Jump to content

Հայկական սփյուռք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկական սփյուռք (այլ կիրառումներ)

Հայկական սփյուռք, հայերի համայնքներն են, որոնք բնակվում են Հայաստանի սահմաններից դուրս։ Հայերի ընդհանուր քանակը ամբողջ աշխարհում խոշորացված հաշվարկներով կազմում է 10-12 միլիոն մարդ[1], ընդ որում Հայաստանի մշտական բնակչությունը 2011 թվականի մարդահամարի տվյալներով կազմում է 3 018 854, որից 2.961.801-ը (98 %-ը) հայեր են[2], իսկ Արցախի Հանրապետության մշտական բնակչության թիվը 2005 թվականի մարդահամարի տվյալներով կազմում է՝ 137,74 հզ., որից հայեր են՝ 137,38 հազարը[3]։ Հայկական սփյուռքի քանակը կազմում է մոտ 8-9 միլիոն մարդ[4]։

Նշված թվերը խոշորացված հաշվարկի արդյունք են և ներառում են հայկական ծագմամբ անձանց և կիսով չափ հայերին։ Անգամ առավելագույն գնահատականներով (Հայաստան և Արցախ՝ 3,000.0 հազար, Ռուսաստան՝ 2,500.0 հազար, ԱՄՆ՝ 1,500.0 հազար, Ֆրանսիա՝ 800.0 հազար, այլ երկրներ՝ ոչ ավելի, քան 2,000.0 հազար) թվաքանակը չի հասնում 10 միլիոնի։ Ցածր նախահաշվով հայերի թվաքանակը մոտենում է 7 միլիոնի, որից հայալեզու են 6 միլիոնը։ 1989 թվականի հայերի բաշխվածությունը (վեցից յոթ միլիոնի շրջանում)՝ 3,083,000 հայ Հայաստանում և 1,540,000 հայ ԽՍՀՄ մյուս հանրապետություններում (ըստ մարդահամարի), և տարբեր հաշվարկներով սփյուռքահայերի քանակը գնահատվում էր 1,700,000-2,200,000 մարդ։

Հայաստանը, աշխարհաքաղաքական կարևոր նշանակություն ունենալով, իր ողջ պատմության ընթացքում եղել է ժամանակի հզոր տերությունների շահերի բախման դաշտ։ Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև երկարատև ռազմաքաղաքական հակամարտությունը հանգեցրեց Հայաստանի առաջին բաժանմանը (387), ապա նաև՝ պետականության կործանմանը (428)։ Այդ շրջանը պայմանականորեն կարելի է համարել նաև հայ գաղթի պատմության սկիզբը։ Այդուհետ արտագաղթերը հայրենիքից դարձան հայ ժողովրդի պատմության մնայուն բնութագրերից մեկը։ Դարերի ընթացքում հայերի, ինչպես և այլ ժողովուրդների արտագաղթը հայրենիքից պայմանավորված է եղել երեք հիմնական գործոններով՝ տնտեսական, կրոնական և քաղաքական, որոնք, ինքնուրույն պետականության բացակայության պայմաններում, մշտապես ուղեկցվել են օտարազգի իշխանությունների կողմից իրականացվող բռնաճնշումներով և հալածանքներով։

Հայկական գաղթավայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս 3-4-րդ դարերում Սասանյան Արտաշիր I և Շապուհ II արքաների օրոք տեղի ունեցան հայերի առաջին խոշոր զանգվածային բռնագաղթերը Իրան։ Առավել հետևողական էր հայերի տեղահանման Բյուզանդիայի քաղաքականությունը, երբ մի քանի դար շարունակ հայերը պարտադրված էին գաղթել դեպի արևմուտք՝ կայսրության տարբեր շրջաններ, այդ թվում Բալկաններ՝ Թրակիա, Մակեդոնիա և այլն։ Հայ ազնվականության և զինվորականության շարունակական արտագաղթի արդյունքներից էր նրանց հայտնվելը բյուզանդական պետական կառուցվածքի ամենաբարձր օղակներում, ընդհուպ մինչև Մակեդոնական կամ Հայկական դինաստիայի հիմնումը (867-1057)։

Հայերի արտագաղթը հայրենիքից մեծ չափեր է ընդունել 11-17-րդ դարերում, երբ տարբեր քոչվոր ժողովուրդների (սելջուկներ, մոնղոլներ, կարակոյունլու և ակկոյունլու թուրքմեններ) ասպատակությունների պատճառով նրանք ստիպված էին գաղթել Ասորիք (Սիրիա), Միջագետք (Իրաք), Փոքր Ասիա և Կիլիկիա (Բյուզանդիա), Ղրիմ, Բուլղարիա, Ռումինիա, Լեհաստան, Հունգարիա՝ ամենուրեք հիմնելով համայնքներ։ Միջնադարյան Եվրոպայի ու Ասիայի հայկական գաղթավայրերում կառուցվում են եկեղեցիներ ու դպրոցներ՝ հայկական ինքնությունը և հայրենիքի հետ կապը պահելու համար։

Մերձավոր Արևելքը 1135 թվականին      Կիլիկիայի Հայկական Թագավորությունը

Հայ ժողովրդի պատմության մեջ նշանակալի երևույթ էր հայերի զանգվածային տեղափոխումը Կիլիկիա։ Սկիզբ առնելով դեռևս Հայաստանի առաջին բաժանումից հետո՝ այն առավել մեծ չափեր ընդունեց 10-11-րդ դարերում, երբ սելջուկների ներխուժման հետևանքով Կիլիկիա տեղափոխվեցին նաև որոշ թվով խոշոր ավատատերեր, իշխանական տոհմեր՝ իրենց վասալների հետ, սպարապետներ՝ իրենց զորքերով։ Որոշ ժամանակ անց հայերը Կիլիկիայում ոչ միայն գերիշխող դիրք գրավեցին ամենատարբեր ասպարեզներում, այլև հիմնեցին նախ իշխանություն, ապա և՝ Կիլիկիայի Հայկական Թագավորությունը, որի մայրաքաղաք Սիս տեղափոխվեց (մինչև 1441 թվականը) նաև Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսական աթոռը։ Թեև Կիլիկիայի հայկական թագավորության անկումից (1375) հետո մեծ թվով հայեր գաղթեցին Իտալիա, Սիրիա, Ֆրանսիա և այլուր, հայ ժողովրդի մի զգալի հատվածի կենսագործունեությունը Կիլիկիայում շարունակվեց հետագա դարերում (ընդհուպ մինչև 1921 թվականը), և Կիլիկիան հայերի համար դարձավ նրանց հայրենիքի կարևոր բաղկացուցիչ մասը։

Միջին դարերում հայերի տարածմանը տարբեր երկրներում մեծապես նպաստել է նաև այն, որ սկսած 16-րդ դարից՝ հայ վաճառականները Արևելքի և Արևմուտքի միջև ընթացող առևտրի կազմակերպիչներից էին։ Նրանց գործունեության շառավիղը ձգվում էր Հնդկաստանից և Պարսկաստանից մինչև Պորտուգալիա և Ֆրանսիա, իսկ Ռուսաստանի հարավային շրջաններում (Աստրախան, Նոր Նախիջևան և այլն) հաստատված հայերը խոշոր դեր են խաղացել ռուս-պարսկական առևտրական հարաբերությունների հաստատման, Ռուսաստանով տարանցիկ առևտրի կազմակերպման գործում։ Բոլոր այդ վայրերում նրանք հիմնել են վաճառականական ընկերություններ ու տներ, որոնց հիման վրա ձևավորվել են հայկական նոր համայնքներ։

Հայ ժողովրդի պատմության մեջ հատկապես ճակատագրական եղավ Օսմանյան կայսրության ընդարձակ տարածքներում թուրքերի կողմից բնիկ, քրիստոնյա ժողովուրդների (հայեր, հույներ, բուլղարներ և այլն) հալածման և բռնի թրքացման՝ իր ծավալով աննախադեպ քաղաքականությունը։ Այդ ժամանակաշրջանում հայերն ստիպված էին արտագաղթել ինչպես Հայաստանից, այնպես էլ թուրքերի գրաված այլ երկրներից, որտեղ նրանք հաստատվել էին նախորդ ժամանակներում։ Թուրքերի կողմից 1475 թվականին Ղրիմի գրավումից հետո մեծ թվով ղրիմահայեր գաղթել են Ռուսաստան, լեհահպատակ Ուկրաինա և այլուր։ 16-17-րդ դարերում Պարսկաստանի արքաները, և հատկապես շահ Աբբաս I-ը, իրենց երկրի տնտեսական զարգացումը խթանելու նպատակով, Պարսկաստան են բռնագաղթեցրել հարյուր հազարավոր հայերի, որտեղ նրանք հիմնել են նոր քաղաքներ (Նոր Ջուղա) կամ ստվարացրել հին հայկական համայնքները։

1826-1829 թվականներին Պարսկաստանի և Օսմանյան կայսրության դեմ Ռուսաստանի հաղթական պատերազմներից հետո Արևելյան Հայաստանը միացել է Ռուսական կայսրությանը, ինչին հաջորդել է պատմական հայրենիքի վերաբնակեցումը հայերով։ Երևանի և Նախիջևանի խանությունները, զարգացնելու և սահմանամերձ շրջաններում վստահելի բնակչություն ունենալու նպատակով Ռուսաստանը կազմակերպել է թուրքական և պարսկական տիրապետության տակ մնացած հայ բնակչության մի մասի (համապատասխանաբար 75-80 հազար և 40-42 հազար) ներգաղթը Արևելյան Հայաստան։ Դրա շնորհիվ կտրուկ աճեց տեղի հայ բնակչության թիվը, Արևելյան Հայաստանը վերածվեց հայ ժողովրդի համախմբման կենտրոնի։

Մինչդեռ Օսմանյան կայսրությունում ավելի էր խստանում հայերի սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային ճնշման քաղաքականությունը։ Հայերի ազատագրական շարժմանը վերջ դնելու նպատակով Թուրքիայի իշխանությունները սուլթան Աբդուլ Համիդ II-ի օրոք 1894-1896 թվականներին կազմակերպեցին շուրջ 300 000 հայերի սպանությունը Արևմտյան Հայաստանում և երկրի այլ վայրերում։ Դրա անխուսափելի հետևանքներից էր հայերի ավելի մեծ չափով արտագաղթը հայրենիքից՝ այս անգամ նաև դեպի Հյուսիսային և Հարավային Ամերիկա։

20-րդ դարասկզբին հայ բնակչության թվաքանակը գնահատվում էր ավելի քան 4 միլիոն, այդ թվում՝ 2.5 միլիոնը Օսմանյան կայսրությունում (Արևմտյան Հայաստան, Բալկաններ, Կոստանդնուպոլիս, Փոքր Ասիա և արաբական երկրներ), 1.2 միլիոնը Ռուսական կայսրությունում (Արևելյան Հայաստան, Կովկաս, Ուկրաինա-Լեհաստան, Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ), 200 հազարը Իրանում (Պարսկահայաստան, Թեհրան և Սպահան) և ավելի քան 100 հազարը (տարբեր հաշվարկներով) Եվրոպայում, Ասիայում ու Ամերիկայում։ Բուն Հայկական լեռնաշխարհի և Կիլիկիայի տարածքում բնակվող հայերի թիվն անցնում էր 2.2 միլիոնից, այսինքն՝ հայ բնակչության ավելի քան կեսը բնակվում էր պատմական բնօրրանում։ Այդ պատճառով նախքան 20-րդ դարասկիզբը հայրենիքից դուրս հայության պատմությունն ընդունված է համարել «հայկական գաղթավայրերի պատմություն»։

Հայկական սփյուռք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայ մայր և որդի գաղթի ճանապարհին (1919)
Հոդված Նյու Յորք Թայմս օրաթերթում Հայոց ցեղասպանության և հայկական սփյուռքի մասին

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին տարբեր երկրներում (Եգիպտոս, Իրան, Լիբանան, Սիրիա, Հնդկաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Բուլղարիա, ԱՄՆ և այլն) ապրող հայության ազգային գործունեությունը կազմակերպվում ու կարգավորվում էր համայնքային հաստատությունների մի ամբողջ համակարգով՝ եկեղեցիներ, բարեգործական, կրթամշակութային, հայրենակցական, քաղաքական և զանազան այլ կազմակերպություններ։ Հատկապես կարևորվում էին Կոստանդնուպոլիսը և Թիֆլիսը՝ արևմտահայության և արևելահայության մշակութային, քաղաքական և ֆինանսական կենտրոնները։ Գաղթաշխարհի խոշոր մշակութային կենտրոններից էին նաև Զմյուռնիան, Մոսկվան, Վենետիկը, Բաքուն, Կալկաթան։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության իշխանությունները ձգտել են վերջնականապես ճնշել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը և վերջ տալ Հայկական հարցի լուծմանն ուղղված միջազգային դիվանագիտության ջանքերին։ Այդ նպատակով նրանց կողմից 1915 թվականին Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և երկրի այլ վայրերում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության և բռնագաղթի քաղաքականության արդյունքում սպանվեց շուրջ 1,5 միլիոն հայ։ Պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո (1918) բռնագաղթը վերապրած հայությունը սկսեց վերադառնալ հայրենիք, նախ և առաջ ազատագրված Կիլիկիա։ Սակայն երբ 1921 թվականի վերջին Ֆրանսիան, դուրս հանելով իր զորքերը Կիլիկիայից, հանձնեց այն Թուրքիային, հայերը հարկադրված եղան վերջնականապես հեռանալ այնտեղից։

Հայ ժողովրդի պատմության մեջ 1915-1922 թվականներից հետո առաջին անգամ էր, որ

  • հայկական ազգային տարածքների հիմնական հատվածում՝ Արևմտյան Հայաստանում և Հայկական Կիլիկիայում, հայ բնակչությունը գրեթե ամբողջովին վերացավ
  • հայ ժողովրդի հիմնական զանգվածն սկսեց ապրել պահպանված ազգային տարածքի՝ Արևելյան Հայաստանի (որտեղ և ստեղծվեցին հաջորդաբար Հայաստանի երեք հանրապետությունները) սահմաններից դուրս
  • ինչպես բռնագաղթածները, այնպես էլ նրանց ժառանգները ցայսօր էլ զրկված են հայրենիք վերադառնալու հնարավորությունից։

Հայ գաղթականները, զրկվելով հայրենիքում ապրելու հնարավորությունից, սփռվեցին աշխարհի տարբեր երկրներում։ Հայ ժողովրդի կողմից կատարվածի ճակատագրական նշանակության գիտակցման արտահայտություններից է գաղթաշխարհի այդ՝ որակապես նոր տեսակի անվանումը «սփյուռք» (անգլ.՝ diaspora) հասկացությամբ, որը հայերենում մինչ այդ չէր կիրառվել սեփական պատմության, տարբեր երկրներում գոյություն ունեցող հայ համայնքների նկատմամբ։

Նաև Հայաստանի անկախության հռչակումից հետո բազմաթիվ հայեր տեղաթոխվել են մշտական բնակության օտար երկրներ։ Համաձայն Միավորված ազգերի կազմակերպություն տվյալների 2015թ. դրությամբ 940.000 մարդ ով ծնվել է Հայաստանի տարածքում ներկայումս ապրում է այլ երկրներում։ Այդ թվի հարաբերակցությունը ներկայիս ընդհանուր բնակչության վերաբերյալ 4-րդ ամենաբարձրն է ամբողջ աշխարհում, գերազանվելով նույնիսկ Սիրիաի տվյալները[5]։ Հետաքրքիր է, որ այդ հարաբերակցության թիվը մնացել է գրեթե անփոփոխ 1990-ից միչև 2015[6]։

Հայկական համայնքներն Արևելքի երկրներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Սիրիա և Լիբանան բռնագաղթած հայերի հիմնական զանգվածը պատերազմից հետո մշտական բնակություն է հաստատել հենց այդ երկրներում, մի մասն էլ տեղափոխվել է Հունաստան, Եգիպտոս, Ֆրանսիա, ԱՄՆ, Արգենտինա և այլ երկրներ։ Մինչև 1920-ական թվականների վերջը Արևելքի երկրներում գործել են մեծ թվով որբանոցներ և գաղթակայաններ, որոնք հիմնել էին հայկական (ՀԲԸՄ և այլն) և արտասահմանյան (Ամերիկյան նպաստամատույց՝ ԱՄԵՐԿՈՄ՝ անգլ.՝ Near East Relief և այլն) բարեգործական կազմակերպությունները։ 1938-1939 թվականներին, երբ Սիրիայի ֆրանսիական իշխանությունները Ալեքսանդրետի սանջակը մտցրին Թուրքիայի կազմի մեջ, տեղի բնիկ հայ բնակչությունը (շուրջ 40 հզ․ մարդ) նույնպես ստիպված եղավ արտագաղթել և հաստատվել Լիբանանում և Սիրիայում։

Արևելքի երկրների հայության ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն սփյուռքի մյուս համայնքների, նրանք գործում են իսլամադավան երկրներում։ Իսլամի և քրիստոնեության հիման վրա ձևավորված մշակույթների և ապրելակերպի էական տարբերությունները մեծապես նպաստում են հայերի ազգային ինքնության պահպանման վրա։ Կրոնամշակութային այդ առանձնացվածության հետևանքով հազվադեպ են ամուսնությունները տեղացիների և հայերի միջև։

Սկսած 1950-ական թվականների վերջից այս տարածաշրջանի հայ համայնքների բնականոն զարգացումն ընդհատվել է։ Եգիպտոսում, Սիրիայում, Լիբանանում, Իրանում և Արևելքի այլ երկրներում ազգայնական տրամադրությունների աշխուժացումը, ազգային փոքրամասնությունների իրավունքների ու գործունեության սահմանափակումները, քաղաքական անկայունությունը (քաղաքացիական պատերազմը Լիբանանում, Իսլամական հեղափոխությունը Իրանում, Իրանա-իրաքյան պատերազմը և այլն), ցածր կենսամակարդակը պատճառ են դարձել տեղի հայության արտագաղթի։ Ներսփյուռքյան այս պարտադրված տեղաշարժը, որն աննախադեպ էր իր ծավալով և տևողությամբ, բացասաբար է անդրադառնում Արևելքի համայնքների կենսունակության վրա՝ հարցականի տակ դնելով նրանց առաջատար դիրքը հայկական սփյուռքում։ Արտագաղթող հայերի բացարձակ մեծամասնությունը նախընտրել է Արևմուտքի զարգացած երկրների ժողովրդավարական հասարակարգն ու քաղաքական կայունությունը՝ գիտակցելով հանդերձ այդ երկրներում սոցիալ-տնտեսական ինքնահաստատման, ազգամշակութային ինքնության պահպանման հետ կապված դժվարությունները։

Լիբանանում, Սիրիայում, Իրանում և Արևելքի թույլ զարգացած, ագրարային այլ երկրներում հայերը շարունակել են զբաղվել արհեստներով և առևտրով, մասամբ նաև գյուղատնտեսությամբ։ Դա, ինչպես նաև տեղացիների ընդհանուր առմամբ բարյացակամ վերաբերմունքը, նպաստել են, որ հայերը համեմատաբար շուտ հարմարվեն նոր պայմաններին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղի հայերի մեջ զգալիորեն աճել է գործարարների, մասնագետների, ծառայողների և հատկապես ուսանողության թիվը։ 1960-ական թվականներին հայերին էին պատկանում Լիբանանի խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների 18%-ը և մանր արհեստավորական ձեռնարկությունների 43%-ը։ Իրանի և Լիբանանի հայության սոցիալ-իրավական կարգավիճակի կարևոր առանձնահատկություններից է այն, որ այստեղ նրանք ճանաչվում են որպես ազգային-կրոնական համայնք, ինչի շնորհիվ էլ իրենց ներկայացուցիչներն ունեն այդ երկրների խորհրդարաններում ու կառավարություններում։

Մարի և Վաղինակ Բեքարյանները 1918 թվականին Ադիս Աբեբայի հայկական դպրոցի սաների հետ, Եթովպիա

Սկսած 1920-ական թվականներից՝ Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում, Իրանում մինչ այդ գործող դպրոցների կողքին հիմնվել է հայկական միջնակարգ (երկրորդական) և նախակրթական դպրոցների լայն ցանց։ Տեղի հայության համար հայոց լեզուն ներկայումս էլ հաղորդակցման բնական միջոց է, այստեղ տարբեր տարիներին հրատարակվել են մեծ թվով հայկական թերթեր ու ամսագրեր, պահպանվել և զարգացել են հայ գեղարվեստական գրականության ավանդույթները։ Բազմաթիվ ազգային, հատկապես մշակութային կազմակերպությունների, կրթական հաստատությունների, հայալեզու պարբերականների գոյությունը ստեղծել է ուրույն հայկական մթնոլորտ Հալեպի, Բեյրութի գրեթե ամբողջովին հայերով բնակեցված առանձին թաղամասերում։ Լիբանանի, Սիրիայի և Իրանի հայ համայնքները մինչև 1980-ական թվականները հայ սփյուռքի մշակութային և քաղաքական կենտրոններն էին։ Այստեղ են մեծացել ու կրթություն ստացել նաև այլ երկրների համայնքային առաջնորդների զգալի մասը։ Արևելքի երկրների համայնքների մշակութային և կրթական առաջընթացին մեծապես նպաստել է նաև Արևմուտքի երկրների, հատկապես ԱՄՆ-ի, հայության մշտական ֆինանսական օժանդակությունը, որի շնորհիվ հիմնվել են դպրոցներ, երիտասարդական կենտրոններ, հիվանդանոցներ, տրամադրվել են կրթաթոշակներ և այլն։

Հայկական համայնքներն Արևմուտքի երկրներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերը Եվրոպայում հաստատվել են վաղնջական ժամանակներից։ Միջնադարում հայտնի էին Արևելյան Եվրոպայի հայկական գաղութները, որոնց մեծ մասը առևտրական քաղաքներ կամ թաղամասեր էին, ունեին իրենց դպրոցները, եկեղեցիները, ինչպես նաև՝ տպարանները։

Լիթլ Արմենիա թաղամասը Լոս Անջելես քաղաքում, ԱՄՆ

Սկզբնական շրջանում առավել ծանր էր հայ գաղթականների վիճակը Արևմուտքի արագ զարգացող արդյունաբերական երկրներում (ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա և այլն)։ Չունենալով բավարար մասնագիտական հմտություններ, որպես կանոն չտիրապետելով տեղի լեզուներին՝ նրանք ստիպված էին հիմնականում կատարել որակավորում չպահանջող, ծանր ու ցածր վարձատրվող աշխատանք։ Ներգաղթած հայերը իրական պատկերացում չունեին այդ ժողովուրդների ապրելակերպի, բարոյական ու մշակութային նորմերի մասին, որոնք հաճախ խորթ և անընդունելի էին իրենց համար։ Արևմուտքի երկրների ժողովուրդները, իրենց հերթին, անծանոթ լինելով հայերին, ինքնաբերաբար նրանց վրա էին տարածում «ասիացիների» մասին ունեցած իրենց բացասական պատկերացումները։ Դրա դրսևորումներից էր, օրինակ, 1920-ական թվականներին հայերի բնակության վայրի և աշխատանքի ընտրության, հասարակական փոխադրամիջոցներից օգտվելու և քաղաքացիական այլ իրավունքների խիստ սահմանափակումները ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում։ Միայն տարիներ անց հայերը կարողացան դառնալ այդ երկրների լիիրավ քաղաքացիներ։ Իսկ արդեն Արևմուտքի երկրներում մեծացած ու կրթություն ստացած սփյուռքահայերն իրենց տեղը զբաղեցրեցին սոցիալ-տնտեսական աստիճանակարգության միջին և բարձր օղակներում։ Դրանց թվում են անհատ ձեռներեցներ, պետական և այլ ծառայողներ, գիտնականներ, դասախոսներ, գիտատեխնիկական տարբեր ոլորտների բարձրորակ մասնագետներ, մեծաթիվ ուսանողություն և այլն։

Արևմուտքի երկրների հայերի՝ որպես հասարակության արժանապատիվ քաղաքացիների, ինքնահաստատմանը մեծապես նպաստել է նրանց գործուն մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին. ԱՄՆ-ի շուրջ 18 500 և Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի շուրջ 10 000 հայազգի քաղաքացիներ նշված երկրների զինված ուժերում մարտնչել են Ֆաշիստական Գերմանիայի ու նրա դաշնակիցների դեմ։ Իսկ վերջինների կողմից գրավված Ֆրանսիայում, Հունաստանում, Բուլղարիայում և այլ երկրներում տեղի հայությունը մասնակցել է նաև Դիմադրության զինված պայքարին։

Այդ տարիներին սփյուռքահայությունը կազմակերպել է նաև հատուկ հանգանակություններ Խորհրդային Միության օգտին, որոնց կարևոր արդյունքներից էր «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան ստեղծումը։

Արևմուտքի երկրների մշակույթի մշտական և ուժեղ ներգործության պայմաններում հայերի համար ամենաբարդ և դժվար խնդիրներից է ազգային ինքնության պահպանումը։ Հայերը և հատկապես նրանց առաջին սերունդները, ցանկանալով ներգրավվել ընդունող հասարակություններում, ձգտել են առավելագույնս որդեգրել տեղի կենսաոճն ու սոցիալ-մշակութային արժեքները՝ միաժամանակ սահմանափակելով իրենց ազգային, ավանդական մշակույթի դրսևորումները։ Այսպես՝ այդ երկրներում երկար ժամանակ գոյություն են ունեցել միայն մեկօրյա հայկական դպրոցներ, որոնք չէին կարող բավարարել ազգային դաստիարակության և կրթության պահանջները։

Հարավային Ամերիկայի երկրների (Արգենտինա, Բրազիլիա, Ուրուգվայ և այլն) համայնքների կազմավորումն ու զարգացումը հիմնականում ընթացել է Արևմուտքի երկրների հայկական համայնքների նման։ Այդ համայնքների կարևոր առանձնահատկություններից է այն, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո չի նկատվել տեղի հայերի շոշափելի արտագաղթ։ Միևնույն ժամանակ սփյուռքի այլ համայնքներից և Հայաստանից համեմատաբար քիչ թվով հայեր են գաղթել Հարավային Ամերիկայի երկրներ։

Մշակութային և կրթական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայ պարախումբ Սբ․ Կարապետ եկեղեցու մոտ, նկարը՝ նորվեգական արխիվներից

Արևմուտքի երկրների հայության ազգային գործունեությունը զգալիորեն աշխուժացել է, երբ 1960-ական թվականներին սկսվել է հայերի ներհոսքը Արևելքի երկրներից, իսկ 1980-ական թվականների վերջից՝ նաև Հայաստանից։ Եթե ԱՄՆ-ում, Կանադայում, Անգլիայում, Ֆրանսիայում և այլ երկրներում նրանք համալրել են տեղի հայ համայնքները, ապա Շվեդիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Հոլանդիայում, Բելգիայում և այլ երկրներում հիմնել են նոր համայնքներ կամ վերակենդանացրել եղածները։ Առավել արդյունավետությամբ են սկսել գործել համայնքային հիմնարկությունները, հիմնվել են կրթական և մշակութային նոր հաստատություններ, թերթեր, գեղարվեստական խմբեր և այլն։ Գլխավորապես նրանց ջանքերի շնորհիվ 1960-ական թվականների կեսերին ԱՄՆ-ում հիմնվել են առաջին ամենօրյա հայկական դպրոցները։ Գրեթե բոլոր երկրներում գործող հայկական ամենօրյա դպրոցները մասնավոր են և, ի տարբերություն պետական դպրոցների, վճարովի։ Ուսուցումն այդ դպրոցներում ընթանում է համաձայն տվյալ երկրի պետական ուսումնական ծրագրերի և տեղական լեզուներով, ինչը պարտադիր պայման է ավարտական վկայականը պետության կողմից ճանաչվելու համար։ Հայկական դպրոցների ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ հիմնական ծրագրի հետ երեխաներն ուսանում են հայոց լեզու ու գրականություն, հայ ժողովրդի (ներառյալ եկեղեցու) պատմություն, հայկական երգ ու պար։ Խիստ կարևոր է նաև այդ դպրոցներում ստեղծված ազգային մթնոլորտը, ինչի շնորհիվ էլ հայ երեխաների մեջ ձևավորվում է ազգային ինքնագիտակցությունը։

Այդուհանդերձ, Արևմուտքի երկրներում գործող սակավաթիվ հայկական միջնակարգ դպրոցներում սովորում է հայազգի երեխաների փոքր մասը։ Որպես հետևանք՝ տեղի հայերի, հատկապես երիտասարդության ճնշող մեծամասնությունը լավագույն դեպքում տիրապետում է հայերենի խոսակցական լեզվի սոսկ տարրերին։ Դա իր հերթին անդրադառնում է հայկական մամուլի վրա. ավելանում են տեղական լեզուներով հրատարակությունների թիվը, իսկ հայալեզու պարբերականները, որպես կանոն, ունեն օտարալեզու հատուկ ենթաբաժիններ կամ հավելվածներ։ Ի տարբերություն Արևելքի երկրների՝ տեղի հայ համայնքներում ձևավորված մշակութային ոլորտը չի նպաստում հայալեզու գրականության զարգացմանը, խթանում է օտարագիր հայազգի գրողների ի հայտ գալուն։ Արևմուտքի երկրներում հայկական հիմնարկությունների արդյունավետ գործունեությանը, դրանում մեծ թվով հայերի ներգրավմանը մեծապես խոչընդոտում է նաև մեծ քաղաքներում ցրված բնակչությունը։

Կրոնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշված երկրներում յուրահատուկ դեր է վերապահված հայերի կրոնական պատկանելությանը։ Սփյուռքի ձևավորման շրջանում այն զգալի չափով նպաստել է տեղի՝ նույնպես քրիստոնյա ժողովուրդների կողմից հայերի մասին նպաստավոր կարծիքի ձևավորմանը, իշխող միջավայրին հայերի արագ հարմարվելուն։ Դրա հետ մեկտեղ, նույն քրիստոնյա միջավայրը զգալիորեն նվազեցրել է Հայ եկեղեցու դերը, իսկ որոշ իմաստով նույնիսկ դյուրացրել հայերի ազգամշակութային ձուլումը։ Այդ է վկայում այլազգիների հետ հայերի ամուսնությունների թվի մշտական աճը. Արևմուտքի և Հարավային Ամերիկայի երկրների հայության շրջանում դրանք կազմում են ամուսննությունների ընդհանուր թվի շուրջ 60%-ը։

Հետխորհրդային տարածքի հայ համայնքները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելքի ու Արևմուտքի երկրների համեմատ սկզբունքորեն այլ էր հայության վիճակը Խորհրդային Միությունում։ Խորհրդային իշխանությունների ազգային քաղաքականությունը բացասական հետևանքներ ունեցավ երկրի՝ Խորհրդային Հայաստանի սահմաններից դուրս ապրող հայության համար։ ԽՍՀՄ իշխանությունները, ազգային սկզբունքի հիման վրա ստեղծելով առանձին հանրապետություններ, միևնույն ժամանակ անտեսեցին ազգային փոքրամասնությունների գրեթե բոլոր իրավունքները։ Հատկապես ճակատագրական եղավ հայկական առանձին տարածքների հանձնումը Խորհրդային Ադրբեջանին. Նախիջևանը լրիվ հայաթափվեց, իսկ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայությունը Խորհրդային Միության փլուզումից հետո ստիպված եղավ զենքով պաշտպանել ազատ և ինքնուրույն ապրելու իր իրավունքը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (1944 թ-ին) Ղրիմում ապրող մի շարք ժողովուրդների (թաթարներ, հույներ, բուլղարներ) հետ միասին Ղազախստան և Ալթայի երկրամաս արտաքսվեցին նաև հազարավոր հայեր։

Հատկանշական է, որ խորհրդային իշխանության տարիներին թե պաշտոնական և թե գիտական հրապարակումներում, խոսելով ԽՍՀՄ տարածքում Խորհրդային Հայաստանի սահմաններից դուրս ապրող հայերի մասին, երբեք չէր կիրառվում սփյուռք հասկացությունը։ Գաղափարախոսական միտվածություն ունեցող այս մոտեցումը հիմնավորվում էր նրանով, որ հայերը (այդ թվում՝ և Խորհրդային Հայաստանում բնակվող) որպես Խորհրդային Միության լիիրավ քաղաքացիներ, բաղկացուցիչ մասն են «պատմական նոր հանրության»՝ խորհրդային ժողովրդի։ Այդ մոտեցումն այնքան խորն էր արմատավորվել հասարակական գիտակցության մեջ, որ Հայաստանի անկախացումից հետո էլ հայաստանյան ամենատարբեր հրապարակումներում լայն տարածում գտավ «ներքին սփյուռք» ոչ գիտական բնորոշումը։

Խորհրդային Միության ռուսականացման քաղաքականությունը, երկրում հայկական ազգային հաստատությունների բացակայությունը անհնարին էին դարձնում տեղի հայության հավաքական ազգային մշակութային գործունեությունը։ Հայերի ազգամշակութային ձուլմանը նպաստում էին նաև Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում նրանց ամուսնությունները (ընդհանուր թվի ավելի քան 50%-ը) տեղացիների հետ։ Իսլամադավան բնակչություն ունեցող հանրապետություններում (Ադրբեջան, Ուզբեկստան, Տաջիկստան և այլն) տեղի մշակույթների ազդեցությունը եղել և մնում է սահմանափակ։

Հայերը Վրաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը

Ինչպես խորհրդային շրջանում, այնպես էլ ներկայումս ամենահայաշատ հանրապետություններից է Վրաստանը, որտեղ հայերը զանգվածաբար բնակվում են Հայաստանի սահմանամերձ Նինոծմինդայի, Ախալքալաքի, Ծալկայի և Մառնեուլի շրջաններում, նաև մայրաքաղաք Թբիլիսիում, որը մինչև 1920-ական թվականներն Հարավային Կովկասի հայության մշակութային և քաղաքական ամենամեծ կենտրոնն էր։ Խորհրդային իշխանության օրոք վիրահայոց ազգային մշակութային կյանքն ու գործունեությունը նույնպես ենթարկվել է սահմանափակումների և ճնշումների։ Դրա հետ մեկտեղ, վրացահայերը իրենց բազմադարյան պատմության և Վրաստանի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, ինչպես նաև թվաքանակի ու համահավաք բնակվելու հանգամանքի շնորհիվ որոշ արտոնություններ են ստացել ազգամշակութային ոլորտում։

1990-ական թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ գոյության վերջին տարիներն առանձին հանրապետություններում ապրող հայության համար նշանավորվեցին ողբերգական իրադարձություններով։ 1988-1992 թվականներին Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած զանգվածային սպանությունների ու հալածանքների հետևանքով տեղի հայ բնակչության հիմնական մասը (շուրջ 350-400 հզ.) ինչպես Բաքվից և Կուրից հյուսիս ընկած շրջաններից (Շամախի, Շաքի, Վարդաշեն, Իսմայիլի, Մինգեչաուր և այլն), այնպես էլ պատմական Հայաստանի մասը կազմող որոշ տարածքներից (Կիրովաբադ-Գանձակ, Շամխոր, Դաշքեսան, Խանլար, Շահումյան) հարկադրաբար գաղթել է Հայաստան, Ռուսաստան և այլուր։ Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանի Հյուսիսային Կովկասի տարածաշրջանում, ինչպես նաև միջինասիական նորանկախ պետություններում (Տաջիկստան, Ղրղզստան, Թուրքմենստան և այլն) տիրող անկայուն ներքաղաքական իրավիճակի պատճառով տեղի հայերի մի մասը ևս տեղափոխվել է Ռուսաստանի տարբեր շրջաններ։

1990-ական թվականների Հայաստանի ծանր սոցիալ-տնտեսական վիճակի հետևանքով սկիզբ առած, իր չափերով աննախադեպ զանգվածային արտագաղթը նպաստել է Ռուսաստանի տարածքում հայ բնակչության թվի զգալի աճին։ Շուրջ 1 միլիոն արտագաղթածների մեծ մասը բնակություն է հաստատել Ռուսաստանի Կրասնոդարի, Ստավրոպոլի երկրամասերում, Ռոստովի մարզում, Մոսկվայում, Մոսկվայի մարզում և այլ շրջաններում։

ԽՍՀՄ փլուզումից հետո նորանկախ պետությունները որդեգրել են նոր քաղաքականություն ազգային փոքրամասնությունների հանդեպ։ Հայկական համայնքներ են ձևավորվել բոլոր հայաբնակ վայրերում, վերաբացվել կամ հիմնվել են հայկական եկեղեցիներ, կրթական, մշակութային և այլ կազմակերպություններ, սկսել են հրատարակել պարբերականներ, հիմնականում՝ տեղական լեզուներով։ Ինչպես Արևելքի երկրներից Արևմուտք տեղափոխված, այնպես էլ Հայաստանից Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում և այլուր հաստատված հայերը նպաստել են ազգային կյանքի աշխուժացմանը, նոր համայնքներ հիմնել այդ երկրների շրջաններում։

Խորհրդային Միությունում հայերը զգալի դեր են խաղացել երկրի քաղաքական, մտավոր և հոգևոր կյանքի ամենատարբեր բնագավառներում։

Սփյուռքի կազմակերպական կառուցվածքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սփյուռքահայության հավաքական և նպատակաուղղված ազգային գործունեությունն իրականացվում է բազմաթիվ և բազմապիսի կազմակերպությունների միջոցով, որոնցում հարկ է տարբերակել համասփյուռքյան (գրեթե բոլոր համայնքներում գործող) և զուտ տեղական բնույթի կազմակերպություններ։

Հայ եկեղեցու դերը ժողովրդի ինքնապահպանման հարցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սփյուռքի բոլոր համայնքներում գործող ազգային հաստատությունների շարքում հատկապես կարևոր է Հայ առաքելական եկեղեցու դերը, որի հետևորդն է սփյուռքահայերի գերակշիռ մեծամասնությունը։ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց (301) հետո Հայ առաքելական եկեղեցին դարձավ հայ ժողովրդի ինքնապահպանման և զարգացման ամենաազդու միջոցը նախ Իրանի, իսկ 554 թվականի Դվինի եկեղեցական ժողովից հետո՝ նաև Բյուզանդիայի մշակութային և քաղաքական հարձակողական քաղաքականության դեմ։ Իր ազգապաշտպան այդ դերը Հայ եկեղեցին շարունակեց կատարել նաև հետագա ժամանակներում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Պետականության բացակայության պայմաններում Հայ եկեղեցին, հանդիսանալով ազգը համախմբող հիմնական միջոց, իր հերթին, անհրաժեշտության դեպքում դիմում էր ամենակոշտ միջոցների՝ կրոնական հողի վրա ժողովրդի պառակտումը կանխելու համար։ Դրա օրինակներից էր Հայաստանում առաջացած և եկեղեցու պաշտոնական վարդապետությանը հակադրվող Պավլիկյան, իսկ այնուհետև Թոնդրակյան աղանդավորական շարժման հետևորդների հետապնդումներն ու վտարումը երկրից 8-11-րդ դարերում։

Սառը պատերազմի տարիներին, երբ քաղաքական-գաղափարաբանական առճակատման մեջ ներքաշվեց նաև Հայ առաքելական եկեղեցին, սփյուռքի որոշ թեմեր Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության ազդեցությամբ դադարեցին ճանաչել Սուրբ Էջմիածնի վարչական գերագույն իշխանությունը և անցան Մեծի Տանն Կիլիկիո (Անթիլիաս, Լիբանան) կաթողիկոսության ենթակայության տակ։ Դա բացասաբար է անդրադարձել թե Հայ եկեղեցու և թե ողջ սփյուռքահայության միասնության վրա՝ հրատապ դարձնելով Հայ առաքելական եկեղեցու վերամիավորման անհրաժեշտությունը։ Սփյուռքահայ համայնքների մեծ մասում գործում են նաև հայ կաթոլիկ և ավետարանական եկեղեցիներ։

Կուսակցություններ և մշակութային, բարեգործական կազմակերպություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համասփյուռքյան կազմակերպություններից են Սոցիալ դեմոկրատ Հնչակյան (ՍԴՀԿ), Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՀԴ), Ռամկավար-ազատական (ՌԱԿ) ազգային քաղաքական կուսակցությունները, Նոր սերունդ, Համազգային, Թեքեյան մշակութային միությունները, Հայ երիտասարդաց ընկերակցություն, Հայ մարմնակրթական ընդհանուր միություն, Հայ մարմնամարզական միություն երիտասարդական կազմակերպությունները։ Տասնամյակներ շարունակ նշանակալի էր նաև հայրենակցական միությունների գործունեությունը։

Սփյուռքի պայմաններում կենսական մեծ նշանակություն ունեն բարեգործական կազմակերպություններն ու հիմնադրամները՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), Հայ օգնության միությունը (ՀՕՄ), Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ), Հովարդ Կարագյոզյան հաստատությունը, Գալուստ Կյուլպենկյան հիմնարկությունը և այլն։

Այս առումով որոշակի առանձնահատկություններ են բնորոշ հետխորհրդային տարածքի նորանկախ պետությունների հայ համայնքներին, որտեղ նշված համասփյուռքյան կազմակերպությունները տեղական մասնաճյուղեր չունեն։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված կազմակերպությունները ստեղծվել են կամ մինչև Առաջին համաշխարհային պատերազմը՝ արևմտահայությանն օժանդակելու նպատակով (ՀԲԸՄ, ՀՕՄ) կամ հենց սփյուռքահայերի կողմից՝ 1920-1940-ական թվականներին։ Խորհրդային Միության քաղաքականությունն ազգային փոքրամասնությունների նկատմամբ բացառում էր այդ կազմակերպությունների գոյությունը երկրում։ Այդ իսկ պատճառով տեղի հայությունը մշակում և գործադրում է համայնքային կառույցների ուրույն ձևեր ու տեսակներ՝ ձգտելով ստեղծել համահամայնքային ներկայացուցչական մարմիններ։

Սփյուռքի բոլոր համայնքներում, համասփյուռքյան կազմակերպություններից զատ, գոյություն ունեն նաև բազմաթիվ այլ մշակութային, կրթական երիտասարդական-մարզական, կանանց, մասնագիտական և այլ միություններ, որոնց գործունեության դաշտը սահմանափակված է մեկ երկրով կամ նույնիսկ մեկ քաղաքով (Ռուսաստանի հայերի միություն, Ֆրանսահայ բժիշկների միություն, Կանադայի հայ առևտրականների միություն և այլն)։

Հայ սփյուռքում դեռևս չեն ստեղծվել ընտրովի ներկայացուցչական մարմիններ, որոնք իրավասու լինեին հանդես գալու ամբողջ սփյուռքահայության, տվյալ երկրի կամ նույնիսկ տվյալ քաղաքի հայության անունից։ Նման մարմիններ ստեղծելու, սփյուռքահայերի ազգային գործունեությունը համադրելու փորձերը դեռևս արդյունք չեն տվել։

Կազմակերպությունների նպատակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սփյուռքի գրեթե բոլոր կազմակերպությունների գործունեության կարևոր նպատակներից է Հայկական հարցի լուծումը։ 1960-ական թվականներից սկսած՝ հիմնվել են նաև հատկապես նման ուղղվածությամբ կազմակերպություններ, որոնցից ամենաազդեցիկն են Հայ դատի հանձնախումբը և Ամերիկայի հայկական համագումարը։ Բոլոր այդ կազմակերպությունների երկարամյա և հետևողական գործունեությունը մեծապես նպաստել է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության փաստի ճանաչմանը կամ դատապարտմանը մի շարք երկրների և միջազգային որոշ կազմակերպությունների կողմից։

Ավանդական կուսակցական կառույցներից զատ Հայաստանի անկախության ճանաչումից հետո ձևավորվեցին մի քանի անկուսակցական կառույցներ․ Ռուսաստանում՝ Համաշխարհային Հայկական Կոնգրեսը[7] և Արևմտահայոց համագումարը[8], Եվրոպայում՝ Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը[9], Եվրոպայի Հայերի Համագումարը[10],, Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը[11] Միացյան Նահանգներում՝Արևմտյան Հայաստանի իրավունքների պաշտպանության կոմիտեն[12] որոնց նպատակ են հռչակել միջազգային իրավունքների շրջանակներում վերականգնել Արևմտյան Հայաստանի նկատմամաբ հայ ժողովրդի իրավունքները։

Հայաստան-սփյուռք հարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ սփյուռքի կենսունակությունը պայմանավորված է նրա մշտական և բազմաբնույթ հարաբերություններով Հայաստանի հետ։ Դեռևս Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918) շուրջ 350 000 հայ գաղթեց Ռուսական կայսրություն՝ հիմնականում Արևելյան Հայաստան։

Հայ պետականության վերականգնումը՝ ի դեմս Հայաստանի առաջին հանրապետության (1918 թ-ի մայիս-1920 թ-ի դեկտեմբեր), մեծ ոգևորությամբ ընդունվեց արտասահմանի հայության կողմից։ Մի շարք երկրներից Հայաստան եկան գիտնականներ, բարձրորակ մասնագետներ, ռուսական բանակի հայազգի սպաներ՝ հայրենիքի վերաշինմանը մասնակցելու նպատակով։

Խորհրդային կարգերի օրոք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի Առաջին Հանրապետության երկրորդ կաբինետի անդամները, 1919 թ: Նստած են՝ Ա. Սահակյան, Ալեքսանդր Խատիսյան, գեներալ Քրիստափոր Արարատյան: Կանգնած են՝ Նիկոլ Աղբալյան, Աբրահամ Գյուլխանդանյան, Ս. Արարատյան:

Խորհրդային կարգերի օրոք (1920-1991) Հայաստանի բոլոր տեսակի շփումները սփյուռքի հետ ծրագրավորվել և վերահսկվել են ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների կողմից և ծառայեցվել երկրի պետական ու քաղաքական շահերին։ ԽՍՀՄ-ն իր արտաքին քաղաքականության հիմքում դնելով դասակարգային անհաշտ պայքարի համաշխարհային հեղափոխության գաղափարներ՝ նույնպիսի քաղաքականություն է պարտադրել նաև Հայաստանի իշխանություններին՝ հայկական սփյուռքի հանդեպ։ Այդ քաղաքականության հիմնական կետերից էին. բռնագաղթած հայերի հայրենիք վերադառնալու իրավունքների լրիվ անտեսում և դրա փոխարեն բուրժուական շահագործողների դեմ պայքարում թուրք աշխատավորների հետ համերաշխվելու կոչեր, սփյուռքահայերին իրենց երկրների հեղափոխական շարժումների մեջ ներքաշելու փորձեր, սոցիալ-դասակարգային պայքարի հրահրում հայկական համայնքներում, Հայաստանի խորհրդային իշխանությունների քաղաքականության անվերապահ պաշտպանության պարտադրում և այլն։

Դրա հետ մեկտեղ, սփյուռքահայ կազմակերպությունները և հատկապես ազգային կուսակցությունները հայտարարվեցին Խորհրդային Հայաստանի և սփյուռքահայ աշխատավորության թշնամիներ, որոնց դեմ պետք էր անզիջում պայքար մղել։ Այս դրույթը սկսեց իրագործվել հատկապես 1921 թվականի հակաբոլշևիկյան ապստամբության ճնշումից հետո, երբ երկրից ստիպված էին հեռանալ իշխանությունների բոլոր գլխավոր ընդդիմադիր ուժերը, այդ թվում նաև ՀՀԴ-ն։ Վերջինս ոչ միայն պահպանեց իրեն հատուկ հակախորհրդային ուղղվածությունը սփյուռքում, այլև կարճ ժամանակամիջոցում կազմակերպված բնույթ հաղորդեց դրան։ Սփյուռքում սկիզբ առած քաղաքական առճակատման հիմքում ընկած էր Հայաստանի հետ հարաբերվելու գլխավոր չափանիշի ընտրությունը. այդպիսին համարել Հայաստանի իշխանությունների գաղափարախոսությունը, թե հենց Հայաստանի գոյության փաստը։ Սփյուռքի մի մասը՝ «կոշտ» ընդդիմությունը, ՀՀԴ-ի գլխավորությամբ առաջնային համարեց գաղափարական չափանիշը։ Սփյուռքի մյուս մասը՝ ՌԱԿ-ի և ՍԴՀԿ-ի գլխավորությամբ, հայ ժողովրդի ազգային շահերի տեսակետից խորհրդային իշխանությունը համարելով չարյաց փոքրագույնը, բավարարվեց «մեղմ» ընդդիմության դերով՝ ձգտելով բարիդրացիական հարաբերություններ հաստատել Խորհրդային Հայաստանի հետ։ Դրանով իսկ սփյուռքում հաստատվեց քաղաքական հարաբերական հավասարակշռություն, որն իր բոլոր բացասական հետևանքներով հանդերձ, հնարավորություն տվեց հարմարվել երկու համաշխարհային համակարգերին, որոնցից մեկում ապրում էին իրենք, մյուսում՝ Հայաստանը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկիզբ առած սառը պատերազմի սահմաններում Խորհրդային Միությունը, ձգտելով էլ ավելի ընդլայնել իր ազդեցության ոլորտները, որդեգրեց ավելի ճկուն քաղաքականություն՝ դաշնակիցներ ու բարեկամներ ձեռք բերելով արդեն ոչ միայն և ոչ այնքան դասակարգային, որքան ընդհանուր քաղաքական շահերի հիման վրա։ Համապատասխանաբար խմբագրվեց և Հայաստանի քաղաքականությունը սփյուռքի հանդեպ. ՌԱԿ-ը և ՍԴՀԿ-ն իրենց կառույցներով սկսեցին դիտվել որպես «առաջադիմական, հայրենասիրական» ուժեր և նրանց ընձեռվեցին Հայաստանի հետ շփվելու սահմանափակ հնարավորություններ, իսկ ՀՀԴ-ի հանդեպ անհանդուրժողական դիրքորոշումը մնաց անփոփոխ։ Այդ նոր քաղաքականության դրսևորումներից էր Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի հիմնումը (1964), որի միջոցով էլ հետագա տարիներին որոշ չափով ապահովվում էին հայ ժողովրդի երկու հատվածների հարաբերությունները։

Հայաստանի խորհրդային իշխանությունները, գաղափարական պայքար ծավալելով սփյուռքի քաղաքական կազմակերպությունների դեմ, միաժամանակ իրենց գոյության առաջին իսկ տարիներից որդեգրեցին տարբեր երկրներում ցրված հայությանը Հայաստան տեղափոխելու քաղաքականությունը։

Վերադարձ Հայաստան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջուլիան Զասսո (1833-1889), Վահան Մամիկոնյանի վերադարձը հայրենիք

1921 թվականի դեկտեմբերին Խորհրդային Հայաստանի կառավարության ջանքերի շնորհիվ Միջագետքի (Իրաք) բրիտանական իշխանությունները ստիպված եղան այստեղ հատուկ ճամբարներում ապաստանած հայ գաղթականների առաջին խումբը (շուրջ 3 000 մարդ, հիմնականում վասպուրականցիներ) նավերով տեղափոխել Բաթում, որտեղից նրանք ուղևորվեցին Հայաստան։ Ընդամենը քսան օր անց՝ 1922 թվականի հունվարի 10-ին, Բաթում ժամանեց Միջագետքում ապաստանած հայերի երկրորդ՝ նույնպես 3 000 հոգուց բաղկացած խումբը։ Նույն տարում Իրանից, Կոստանդնուպոլսից ներգաղթեց ևս 3500 մարդ։ Դրանով իսկ սկիզբ դրվեց հայրենադարձությանը, որն ընդմիջումներով շարունակվեց հետագա տասնամյակների ընթացքում։

1923 թվականին Հայաստան ներգաղթեց մոտ 1000 մարդ՝ մեծ մասամբ վասպուրականցիներ, 1924 թվականին՝ 4167 մարդ Սիրիայից, Հունաստանից, Ֆրանսիայից և Թուրքիայից, 1925 թվականին՝ 5016 մարդ՝ հիմնականում Հունաստանից, ինչպես նաև Իրաքից, Թուրքիայից և այլն։ Հետագա տարիներին՝ 1926-1929 թվականներին, 1932-1933 թվականներին և 1936 թվականին, տարբեր երկրներից Հայաստան ներգաղթեց ևս շուրջ 23 000 մարդ։ 1921-1936 թվականներին ներգաղթածների ընդհանուր թիվը հասավ ավելի քան 42 000-ի։ Նկատի առնելով, մի կողմից, Հայաստանի խիստ ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, մյուս կողմից՝ Հայաստան ներգաղթել ցանկացողների թվի մշտական աճը, սփյուռքահայ որոշ կազմակերպություններ, մասնավորապես ՀԲԸՄ-ը և հայրենակցական միությունները, միջոցներ տրամադրեցին ներգաղթողների համար նոր ավաններ ու գյուղեր կառուցելու նպատակով (Նոր Արաբկիր, Նոր Բութանիա, Նոր Սեբաստիա, Նոր Մալաթիա, Նոր Խարբերդ, Նուբարաշեն, Նոր Մարաշ և այլն), որոնք հետագայում ներառվեցին Երևանի տարածքի մեջ։

Սփյուռքի ձևավորումից հետո բազմիցս փորձեր արվեցին պետականորեն հայ գաղթականության վերադարձը կազմակերպելու ուղղությամբ։ 20-րդ դարում պետականորեն կազմակերպված ներգաղթի առաջին փորձն արվեց 1919 թ.՝ Հայաստանի Առաջին հանրապետության տարիներին։ Հայաստան ներգաղթեցին մտավորականներ, ինժեներ-շինարարներ, նախկին ցարական բանակի հայազգի բարձրաստիճան զինվորականներ։ Ներգաղթը մնաց անավարտ, ծավալում չստացավ՝ հանրապետությունում ստեղծված ծանր տնտեսական պայմանների և հանրապետության կարճատև գոյության պատճառով։ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո խորհրդային իշխանությունների ձեռնարկած ներգաղթն ընթացավ չորս փուլով՝ 1921-1926 թթ., 1932-1936 թթ., 1946-1948 թթ., 1962-1974 թթ.: Սովետական Միության առանձնահատկությունը ցանկացած երևույթ վերահսկողության դաշտում պահելն էր, և բացառություն չէր կազմում միգրացիոն գործընթացը։ Գործնականում միգրացիան արգելված էր։ Անգամ մինչև 50-ականների սկզիբը արգելված էր օտարազգիների հետ ամուսնությունը։ Սա էր հիմնականում խորհրդային շրջաններում՝ հետևաբար նաև Հայաստանում, միգրացիոն գործընթացի բացակայության պատճատը։ Սակայն արդեն 70-ականների սկզբին և 80-ականների վերջին իրավիճակը սկսեց փոխվել։ Պատճառը տնտեսական և բնական աճի, ինչպես նաև միգրացիոն մոդելի փոփոխությունն էր։ Տնտեսական աճը դարձավ զրո, ինչը աստիճանաբար հանգեցրեց ճգնաժամի, իսկ Հայաստանում այդ ամենին գումարվեց նաև Ղարաբաղյան կոնֆլիկտը։ Այս ամենը մեծ լարվածություն էր առաջացնում գյուղական շրջաններում և փոքր քաղաքներում։ 1970-ականներին Հելսինկյան Համաձայնագիրը ստորագրելուց հետո, որոշակիորեն լիբերալություն մտավ Սովետական միության միգրացիոն քաղաքականության մեջ։ Այս առաջընթացի արդյունքում ի հայտ եկան երկու տեսակի արտագաղթեր՝

  1. սեզոնային. մարդիկ, որոնք ժամանակավորապես աշխատում են Սովետական Միության այլ երկրներում։ Մասնավորապես մեկնում են գարնանը և ամռանը՝ վերադառնում են ձմռանը
  2. միգրանտներ, որոնք մեկնում են՝ արդեն դրսում հաստատավելու համար, մասնավորապես՝ ԱՄն։ Այդպիսի մարդկանց մեծ մասը 40-ականներին Մերձավոր Արևելքից Հայաստան գաղթած մարդիկ էին և նրանց ընտանիքների անդամները։

Արտագաղթը Հայաստանից հատկապես սաստկացավ 1988 թ-ի դեկտեմբերի երկրաշարժից հետո։ Համաձայն 1989 թ-ի մարդահամարի տվյալների Հայաստանի բնակչությունը 3287 700 էր, և 1988 թ-ի նախահաշիվը 3457 000։ 25 000 մարդ երկրաշարժի արդյունքում մահացավ և մոտավորապես 200 000 հոգի արտագաղթեց 1988-1989 թթ. ընթացքում։ Սա արտագաղթի առաջին ամենամեծ ալիքն էր։ Երկրորդ ալիքը կանխորոշվեց Ղարաբաղյան կոնֆլիկտի արդյունքում։ 1989-1990 թթ մոտ 360 հազար փախստականներ Ադրբեջանից եկան Հայաստան։ Կարճ ժամանակում այդ փախստականների զգալի մասն էլ Հայաստանից գաղթեց մեծմասամբ դեպի Ռուսաստան և ԱՄն։ Արտագաղթի Երրորդ ալիքը սկսվեց 1991 թ. անկախության հռչակումից հետո, և տնտեսական ճգնաժամի արդյունք էր։ Համաձայն որոշ հաշվարկների այդ ծանր տարիներին մոտ 475 հազ. մարդ լքեց Հայաստանը։ Արտագաղթը շարունակվեց նաև հետագա տարիներին՝ 1994-1995 թթ., երբ արդեն վերակագնվել էր էլեկտրամատակարարումը և որոշակի կայունության էր բերվել տնտեսությունը։ Արտագաղթի այսպիսի «բումը» նաև միգրացիոն արգելքների բացակայության հետևանք էր, որը սկսեց անկախացումից հետո։ ՄԱԿ-ի «Միգրացիան և մարդկային պոտենցիալի զարգացումը. հնարավորությունները և մարտահրավերները» զարգացման ծրագրերի տարեկան հաշվետվության մեջ նշվում էր, որ սկսած 1991 թ-ից Հայաստանից արտագաղթել է 700 հազարից մինչև 1 միլիոն 300 հազար մարդ կամ բնակչության 30%։ Փաստաթղթում նշվում էր նաև, որ Հայաստանը լքել են բարձրակարգ մասնագետները, ինչը խիստ անբարենպաստ է անդրադրաձել երկրի զարգացման, մասնավորապես՝ սոցիալական և մշակութային կապիտալի վերարտադրության վրա։

Ներգաղթի երկրորդ փուլ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԽՍՀՄ նամականիշ, 1985: 10 лет ОБСЕ

1937 թվականին, ԽՍՀՄ-ում սկսված ստալինյան բռնաճնշումների հետևանքով, հակախորհրդային գործունեություն ծավալելու անհիմն մեղադրանքով արգելվեց ՀԲԸՄ և ՀՕԿ-ի գործունեությունը Հայաստանում։ Դրանով իսկ վերջ դրվեցին սփյուռքի հետ առանց այն էլ խիստ սահմանափակ հարաբերություններին։ Խորհրդային Միության ղեկավարությունը վերստին հիշեց սփյուռքահայության մասին ութ տարի անց։ Դեռևս մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը Ստալինը նպատակադրվել էր հետ վերադարձնել այն տարածքները, որոնք 1921 թվականի Մոսկվայի պայմանագրով Խորհրդային Ռուսաստանը զիջել էր Թուրքիային։ Կանխազգալով ԱՄՆ-ի և Անգլիայի հնարավոր հակազդեցությունը, որոնք արդեն մտահոգված էին Արևելյան Եվրոպայում ու Բալկաններում Խորհրդային Միության ազդեցության ընդլայնումով, Ստալինը մշակեց գործողությունների հատուկ ծրագիր, որում որոշակի դեր էր վերապահված նաև հայ սփյուռքին։ Կարճ ժամանակում սփյուռքահայ բոլոր համայնքները տեղեկացան նշված տարածքները Խորհրդային Միությանը միացնելու ծրագրերի և զանգվածային նոր ներգաղթի թույլտվության մասին։ Սփյուռքահայերի բազմաթիվ դիմումները ԽՍՀՄ ղեկավարությանը՝ հայրենի տարածքներ վերադառնալու ցանկության վերաբերյալ, օգտագործվեցին Թուրքիային ներկայացրած տարածքային պահանջների հիմնավորման համար։ Խորհրդային Միության կառավարության որոշումը ներգաղթը թույլատրելու մասին հրապարակվեց 1945 թվականի նոյեմբերին, և ընդամենը վեց ամիս անց՝ 1946 թվականի հունիսին, Հայաստան հասավ ներգաղթողների առաջին խումբը։ Այդ և հետագա երեք տարիներին 12 տարբեր երկրներից Հայաստան ներգաղթեց շուրջ 90 000 մարդ, այդ թվում՝ Լիբանանից և Սիրիայից՝ ավելի քան 32 000, Իրանից՝ մոտ 21 000, Հունաստանից՝ ավելի քան 18 000, Ֆրանսիայից՝ մոտ 5300 մարդ։

Խորհրդային Միության ղեկավարությունը, քաղաքական նպատակներով թույլատրելով ներգաղթը պատերազմից անմիջապես հետո, գիտակցում էր, որ երկիրը բնավ պատրաստ չէ ընդունել այդչափ մեծ թվով մարդկանց՝ բնակարանների, սննդամթերքի, հագուստեղենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների աղետալի սղության պայմաններում։ Մինչդեռ հայրենադարձները, ի տարբերություն նախապատերազմյան շրջանի ներգաղթածների, այլևս չքավոր գաղթականներ չէին։ Նրանք փոքր և մեծ քաղաքների բնակիչներ էին, տարբեր մասնագիտության տեր մարդիկ (սկսած արհեստավորներից ու առևտրականներից մինչև բժիշկներ ու գիտնականներ), որոնք այս կամ այն չափով արդեն ինքնահաստատվել էին ընդունող երկրների հասարակություններում։ Գալով Հայաստան՝ նրանք առաջին իսկ օրվանից հայտնվեցին իրենց համար ծանր ու խորթ սոցիալ-տնտեսական պայմաններում, իրենց հանդեպ մշտական անվստահության մթնոլորտում, որի տրամաբանական հետևանքը եղավ 1949 թվականին տեղացի «ժողովրդի թշնամիների» հետ նրանց մի մասի արտաքսումը Խորհրդային Միության հեռավոր շրջաններ։ 1975 թվականին խորհրդային իշխանությունները, Հելսինկիում ստորագրելով Եվրոպայի անվտանգության և համագործակցության պայմանագիրը, ստիպված էին «ընտանիքների վերամիավորման նպատակով» թույլատրել հրեաների, գերմանացիների, նաև հայրենադարձ հայերի արտագաղթը երկրից։ Չնայած բոլոր բացասական երևույթներին՝ հայրենադարձները (1962-1982 թվականներին) Հայաստան ներգաղթեց ևս շուրջ 32 000 մարդ և արդեն Հայաստանում մեծացած ու ուսում ստացած նրանց զավակները նպաստեցին երկրի զարգացմանը, հատկապես նշանակալի էր նրանց ավանդը մշակույթի և գիտության ոլորտում (Երվանդ Քոչար, Հակոբ Հակոբյան, Վահրամ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան, Գոհար Գասպարյան, Մկրտիչ Տեր-Կարապետյան, Հրաչ Բարթիկյան և այլն)։

Այդուհանդերձ, Խորհրդային Միության գոյության տարիներին հայ ժողովրդի երկու հատվածներն ապրեցին իրարից մեկուսացած ու անջատ։ Հայրենիքի հետ անմիջականորեն հաղորդակցվելու իրավունքից զրկված լինելու պայմաններում սփյուռքահայերի, հատկապես Արևմուտքի երկրներում ապրող հայության մեջ ազգամշակութային ձուլման երևույթներն ընթացան առավել արագ, ինչը հարցականի տակ դրեց առանձին համայնքների հետագա գոյությունը։ Հայ ժողովրդի երկու հատվածների մեկուսի գոյությունը, մի կողմից, ավելի խորացրեց արևմտահայերին և արևելահայերին պատմականորեն ներհատուկ առանձնահատկությունները, իսկ մյուս կողմից՝ հայաստանաբնակների և սփյուռքահայերի մեջ ձևավորվեց միմյանց մասին թյուր և անիրատեսական պատկերացումներ։

ԽՍՀՄ գոյության վերջին տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականի դեկտեմբերին (դեռևս ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին) տեղի ունեցած երկրաշարժից անմիջապես հետո ողջ սփյուռքահայությունը շտապեց օգնության հասնել աղետից տուժած հայրենակիցներին։ Հայաստանի անկախացումից հետո, երբ երկիրը հայտնվեց համընդհանուր ճգնաժամի մեջ, սփյուռքի օգնությունը ծառայեցվեց Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական զարգացմանը (հիվանդանոցների, դպրոցների, ճանապարհների կառուցում, համատեղ ձեռնարկությունների հիմնում, գործարանների վերագործարկում և այլն)։ Այդ ծրագրերը իրագործվում են ինչպես կազմակերպությունների (ՀԲԸՄ, Գալուստ Կյուլպենկյան հիմնարկություն, ՀՕՖ, ՀՕՄ, Լինսի հիմնադրամ, «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական կազմակերպություն և այլն), այնպես էլ անհատ բարերարների նախաձեռնության և ֆինանսավորման շնորհիվ։

Հայաստանի անկախացումից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Հայաստան-Սփյուռք 1-ին համաժողով» հայկական հուշադրամի դարձերեսը, 1999

Հայաստանի անկախացումից հետո ՀՀԴ, ՌԱԿ և ՍԴՀԿ հնարավորություն ստացան վերսկսել իրենց քաղաքական գործունեությունը Հայաստանում։ Պետության գոյության առաջին իսկ տարիներին երկրի ներքին և արտաքին քաղաքականության հարցերի շուրջ իշխանությունների և ընդդիմության տարաձայնություններն ընդունեցին սուր հակադրության ձև, որի դրսևորումներից էին նաև Հայաստանում ՀՀԴ գործունեության կասեցումը և ՌԱԿ-ի պառակտումը։ Միաժամանակ այդ հակադրությունը սրվեց նաև բուն սփյուռքում, ինչն էլ ավելի խորացրեց հակասությունները սփյուռքի համապատասխան շրջանակների միջև։ Հետագա տարիներին վերստին կարևորվեց Հայաստան-Սփյուռք բազմակողմանի համագործակցությունը։ Հայ ժողովրդի երկու հատվածների միջև հարաբերությունները սերտացնելու, առավել արդյունավետ ու փոխշահավետ դարձնելու նպատակով Հայաստանի իշխանությունների նախաձեռնությամբ 1999 թվականին և 2002 թվականին Երևանում կայացան «Հայաստան-Սփյուռք» համահայկական խորհրդաժողովները, իսկ 1999 թվականին և 2001 թվականին՝ Համահայկական մարզական խաղերը, որոնց մասնակցեցին հայ սփյուռքի բոլոր համայնքների պատվիրակությունները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Миниатюрные Империи: Исторический Словарь Недавно Независимых государств - Страница 3 Джеймс Б. Минахан (ռուս.)
  2. 2011 թվականի մարդահամարի տվյալները, մշտական բնակչության կտրվածքով
  3. «ԼՂՀ, մարդահամար 2005 թվական» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 29-ին.
  4. «Armenia seeks to boost population» (անգլերեն). BBC. 2007 թ․ փետրվարի 21. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 24-ին-ին. (անգլ.)
  5. «In nine countries, a fifth or more of birth populations are living in another country». Pew Research Center (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
  6. «ft_16-11-10_emigrantpop_featued». Pew Research Center (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
  7. Համաշխարհային հայկական կոնգրեսը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ հայտարարություն
  8. :http //www.ncwarmenians.org/
  9. http://www.western-armenia.eu/WANC/accueil.htm
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  11. http://westernarmenia.wixsite.com/wa-parlament
  12. https://western-armenia.org/

Աղբյուրներ և գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայ Սփյուռք հանրագիտարան, Երևան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2003։
  • Ա․ Ալպոյաճյան, «Պատմութիւն հայ գաղթականութեան», հատոր 1, Կահիրե, 1941: Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
  • Ա․ Ալպոյաճյան, «Պատմութիւն հայ գաղթականութեան», հատոր 2, Կահիրե, 1955։
  • Ա. Ալպոյաճյան, «Պատմութիւն հայ գաղթականութեան», հատոր 3, Կահիրե, 1961: Արխիվացված 2016-03-10 Wayback Machine
  • Ս․ Գասպարյան «Սփյուռքահայ գաղթօջախներն այսօր», Երևան, 1962։
  • Ա․ Աբրահամյան «Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության», հատոր 1, 2, Երևան, 1964, 1967։
  • Հ․ Մելիքսեթյան «Հայրենիք-սփյուռք առնչությունները և հայրենադարձությունը (1920-1980 թթ.)», Երևան, 1985։
  • Կ․ Դալլաքյան «Հայ սփյուռքի պատմություն (համառոտ ակնարկ)», Երևան, 1992։
  • «Էջեր հայ գաղթավայրերի պատմության», խմբագիրներ՝ Վ․ Բարխուդարյան, Զ․ Եկավյան, Երևան, 1996։
  • Է․ Մելքոնյան «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը Խորհրդային Հայաստանում», 1923-1937 թթ., Երևան, 1999
  • A. Ter Minassian "La Diaspora Armenienne", "Herodote. Revue de geographie et de geopolitique", N 53, P., 1989.
  • A. Boudjikanian "Un Peuple en Exil: La Nouvelle Diaspora (XIX-XX siecles)", "Histoire des Armeniens", Toulouse, 1982.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]