Jump to content

Նեյթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեյթ
Տեսակջրի աստվածություն, պատերազմի աստված և մահվան աստված
ԴիցաբանությունԵգիպտական դիցաբանություն
Սեռիգական
ՀայրՆուն
ՄայրՄեհետ-Վերետ
ԶավակներՍեբեկ, Ապեպ և Ռա
 Neith Վիքիպահեստում
Նեյթը հիերոգլիֆներում
n
t
R25B1

Նեյթ

Նեյթ /ˈn.ɪθ/ (անգլ.՝ Neith, Koinē Greek: Νηΐθ, եգիպ.՝ ntդեմոտիկ գրային փոխառություն, որը հավանաբար սկզբնապես եղել է nrt՝ «նա սարսափելի է», ղպտ.՝ ⲛⲏⲓⲧ[1], նաև գրվել է Նիթ և Նեթ), վաղ շրջանի հին եգիպտական աստվածուհի։ Համարվել է առաջին և գլխավոր արարիչը, որն ստեղծել է տիեզերքն ու այն ամենը, ինչ այնտեղ կա, և ղեկավարել է դրա գործունեությունը։ Հանդիսացել է տիեզերքի, ճակատագրի, իմաստության, ջրի, գետերի, մայրերի, ծննդաբերության, որսորդության, մանելու և պատերազմի աստվածուհին։

Նեյթը հին եգիպտական Սաիս քաղաքի պահապան-աստվածն էր (ղպտ.՝ ⲥⲁⲓ Sai), որտեղ նրա պաշտամունքը կենտրոնացել էր Ստորին Եգիպտոսի Նեղոսի դելտայի արևմտյան հատվածում։ Նրա մասին վկայել են դեռևս առաջին արքայատոհմի ժամանակաշրջանում[2]։ Հանդիսացել է նաև Լատոպոլիս կամ Էսնա (Snē)[3][4] քաղաքի հովանավոր երեք աստվածություններից մեկը․ Լատոպոլիսը գտնվել է Նեղոս գետի արևմտյան ափին, 55 կմ Լուքսորից դեպի հարավ։

Նեյթի բրոնզե արձանիկ Ստորին Եգիպտոսի կարմիր թագով։ Մասամբ ջնջված հիերոգլիֆային արձանագրություններում նշվում է Պադիհորի անունը, Լոնդոնի Բրիտանական թանգարան

Նեյթը շատ ավելի բարդ աստվածուհի է, քան նա հայտնի է, որի իրական բնույթի մասին հնագույն գրվածքները միայն ակնարկում են։ Հին եգիպտացիների կողմից գաղտնիությաուն ապահովելու նպատակով կրոնական լռություն է պարտադրվել, կիրառվել են էվֆեմիզմներ և ակնարկներ ու հաճախ՝ միայն սիմվոլներ։ Նրան սովորական պատկերելիս ներկայացրել են որպես կատաղի աստվածություն, կարմիր թագ կրող մի կին, որը երբեմն բռնած է կամ օգտագործում է նետ ու աղեղ, այլ դեպքերում՝ եռաժանի։ Նեյթը նաև պատերազմի և որսի աստվածուհին է, և ավելի հաճախ պատկերված է այդ խորհրդանիշներով։ Նրա խորհրդանիշը վահանի վրա խաչված երկու նետ էր։ Իրականում նրա անվան հիերոգլիֆներին սովորաբար հաջորդում են նետաձգության տարրեր պարունակող խորհրդանիշներ, որտեղ վահանը մեկնաբանվել է կա՛մ որպես դեմ դիմաց գտնվող կրկնակի աղեղներ՝ դրանց սովորաբար դիպչող հատվող երկու նետերով, կա՛մ նրա պաշտամունքի հետ կապված այլ պատկերներով։ Նրա խորհրդանիշներից էր նաև Սաիս քաղաքը[5]։ Այս խորհրդանիշը եգիպտական արվեստում պատկերվել է նրա գլխի վրա։ Որպես պատերազմի աստվածուհի համարվել է ռազմիկների զենքերը պատրաստող ու զոհվելուց հետո նրանց մարմինները հսկող։

Որպես աստվածուհի Նեյթը սովորաբար պատկերվել է կառավարման ու իշխանության խորհրդանիշ ուաս-գավազանով ու կյանքի խորհրդանիշ անխով։ Նրան անվանել են այնպիսի տիեզերական մակդիրներով, ինչպիսին է «Երկնքի կովը»՝ Նուտին համարժեք երկնային աստվածուհի, կամ «Մեծ ջրհեղեղ»՝ Մեհետ-Վերետը, որն արևին ամենօրյա կյանք պարգևող կովն է։ Որպես այդպիսին նա կապված է ինչպես վաղեմի ժամանակի արարչագործության, այնպես էլ ամենօրյա «վերստեղծման» հետ։ Որպես արքայական ընտանիքի պահապան՝ ներկայացվել է որպես ուրեուս, և գործել է արևի բուռն կատաղությամբ։ Ժամանակի ընթացքում սա հանգեցրել է Նեյթի՝ որպես արարչագործության կենաց ջրերի անձնավորման ընկալմանը։ Որպես արարչագործ նույնականացվել է մայր աստվածուհու հետ։ Հանդիսացել է կուսածնությամբ կյանք արարելով օժտված նախնադարյան ջրերի անձնավորումը։

Հետագայում, երբ կրոնական սովորույթները զարգացել են իրենց մշակույթի երկար պատմության ընթացքում, հին եգիպտացիները սկսել են իրենց աստվածություններին նշել զույգերով՝ կին և տղամարդ։ Այս պարագայում Նեյթի զույգ է հանդիսացել Պտահ-Նունը։

Նեյթը հնագույն եգիպտական մշակույթի հետ կապված ամենահին աստվածություններից է։ Ֆլինդերս Պետրին (Diopolis Parva, 1901) նշել է, որ նրա խորհրդանիշների ամենավաղ պատկերումները հայտնի էին նախաստեղծ ժամանակաշրջաններում, ինչպիսին կարելի է տեսնել Օքսֆորդի Էշմոլի թանգարանում ցուցադրված եռակայմ առագաստանավի նախդինաստիկ ժամանակաշրջանի մի պատկերման մեջ, որը կրում է խաչված նետերի նրա խորհրդանիշը։

Նեյթի առաջին մարդեղեն պատկերումները տեղի են ունեցել վաղ դինաստիական շրջանում, երկրորդ արքայատոհմի թագավոր Նայ-Նետջերի դիորիտե ծաղկամանի վրա, որը հայտնաբերվել է Սաքարայում՝ Ջոսերի աստիճանաձև բուրգի մեջ (Երրորդ դինաստիա)։ Այն, որ նրա պաշտամունքը գերակշռել է վաղ դինաստիական ժամանակաշրջանում, ապացուցվել է աստվածաբանական անունների գերակշռությամբ, որտեղ Նեյթի անունը տվյալ հատուկ անվան բաղկացուցիչ մասն է կազմել․ առաջին արքայատոհմի չորս կանայք կրել են այսպիսի անուններ, որով պարզորեն ընդգծվել է այս աստվածուհու կարևորությունը Եգիպտոսի վաղ շրջանի հասարակարգում՝ հատուկ շեշտադրելով վերջինիս՝ թագավորական տան հետ ունեցած կապը։

Եգիպտոսի պատմության շատ վաղ շրջաններում այս աստվածուհու գլխավոր սրբապատկերային պատկերումները սահմանափակվել են նրա որսորդական ու պատերազմական բութագրումներով, թեև չկա եգիպտական առասպելաբանական որևէ հղում, որը կհաստատի այն տեսակետը, թե սա նրա հիմնական գործառույթն է եղել որպես աստվածություն։ Ենթադրվել է, որ Նեյթի պատկերման այս ձևը կարող էր պայմանավորված լինել նրա լիբիական ծագման հետ, որտեղ նա տեղի ռազմատենչ ժողովուրդների աստվածուհին էր։

Տեսականացվել է, որ հին թագավորությունում Նեյթի առաջնային պաշտամունքային վայրը հաստատվել է Սաիս քաղաքում (մերօրյա Սա էլ-Հագար) առաջին արքայատոհմի փարավոն Հոր-Ահայի կողմից՝ նպատակ ունենալով միասնական երկրի տիրակալի կողմից հաշտեցնել Ստորին Եգիպտոսի բնակիչներին։ Տեքստային և պատկերագրական վկայությունների համաձայն՝ նա ազգային աստվածուհի է եղել Եգիպտոսի հին թագավորությունում և ունեցել է իր սեփական սրբավայրը Մեմֆիսում, որը վկայում է նրա նկատմամբ բարձր հարգանքի մասին։ Թեև Նեյթը սովորաբար համարվել է Ստորին Եգիպտոսի աստվածուհի, նրա պաշտամունքը մշտապես տեղակայված չի եղել այդ դելտայի շրջանում։ Նրա պաշտամունքն իր գագաթնակետին է հասել Սաիսում ու Մեմֆիսում հին թագավորության շրջանում ու մնացել կարևոր, թեև ավելի փոքր չափով, միջին և նոր թագավորություններում։ Նրա պաշտամունքը կրկին մշակութային նշանակություն է ձեռք բերել քսանվեցերորդ արքայատոհմի ժամանակաշրջանում, երբ Սաիսում, ինչպես նաև Վերին Եգիպտոսի Էսնա քաղաքում երկրպագությունը նորից ծաղկում է ապրել։

Նեյթի խորհրդանիշն ու նրա հիերոգլիֆի մի մասը նմանություն է ունեցել ջուլհակահաստոցի, որի արդյունքում հետագա շրջանում այն ժամանակվա հունական իշխող դասակարգի կողմից եգիպտական առասպելների մեկնաբանություններում նա դարձել է նաև հյուսելու աստվածուհի։ Այս ժամանակ որպես արարիչ նրա դերը կապվել է Աթենասի հետ․ հունական աստվածություն, ով ամբողջ աշխարհն ու գոյությունը հյուսել է իր ջուլհակահստոցի վրա։

Երբեմն Նեյթին պատկերել են որպես փոքրիկ կոկորդիլոսին կրծքով կերակրող կին, որի պատճառով նրան տրվել է «Կոկորդիլոսների ստնտու» տիտղոսը։ Տիտղոսի մեջ արտացոլվել է Վերին Եգիպտոսի հարավային գավառական դիցաբանությունը, թե նա եղել է կա՛մ կոկորդիլոս աստծու՝ Սոբեկի մարը, կա՛մ վերջինս եղել է նրա ամուսինը։ Որպես Ռայի մայր նրան երբեմն նկարագրել են որպես «մեծ կով, որը ծնունդ է տվել Ռային»։

Որոշ ժամանակակից գրողներ պնդում են, թե նրանք Նեյթին ներկայացնում են որպես անդրոգեն (երկսեռ), քանի որ նա արարիչ էր, որը ծնունդ է տվել առանց զուգընկերոջ։ Սակայն նրա անունը միշտ իգական սեռի է։ Նեյթի հնությունը հասնում է խորը նախապատմական ժամանակաշրջանների, երբ իգական աստվածությունները որպես միակ արարիչներ (կուսածնության միջոցով) բավականին տարածված էին մարդկային մշակույթներում։ Նա համարվում է հին եգիպտական ամենահին աստվածուհին, որը «առաջինն է ծնվել, այն ժամանակներում, երբ դեռ ծնունդ չէր եղել» (St. Clair, Creation Records: 176)։

Բուրգի գրություններում Նեյթը զուգորդվում է Սելքեթ աստվածուհու հետ որպես երկնքի երկու նեցուկներ, այսինքն այս երկու աստվածուհիները համարվում են երկնքի հենարաններ։ Սա կապվում է Սեթի և Հորուսի մրցավեճերի այն տեսարանի հետ, երբ որպես հնագույն աստվածուհի Նեյթին հարցնում են, թե վերոնշյալ երկուսից որը պետք է կառավարի, նա պատասխանում է, որ ընտրում է Հորուսին և ասում, որ նա «կստիպի երկնքին ընկնել երկրի վրա», եթե չընտրվի։

Բնութագրիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նեյթի էգիդան, Եգիպտոսի XXVI դինաստիա, Լիոնի գեղարվեստի թանգարան

Նեյթի բնութագրիչների վերլուծությունը ցույց է տալիս, որ նա եղել է մի քանի դեր ունեցող աստվածուհի։ Նախդինաստիական և վաղ դինաստիական ժամանակաշրջաններից նրան համարել են «Ճանապարհներ բացող» (wp w3.wt), որը կարող է վերաբերել ոչ միայն որսի ժամանակ ու պատերազմներում ունեցած նրա առաջնորդող դերին, այլ նաև տիեզերական և անդրաշխարհի ուղիներին, որտեղ նա ուղեկցել է հոգիներին։ Նեյթի անունը հանդիպում է աստվածուհու քրմուհիների տիտղոսներում, օրինակ՝ «Բոլոր ուղիները բացող Նեյթի քրմուհի», «Բոլոր լավ դռները բացող Նեյթի քրմուհի»։

Նեյթի գլխավոր պատկերապատումն անտեսանելի ու անսահման երկնքի աստվածուհին էր, ի հակադրություն Նութի և Հաթորի, ովքեր համապատասխանաբար ներկայացնում էին արտահայտված գիշերային և ցերեկային երկինքը։

Ժորժ Սենտ Կլերը (Creation Records, 1898) նշել է, որ երբեմն Նեյթին պատկերել են որպես կով-աստվածուհի՝ մեջքի վրա աստղերի մի շարքով (ի հակադրություն Նութի, որը պատկերվել է որովայնի երկայնքով դասավորված աստղերով) և պնդել, որ սա ցույց է տալիս, որ Նեյթը ներկայացնում է երկնքի շուրջ ամբողջական խավարածիրի ցիկլը։ Սենտ Կլերը շարունակել է, որ Նեյթն ամբողջական երկինքն է, որը շրջապատում է վերին (Նութ) և ստորին (Նունեթ) երկինքները, գոյություն ունի հորիզոնից այն կողմ, ու հետևաբար՝ երկինքներից այն կողմ։ Ուստի Նեյթը տիեզերքի անտեսանելի մասն է, որտեղ արևը վերածնվում է ամեն օր՝ հորիզոնից այն կողմ (որն արտահայտվում է Նեյթին վերագրվող այս պնդման մեջ՝ «Ամեն օր գալիս եմ լուսաբացին և մայրամուտին»)։

Քանի որ Նեյթը նաև պատերազմի աստվածուհին էր, նա սերտ կապ է ունեցել մահվան հետ։ Նա նետահարում էր մահացածների թշնամիներին, ու այսպիսով սկսել է ընկալվել որպես մահացածների պաշտպան, հաճախ հայտնվելով ուրեուսի կերպարանքով ու քշելով ներխուժողներին ու բոլոր նրանց, ովքեր կարող էին վնասել մահացածներին (այս կերպարանքով նա պատկերված է Թութանհամոնի դամբարանի վրա)։ Նա նաև համարվել է Հորուսի չորս որդիներից մեկի՝ Դուամուտեֆի պաշտպանուհին, որը ստամոքս պարունակող մահվան սափորի աստվածն էր․ որովայնը (որը հաճախ սխալմամբ համարվել է ստամոքսը) մարտի ժամանակ մարմնի ամենախոցելի հատվածն ու հիմնական թիրախն է եղել։

Դիցաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Եգիպտական պատերազմի աստվածուհի Նեյթը Ստորին Եգիպտոսի կարմիր թագով, որի վրա պատկերված է Ուաջիթի կոբրան

Հին Եգիպտոսի արարչագործական որոշ առասպելներում Նեյթը համարվում է Ռայի ու Ապոպի մայրը։ Որպես ջրերի աստվածուհի համարվել է կոկորդիլոս Սոբեկի մայրը[6]։ Ջրի հետ, այսինքն Նեղոսի հետ, այս կապի պատճառով աստվածներին զույգավորելիս հաճախ համարվել է Խնումի կինն ու երբեմն կապվել Նեղոս գետի սկզբնաղբյուրի հետ։ Այդ պաշտամունքային կենտրոնում նրան նաև կապել են Նեղոսի պերկեսի հետ։

Որպես արարման և հյուսելու աստվածուհի, ասում էին, որ նա ամեն օր հյուսում էր աշխարհը իր ջուլհակահաստոցի վրա։ Իսնա քաղաքի տաճարի ներքին պատերից մեկի վրայի գրառումը գրանցել է արարչագործության պատմությունը, որում Նեյթը նախնադարյան ջրերից ստեղծում է Նունին՝ առաջին երկիրը։ Նրա սրտում հղացած ցանկացած բան կենդանանում էր, ներառյալ երեսուն աստվածությունները, և քանի որ նա ամուսին չուներ, համարվել է «Կույս մայր աստվածուհի»։

Եզակի աստվածուհի, խորհրդավոր և մեծ, ով սկիզբ առավ և ստեղծեց ամեն ինչ։ Ռայի աստվածային մայրը, որը փայլում է հորիզոնում[7]։

Հույն փիլիսոփա Պրոկլը (մ․թ․ 412–485) գրել է, որ Սաիս քաղաքի Նեյթի տաճարում (որից ոչինչ չի մնացել) հետևյալ մակագրությունն է եղել․

Ես այն բաներն եմ, որոնք կան, կլինեն և եղել են։ Ոչ ոք երբեք չի բացել այն հանդերձը, որում ես թաքնված եմ։ Պտուղը, որ ես բերեցի, արևն էր[8]։

Ասվում էր, որ Նեյթը միջնորդել է Եգիպտոսի գահի համար Հորուսի և Սեթի արքայական պատերազմում՝ առաջարկելով, որ Հորուսը իշխի։

Ամեն տարի Նեյթի պատվին անցկացվում էր մեծ փառատոն, որը կոչվում էր Լամպերի տոն և ըստ հույն պատմիչ Հերոդոտոսի՝ նրան երկրպագողները տոնակատարության ընթացքում ամբողջ գիշեր բաց երկնքի տակ բազմաթիվ լույսեր էին վառում։

Սինքրետիկ հարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նեյթի արձանիկ, Լուվր

Հույն պատմիչ Հերոդոտոսը (մ․թ․ա․ մոտավորապես 484–425 թվականներ) նշել է, որ Եգիպտոսի Սաիս քաղաքի բնակիչները երկրպագել են Նեյթին։ Այդ ժամանակ հույներն էին իշխում Եգիպտոսում և նրանք փորձել են կապել եգիպտական աստվածությունները Հունաստանի աստվածների հետ։ Նրանք Նեյթին նույնացրել են Աթենասի հետ։ Պլատոնի հեղինակած «Թիմեուս» երկխոսության մեջ արտացոլված է նույնականացումն Աթենասի հետ[9]։

Բրիտանացի եգիպտագետ Էռնեստ Ալֆրեդ Ուոլլիս Բաջը ենթադրել է, որ քրիստոնեական աստվածաշնչյան պատմությունը դեպի Եգիպտոս փախուստի մասին անմիջական ազդեցություն է կրել Իսիսի և Հորուսի մասին պատմություններից։ Բաջը պնդել է, որ այդ ավետարանների հեղինակները Մարիամ Աստվածածնին վերագրել են բազմաթիվ առանձնահատկություններ, որոնք քրիստոնեության ծագման ժամանակ վերագրվել են և՛ Իսիսին, և՛ Նեյթին, օրինակ՝ կուսածնությունը[10]։

Հանրային մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նեյթը եգիպտական դիցաբանության մի քանի կերպարներից մեկն է, որն ընդգրկվել է «Սմայթ» վիդեոխաղում․ ավելացվել է 2013 թվականին[11][12]։
  • Ռիք Ռիորդանի «Աստվածների հետնորդները» եռագրության վերջին՝ «Օձի ստվերը» վեպում հեղինակը Նեյթին պատկերել է որպես պարանոիդ և մեկուսի, բայց, այնուամենայնիվ, հմուտ որսորդ և ռազմավար։

Նեյթ՝ Վեներայի բնական արբանյակ։

Մարդկանց անուններ, որտեղ առկա է Նեյթի անունը․

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ⲛⲏⲓⲧ - Wiktionary». en.wiktionary.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 1-ին.
  2. Shaw & Nicholson, op, cit., p.250
  3. Richter, Barbara A. (2016 թ․ ապրիլի 15). The Theology of Hathor of Dendera: Aural and Visual Scribal Techniques in the Per-Wer Sanctuary (անգլերեն). ISD LLC. ISBN 9781937040529.
  4. Kaper, Olaf E. (2003). The Egyptian God Tutu: A Study of the Sphinx-god and Master of Demons with a Corpus of Monuments (անգլերեն). Peeters Publishers. ISBN 9789042912175.
  5. The Way to Eternity: Egyptian Myth, F. Fleming & A. Lothian, p. 62.
  6. Fleming & Lothian, op. cit.
  7. Lesko, Barbara S. (1999). The Great Goddesses of Egypt. University of Oklahoma Press. էջեր 60–63. ISBN 0-8061-3202-7.
  8. Proclus (1820). The Commentaries of Proclus on the Timaeus of Plato, in Five Books. Trans. Thomas Taylor (neoplatonist). A.J. Valpy. էջ 82.
  9. Timaeus 21e
  10. "The Gods of the Egyptians: Vol 2", E. A. Wallis Budge, p. 220, Dover ed 1969, org pub 1904, 0-486-22056-7
  11. Clouther, Andrew (2013 թ․ փետրվարի 13). «Smite reveals Neith, Weaver of Fate». GameZone. Վերցված է 2019 թ․ ապրիլի 14-ին.
  12. Hillier, Brenna (2016 թ․ հունվարի 5). «Bellona and Loki beat up Thor and Sun Wukong in new SMITE cinematic». VG247. Վերցված է 2019 թ․ ապրիլի 14-ին.

Հետագա ընթերցանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • el-Sayed, Ramadan (1982). La déesse Neith de Saïs. Cairo: Institut Français d'Archéologie Orientale.
  • Tower Hollis, Susan (1995). «5 Egyptian Goddesses in the Third Millenium B.C.: Neith, Hathor, Nut, Isis, Nephthys». KMT: Journal of Ancient Egypt 5/4.
  • Mallet, Dominique (1888). Le culte de Neit à Saïs. Paris : E. Leroux.
  • Altenmüller, Hartwig. "Zum Ursprung Von Isis Und Nephthys." Studien Zur Altägyptischen Kultur 27 (1999): 1-26. Accessed June 15, 2020. www.jstor.org/stable/25152793.
  • El Sayed, Ramadan. "Les Rôles Attribués à La Déesse Neith Dans Certains Des Textes Des Cercueils." Orientalia, NOVA SERIES, 43 (1974): 275-94. Accessed June 15, 2020. www.jstor.org/stable/43074608.
  • Hendrickx, Stan. "Two Protodynastic Objects in Brussels and the Origin of the Bilobate Cult-Sign of Neith." The Journal of Egyptian Archaeology 82 (1996): 23-42. Accessed June 15, 2020. doi:10.2307/3822112.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեյթ» հոդվածին։