Jump to content

Նեմերտիններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեմերտիններ

Նեմերտիններ (անգլ.՝ Nemertini), անողնաշարավոր կենդանիների տիպ։ Գերազանցապես ծովային, ազատ ապրող, գիշատիչ, հազվադեպ մակաբույծ կենդանիներ են։ Նեմերտինների երկարությունը սովորաբար 2-20 սմ է, լայնությունը 1-5 մմ (Lineus Iongissimus-ինը՝ 30 մ և 1 սմ համապատասխանաբար)։ Մարմինը երկկողմանի համաչափ է, չհատվածավորված, որդանման ձգված, գորշավուն, երբեմն խայտաբղետ գունավորված, պատված միաշերտ թարթիչային էպիթելով, որի տակ գտնվում է մաշկամկանային պարկը։ Շարժվում են վերջիններիս կծկումների շնորհիվ, մանր ձևերը՝ թարթիչների միջոցով։ Մարմնի առջևում տեղավորված երկար, մկանուտ կնճիթը հանգիստ վիճակում ներքաշված է հատուկ խոռոչի մեջ, իսկ հարձակվելիս կամ պաշտպանվելիս դուրս է նետվում։ Որոշ Նեմերտինների կնճիթը զինված է մեկ կամ մի քանի խայթերով (զինված Նեմերտիններ), մի քանիսն ունեն թունավոր գեղձեր, որոնցով կաթվածահարում են զոհին։ Նեմերտինները ունեն մարսողական, արյունատար, արտաթորության և նյարդային համակարգեր, տեսողական, շոշափելիքի, քիմիական զգացողության և հավասարակշռության օրգաններ։ Բաժանասեռ են, սաղմնային զարգացումն ուղղակի է կամ կերպարանափոխությամբ։ Բազմաթիվ տեսակների բնորոշ է հատուկ սաղավարտաձև թրթուրը՝ պիլիդիումը։ Հիմնականում հատակամերձ կենդանիներ են, կեր են ծառայում ձկների համար։ Հայտնի է նեմերտինների մոտ 1000 (ԽՍՀՄ-ում՝ ավելի քան 100) տեսակ։ Տարածված են բոլոր ծովերում ու օվկիանոսներում, մոտ 50 տեսակ՝ քաղցրահամ ջրերում, 10-ը՝ ցամաքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 217