Լվովի թեմ
Լվովի թեմ կամ Լվովի արքեպիսկոպոսություն, հայ Կաթողիկե եկեղեցու նախկին (1630-1939), ոչ մետրոպոլիտական արքեպիսկոպոսություն է (Արևելյան կաթոլիկ արքեպիսկոպոսություն): Անմիջապես ենթարկվել է եղել Տանն Կիլիկիո Հայ Կաթողիկե Պատրիարքից: Նախկին արքեպիսկոպոսական աթոռը Լվովի սուրբ Աստվածածնի Վերափոխման տաճարն էր, որը ներկայումս Ուկրաինայի հայոց թեմին տրված միակ պատմական եկեղեցին է, որ ի սկզբանե եղել է առաքելական, դարձել կաթողիկե, ապա վերականգնել սկզբնական վիճակը։ Մյուս եկեղեցիները մնացել են կաթոլիկ, չեն գործում կամ քանդվել են։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեհահայ առաքելական եկեղեցին մինչև 16-րդ դար վերջը խաղաղ հարաբերությունների մեջ է եղել լեհ կաթոլիկ եկեղեցու և Հռոմի հետ: 1540-ական թվականներին Լեհաստանում ռեֆորմիստական շարժման դեմ դուրս եկած Հակառեֆորմացիան հալածանքներ է սկսել հերետիկոսների ու հերձվածողների, ինչպես նաև լեհահայ առաքելականների դեմ: Լեհահայությանը կաթոլիկացնելու բուն պայքարը սկսվել է 1627 թվականից, երբ Էջմիածնից Լվով ժամանած, ունիթորությունը գաղտնի ընդունած Մելքիսեդեկ աթոռակից կաթողիկոսը հոգևոր դասից ու ժողովրդից գաղտնի, կաշառքով ու կաթոլիկություն ընդունելու պայմանով Նիկոլայ Թորոսովիչին Լվովի սուրբ Խաչ եկեղեցում եպիսկոպոս է օծել ու նստեցրել արքեպիսկոպոսական թափուր աթոռին, նրան առաջնորդ չճանաչելու դեպքում ժողովրդին սպառնացել պատիժներով, բարձր հոգևորականությանը՝ բանադրանքով: Լեհահայությունը հայ-հռոմեական եկեղեցիների միության դեմ սկսել է արյունահեղ, վերելքներ ու վայրէջքներ ունեցող պայքար, որը տևել է վեց տասնամյակ:
1629 թվականին Սիգիզմունդ III Վազան Նիկոլ Թորոսովիչին հաստատել է լեհահայ, մոլդովահայ, ռումինահայ եկեղեցիների արքեպիսկոպոս, իսկ 1630 թվականին վերջինս բացահայտ ընդունել է կաթոլիկությունը: Լեհահայությունը բազմիցս բողոքագրեր է ուղարկել Հռոմ և Էջմիածին: Արտոնություններից զրկվելու անվերջ սպառնալիքներից երկնչելով՝ լեհահայությունը առերես 1652 թվականին (երկրորդ անգամ՝ 1665 թվականին) ընդունել է կաթոլիկությունը, սակայն ևս երեք տասնամյակ տևող պայքարից հետո՝ 1699 թվականին, լեհ թագավոր Ֆրեդերիկ Ավգուստ II-ի և Հռոմի համաձայնությամբ, Վարդան արքեպիսկոպոս Հունանյանը լեհահայ առաքելական եկեղեցում անցկացրել է ծիսաարարողական մեծ ու օրինականացված ռեֆորմ: Դրան հաջորդում է հայ կաթողիկե եկեղեցու պաշտոնական հիմնումը և առաջին պատրիարքի՝ Աբրահամ Արծիվյանի օծումը որպես հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք-կաթողիկոս։
Լեհահայության իրական կաթոլիկացումն ու ուծացումը, սակայն, սկսվել է գաղութի տրոհման շրջանից՝ 1772 թվականից, երբ տեղի է ունեցել քաղաքականապես ու տնտեսապես թուլացած Ռեչ Պոսպոլիտայի հերթական բաժանումները Ավստրիայի, Պրուսիայի և Ռուսաստանի միջև, ինչը և պայմանավորել է Լվովի հայ արքեպիսկոպոսության 18 թեմերի վարչական մասնատումը: 1772 թվականից Լվովը դարձել է Ավստրիայի նոր անվանում կրող նահանգի՝ Գալիցիայի ու Լոդոմերիայի Թագավորության կենտրոնը, իսկ Կամենեց-Պոդոլսկը, մնալով ռուսահպատակ Լեհական թագավորության մեջ, Լուցկ, Ռաշկով, Բալտա, Մոգիլյով Պոդոլսկ գաղթավայրերի հետ կրոնական հարցերում սկզբնապես ենթարկվել է Լվովի արքեպիսկոպոսությանը, իսկ 1793 թվականից, Լիտվայի ու Բելոռուսի հետ անցնելով Ռուսաստանի տիրապետության տակ, մինչև 1810 թվականը ենթարկվել է Մոգիլյով Պոդոլսկի հռոմեական կաթոլիկ եկեղեցուն, այնուհետև՝ նույն քաղաքի Հայ եկեղեցու եպիսկոպոսարանին, 1816 թվականից՝ ժամանակավորապես, իսկ 1847 թվականից պաշտոնապես՝ լատինական եկեղեցու եպիսկոպոսարանին: 1784 թվականին Գալիցիայում՝ Զլոչովում, Զամոշչում, Յազլովեցում, Բժեժանիում և Լվովում ավստրիական իշխանությունները փակել են հայկական վեց վանքեր ու եկեղեցիներ՝ դրանք դարձնելով զինվորական պահեստներ ու բանտի մատուռներ: 1786 թվականին փակվել է 1664 թվականից գործող Հայ հոգևոր (կաթոլիկ) բարձրագույն դպրանոցը, որտեղ գործել է երեքլեզվյան (հայերեն, լատիներեն, լեհերեն) դպրաթատրոն: Միաժամանակ, 1690-ական թվականներին դպրաթատրոն է ունեցել նաև Յազլովեցում նոր բացված հայ կաթոլիկ դպրոցը:
Նորագույն շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Լվովի հայ կաթոլիկ արքեպիսկոպոսությունը, որը 1816 թվականին ուներ 9 թեմ, 14 քահանա, 1918 թվականից՝ 8 թեմ, 21 քահանա, գոյատևել է մինչև երկրորդ աշխարհամարտի սկիզբը (1939): Լեհահայ կաթոլիկ եկեղեցու վերջին արքեպիսկոպոսը Լեհաստանի Սահմանադրական Սեյմի անդամ, աստվածաբան Յուզեֆ Տեոֆիլ Թեոդորովիչն էր (1911-1938), որը լեհահայությանը համախմբելու նպատակով 1930 թվականին Լվովում հիմնադրել է «Հայ արքեպիսկոպոսական ընկերություն»: Վերջինիս պաշտոնական պարբերականն է դարձել 1927 թվականից հրատարակվող «Սուրբ Գրիգորի սուրհանդակ» (լեհերեն) ամսագիրը, ընդհատումներով հրատարակվել է նաև «Գրիգորիանա» (լեհերեն) երկշաբաթաթերթը: Երբ 1939 թվականին Լեհաստանի արևելյան հատվածը Լվով կենտրոնով անցել է ԽՍՀՄ-ին (Ուկրաինային), լեհահայության հիմնական զանգվածը տեղաշարժվել է արևմուտք (Կրակով, Վարշավա, Գդանսկ, Վրոցլավ, Պոզնան, Կատովիցե, Լոձ, Լյուբլին, Գլիվիցե):
1950-ական թվականներին Գդանսկում ստեղծվել է լեհահայ կաթոլիկ հավատացյալների հյուսիսային թեմը՝ սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու կենտրոնով: 1958 թվականին լեհահայության ջանքերով նրանց են տրվել Գդանսկի սուրբ Պողոս և սուրբ Պետրոս առաքյալների եկեղեցին (1976 թվականին հետ է վերցվել), եկեղեցուն կից սուրբ Մարիայի մատուռը: 1975 թվականին Կրակովի սուրբ Իդձեի եկեղեցուն կից (Վավելի մոտ) մատուռը տրվել է կրակովահայերին: Գլիվիցեն (Սիլեզիա, հարավային Լեհաստանում), որպես երկրորդ՝ հարավային թեմի նստավայր, իր Սուրբ Երրորդություն հայ կաթոլիկ եկեղեցով դարձել է նաև լեհահայությանը համախմբող կենտրոն:
1960-ական թվականներին լեհահայերն ունեին չորս կաթոլիկ քահանաներ, 1980 թվականից՝ մեկը: Լեհահայ բոլոր գաղթավայրերում եկեղեցիներին կից գործել են տարրական ու միջնակարգ ազգային դպրոցներ (ոչ կաթոլիկներին արգելվել է կրթ. բարձրագույն կենտրոններ հիմնադրել): 19-րդ դարի սկզբից մինչև 1939 թվականը Լվովի հայկական կուսանոցին կից գործել է օրիորդաց դպրոց: 1992 թվականից Լեհաստանի 15-20 հազաև հայ կաթոլիկների (ընդգրկված հյուսիսային և հարավային թեմերում) հոգևոր առաջնորդն է Գլիվիցիի թեմակալ, պրելատ, մագիստրոս Յուզեֆ Կովալչիկը (Հարունյան հայկական տոհմից):
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լվովի թեմ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |