Jump to content

Հարմոնիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը երաժշտության տեսության բաժնի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Հարմոնիա (այլ կիրառումներ)։

Հարմոնիա կամ ներդաշնակագիտություն, երաժշտության տեսության այն բաժինը, որն ուսումնասիրում է համահնչյունները և նրանց շաղկապված հաջորդականության օրինաչափությունները[1]։ Հանդիսանում է երաժշտական արտահայտչամիջոց, որ միավորում է լադային ակորդների, ինչպես և ամբողջական լադա-տոնայնությունների տրամաբանված հաջորդականությունից գոյացող դինամիկան ու երանգավորությունը։ Դինամիկայի աղբյուրը ակորդների՝ լադում ունեցած տարբեր բնույթն է (կոչվում է լադա-հարմոնիկ ֆունկցիա), տոնիկայի կոնսոնանս ակորդը արտահայտում է կայունություն (տոնիկային ֆունկցիա), լադի բոլոր մյուս կոնսոնանս և դիսոնանս ակորդները լադա-հարմոնիկ ձգտողականության հիման վրա առաջ են բերում անկայունություն (սուբդոմինանտային, դոմինանտային և փոփոխական ֆունկցիաներ) և ըստ այնմ՝ հաջորդականությունը շարունակելու պահանջ։ Ակորդների օպտիմալ դարսվածքը քառաձայնն է (բխում է ձայնաբանական նախադրյալներից, ինչպես և երգչախմբում երգչական ձայների հիմնական տեսակների հարաբերությունից), հաջորդականությունը կարգավորվում է մեկ ակորդի տոներից մյուսի տոներին օրինաչափ անցումներով։ Ներդաշնակման դեր են կատարում (բարձր մակարդակի վրա) երաժշտական երկի գլխավոր և կողմնակի (սուբդոմինանտային և դոմինանտային) լադա-տոնայնությունները և դրանց հաջորդականությունը, որ կարգավորվում է մոդուլացման նորմերով։

Հնչյունների միավորումը համահնչյունների մեջ և այդպիսի համահնչյունների կապակցված հաջորդականությունը կոչվում է հարմոնիա։ Երաժշտական ստեղծագործության զարգացման, նրա արտահայտչականության հարստացման ու խորացման մեջ հարմոնիան ունի էական նշանակություն։ Նա մեղեդիին կարող է հաղորդալ ամենատարբեր հուզական նրբերանգներ ու գունավորումներ։ Այս երևույթը հատկապես զգալի է այն դեպքերում, երբ միևնույն մեղեդիին ուղեկցում են համահնչյունների տարբեր հաջորդականություններ։

Հաճախ հարմոնիա է անվանվում նաև համահնչյունների որևէ խումբ կամ նույնիսկ առանձին վերցված որևէ համահնչյուն։ Համառոտակիության համար «հարմոնիա» տերմինով են կոչում համահնչյունների կառուցվածքի և հաջորդականության մասին եղած ուսմունքը։

Մի քանի հնչյունների միաժամանակյա զուգորդումը կոչվում է համահնչյուն։

Երեք, չորս կամ հինգ տարբեր բարձրություն և անուններ ունեցող հնչյուններից բաղկացած համահնչյունը կոչվում է ակորդ, եթե այդ հնչյունները՝

  • դասավորված են տերցիաներով
  • կամ օկտավային փոխադրումներիմիջոցով կարող են դասավորվել տերցիաներով։

Ակորդների տեսակները և նրանց անունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործվում է ակորդների երեք տեսակ՝ եռահնչյուններ, սեպտակորդներ և նոնակորդներ։

Եռահնչյունը երեք հնչյունից բաղկացած ակորդն է (օրինակ՝ դո-մի-սոլ)։ Գերակշռող ակորդ է շատ դարաշրջանների երաժշտական ոճերի մեջ։

Սեպտակորդ շրջվածքներով

Սեպտակորդը քառահնչյունն է (օրինակ՝ ռե-ֆա-լա-դո). չափազանց տարածված է։

Նոնակորդը հնգահնչյունն է (օրինակ՝ սոլ-սի-ռե-ֆա-լա). օգտագործվում է հազվադեպ։

Դինամիկա առաջ բերող այլ միջոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դո մաժոր եռահնչյուն

Դինամիկա առաջ բերող միջոցներ են նաև՝ ոչակորդային (տվյալ ակորդի հետ հնչող, բայց նրա նորմատիվ կազմի մեջ չմտնող) հնչյունները, ալտերացիան, սեքվենցիան, ներդաշնակային տարբերակումը, ձայնառությունը և այլն։ Գունեղության աղբյուրներն են՝ ակորդների բնական երանգավորությունը (կոչվում Է ֆոնիզմ, կախված է նրանց տոնային կազմից և տոների փոխդասավորվածությունից) է ապա՝ նույն լադային ալտերացիան (օրինակ, «նեապոլյան» կոչվող ակորդները), ոչակորդային տոների առանձնահատուկ կիրառումը (օրինակ, «տրիտոանյան» ակորդը Վագների «Տրիստան և Իզոլդա» օպերայի սկզբում), ակորդների և տոնայնությունների հաջորդականության յուրատեսակությունը (օրինակ, «շուբերտյան հարմոնիան», Լիստի և Ռիմսկի-Կորսակովի երկերում մաժոր կամ մինոր եռահնչյունների տերցիային շարքերը, որոնցից գոյացել են ամբողջատոն և տոն-կիսատոն գամմաները) և այլն։ Երաժշտական երկում ներդաշնակությունն իր դինամիկայով ու գունեղությամբ գործում է արտահայտչական այլ միջոցների (մեղեդի, ռիթմ, մետր և այլն) հետ համատեղ, գործուն մասնակցություն ունի նաև ձևակառուցման մեջ։

Ներդաշնակությունը պրոֆեսիոնալ ստեղծագործության պատմական զարգացման ընթացքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ ստեղծագործության պատմական զարգացման ընթացքում ներդաշնակությունը ևս երկարատև ու նշանակալից զարգացում է ապրել։ Լիովին կատարյալ է Յոհան Սեբաստիան Բախի, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի և վիեննական դասականների երկերում՝ մաժոր և մինոր լադերի արտահայտչական հնարավորությունները լայնորեն երևան բերող, խրոմատիզմն ու մոդուլացումը լիարժեք օգտագործող, ֆունկցիոնալ առումով հստակ և ռացիոնալ կազմակերպված ներդաշնակությունը (18-րդ դար, 19-րդ դարի 1-ին քառորդ)։ Հետագա զարգացումը կապված է եղել մաժորա-մինոր միավորված համակարգի, ալտերացիայի առատացման և ոչակորդային հնչյունների ավելի ազատ կիրառման միջոցով ներդաշնակության դինամիկական ու գունային ֆունկցիաների մեծացման (19-րդ դար, ռոմանտիկներ), ապա՝ ներդաշնակության բոլոր տարրերը գերազանցապես գունային նպատակներին ենթարկելու (19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ, իմպրեսիոնիստներ) հետ։ Ներդաշնակության ամեն մի նոր ոճ գոյանում է հնի ընդերքում, և դրանք սովորաբար գոյակցում են։ Ժողովրդական ոճ օգտագործող մշակույթներում (ռուսական, նորվեգական, հունգարական և այլն) դասական ներդաշնակությունը այս կամ այն չափով անդրադարձրել է նաև ժողովրդական երաժշտության լադային առանձնահատկությունները։ Խոշորագույն կոմպոզիտորների ներդաշնակությանը հատուկ են նաև անհատական ոճական գծեր։ 20-րդ դարի մոդեռնիստական երաժշտության մեջ տեղի է ունեցել դիսոնանսի նոր մեկնաբանում (դիսոնանսը որպես գեղագիտորեն ինքնակա կատեգորիա՝ անկախ կոնսոնանսից), լադի ապակենտրոնացում, գոյացել են 12 «հավասարազոր» ասաիճանանոց համակարգեր, բարդացված հնչյունազուգորդումներ։ Այս բոլորի հետեանքով փոխվել է ներդաշնակության բուն արտահայտության կերպը։ Միաժամանակ առաջ են եկել դասական ոճերին, մասնավորապես միջնադարյան լադերի «մոդալ» հարմոնիային նորովի դիմելու երեույթներ (նեոկլասիցիզմ

Ներդաշնակությունը խորհրդային երաժշտական ստեղծագործություններում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային երաժշտական ստեղծագործությունը, որին հատուկ է արտահայտչամիջոցների, դրանց թվում և ներդաշնակության շարունակական թարմացման ձգտումը, ժամանակակից ներդաշնակության համընդհանուր նվաճումները ծառայեցնում է ռեալիստական գեղարվեստական կերպարներ կերտելու խնդրին, ներդաշնակության մեջ լայնորեն իրացնում բազմազգ ժողովուրդների ազգային երաժշտական մտածելակերպից բխող օրինաչափություններ։

Ներդաշնակությունը հայ դասականների ստեղծագործություններում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոմիտասը ԽՍՀՄ–ի 1969 թվականի նամականիշի վրա։

Հայ դասական ներդաշնակությունը ձևավորվել ու զարգացել է այն ոճով, որի հատկանիշներն են՝ մաժորա-մինոր համակարգի ներդաշնակությունը և հայ ժողովրդական երաժշտության լադերի առանձնահատկությունների օրգանական սինթեզը և անմիջականորեն այդ լադերի հատկանիշներից բխող ներդաշնակային ինքնատիպությունը (օրինակ, ժողովրդական երաժշտության լադային հատկանիշներ երևան բերող յուրատեսակ ակորդներն ու հաջորդականությունները Կոմիտասի երկերում)։ Անհատական գրելաձևի միջոցով արտահայտվող ազգային հատկանիշներ առկա են նաև հայ կոմպոզիտորների ներդաշնակության մեջ։

Ակորդի հնչյունների անունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերցիաներով դասավորված ակորդի ցածի հնչյունը կոչվում է հիմնական կամ պրիմա։

Ակորդի մնացած հնչյունները կրում են այն ինտերվալների անունները, որոնք կազմում են այդ հնչյուններից յուրաքանչյուրի և հիմնական հնչյունի միջև։ Այսպես, ըստ բարձրության ակորդի երկրորդ հնչյունը կոչվում է տերցիա, երրորդը՝ կվինտա, չորրորդը՝ սեպտիմա, հինգերրորդը՝ նոնա։

Ակորդի հնչյունները իրենց ամենատարբեր դասավորություններում պահպանում են այդ անունները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Է. Փաշինյան, Հարմոնիայի դասագիրք, 1960 Երևան
  • Ի.Դուբովսկի, Ս. Եվսեև, Ի. Սպոսոբին, Վ. Սոկոլով, Հարմոնիայի դասագիրք, Երևան, 1978, Էջ 7-9
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 309
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 243