Նյայա
Հինդուիզմ |
Դհարմա · Արտհա · Կամա |
Վեդաներ · Ուպանիշադներ |
Համանման նյութեր
Հինդուիզմ ըստ երկրի · Հինդուիզմը Հայաստանում · Սրբապատկերագրություն · Ճարտարապետություն · Օրացույց · Տոներ · Կրեացիոնիզմ · Կինը հինդուիզմում · Մոնոթեիզմ · Աթեիզմ · Այուրվեդա · Աստղագիտություն |
Նյայա (սանսկրիտերեն न्याय, nyāya — դատողության կանոն, տրամաբանություն), հին հնդկական փիլիսոփայության 6 ուղղափառ դպրոցներից, նշանակալից ազդեցություն է ունեցել համահնդկական հարացույցների (պարադիգմա) տեսական ռացիոնալության ձևավորման գործում։ Նյայայի փիլիսոփայությունը ռեալիստական է, որտեղ հիմնականը տրամաբանության, իմացաբանության և փիլիսոփայության բանավեճի հարցերն են։ Նյայայի տեսության համաձայն, արտաքին աշխարհի առարկաները, օբյեկտները գոյություն ունեն ճանաչողությունից և մտքից անկախ, և ենթարկվում են միայն տրամաբանությանը։ Նյայան հենվում է «Նյայա-սուտրաների» վրա։ Այն իր մեկնաբանություններով հանդերձ, որպես կանոնակարգված տեսություն՝ «Նյայա-սուտրա», գործել է մ.թ. 3-4-րդ դարերում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյայայի փիլիսոփակության ձևավորումը մի քանի հարյուրամյակ է տևել։ Նյայայի պատմական հիմքերը, որպես համակարգված բանավեճի, սկսվում են վեդայական ժամանակներից և սերտորեն կապված են էրուդիտ-քահանաների բանավիճելու հանդիսավոր ծիսակարգի հետ, ապա՝ ծիսավարական և գոյաբանության գիտակ քահանայական դպրոցների հետ, որոնք սկսեցին մշակել բանավեճը վարելու հատուկ կանոնակարգ (vākovākya)։ Հետ շամանյան դարաշրջանում, երբ Հնդկաստանն արդեն ճանաչում էր ցանկացած ասույթ հերքել կամ ապացուցել կարողացող վարպետներին (լոկայաթիկներին), բրահմանները սկսեցին առաջադրել բանավեճի իրե՛նց վարպետներին, որոնք կարողանում էին պաշտպանել իրենց տեսակետը։ Մ.թ.ա. 4-րդ դարում Պանինի-սուտրաներում արդեն հանդիպում են նյայային բնորոշ հասկացություններ, օրինակ, «բանավեճում պարտվելու պատճառ», իսկ մ.թ.ա. 2-րդ դարում Պատանջալիի մեկնաբանություններում արդեն նյայայի ամբողջական գաղափարներ կան, ինչպիսին են՝ «եզրահանգման նկատմամբ առաջնային ընկալում» կամ «ամբողջը մասերի գումար չէ» և այլն[2][3][4]։
Հիմնական աշխատություն և մեկնաբանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյայայի ծագումը առավելապես կապվում է հին առասպելական իմաստուն Գաութամայի անվան հետ (հայտնի է նաև Գոթամա, Ակշապադ անուններով)։ Նյայայի փիլիսոփայության առաջին ստեղծագործությունը Գոթամայի «Նյայա-սուտրա» գիրքն է (մ․թ.ա․ 2-րդ դար կամ մ․թ․ 2-րդ դար)[5]։ Նյայայի փիլիսոփայության ձևավորման գործում էական նշանակություն ունեն հետագա դարերում արված մեկնաբանությունները։
- 4-5 դարերում Պակշիլասվամի Վաստյայանան իր «Նյայա-բխաշյա» (սանսկր. Nyāya-bhāṣya) աշխատությունում տվել է նյայայի առաջին կանոնակարգված մեկնաբանությունը։ Նրա շնորհիվ նյայան փիլիսոփայական կատեգորիաների կարգավիճակ է ստացել՝ եվրոպական փիլիսոփայության տեսանկյունով[6]
- 6-7 դարերում հնդիկ փիլիսոփա Ուդյոտակարան (սանսկր. Uddyotakara) իր «Նյայա-վարդտիկա» աշխատությունում «Նյայա-սուտրայի» ենթա-մեկնաբանությունն է տվել (մեկնաբանել է Վատսյայանայի «Նյայա-բխաշյա»-ն), նյայայի տեսությունը պաշտպանելով բուդդայական դպրոցի քննադատություններից[7]
- 9-10-րդ դարերում հնդիկ փիլիսոփա Վաչասպատի Միշրան (սանսկր. Vācaspati Mišra) իր «Նյայա-վարդտիկա-տատպարյա-տիկա» աշխատությունում քննադատել է բուդդայականների հարձակումները, լրացրել և ճշգրիտ դասական մեկնաբանություններ է տվել նյայայի նախորդ տարբերակներին։ Նաև վայշեշիկայից բացի, բրահմայական բոլոր համակարգերի վերաբերյալ հանրագիտարանային աշխատություններ է գրել[8]
- 10-11-րդ դարերում Ուդայանան (սանսկր. Udayana) իր «Նյայա-Վարդտիկա-տատպարյա-պարիշուդի» և «Կուսումանջալի» աշխատություններում համակարգել և դիալեկտիկորեն մեկնաբանել է «հին նյայան»։ Ուդայանան հեղինակություն է «նյայա-վայշեշիկայում» և նոր-նյայայում։ Նա այնքան համոզիչ է եղել հակառակորդների հետ իր բանավեճերում, որ դուրս է մղել բուդդայական փիլիսոփայությունը, և տեղական արքան նույնիսկ ոչնչացրել է բուդդայական տեքստերը[9]
- 9-րդ դարի 2-րդ կեսին թեիստ Ջայանթի Բխաթտին իր «Նյայմանջարի» աշխատությունում զարգացրել է նյայայի թեիզմը[10]։
Նյայայի դպրոցն արդեն ուներ կուռ մշակված տրամաբանական ուսմունք, երբ բուդդայականները սկսեցին հետաքրքրվել տրամաբանության խնդիրներով, իսկ բուդդայական տրամաբանությունը ստեղծվել էր ի հակադրություն նյայա և վայշեշիկա դպրոցների ռեալիստների[11]։ Հետագայում էլ այլ փիլիսոփաներ իրենց աշխատություններով ատիճանաբար զարգացրել և արդիականացրել են նյայայի գաղափարները՝ բացատրելով և այն պաշտպանելով հատկապես թշնաբար տրամադրված բուդդայական քննադատներից։
Եվրոպական մշակույթի սահմաններից դուրս աստճանաբար ձևավորվել է տրամաբանության ավելի միասնական համակարգ՝ նավյա-նյայայի տրամաբանությունը, ըստ ժամանակակից տերմինաբանության, ինտենսիոնալ տրամաբանություն, որը գործ ունի միայն իմաստների և ապացուցող մտածողության ընթացքում ձևավորվող իմաստաբանական հարաբերությունների ուսումնասիրության հետ։
Նավյա-նյայա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյայան նոր ծաղկում է ապրել միջնադարում և նյայայի ժամանակակից փիլիսոփայությունը սկիզբ է առնում 13-րդ դարից՝ Գանգեշայի «Տատվա չինտամանի» (Ճշմարտության մարգարիտ) աշխատությունից։
Տատվա չինտամանի
[խմբագրել | խմբագրել կոդը]«Տատվա չինտամանի» գիրքը կազմված է չորս բաժիններից (կխանդի), որոնք ներկայացնում են Նյայայի իմացաբանությունը՝ գիտելիքը հարաբերակցում է ճանաչող սուբյեկտից անկախ օբյեկտիվ իրականությանը։ Այսպիսով, հավաստի գիտելիքի աղբյուրները կամ նյայայի ճանաչողության եղանակները չորսն են.
- Պրատյակշա՝ զգայություն (սանսկր. pratyakṣa – ակնհայտ երևացող, տեսանելի, անմիջական, ընկալելի)
- Անումանա՝ մտահանգում (սանսկր. anumāna, anu-mā – չափել ինչ-որ բանից հետո կամ ինչ-որ բանի համեմատ)
- Ուպամանա՝ անալոգիա, համեմատում (upamāna – նմանություն)
- Շաբդա՝ հեղինակությունների, գրքերի, մարդկանց փորձի վկայություն (śabda – բառ, հնչյուն)։
Տրամաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես տրամաբանության և քննադատական մտածողության զարգացման համար օգտակար ուսմունք, նյայան հայտնի է նաև որպես՝ «Նյայա վիդյա տարկա-շաստրա» (գիտություն տրամաբանության մասին) կամ «Անվիկշի» (քննադատական ուսուցման գիտություն)։ Նյայայի տրամաբանությունում կենտրոնականը սիլոգիզմի կամ մտահանգման տեսությունն է։
Հնդկական սիլոգիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյայայի մեջ առաջին անգամ Հնդկաստանում մշակվել է հին հունական սիլոգիզմից տարբեր սիլոգիզմի տեսություն, որը բաղկացած է հինգ անդամից.
- նախադրյալ (pratijñā)
- ապացույց (hētu)
- ցուցադրում (udāharaṇa)
- ապացույցի կիրառում (upanaya)
- եզրակացություն (nigamana)։
Նյայայի իմացաբանությունը չի սահմանափակվում տրամաբանությամբ, ընդունում է նաև հոգեբանական գործոնի և փորձի նշանակությունը։ Նյայան նշանակալից դեր է խաղացել հնդկական փիլիսոփայական մտքի պատմության մեջ։
Հին հնդկական փիլիսոփայության մեջ գերակշռում է բարոյա-հոգեբանական ուղղվածությունը, և այդ պատճառով դրսևորվում է փիլիսոփայության կախվածությունը կրոնա-իդեալիստական և ուղղակի կրոնական մտքից։
Էթիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սակայն սիլոգիզմը նյայայի փիլիսոփայության վերջնական նպատակը չէ։ Հնդկական փիլիսոփայության մյուս դպրոցների նման, նյայան էլ մարդկային կյանքի վերջնական նպատակը համարում է ազատությունը կամ ազատագրումը, որը նշանակում է ամեն ցավից ու տանջանքից բացարձակ ազատում։ Հենց այդ վերջնական նպատակին հասնելուն էլ ծառայում են փիլիսոփայությունն ու տրամաբանությունը։ Ընդ որում փիլիսոփայությունն իրականության ճանաչողությանն է ծառայում, իսկ տրամաբանությունն՝ իրական ճանաչողության մեթոդներն ու պայմանները հասկանալուն։ Այդ իսկ պատճառով էլ կարելի է ասել, որ նյայան կյանքի փիլիսոփայություն է, չնայած այն հիմնականում նվիրված է տրամաբանության և ճանաչողության տեսական խնդիրներին։
Ըստ Նյայայի համակարգի, «ես»-ը (ատման) ինքնուրույն սուբստանցիա է, լիովին տարբերվում է խելքից ու մարմնից և ձեռք է բերում գիտակցության ատրիբուտներ որևէ օբյեկտի հետ զգացմունքների միջոցով կապ հաստատելու գործընթացի շնորհիվ։ Սակայն գիտակցությունը չի հանդիսանում «ես»-ի անբաժան հատկությունը։ Այն պատահական, կողմանկի հատկություն է։ Այն այլևս դադարում է սահմանափակել «ես»-ին, երբ վերջինս ազատագրված վիճակում է։ Ազատագրումը նշանակում է բոլոր տանջանքներից ու տառապանքներից ազատում և հնարավոր է դառնում իրականության ճիշտ ճանաչողության շնորհիվ։ Ընդ որում ազատագրումը դա միայն տառապանքը թեթևացնելն է, ոչ թե բավականություն կամ երջանկություն։ Ազատության հասնելու համար անհրաժեշտ է սեփական «ես»-ի և մյուս օբյեկտների իրական ճանաչողություն ձեռք բերել։ Անհրաժեշտ է հասկանալ, որ մեր «ես»-ը տարբերվում է մարմնից, մտքից, զգացմունքներից և այլն։
16 կատեգորիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյայայի փիլիսոփայական ճառի առանձնահատկությունները բացահայտվում են 16 կատեգորիալ տոպիկներում և նրանց մեկնաբանության մեջ, հատուկ մետաֆիզիկական պլատոնականության և աշխարհի ու աշխարհընկալման հետևողական իրատեսական մեկնաբանության մեջ։
Նյայայի համակարգի 16 փիլիսոփայական կատեգորիաներն են.
- պրամանա՝ գիտելիքի աղբյուր (սանսկր. pramāṇa - չափող առարկա)
- պրամեյա՝ գիտելիքի առարկա (սանսկր. prameya - չափման առարկա)
- սանշայա՝ կասկած (սանսկր. saṃśaya - կասկածանք)
- պրայոջանա՝ մտադրություն (սանսկր. prayojana - մտադրություն)
- դրիշտանտա՝ օրինակ (սանսկր. dṛṣṭtānta - տեսանելի հիմնավորում)
- սիդխանտա՝ դոկտրինա (սանսկր. siddhānta - հաստատված ավարտ)
- ավայավա՝ սիլոգիզմի անդամներ (սանսկր. avayava - անդամներ)
- տառկա՝ ռեֆլեքսիյա (սանսկր. tarka - ենթադրություն)
- նիրնայա՝ որոնում (սանսկր.nіrṇауа - հետազոտություն, որոնում)
- վադա՝ քննարկում (սանսկր. vāda - զրույց, խոսք)
- ջալպա՝ սոփեստական վեճ (սանսկր. jalpa - շաղակրատություն)
- վիտանդա՝ էրիստիկական վեճ (սանսկր. vitaṇḍā - անսկզբունքայնություն)
- խեթվաբհասա՝ կեղծ արգումենտներ (սանսկր. hetvābhāsa - երևացող կամ մակերեսային արգումենտ)
- չխալա՝ բառային հնարքներ, բառախաղեր՝ (սանսկր. chala - կեղծիք, հնարք)
- ջատի՝ կեղծ պատասխաններ՝ (սանսկր. jāti - դաս)
- նիգրախաստխանա՝ պարտության պատճառ՝ (սանսկր, nigrahasthāna - պատժի կետ)[3]
Այս վերջին երկուսը գործնական, ուսուցողական (կուրիկուլում) նշանակություն ունեն բանավեճի մասնագետ պատրաստելու տեսանկյունից։ Վերջին 7-ը ուսուցանվում են բանավեճում պարտությունից խուսափելու և հաղթելու համար, իակ առաջին 9-ը՝ փիլիսոփայական բանավեճի առարկային և մեթոդին մասնագիտորեն տիրապետելու համար։
Նյայայի թեոլոգիան
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյայայիկները Աստծուն համարում են աշխարհի գոյության, պահպանման և կործանման նախասկիզբ։ Նա աշխարհը ստեղծում է ոչ թե ոչնչից, այլ հավերժ ատոմներից, տարածությունից, ժամանակից, եթերից, մտքերից և հոգիներից։ Այդ դպրոցի մտածողները ապացուցում են Աստծո գոյությունը։ Այդ նպատակով օգտագործում են մի քանի արգումենտներ։
- Նախ՝ աշխարհի բոլոր բարդ օբյեկտները, որոնք ձևավորվել են ատոմների որոշակի կոմբինացիայով (սարեր, ծովեր, գետեր և այլն), պետք է պատճառ ունենան։ Առանց տրամաբանական պատճառի ղեկավարման այդ առարկաների նյութական պատճառները չեն կարող այնքան կանոնավոր, կապակցված լինել, որ կարողանան որոշակի գործողություն կատարել։
- Երկրորդ արգումենտը հիմնված է մարդկանց տարբեր ճակատագրերի վրա։ Նյայայիկներն ասում են, որ տառապանքի և ուրախության պատճառները հանդիսանում են մարդկանց արարքները, որոնք նրանք կատարել են այս կամ նախկին կյանքերում։ Եթե աշխարհը ստեղծված է Աստծու կողմից, որը ոչ միայն ամենակարող է, այլև բարոյապես կատարյալ, ապա, ակնհայտ է, որ տառապանքը մարդուն տրվում է իր կատարած վատ արարքների համար, իսկ ուրախությունը՝ լավ արարքների։ Եթե Աստված աշխարհի արարիչն է և ղեկավարը, ապա ստացվում է, որ մարդկային էակները պատասխանատու են Աստծո առաջ իրենց վարքի համար։
- Երրորդ արգումենտը Աստծո գոյության մասին հիմնվում է Վեդաների հեղինակության վրա։
Ատոմիզմը ըստ նյայայի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ նյայայի ուսմունքի, գոյություն ունի մատերիական տիեզերք՝ կազմված ատոմներից, որոնց զուգակցումները կազմում են բոլոր առարկաները։ Բացի այդ տիեզերքում գոյություն ունեն անթիվ քանակությամբ հոգիներ, որոնք կարող են լինել ինչպես ազատ վիճակում, այնպես էլ մատերիական ատոմների հետ կապված։ Իշվարա աստվածը լինելով բարձրագույն կարգավորող հոգևոր նախասկիզբ, հոգիների ու ատոմների ստեղծողը չէ, բայց նա ստեղծում է ատոմների զուգակցումներ և առաջ է բերում հոգիների կապ ատոմների հետ կամ հոգիների ազատում ատոմներից։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փիլիսոփայական բառարան Ե., 1975 թ.
- Նոր փիլիսոփայական բառարան (ռուսերեն)[2]
- Открытая реальность [3]
- Радхакришнан С., Индийская философия, т. 2, М., 1957 թ.
- Энциклопедия Кругосвет [4]
- Что такое Ньяя? Ньяя — это… Самопознание.ру [5] Արխիվացված 2016-09-13 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Шохин 2001, էջ 79-90, Шохин В. К. Школы индийской философии: период формирования. М., 2004. էջ 206-217
- ↑ Rändle H.N. Indian Logic in Early Schools. Oxf., 1930
- ↑ 3,0 3,1 «Философия Ньяйи». Открытая реальность. 2008.
- ↑ Նոր փիլիսոփայության հանրագիտարան [1] Արխիվացված 2006-04-06 Wayback Machine(ռուսերեն)
- ↑ ՀՍՀ Նյայա
- ↑ Ньяя-бхашья. Նոր փիլիսոփայական հանրագիտարան, (ռուս.)
- ↑ УДДЙОТАКАРА. Նոր փիլիսոփայական հանրագիտարան, (ռուս.)
- ↑ ВАЧАСПАТИ МИШРА. Նոր փիլիսոփայական հանրագիտարան, (ռուս.)
- ↑ УДАЯНА. Նոր փիլիսոփայական հանրագիտարան
- ↑ ПРОБЛЕМА ЗЛА И ТЕОДИЦЕИ - Институт философии РАН. Под общей редакцией доктора философских наук В.К. Шохина
- ↑ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հեղինակ` փիլ.գ.թ., դոցենտ Հասմիկ Հովհաննիսյան
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 310)։ |