Հնագիտություն
Հնագիտություն, նյութական աղբյուրների (հիմնականում՝ պեղածոների) հիման վրա հին հասարակությունն ու նրա Մշակույթը ուսումնասիրող գիտություն։ Եվրոպական լեզուներում և ռուսերենում օգտագործվում է արխեոլոգիա (հին հուն. ἀρχαιο — հին և λογία — խոսք) տերմինը։ Անմիջական օբյեկտը հնագիտական հուշարձանն է, ընդհանրացված առարկան՝ հնագիտական մշակույթը։ Նպատակն է պեղածո նյութերի հիման վրա անցյալի մշակույթների զարգացման ու հասարակությունների պատմության գիտական պարզաբանումը։
Ամարդու անցյալի կյանքի և գործունեության նյութական մնացորդների գիտական ուսումնասիրությունն է։ Դրանք ներառում են մարդկային արտեֆակտներ՝ սկսած ամենավաղ ժամանակների քարե գործիքներից, որոնք այժմս թաղված են։ Հնագիտական հետազոտությունները նախապատմական, հնագույն և անհետացած մշակույթների մասին գիտելիքների հիմնական աղբյուրն են։
Հնագետը նկարագրում, դասակարգում և վերլուծում է իր ուսումնասիրած արտեֆակտները։ Նրա հիմնական նպատակն է նյութական մնացորդները տեղադրել պատմական համատեքստում, լրացնել այն, ինչ հայտնի է գրավոր աղբյուրներից։
Հնագետի կողմից ավելի ու ավելի շատ գիտական մեթոդներ են օգտագործվում, և նա իր աշխատանքում օգտագործում է բազմաթիվ մարդկանց գիտական փորձաքննությունը, ովքեր հնագետ չեն։
նյութական աղբյուրների (հիմնականում՝ պեղածոների) հիման վրա հին հասարակությունն ու նրա Մշակույթը ուսումնասիրող գիտություն։ Եվրոպական լեզուներում և ռուսերենում օգտագործվում է արխեոլոգիա (հին հուն. ἀρχαιο — հին և λογία — խոսք) տերմինը։ Անմիջական օբյեկտը հնագիտական հուշարձանն է, ընդհանրացված առարկան՝ հնագիտական մշակույթը։ Նպատակն է պեղածո նյութերի հիման վրա անցյալի մշակույթների զարգացման ու հասարակությունների պատմության գիտական պարզաբանումը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անկասկած, միշտ եղել են մարդիկ, ովքեր հետաքրքրված են եղել անցյալի նյութական մնացորդներով, սակայն հնագիտությունը որպես գիտություն սկզբնավորվել է 15-16-րդ դարերում Եվրոպայում։
Ուսումնասիրության աստիճաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագիտության ուսումնասիրության աստիճաններն են.
- աղբյուրագիտական, որն ընդգրկում է փաստերի հայտնաբերումը, նկարագրությունը, տարածական-ժամանակագրական տեղայնացումն ու դասակարգումը,
- վերակազմական, որի ընթացքում հնագիտական առանձին հուշարձանների, համալիրների կամ հնագիտական մշակույթի հիման վրա կատարվում է անցյալի մշակույթի և հասարակության կամ նրանց առանձին տարրերի վերակազմությունը,
- բացատրական, որի միջոցով, հնագիտական նյութի հիման վրա, բացահայտվում են հին մշակույթների և հասարակությունների գոյության ու զարգացման օրինաչափությունները։
Եղանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշակիորեն տարբերվում են հնագիտության էմպիրիկ (փորձի հիման վրա) և տեսական եղանակները։ էմպիրիկ եղանակը, հիմնականում համապատասխանում է հնագիտության աղբյուրագիտությանը։ Էմպիրիկ հետազոտության վերջնական նպատակը փաստերի վիճակագրական բաշխման օրենքների կիրառման միջոցով առանձին հնագիտական մշակույթների լուսաբանումն է։ Տեսական եղանակի մեջ, բացի վերակազմությունից և բացատրությունից մասնավորապես մտնում է հնագիտական մեթոդաբանությունը։ Առանձին ճյուղ է հնագիտության պատմագրությունը։ հնագիտության մեջ կիրառվում են բուն պեղումների մեթոդի համար այլ օժանդակ՝ տարբեր բնական գիտությունների մեթոդներ։ Պեղումները հնագիտական տեղեկության հայթայթման անհրաժեշտ աղբյուր են։ Դրանց մեթոդիկան պայմանավորվում է հնագիտական հուշարձանի յուրահատկությամբ։ Դաշտային աշխատանքների ընթացքում լայնորեն կիրառվում են ճարտարապետական, տեղագրագիտական, շերտագրական և ձևատիպաբանական մեթոդները, աերոլուսանկարչությունը, ստորջրյա աշխատանքների տեխնիկան և այլն։
Հնագիտական նյութերի դասակարգման մեթոդները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագիտական նյութերի դասակարգման համար կիրառվում են մաթեմատիկական վիճակագրության մեթոդները։ Վերջին տասնամյակների ընթացքում լայն կիրառություն են ստացել ֆիզիկայի մեթոդները։ Ժամանակագրական հետազոտությունների համար մեծ նշանակություն ունի պեղածո օրգանական նյութերի (փայտ, փայտածուխ, ոսկոր) մեջ ածխածնի C14 իզոտոպի քայքայման աստիճանով որոշման եղանակը։ Զարգանում է նաև կավե թրծված իրերի մնացուկային մագնիսականությամբ ժամանակը որոշելու մեթոդը։ Առանձին վայրերի մշակույթների բացարձակ թվագրման համար մեծ նշանակություն ունի բուսաժամանակագրությունը (դենդրոքրոնոլոգիա)։ Անցյալի հասարակությունների տեխնիկան ուսումնասիրելու համար օգտագործվում են քիմիական եղանակները, լուսապատկերային վերլուծությունը, քարագրությունը, մետաղաբանությունը ևն։ Հին մշակույթների բնական միջավայրի, նրանց համաժամանակյա բուսական և կենդանական աշխարհի ուսումնասիրությունը կատարում են երրորդական և չորրորդական շրջանների երկրաբանությունը, հնէաբանությունը, հնածագումնաբանական բուսաբանությունը, հնակենդանաբանությունը ևն։ Փորձնական եղանակով տեսակավորվում են մարդկանց գործողությունները (գործիքների արտադրություն, երկրագործական, մետաղագործական աշխատանքներ ևն)։
Հասկացություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագիտության հիմնական հասկացություններն են.
- հնագիտական մշակույթը (հնագիտական հուշարձանների ընդհանրությամբ), որը չափվում ու տեղայնացվում է ժամանակի և տարածության մեջ, տարբերվում է նույն կարգի ընդհանրություններից և համապատասխանում անցյալի սոցիալ-մշակութային որևէ համակարգի,
- հնագիտական տիպը, որը հնարավորություն է տալիս խմբավորելու հնագիտական առարկաները (աշխատանքի գործիքներ, զենքեր, կառույցներ, արվեստի իրեր և այլն) ձևաբանական ու կիրառական հատկանիշների կայուն համադրությամբ,
- հնագիտական դարը՝ իբրև մշակույթի զարգացած որոշակի աստիճան արտահայտող ժամանակաշրջան, երբ արտադրության մեջ գերիշխում են որոշակի նյութեր (քար, բրոնզ, երկաթ) և արտադրության ձևեր։
Բնագավառների տարբերակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագիտության առանձին բնագավառներ միմյանցից տարբերվում են հիմնականում ըստ ժամանակագրական (քարի, բրոնզի և երկաթի դարեր, անտիկ, միջնադարյան Հ-ներ), տարածական (Արևմտյան Եվրոպայի, Հարավարևելյան Ասիայի, Նոր աշխարհի և այլն, ինչպես նաև առանձին երկրների հնագիտություններ) բաժանումների և խմբավորումների։ Վերջին տարիներին Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում առաջացել են հնագիտական հուշարձանների առանձին խոշոր խմբեր (բնակավայրերի Հ. և այլն) ուսումնասիրող բնագավառներ։ 18-րդ դարից մինչև 19-րդ դարի 1-ին կեսը, առանձին դեպքերում՝ մինչև 20-րդ դարի 1-ին քառորդը հնագիտությունը համարվել է արվեստի պատմության ճյուղ։ Սակայն դեռևս 19-րդ դարի 2-րդ կեսին շատ գիտնականներ այն նույնացնում էին «նախապատմության» հետ։ Մինչև 20-րդ դարի 60-ական թվականների վերջը հնագիտությունը գիտության այս կամ այն բնագավառին դասելու հարցում եղել է 2 կարծիք։ Սովետական, մասամբ՝ արևմտաեվրոպական ու ամերիկյան գիտնականները, հնագիտությունը համարում էին պատմագիտության ճյուղ, նրա ինքնուրույն, միաժամանակ՝ անբաժան մասը։ Մյուս տեսակետը հիմնականում մշակել էին ամերիկացի և անգլիացի հնագետները, որոնք վկայակոչելով հնագիտության մեջ բնագիտական մեթոդների գերակշռությունը, այն դասել են բնական գիտությունների շարքը։ Վերջերս մարքսիստական պատմագիտության մեջ տարածված մի նոր տեսակետով հաստատվում է առարկայի և նպատակի սոցիալական էությունը, դրանով իսկ տարբերելով հնագիտությունը բնական գիտություններից, մյուս կողմից բացահայտելով հնագիտական օբյեկտների յուրահատկությունը, առարկայի սկզբունքորեն փորձնական բնույթը, որոշակիորեն անջատելով այն պատմագիտությունից։ Այս տեսակետի համաձայն, Հ. ինքնուրույն սոցիալական գիտություն է՝ սերտորեն կապված առաջին հերթին ազգագրության, ապա՝ դրամագիտության, վիմագրության, կնքագիտության, պատմական սոցիոլոգիայի, մշակույթի պատմության, արվեստի պատմության, Հին Աշխարհի և միջին դարերի պատմության, լեզվաբանության հետ։ Դեռես մ.թ.ա. 6-րդ դարում Բաբելոնի թագավոր Նաբոնիդը պեղումներ է կատարել հնություններ գտնելու նպատակով։ Հույն պատմիչ Թուկիդիդեսը (մ.թ.ա. 5-րդ) գործածել է արխայոլոգիա (հնախոսություն), Մովսես Խորենացին (5-րդ դար)՝ հնախոս և հնախոսություն հասկացությունները (այն ժամանակ վերջինիս տակ հասկանում էին հնի մասին գիտելիքների ամբողջությունը)։ Վերածնության դարաշրջանում աճում է հետաքրքրությունը հունա-հռոմեական հնությունների նկատմամբ։ Կարևոր նշանակություն են ունեցել Պոմպեյ և Հերկուլանում հռոմեական քաղաքների պեղումները, որոնք սկսվելով 18-րդ դարի սկզբից, գիտական բնույթ են ստացել դարի վերջին։ Նապոլեոնի եգիպտական արշավանքի միջոցով եվրոպական գիտությունը լայնորեն ծանոթանում է Հին Եգիպտոսի հուշարձաններին, և սկիզբ է դրվում Հին Արևելքի հնագիտությանը։ Հնագիտությունը արագ զարգանում է 19-րդ դարի սկզբից՝ բուրժուական պատմագիտության վերելքին զուգընթաց։ 19-րդ դարի կեսին Ֆրանսիայում հայտնաբերվել են հինքարեդարյան առաջին կայանները։ Դանիացի հնագետներ Թոմսենը և Վորսոն «նախապատմական» հուշարձանների ամբողջությունը ստորաբաժանեցին ըստ հնագիտական դարերի։ 1870-ական թվականներին Հ. Շլիմանը, պեղումներ կատարելով Տրոյայում և Միկենքում, ապացուցեց Հոմերոսի պոեմների պատմական հիմքը։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին շվեդ հնագետ Օ. Մոնտելիուսը ստեղծեց տիպաբանական-համեմատական մեթոդը, որը մինչև օրս Հ-յան հիմնական մեթոդներից է։ Անտիկ մշակույթի ուսումնասիրության համար մեծ նշանակություն են ունեցել Աթենքի, Սպարտայի, Միլեթի, Պիրիենայի, Պերգամոնի և այլ քաղաքների պեղումները։ 20-րդ դարի խոշորագույն հայտնագործություններից են՝ Թութանհամոն փարավոնի դամբարանը Եգիպտոսում, ավելի քան 2 միլիոն տարվա հնություն ունեցող Օլդուվայան հինքարեդարյան մշակույթը Աֆրիկայում, մ.թ.ա. VII հազարամյակի Չաթալ-Հույուկ խոշոր երկրագործական բնակավայրը Թուրքիայում և այլն։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնագիտություն» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 460)։ |