Մարքսիստական տնտեսագիտության մեջ հավելյալ արժեքը բացատրվում էր որպես ապրանքի վաճառքի շնորհիվ ստացված գումարի և արտադրական ծախքի միջև եղած տարբերությունը։ Եզրույթի ծագումը վերագրվում է ռիկարդյան սոցիալիզմի տեսությանը (Դավիթ Ռիկարդո)։ «Հավելյալ արժեք» բառակապակցությունն առաջին անգամ օգտագործել է Ուիլյամ Թոմսոնը 1824 թվականին։ Այնուամենայնիվ, Թոմսոնը տարբերակում չէր մտցնում «հավելյալ արդյունք» և «հավելյալ արտադրանք» հարակից հասկացությունների միջև։ Հայեցակարգը հետագայում մշակվեց և հանրայնացվեց Կառլ Մարքսի կողմից, ով հավելյալ արժեքը ներկայացնում էր որպես վարձու բանվորի աշխատանքով իր աշխատուժի արժեքից ավելի ստեղծած արժեք, որն իբրև անհատույց յուրացնում էր կապիտալիստը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 267)։