Շոկոլադի թանգարան (Քյոլն)
Շոկոլադի թանգարան | |
---|---|
Տեսակ | շոկոլադի թանգարան |
Երկիր | Գերմանիա |
Տեղագրություն | Altstadt-Süd? |
Վայր | Ռայնաուհաֆեն |
Հասցե | Am Schokoladenmuseum 1a |
Հիմնադրվել է | 1993 |
Այցելուներ | 700 000 մարդ |
Տնօրեն | Հանս Իմհոֆ[1], Gerburg Imhoff?[2], Annette Imhoff?[2] և Christian Unterberg-Imhoff?[2] |
Կայք | schokoladenmuseum.de(գերմ.)(անգլ.) |
Շոկոլադի թանգարան (գերմ.՝ Schokoladenmuseum), թանգարան Գերմանիայի Քյոլն քաղաքում։ Բացվել է 1993 թվականի հոկտեմբերի 31-ին[3] տեղական հրուշակեղեն արտադրող «Իմհոֆֆ-Շտոլլվերկ» ընկերության կողմից, որը հիմնադրվել է 1839 թվականին դոկտոր Հանս Իմհոֆի կողմից։ Մինչև 2006 թվականի մարտը, երբ շվեյցարական Lindt & Sprungli հրուշակեղենի ընկերությունը դարձավ շոկոլադի արտադրության նոր գործընկեր, այն սկսեց կոչվել «Իմհոֆֆ-Շտոլլվերկի շոկոլադի թանգարան» (գերմ.՝ Imhoff-Stollwerck Schokoladenmuseum):
Թանգարանը տարեկան կազմակերպում է 5000 էքսկուրսիա՝ ընդունելով 650000 այցելուներ ընդգրկվելով Գերմանիայի ամենահայտնի թանգարանների տասնյակի մեջ։ 1993 թվականին բացվելուց հետո թանգարան է այցելել ավելի քան 8,5 միլիոն այցելու ամբողջ աշխարհից[4]։ Թանգարանը բյուջետային սուբսիդավորման կարիք չունի, քանի որ կարող է գործել սեփական եկամուտներով։
Թանգարանը գտնվում է Ռայնաուհաֆենի առափնյա հյուսիսային ծայրամասում։ Թանգարանի շենքը նավի տեսք ունի՝ կառուցված է աղյուսից և ապակուց, զբաղեցնում է մոտ 2000 մ² տարածք։ Քյոլնի թանգարանը չի կազմակերպվել անմիջականորեն հրուշակեղենի գործարանին կից, այնտեղ հավաքում և պահպանում են միայն ցուցանմուշներ, որոնք ներկայացնում են շոկոլադի արտադրության պատմությունը և տեխնոլոգիան։
Թանգարանի բաժիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջերմոց արևադարձային բույսերի համար,
- Շոկոլադի ֆաբրիկա[5],
- Հրուշակեղենի խանութ,
- Ցուցադրանմուշներ[6],
- Շոկոլադային արտադրանքների խանութ։
Ջերմոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջերմոցը, որտեղ տնկված են շոկոլադի արտադրության համար օգտագործվող բույսեր, իրենից ներկայացնում է ապակե խորանարդաձև 10 մ բարձրությամբ և մոտ 100 մ² մակերեսով շինություն։ Ջերմոցում ստեղծված են արևադարձային շրջանների կլիմայական պայմաններ՝ ցերեկային ջերմաստիճանը մինչև 30° է, գիշերը՝ 20°, խոնավությունը՝ 100% (ամեն ժամը մեկ միացվում է անձրևի նմանակիչը)։ Ջերմոցի մուտքը իրենից ներկայացնում է անցախուց, որի շնորհիվ կլիմայական ցուցանիշները չեն խախտվում[7]։
Շոկոլադի ֆաբրիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Այցելուները կարող են պատուհաններից դիտել շոկոլադի պատրաստումը թանգարանի փոքրածավալ գործարանում։ Գործընթացը ամբողջությամբ ավտոմատացված է և կառավարվում է համակարգիչների միջոցով, մեխանիզմները հունցում են զանգվածը, տաք շոկոլադը լցնում կաղապարների մեջ, այնուհետև սառեցնում և փաթեթավորում պատրաստի արտադրանքը։ Գործընթացում ներգրավված է ընդամենը երկու մարդ, ովքեր շոկոլադե արտադրանքը փաթեթավորում են տոպրակների մեջ։
Հրուշակեղենի արտադրամաս
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի հաջորդ հարկում գտնվում է արտադրամաս, որտեղ պատրաստվում են տրյուֆելներ և տարբեր շոկոլադե արձանիկներ։ Այստեղ արտադրական գործընթացը նույնպես ավտոմատացված է։ Այս մինի ձեռնարկության օրական արտադրանքը հասնում է մինչև 400 կգ-ի։ Արտադրամասից թարմ պատրաստված հրուշակեղենը մուտք է լինում առաջին հարկում գտնվող խանութ, որտեղից էլ կարելի է ձեռք բերել։ Թանգարանի յուրաքանչյուր այցելուի առաջարկվում է նաև փոքրիկ հուշանվեր՝ այստեղ պատրաստված շոկոլադե սալիկ։
Ցուցադրանմուշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շոկոլադի արտադրությունն ունի ավելի քան երեսուն դարի պատմություն։ Ամեն ինչ սկսվել է ացտեկներից, որոնք շոկոլադը համարում էին «աստվածների սնունդ»։ Ցուցադրության զգալի մասը նվիրված է Լատինական Ամերիկայի բնիկ ժողովուրդների մշակույթին, ովքեր առաջինն են սկսել կակաոյի հատիկների մշակումը։ Այստեղ կարելի է տեսնել դանակներ, որոնք նախատեսված են կակաոյի հատիկները կտրելու համար, զամբյուղներ դրանց տեղափոխման համար, մեխանիզմներ, որոնք ժամանակին օգտագործվել են պտուղների մշակման համար։ Ներկայացված են նաև շոկոլադի և այլ ապրանքների պատրաստման հնագույն բաղադրատոմսեր։
Շոկոլադե շատրվան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստենդների վրա տեղադրված լուսանկարչական նյութերի թվում է 1869 թվականի լուսանկարը, որտեղ պատկերված է արտադրանքի որակը վերահսկող առաջին լաբորատորիան։ Թանգարանի նյութերից տեղեկանում ենք, որ Գերմանիայում գործել է շոկոլադ արտադրողների ասոցիացիա, որը հիմնադրվել է 18-րդ դարում։ 1975 թվականին այդ կազմակերպությունը հրապարակել է շոկոլադի տեսակների ցանկը, որը մինչ օրս հիմնարար փաստաթուղթ է ամբողջ աշխարհի արտադրողների համար։ Ցուցադրության հիմնական մասը շոկոլադն է, որի հարյուրավոր տեսակներ կան։ Յուրաքանչյուր սալիկի մոտ տեղադրված է տվյալ տեսակի կազմի մեջ մտնող բաղադրիչներով ափսե։
Շատ ցուցանմուշներ նվիրված են շոկոլադի արդյունաբերության պատմությանը։ Այն տուփերի կողքին, որոնցում դարեր առաջ փաթեթավորվել է քաղցրավենիքը, կարելի է տեսնել 20-րդ դարի սկզբին տարածված սարքավորումներ և շոկոլադ արտադրող ընկերությունների պիտակներ։ Առանձին սենյակում ներկայացված են ժամանակակից շոկոլադի շուկայում առաջատար դիրքեր զբաղեցնող ֆիրմաների արտադրանքները, որտեղից կարելի է տարբեր փաստեր իմանալ Kinder Surprise, Mars, Snickers, Ritter Sport, Milka և այլ ապրանքանիշերի պատմությունից։
Թանգարանի ամենատպավորիչ ցուցանմուշներից է 3 մետր բարձրությամբ շոկոլադե շատրվանը, որի մեջ շրջանառվում է մոտ 200 կգ հեղուկ շոկոլադ։ Շոկոլադը կարելի է համտեսել անմիջապես շատրվանից, դրա համար կարելի է օգտագործել հատուկ պատրաստված վաֆլիներ, որոնք կարելի է թաթախել քաղցր զանգվածի մեջ[8]։
Խանութ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի ելքի մոտ գտնվում է խանութը հրուշակեղենի մեծ տեսականիով։ Դարակաշարերում ցուցադրվում են հարյուրավոր ապրանքներ՝ տարբեր խորիզներով շոկոլադներ, տարատեսակ տուփեր, տարբեր տեսակի սալիկներ, շոկոլադի հիմքով օշարակներ ու լիկյորներ և շատ ավելին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.faz.net/asv/unternehmensnachfolge/nachfolge-ueber-umwege-16485649.html
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.schokoladenmuseum.de/wp-content/uploads/2021/06/Generationswechsel.pdf
- ↑ «Доктор Ганс Имхофф» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Сайт города Кёльн. О музее» (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Продукция из какао» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 12-ին.(անգլ.)
- ↑ «Шоколадные экспонаты» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 12-ին.(անգլ.)
- ↑ «Выращивание и сбор урожая какао» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 12-ին.(անգլ.)
- ↑ «Фонтан в Музее шоколада Imhoff-Schokoladenmuseum» (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թանգարանի կայք
- Քյոլն քաղաքի կայքը։ Թանգարանի մասին Արխիվացված 2012-10-03 Wayback Machine
- Կայք-ուղեցույց Քյոլնի թանգարանների համար
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոկոլադի թանգարան (Քյոլն)» հոդվածին։ |
|