմ է եղել Կոպեռնիկոսի այն կարծիքին, որ Երկիրն անընդհատ պտտվում է իր առանցքի շուրջ, և որ անշարժ աստղերը նրա նկատմամբ տարբեր դիրքեր ունեն։ Մոլորակներն ուղեծրում պահող ուժի մասին հարցը նա դիտարկել է իր հիմնական աշխատությունում։ Գիլբերտի առաջ քաշած տեսակետներն իրենց հերթին ազդել են Կեպլերի վրա[9][10]։
Հայտնի չէ, թե ինչն է հատկապես պատճառ հանդիսացել Գիլբերտի՝ մագնիսականության նկատմամբ դրսևորած հետաքրքրության։ Հնարավոր է, որ ազդեցություն է ունեցել այն հանգամանքը, որ նրա ժամանակներում մանրացված մագնիսը նշանակել են որպես լուծողական։ Մագնիսային երկաթի ֆիզիոլոգիական ազդեցության մասին բժիծշկը գրել է. «Վերադարձնում է աղջիկների գեղեցկությունը և առողջությունը, որոնք տառապում են գունատությունից, քանի որ այն չորացնում ու ձգում է մաշկը՝ առանց նրան վնաս պատճառելու»[11]։
Անկախ պատճառներից՝ մագնիսականությունը (ինչպես նաև էլեկտրականությունը) դարձել են Գիլբերտի գիտական հետաքրքրությունների գլխավոր առարկա, որը 17 տարի անց՝ 1600 թվականին, ավարտվել է վեցահատոր «De magnete, magneticisque corporibus et de Magno Magnete Tellure» (լատին․՝ «Մագնիսի, մագնիսային մարմինների և մեծ մագնիսի՝ Երկրի մասին») տրակտատով։ Այն դարձել է հիմնական աշխատությունը Եվրոպայում՝ նվիրված մագնիսականությանն ու էլեկտրականությանը[8]։ Հետագայում անգլիացի բանաստեղծ Ջոն Դրայդենը նրա մասին գրել է. «Գիլբերտը կապրի այնքան, քանի դեռ մագնիսներն իրար կձգեն» (անգլ.՝ Gilbert shall live till loadstones cease to draw)[7]:
Իր աշխատության մեջ Գիլբերտն առաջին անգամ տարանջատել է մագնիսկանությունն ու այսպես կոչված «սաթի էֆեկտը» (ժամանակակից եզրաբանության մեջ՝ ստատիկ էլեկտրականություն), ներմուծել է էլեկտրականություն հասկացությունը (սաթի հունարեն անվանումից՝ էլեկտրոն, հուն․՝ ἤλεκτρον)[8]: Ստեղծելով աշխարհում առաջին էլեկտրոսկոպը՝ նա ցույց է տվել, որ շփման դեպքում թեթև առարկաները դեպի իրեն ձգելու հատկություն ունի ոչ միայն սաթը, այլև մի շարք այլ նյութեր, որոնք նա նավանել է էլեկտրական մարմիններ (ալմաստ, շափյուղա, օպալ, ամեթիստ, լեռնային բյուրեղապակի, ծծումբ, հալիտ, ապակի, հալիտ և այլն)[12]։ Գիլբերտը նկարագրել է խոնավ միջավայրում էլեկտրականության հոսքի երևույթը և կրակի մեջ ստատիկ էլեկտրականության ոչնչացումը, որոշ նյութերի մեկուսիչ հատկությունը, կտորի, թղթի և մետաղի էկրանացման հատկությունը[12][13]։
Բնական մագնիսների փորձերի շրջանակում Գիլբերտը ցուցադրել է, որ մագնիսական երկաթի մասնատման դեպքում նրա փշուրներից ամեն մեկը կունենա երկու բևեռ, որտեղ նման բևեռները իրար կվանեն, իսկ տարբեր բևեռները կձգեն իրար[11]։ Գիտնականը ցույց է տվել, որ երկաթյա իրերը մագնիսի ազդեցությամբ ձեռք են բերում մագնիսական հատկություններ, իսկ մագնիսի ուժը մակերևույթին մեծանում է[13]։ Գիլբերտին հաջողվել է ժխտել չափազանցված տեսակետն այն մասին, որ սխտորը կարող է ազդեցություն ունենալ կողմնացույցի վրա[8]։ Չկարողանալով բացատրել բնական մագնիսականությունը՝ նա գրել է մագնիսի «հոգու» մասին, որով բացատրվում են նրա հատկությունները[11]։
Իր տրակտատում Գիլբերտն առաջին անգամ գիտականորեն բացատրել է այն փաստը, թե ինչու են կողմնացույցի սլաքները միշտ հյուսիսը մատնանշում[8]։ Փորձ կատարելով գնդի տեսք ունեցող մշակված մագնետիտով (այն անվանել է տերելլա, լատին․՝ երկիր)՝ նա ցուցադրել է, որ նրանում տեղադրված կողմնացույցը իրեն դրսևորում է այնպես, ինչպես այն կիրառում են ծովում կողմնորոշվելիս[11]։ Այս հիմքով էլ Գիլբերտն առաջին անգամ վարկած է քաշել այն մասին, որ Երկիրը հսկայական մագնիս է, որտեղ մագնիսական բևեռները կարող են համընկնել աշխարհագրական բևեռներին[13]։ Հենվելով այս փաստերի վրա՝ նա նաև ենթադրել է, որ մոլորակներն ուղեծրում մնում են Արևի շուրջ որոշակի մագնիսական ուժի շնորհիվ[10]։
Բացի իր հիմնական աշխատությունից՝ Գիլբերտը մասնակցել է լոնդոնյան «Ֆարմակոպեայի» առաջին հրատարակության աշխատանքներին, որն արդեն լույս է տեսել նրա մահից հետո[12]։ 1651 թվականին Գիլբերտի կրտսեր խորթ եղբայրը Ամստերդամում հրատարակել է նրա ևս երկու ձեռագիր՝ «Մեր աշխարհի նոր փիլիսոփայություն» (լատին․՝ «De Mundo Nostro Sublunari Philosophia Nova») ընդհանուր անվանումով, սակայն այս աշխատությունը, ի տարբերություն «Մագնիսի մասին» տրակտատից, նշանակալի ազդեցություն չի թողել գիտական հասարակության վրա[8]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1964 թվականին Միջազգային աստղագիտական միությունը Գիլբերտի անունով է անվանակոչել Լուսնի` Երկրին ուղղված կողմի մի խառնարան։
- Ուիլյամ Գիլբերտի պատվին անվանակոչվել է մագնիսաշարժման ուժի չափման միավորը՝ գիլբերտը (նշանակվում`է Գբ, Gi)[8]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Гильберт Уильям // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 SNAC — 2010.
- ↑ 3,0 3,1 3,2 Find A Grave — 1996.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 |Книга:DNB|автор=Norman Moore|статья=Gilbert, William (1540-1603)|том=21|страница=338
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 Gilbert, William (1544-1603) // Encyclopedia of British Writers, 16th and 17th Centuries / Dr. Alan Hager, general editor. — New York: Facts on File, 2005. — P. 169—170. — ISBN 0-8160-5495-9
- ↑ 9,0 9,1 9,2 Emmanuel Dormy Gilbert (Gilberd), William // Biographical Encyclopedia of Astronomers / Thomas Hockey, Virginia Trimble, Thomas R. Williams (editors). — Springer, 2007. — Т. Volime I: A-L. — P. 418—419. — ISBN 978-0-387-21022-0
- ↑ 10,0 10,1 10,2 |Британка онлайн|https://www.britannica.com/biography/William-Gilbert%7CWilliam Gilbert|2020-06-09
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 Виктория Барановская (2017 թ․ մայիսի 24). «История науки: врач, отыскавший душу у магнита». Indicator.ru. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 Ги́льберт // Гермафродит — Григорьев. — М. : Большая российская энциклопедия, 2007. — С. 124. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 7). — ISBN 978-5-85270-337-8.
- ↑ 13,0 13,1 13,2 |https://www.krugosvet.ru/enc/nauka_i_tehnika/fizika/GILBERT_UILYAM.html%7Ctitle=Гильберт, Уильям
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гильберт У. О магните, магнитных телах и большом магните — Земле. М., 1956
- Edgar Zilsel, «The Origin of William Gilbert’s Scientific Method», Journal of the History of Ideas 2:1-32, 1941
- Bochenski, Leslie «A Short History of Lunar Cartography» (April 1996) University of Illinois Astronomical Society
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гильберт Уильям // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Գիլբերտ» հոդվածին։ |
|
- Մայիսի 24 ծնունդներ
- 1544 ծնունդներ
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Նոյեմբերի 30 մահեր
- 1603 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 17-րդ դարի անգլիացի գրողներ
- Անգլիացի աստղագետներ
- Անգլիացի բժիշկներ
- Անգլիացի գիտնականներ
- Անգլիացի գյուտարարներ
- Անգլիացի ճարտարագետներ
- Անգլիացի մաթեմատիկոսներ
- Անգլիացի փիլիսոփաներ
- Անգլիացի ֆիզիկոսներ
- Բրիտանացի գիտնականներ
- Ժանտախտից մահացածներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով