Նիդերլանդների ազգային գրադարան (հոլ.՝ Koninklijke Bibliotheek, KB; Royal Library), գտնվում է Հաագայում, հիմնադրվել է 1798 թվականին։ Նիդերլանդների ազգային գրադարանի առաքելությունն է ապահովել գիտելիքի և մշակույթի հասանելությունը՝ ապահովելով բարձրորակ ծառայություն հետազոտության և մշակութային փորձի ձեռքբերման համար։
Գրադարանը ներկայիս անվանումը ստացել է Լուի Բոնապարտ թագավորի կողմից 1806 թվականին։ 1996 թվականից կառույցը գործում է պետական հովանավորչությունից անկախ, չնայած ֆինանսավորվում է Կրթության, մշակույթի և գիտության վարչության կողմից։
2004 թվականին Նիդերլանդների ազգային գրադարանը ուներ 3,300,000 նմուշ (հավասարազոր է 67 կմ երկարության գրապահարանների)։ Նմուշների հիմնական մասը գրքեր են (2,500,000 գիրք կամ 48 կմ), որոնց հիմնական մասը նիդերլանդական գրականություն է, միջնադարյան ձեռագրեր և ժամանակակից գիտական հրատարակություններ։ Այժմ հավաքածուն կազմում է 6 միլիոն առարկա, 110 կմ[2]։ Հավաքածուն հասանելի է 16 տարին լրացած գրադարանի անդամների համար։ Գրադարանում հասանելի են տարբեր կայքեր, այդ թվում «Նիդերլանդների հիշողություն» (Geheugen van Nederland.[3]։