Jump to content

Լունդի մայր տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լունդի մայր տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակլյութերական տաճար
ԵրկիրՇվեդիա Շվեդիա
ՏեղագրությունԼունդի կոմունա
ԴավանանքՇվեդիայի եկեղեցի
ԹեմԼունդի թեմ
Հիմնական ամսաթվերը12-րդ դար
Ժառանգության կարգավիճակեկեղեցական ցուցակագրված շենք Շվեդիայում
ՆվիրվածՍուրբ Լավրենտ
ՃարտարապետԿառլ Գեորգ Բրունիուս, Հելգո Զետերվալ, Թեոդոր Վոլին, Էյլեր Գրեբե և Կարլ-Ակսել Ակկինգ[1]
Ճարտարապետական ոճռոմանական ճարտարապետություն
Հիմնադրված12-րդ դար
Բարձրություն55 մետր
Շինանյութավազաքար
Քարտեզ
Քարտեզ
 Lunds domkyrka Վիքիպահեստում
lundsdomkyrka.se(շվեդ.)

Լունդի մայր տաճար կամ Լունդի տաճար (շվեդ.՝ Lunds Domkyrka, դան․՝ Lund Domkirke), Լունդ քաղաքի լյութերական տաճար, Շվեդիա, Սկոնե։ Շվեդական լյութերական եկեղեցու Լունդի թեմի գլխավոր եկեղեցին է։ Երկար ժամանակ եղել է Դանիայի և ամբողջ Սկանդինավիայի գլխավոր տաճարը, նախքան քաղաքի Շվեդիային հանձնումը։ Այստեղ գործում էր Սկանդինավիայում միակ արքեպիսկոպոսի ամբիոնը։

Լունդը կարևոր նշանակություն է ունեցել Սկանդինավիայի պատմության մեջ այնտեղ տաճարի կառուցումից շատ առաջ։ Օրինակ՝ այնտեղ գտնվող Սուրբ Լիբերտի բլրի վրա միջնադարում տեղի էին ունենում Սկոնեի ժողովրդական հավաքներ (դան․՝ landsting): Նախաքրիստոնեական ժամանակաշրջանում այստեղ գործում էր նաև կրոնական կենտրոն։ Լունդը հիմնադրվել է մոտ 990 թվականին Դանիայի թագավոր Կնուդ Մեծի կողմից, ով նախատեսում էր այստեղ կառուցել իր մայրաքաղաքը։ Լունդի թեմը հիմնադրվել է 1060 թվականին։ Մայր տաճարը կառուցվել է Լունդում ոչ ուշ, քան 1085 թվականին։ 1085 թվականի մայիսի 21-ի Կնուդ IV-ի հրովարտակում հիշատակվում է, որ տաճարը կառուցվել է 1080-ականների ընթացքում։ Սակայն, նկարագրության մեջ որևէ հիշատակում չկա, որ խոսքը գնում է Լունդի ժամանակակից տաճարի մասին։ Մայր տաճարի դպրոցը կազմակերպվել է 1085 թվականին, ինչը թույլ է տալիս ասել, որ այն Դանիայի ամենահին դպրոցն է։ Հռոմ կատարած ուխտագնացության ընթացքում Էրիկ I-ը երկու կարևոր ընդառաջում ստացավ Պասխալիա II-ից՝ նրա սպանված եղբայր Կնուդ IV-ը սուրբ ճանաչվեց և ստեղծվեց արքեպիսկոպոսություն, որն իր մեջ էր ներառում ողջ Սկանդինավիան։ Լունդը դարձավ հոգևոր կենտրոն, իսկ եպիսկոպոս Ասերը 1104 թվականին դարձավ ամբողջ Սկանդինավիայի առաջին արքեպիսկոպոսը։ Շենքը կառուցվել է տիպիկ բազիլիկ ոճով, կիսաշրջանաձև կամարներով, որոնց վրա հենվում է փայտե հարթ առաստաղը։ Տաճարը կառուցվել է գրանիտե բլոկներից, 1123 թվականին օծվել է մատուռի խորանը։ Մայր տաճարը և հիմնական խորանը օծվել են 1145 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Սուրբ Լավրենտիի անվամբ, Ասերի արքեպիսկոպոսի կողմից։ Ներկայումս գոյություն ունեցող շենքում պահպանվել է միայն ապսիդը։ Լունդը դարձավ Դանիայի կրոնական սիրտը, և տարիներ շարունակ նրա շուրջը ստեղծվեցին բազում տղամարդկանց և կանանց միաբանություններ։

Լունդը մեծ դեր խաղաց Դանիայի պատմության մեջ այն պահից, երբ քաղաքը դարձավ սկանդինավյան արքեպիսկոպոսության կենտրոնը։ Այստեղ էին տեղի ունենում միապետների հանդիպումները ազնվականների հետ։ Այստեղ, 1202 թվականին թագադրվեց Վալդեմար II–ը։

1234 թվականին եկեղեցում ուժեղ հրդեհ բռնկվեց։ Շենքը վերականգնելիս ավելացվեցին նոր պատեր, կամարներ և արևմտյան ճակատ։ Շատ արժեքավոր գեղարվեստական լրացումներ են կատարվել եկեղեցում միջնադարում։ Հոյակապ գոթական վերնասրահները կառուցվել են 1370-ական թվականներին, իսկ 1398 թվականին կառուցվել է գոթական փայտե խորանը։ 1424 թվականին շենքի նավի վրա տեղադրվեց աստղագիտական ժամացույց։ 1510-ական թվականներին՝ Հանսի կառավարման օրոք, գերմանացի նկարիչ Ադամ վան Դյուրենը իրականացրեց շենքի ընդհանուր վերակառուցում։ Գաղտնարանում վան Դյուրենը կառուցեց մոնումենտալ սարկոֆագ, Լունդի վերջին արքեպիսկոպոս Բիրգեր Գունարսենի համար, որը զարդարված էր շքեղ բարձրաքանդակներով։ Ռեֆորմացիայի ընթացքում տաճարը և արքեպիսկոպոսությունը դրամատիկ փոփոխությունների ենթարկվեցին։ Բազմաթիվ վանքեր փակվեցին, Թորբերն Բիլը Շվեդիայի վերջին կաթոլիկ արքեպիսկոպոսն էր, որը անհաջող պայքարում էր լյութերականների դեմ, մինչև որ բանտարկվեց 1536 թվականին։ Այնուամենայնիվ, նրան ազատ արձակեցին հաջորդ տարի այն բանից հետո, երբ նա հնազանդվեց Եկեղեցու նոր պահանջներին։ Մայր տաճարից հանվեցին արձաններ, միջնադարյան արվեստի մի շարք գործեր, կողային խորաններ և մասունքներ։ 1658 թվականին Ռոսկիլի հաշտության համաձայնագրից հետո Լունդի թեմը փոխադրվեց Շվեդիա։

Շենքի մեծ վերակառուցումը իրականացվել է Հելգո Զետերվալի կողմից 19-րդ դարի վերջին, երբ արևմտյան ճակատի աշտարակները ստացան իրենց ժամանակակից տեսքը։ 1920-ականներին շենքի կիսաշրջանաձև ելուստի ինտերիերին ավելացվեց խճանկարային գեղարվեստական ձևավորումը։

Ռեֆորմացիայի 499-րդ տարելիցի կապակցությամբ 2016 թվականի հոկտեմբերի 31-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այցելել է տաճար[2]։

Արվեստ և ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցվել է ավազաքարից Լոմբարդիայի և Հռենոսի մարզերի ռոմանական ոճով։ Դրա մասին են վկայում շենքի ընդհանուր հատակագիծը, կրիպտեն և կամարակապ պատկերասրահը, որոնք զարդարում են աբսիդի վերին հարկը։

Մայր տաճարի աշտարակները ունեն 55 մետր բարձրություն։ Դրանց բրգաձև տանիքները պարզ եղանակին երևում են հեռվից։ Աշտարակները բաց չեն հասարակության համար։ Եկեղեցու ամենահին զանգը պատրաստվել է 1513 թվականին։

Որպես գլխավոր մուտք ծառայում են Կարլ Յոհան Դյուֆերմանի պատրաստած երկու բրոնզե դռները։ Նրանք ունեն աստվածաշնչյան իրադարձությունների 24 բարձրաքանդակային պատկերներ, հիմնականում Հին Կտակարանի հնագույն ժամանակներից։ Քարի դռնախորշի վերևում քանդակված են Հիսուս Քրիստոսի, Կնուդ IV- ի և Սուրբ Լավրենտիի պատկերները։

Ինչպես բնորոշ է հռոմեական ոճով շենքերին, Լունդ տաճարը բավականին մութ է, պատուհանները չափազանց փոքր են բավարար բնական լույսի համար։ Եկեղեցին ունի երեք մատուռ և տրանսեպտ։ Եկեղեցին ունի շքեղ գոթական վերնասրահ։ Աբսիդում գտնվող զոհասեղանը զարդարված է հոյակապ խորանային պատկերներով, որը թվագրվում է 1398 թվականով։

Մայր տաճարի հարավային վերնասրահում գտնվում է տեղեկատվական կենտրոնը, որտեղ անցկացվում են նաև տարբեր ցուցահանդեսներ։

Աստղագիտական ժամացույց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայր տաճարի աստղագիտական ժամացույցը՝ Horologium mirabile Lundense, ստեղծվել է մոտավորապես 1424 թվականին։ 1837 թվականին ժամացույցը կանգնեցնելուց հետո, այն վերագործարկվել է 1923 թվականին։

Ժամացույցի զարկերի փոխարեն, կարելի է լսել եկեղեցական dulci jubilo-ի մեղեդին։ Վեց փայտե պատկերները, իրենցից ներկայացնում են երեք վհուկներին և նրանց ծառաներին, որոնք անցնում են Մարիամի և մանուկ Հիսուսի դիմացով։ Ժամացույցը զարկում է օրը երկու անգամ՝ ժամը 12:00-ին և 15:00-ին, բացառությամբ կիրակի օրերի, երբ ամենավաղ զարկը տեղի է ունենում ժամը 13։ 00-ին, որպեսզի չխանգարի առավոտյան պատարագին։

Ժամացույցի վերևում կան երկու ասպետներ, որոնք ցույց են տալիս առանձին ժամեր։ Ժամացույցի վերին վահանակի վրա գտնվում է աստղագիտական ժամացույցը։ Ի թիվս այլ բաների, այն ցույց է տալիս լուսնի փուլերը և արևի դիրքը։ Ժամացույցի ստորին վահանակը իրենից ներկայացնում է օրացույց, որի օգնությամբ կարելի է հաշվարկել, շաբաթվա օրերը և եկեղեցական տոների օրերը։ Օրացույցի կենտրոնում պատկերված է Սուրբ Լավրենտին՝ տաճարի հովանավորը, որին շրջապատում են չորս ավետարանիչների խորհրդանիշերը։

Լունդ տաճարում ընդամենը հինգ երգեհոն կա։ Ամենամեծը պատկերասրահի երգեհոնն է, որը կառուցվել է 1932-1934 թվականներին դանիական Marcusen-ի և շվեդական Søn խոշորագույն ընկերության կողմից։ Պատկերասրահի երգեհոնն ընդհանուր առմամբ ունի 7074 խողովակ։ 1992 թվականին այն վերազինվել է նույն ընկերության կողմից։

Ամենափոքր երգեհոնը գտնվում է աստղագիտական ժամացույցում, որով ամեն օր նվագում են dulci jubilo եկեղեցական մեղեդին։ Մյուս երեք երգեհոնները գտնվում են գաղտնարանում, մկրտարանում և երգչախմբերի վերնասրահում։

Կրիպտեները հիմնականում մնացել են անձեռնամխելի, 1123 թվականին օծվելուց հետո։ Կրիպտեները զարդարված են բազմաթիվ սյուներով, որոնք տարբերվում են ոճով։ Սյուները կառուցվել է ճարտարապետ Դոնատուսի կողմից։ Ամենահայտնի սյունը ունի այն մարդու արձանի պատկերը, որը գրկել է այն։ Տեղական լեգենդը ասում է, որ դա Ֆիննտրոլի արձանն է, որը կառուցել է տաճարը։ Մեկ այլ սյուն էլ ըստ լեգենդի ունի կնոջ պատկեր, որը նման է Ֆիննտրոլի կնոջը։ Իրականում, հայտնի չէ, թե ովքեր են այդ տղամարդը և կինը։ Կրիպտեի հիմնական խորանը հանդիսանում է եկեղեցու ամենահին խորանը, որը օծվել է 1123 թվականի հունիսի 30-ին՝ Ասկեր արքեպիսկոպոսի կողմից։ Գաղտնարանում կան բազմաթիվ սարկոֆագներ և տապանաքարեր։ Դրանցից ամենակարևորը արքեպիսկոպոս Բիրգեր Գունարսենի սարկոֆագն է, որը ստեղծվել է Ադամ վան Դուրենի կողմից 1510-ականներին։

Գործառույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի հոգևոր ծառայություններից, տաճարը օգտագործվում է որպես դոկտորական մրցանակների հանձնման վայր։ Այստեղ հաճախ են անցկացվում նաև հոգևոր երաժշտության համերգներ։

Ճարտարապետներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայր տաճարի ճարտարապետների ոչ ամբողջական ցուցակը`

  • Կարլ Գեորգ Բրունիուս (1837-1859)
  • Հելգո Զետտերվալլ (1860-1902)
  • Թեոդոր Վոլին (1902-1942)
  • Էյլեր Գրեբ (1944-1967)
  • Կարլ-Ակսել Ակկինգ (շվեդ.՝ Carl-Axel Acking) (1970-1977)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լունդի մայր տաճար» հոդվածին։