Իտալական խոհանոց
Իտալական խոհանոց (իտալ.՝ Cucina italiana), Իտալիայի ազգային խոհանոցը, որը տարածված է ամբողջ աշխարհում, ի շնորհիվ այնպիսի ճաշատեսակների, ինչպիսիք են՝ պիցցան, ռիզոտոն և սպագետտին[1]։ Իտալական խոհանոցը բազմատեսակ է, իսկ Իտալիայի յուրաքանչյուր շրջանն ունի իրեն բնորոշ ճաշատեսակները։
Իտալական աղբյուրները վկայում են, որ այս խոհանոցում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել հատկապես այն ժամանակ, երբ բացահայտվել է Նորաշխարհը։ Դրանից հետո իտալական ճաշատեսակներում հայտնվել են լոլիկը, կարտոֆիլը, տաքդեղը և եգիպտացորենը, որոնք ներկայումս հանդիսանում են իտալական ճաշատեսակների անբաժանելի մասը[2][3]։
Իտալական խոհանոցը տարբեր ժամանակներում իր վրա կրել է հռոմեացիների, հույների, լանգոբարդների, արաբների, ֆրանսիացիների և այլ ազգությունների մշակութային ազդեցությունը[4] , ինչն էլ հիմք է դարձել ժամանակակից իտալական խոհանոցի ձևավորման համար[5][6]։ Իտալական խոհանոցն աշխարհի ամենատարածված և հայտնի խոհանոցներից մեկն է[7]։ ԱՄՆ-ում իր տարածվածությամբ երկրորդն է՝ զիջելով միայն ամերիկյան խոհանոցին[8]։
Բնորոշ մթերքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալական խոհանոցին բնորոշ են միջերկրածովյան թարմ մթերքները, ինչն էլ արդյունավետորեն տարբերում է իտալական խոհանոցը ցանկացած կրկնօրինակումից[6][9][10]։ Իտալական խոհանոցը համարվում է նաև աշխարհի «ամենաբուրումնավետ» խոհանոցներից մեկը[11]։
Բնորոշ մթերքների ցանկում են՝
- բանջարեղեն (լոլիկ, սմբուկ, դդմիկ, հազար, տաքդեղ, արտիճուկ)
- ալյուր (պատրաստում են խմոր, մակարոնեղեն)
- պանիր (պարմեզան, գորգոնձոլա, մոցարելա, պեկորինո, մասկարպոնե, ռիկոտա)
- ձիթենի և ձիթապտղի ձեթ
- համեմունքներ (ռեհան, կորաքի համեմունք, սխտոր, հազրեվարդ, պղպեղ, կծու պղպեղ, խնկածաղիկ)
- ձկներ և ծովամթերք
- բրինձ
- թռչնամիս
- տավարի միս
- ընդեղեն (լոբի, ոսպ)
- մրգեր (կիտրոն, նարինջ, դեղձ) և հատապտուղներ
- սպիտակ սունկ
- նուշ
- գինի, իտալական լիկյորներ, գրապպա
Տարածաշրջանային խոհանոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմեական խոհանոցը հիմնականում բաղկացած է այն բաղադրամասերից, որոնք կարելի է ստանալ Հռոմեական կամպանիայում։ Հռոմեական խոհանոցի ճաշատեսակները բավականին հեշտ է պատրաստել։ Հիմնականում օգտագործվում են բանջարեղեն (ոլոռ, իսպանական արտիճուկ և բակլա), միս (ոչխարի և այծի) և պանիր (պեկորինո ռոմանո և ռիկոտա)։ Հռոմեական խոհանոցին բնորոշ համային հավելում է «ստրուտտոն», որն իրենից ներկայացնում է խոզի ճարպ, որը պատրաստվում և մարինացվում է յուրաքանչյուր ձմեռ։ Մեծապես տարածված է նաև պրոշուտոյի ճարպը, այն դեպքում, երբ ձիթապտղի ձեթը կիրառվում է թաց բանջարեղենի հետ, հաճախ էլ տապակելու ժամանակ։
Մոլիզե և Աբրուցո
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոլիզեին և Աբրուցոյին միավորում է ընդհանուր պատմությունը, որի շնորհիվ էլ այս շրջանների խոհանոցները իրար նման են։ Շրջանները գտնվում են Հռոմից դեպի հարավ- արևելք և հայտնի են ապխտած մսամթերքով և պանրով։ Մարզերի բնակիչները սննդակարգում հաճախ օգտագործում են ոչխարի միս, իսկ ծովին մոտ կոմունաներում ավելի շատ օգտագործում են ձուկ և ծովամթերք։ Պերպերոնսինո ոչ մեծ, բայց շատ կծու չիլի պղպեղը աճեցվում է հիմնականում Աբրուցոյում։
Բազիլիկատա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազիլիկատան գտնվում է «իտալական ճտքակոշիկի» վերելքի վրա և ունի ամենալեռնային մակերևույթը՝ մնացած բոլոր մարզերի հետ համեմատած։ Տարածքի երկու երրորդը զբաղեցնում են լեռները, ինչը հնարավորություն չի տալիս, որ մարզում զարգանա գյուղատնտեսությունը։ Բազիլիկատայի խոհանոցը հիմնականում կազմված է «կշտացնող» ճաշատեսակներից՝ ջրալի ապուրներ, տավարի մսից պատրաստված ճաշատեսակներ, ապխտած մսամթերք։ Բազիլիկատայում է պատրաստվում պրովոլոնե պանիրը։
Կալաբրիա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ճտքակոշիկի քիթը»՝ Կալաբրիան երեք կողմերից ողողված է ծովի ջրերով և միայն հյուսիսից է սահմանակից լեռնազանգվածին։ Կալաբրիական խոհանոցը բաղկացած է ձկնեղենից և ծովամթերքից պատրաստված ճաշատեսակներից, հատկապես թյուննոսի և սրաձկան մսից։ Բացի դրանից մարզում աճեցվում են բանջարեղենի տարբեր տեսակներ և մրգեր, առաջին հերթին նարինջ, ձիթապտուղ, կիտրոն և սմբուկ։ Որպես աղանդեր մատուցվում են Կալաբրիայից դեպի հարավ գտնվող մարզերին բնորոշ անուշեղեն՝ թուզ, մեղր և նուշ։
Կամպանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամպանիայի մարզկենտրոն Նեապոլում է առաջացել ոչ միայն պիցցան, որն այսօր աշխարհում ամենատարածված ճաշատեսակներից մեկն է, այլ նաև չորացրած մածուկները։ Տարածված են ձկնեղենից և ծովամթերքից պատրաստված ճաշատեսակները։ Նեապոլի շրջանում մատուցում են նաև ապուրներ, որոնց մեջ լցնում են մեծ քանակությամբ համեմունքներ և սխտոր։ Որպես աղանդեր մատուցում են տեղական արտադրության թխվածքներ և մրգային աղանդեր։
Էմիլիա Ռոմանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Էմիլիա Ռոմանիա մարզի մարզկենտրոն Բոլոնյայում են գտնվում Իտալիայի լավագույն ռեստորանները։ Մարզը համարվում է պարմեզանի, պարմայական խոզապուխտի, բալզամե քաղախի, մորտադելայի և պաստայի հնարավոր բոլոր տեսակների հայրենիքը։ Սխալ է այն կարծիքը, թե պաստան չեն ուտում բոլոնեզե մսային սոուսով։ Վերջինս հիմնականում օգտագործվում է տալյատելեյի հետ միասին։ Հաճախ օգտագործում են նաև կարագ, սերուցք և կաթնային այլ մթերքներ։ Մոդենայում ամանորին պատրաստում են ձամպոնե՝ խոզի մարինացված ոտքեր։
Լացիո
[խմբագրել | խմբագրել կոդը]Լացիոյի մարզկենտրոնը և Իտալիայի մայրաքաղաքը Հռոմն է, որտեղ գտնվում են երկրի լավագույն ռեստորանների և սրճարանների մի մասը, որտեղ կարելի է համտեսել հանրահայտ հռոմեական պաղպաղակները։ Շրջանի խոհանոցին բնորոշ են ոչխարի և հորթի մսից պատրաստված ճաշատեսակները, ինչպես օրինակ սալտիմբոկկա շնիցելը, որը պատրաստվում է հորթի թարմ մսից։ Լացիոյի ամենահայտնի ճաշատեսակներից մեկն է Սուպլի ալ տելեֆոնոն (բառացի՝ «հեռախոսագծեր»), որն իրենից ներկայացնում է տաք մոցարելա պանրի միջուկով ռիզոտոյի տապակած գնդիկներ։
Լոմբարդիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոմբարդիան, որը սահմանակից է Շվեյցարիային, համարվում է ոչ միայն Իտալիայի, այլ նաև ողջ Եվրոպայի ամենահարուստ շրջաններից մեկը։ Լոմբարդիայի հարավարևմտյան մասում հողը բարեբեր է։ Այստեղ առկա են բրնձի և եգիպտացորենի մեծ պլանտացիաներ։ Լոմբարդիայում են ծագել այնպիսի ճաշատեսակներ, ինչպիսիք են միլանյան ձևով պատրաստված ռիզոտոն և պոլենտան։ Լոմբարդիան համարվում է պանետոնեի, կամպարի և ամարետո լիկյորների, մասկարպոնե, գրանա պադանո և գորգոնձոլա պանրատեսակների հայրենիքը։ Տարածված են գինու մեջ շոգեխաշված մսային ճաշատեսակները, օրինակ, օսոբուկոն և լցոնված պաստայի տարբեր տեսակները, հատկապես ռավիոլին և տորտելոնին։
Լիգուրիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերծովյա Լիգուրիա մարզում տարածված են ձկնեղենից և ծովամթերքից պատրաստված ճաշատեսակները։ Գենուա նավահանգստային քաղաքն առաջիններից մեկն էր, որտեղ սկսեցին բերել Ասիայի համեմունքները։ Այնտեղ, մինչ օրս, սիրում են կծու համեմունքներ։ Լիգուրիացիները աճեցնում են երկրի լավագույն ռեհանը։ Լիգուրիան համարվում է պեստո սոուսի հայրենիքը։
Մարկե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարկեի խոհանոցը հարուստ է զանազան ճաշատեսակներով՝ ի շնորհիվ ծովամթերքի և որսամսի։ Որսամիսը բերվում է Մարկեի լեռներից։ Մարկեի բնակչությունը հիմնականում պատրաստում է պաստա, խոզի տապակած միս։ Տարբեր ճաշատեսակների մեջ նրանք մշտապես ավելացնում են ձիթապտուղ։ Մարզը հարուստ է նաև տեղական ծագման ճաշատեսակներով։
Պիեմոնտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիեմոնտը սահմանակից է Ֆրանսիային և Շվեյցարիային, այդ իսկ պատճառով Պիեմոնտի խոհանոցը հարուստ է նաև ֆրանսիական և շվեյցարական ծագման ճաշատեսակներով։ Լոմբարդիայի խոհանոցի նման, որի մակերևույթին նման է նաև Պիեմոնտի մակերևույթը, Պիեմոնտի խոհանոցին բնորոշ են նաև բրնձից, պոլենտից և նյոկիից։ Բերքառատ Պադանի հարթավայրում պիեմոնտցիները զբաղվում են գինեգործությամբ։ Օրինակ, հանրահայտ Բարբարեսկոն արտադրում են այստեղ։ Համարվում է, որ Պիեմոնտում աճեցնում են Իտալիայի լավագույն սոխը և սխտորը, ինչպես նաև սպիտակ տրյուֆելներ։ Ամենահայտնի ճաշատեսակներից մեկը համարվում է վիտելո տոնատոն։ Պիեմոնտը համարվում է իտալական աղանդերներից մեկի պաննա կոտայի հայրենիքը[12]։
Ապուլիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապուլիայում մեծապես տարածված են ձկնեղենից և ծովամթերքից պատրաստված ճաշատեսակները (հատկապես ոստրեները և խեցեմորթիները)։ Մարզում աճեցնում են նաև ձիթապտուղ, բանջարեղեն, մրգեր և կանաչեղեն։ Ապուլիայի ամենահայտնի ճաշատեսակը համարվում է փակ կալցոնե պիցցան։
Սարդինիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարդինիայի խոհանոցում կենտրոնական դեր ունեն թյունոսը, կոնգերը, օմարները և այլ ծովամթերքներ։ Տոնակատարությունների ժամանակ պատրաստում են շամփուրների վրա խորոված ավանդական գոճի։ Սարդինիայի խոհանոցը հայտնի է իր քաղցրեղենով, որոնց մեծ մասը պատրաստված են մեղրից, ընկույզից և մրգերից։ Պեկորինոյի տեսակներից մեկն է համարվում պեկորինո սարդոն։
Սիցիլիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիցիլիա կղզին պատմական տարբեր ժամանակաշրջաններում եղել է տարբեր մշակույթների ազդեցության տակ, այդ իսկ պատճառով Սիցիլիայի խոհանոցում շատ են իսպանական, արաբական և հունական ծագման ճաշատեսակները։ Սիցիլիացիները, սակայն, այդ ճաշատեսակների ավելացրել են նաև իրենց համեմունքները՝ մշկընկույց, մեխակ, դարչին, ինչպես նաև «արևադարձային» մրգեր և բանջարեղեն (սեխ, ծիրան, ցիտրուսներ, քաղցր պղպեղ)։ Սիցիլիայի խոհանոցը կարելի է նկարագրել երեք բառերով՝ pasta, pesce e pasticceria (հայերեն՝ պաստա, ձուկ և քաղրավենիք):
Տրենտինո Ալտո Ադիջե
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրենտինո Ալտո Ադիջեի խոհանոցի վրա մեծ ազդեցություն է ունեցել հարևան ավստրիական խոհանոցը։ Մարզի ավանդական ճաշատեսակներն են համարվում ապխտած երշիկեղենը և կնեդլիկը։ Մարզում զբաղվում են նաև գինեգործությամբ։
Տոսկանա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոսկանայի բերքառատ դաշտերում աճում են բազմատեսակ մրգեր և բանջարեղեններ։ Մարզի աշխարհագրական դիրքը և մակերևույթը նպատակահարմար է նաև անասնապահության համար։ Տոսկանայի ճաշատեսակների ցանկում են հայտնի ֆլորենտական բիֆշտեքսը, կաչուկոն, կրոստինին, ռիբոլիտան, պանցանելան և այլն։ Ֆլորենցիայում հայտնի է նաև ստամոքսի խճողակից պատրաստած լամպրեդոտո ճաշատեսակը։
Ումբրիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ումբրիայի խոհանոցը հարուստ է խոզի, ոչխարի մսից, ծովամթերքից և գետի ձկներից պատրաստված ճաշատեսակներով։ Ումբրիայում արտադրվում են բարձր որակի սև տրյուֆելներ և կարագ։ Ավանդական ճաշատեսակներից է իմբրեսիատան, որը պատրաստվում է ոսպից, կանաչ բակլայից և սիսեռից։
Վենետիկ և Ֆրիուլի-Վենետիկ-Ջուլիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վենետիկի մարզում և հարևան Ֆրիուլի Վենետիկ Ջուլիայում տարածված են ծովամթերքից և ձկնեղենից պատրաստված ճաշատեսակները, ինչպես նաև պոլենտան և ռիզոտոն։ Ավանդական ճաշատեսակներից է Ռիսի բիսին (բառացի ոլոռով բրինձը)։ Այս երկու մարզերում են արտադրվում իտալական գինու 20%-ը։
Հայտնի ճաշատեսակներ և խմիչքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սպագետտի, կանելոնի և մակարոնեղենի այլ տեսակներ։ Մակարոնեղենը մատուցվում է սոուսների տարբեր տեսակներով։ Սոուսով պատրաստված մակարոնը իտալացիները անվանում են պաստա (իտալ.՝ pasta): Պաստա բառը այսօր կիրառվում է ոչ միայն իտալերենում, այլ նաև այլ լեզուներում։ Պաստաների հայտնի տեսակներ են՝ Spaghetti Napoli (հայերեն՝ Նեապոլիտանական սպագետտի), որը մատուցվում է տոմատի սոուսով, Spaghetti Bolognese (հայերեն՝ Բոլոնեզական սպագետտի), որը մատուցվում է բոլոնեզե սոուսով և մսի ֆարշով, Spaghetti Aglio e Olio (հայերեն՝ Սխտորով և ձեթով սպագետտի), որը մատուցվում է ձիթապտղի տաք ձեթով և նրա մեջ տապակված սխտորով։
- Պիցցա՝ ամբողջ աշխարհում հայտնի ճաշատեսակ, որը պատրաստելու համար, հիմնականում, կլոր խմորի վրա քսում են ձեթ, տոմատի մածուկ, վրան ավելացնում են պանիր, միս, երշիկ, ձիթապտուղ, լոլիկ, բիբար և այլ մթերքներ։ Իտալիայի յուրաքանչյուր քաղաք ունի պիցցայի իր ավանդական տեսակը։ Դրանց շարքում կարելի է առանձնացնել «Մարգարիտան», որի արտաքին տեսքը նման է Իտալիայի դրոշին։ Այսպես, մոցարելլա պանիրը ունի սպիտակ գույն, տոմատիկ մածուկը՝ կարմիր, իսկ ռեհանը՝ կանաչ[13]։ Հայտնի տեսակներ են նաև Կապրիչիոզան, Դիաբոլան, Կվատրո ֆորմաջիոն (բառացի՝ չորս պանիր) և Կվատրո ստաջիոնեն (բառացի՝ չորս եղանակ)։
- Ռիզոտո՝ բրնձից պատրաստված ճաշատեսակ, որի եփում են արգանակի մեջ։ Ռիզոտոյի հայտնի տեսակներ են Risotto alla milanese (հայերեն՝ Ռիզոտոն միլանյան տարբերակով), որի մեջ ավելացնում են նաև սոխ և քրքում։
- Լազանիա՝ շերտավոր մակարոն պանրով
- Նյոկի՝ սպիտակաձավարից և կարտոֆիլի փոշուց պատրաստված կնեդլիկներ
- Ռավիոլի և տորտելինի՝ խմորից գնդիկներ, որոնց մեջ միս են լցնում։ Նման է պելմենիին։
- Չիաբատտա՝ սպիտակ հաց
- Պոլենտա եգիպտացորենի ալյուրից և ընդեղենից պատրաստված ապուր
- Մինեստրոնե բանջարեղենային ապուր
- Տրիպա՝ տապակած փորոտիքից պատրաստված ճաշատեսակ
- Պանչետա՝ խոզի կրծքամիս պանրով
- Ֆրիտատա՝ բանջարեղենով օմլետ
- Բրուսկետա` իտալական ավանդական չորահաց
- Խորտիկներ և նախուտեստներ
- Անտիպաստո՝ նախուտեստ, առաջին հերթին մարինացված բանջարեղեն, կապրեզե
- Կառպաչո — տավարի մսի կտորներ, որոնք համեմվում են ձիթապտղի ձեթով, քացախով և կիտրոնի հյութով
- Պեստո՝ ռեհանից, ձիթապտղի ձեթից և եղևնու ընկույզից պատրաստված սոուս
- Գրիսսինի՝ հացի ձողիկներ
- Աղանդեր
- Տիրամիսու և սաբայոն
- Պաննա կոտտա (իտալ.՝ Panna cotta)՝ իտալական ամենահայտնի նախուտեստներից մեկը, որը պատրաստում են Պիեմոնտում[14]։
- Բիսկետո՝ կրկնակի թխված չոր թխվածքաբլիթ
- Իտալական պաղպաղակ
- Խմիչքներ
- Իտալական գինի և թունդ ալկոհոլային խմիչքներ (ամարետո, գրապպա, կամպարի, լիմոնչելլո, սամբուկա)
- Սուրճ (կապուչինո, էսպրեսո)
- Բիչերին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Italian Food | Italy». www.lifeinitaly.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «The Making of Italian Food...From the Beginning». Epicurean.com. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Del Conte, 11-21.
- ↑ «Italian Cooking: History of Food and Cooking in Rome and Lazio Region, Papal Influence, Jewish Influence, The Essence of Roman Italian Cooking». Inmamaskitchen.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Italian Food – Italy's Regional Dishes & Cuisine». Indigoguide.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ 6,0 6,1 «Regional Italian Cuisine». Rusticocooking.com. Արխիվացված է օրիգինալից 2010-04-10-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «How pasta became the world's favourite food». bbc. 2011 թ․ հունիսի 15. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Freeman, Nancy (2007 թ․ մարտի 2). «American Food, Cuisine». Sallybernstein.com. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Related Articles (2009 թ․ հունվարի 2). «Italian cuisine - Britannica Online Encyclopedia». Britannica.com. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Italian Food - Italy's Regional Dishes & Cuisine». Indigoguide.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Cooking World » The most popular cuisines of the world (Part 1)». Cooking-advices.com. 2007 թ․ հունիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Рanna Сotta». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Рецепт пиццы маргарита на Проекте Италия». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Паннакотта, панакота, паннакота, панакотта, панна котта». www.gastronom.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Capatti, Alberto and Montanari, Massimo. Italian Cuisine: a Cultural History. New York: Columbia University Press, 2003. ISBN 0-231-12232-2.
- Anna Del Conte The Concise Gastronomy of Italy. USA: Barnes and Noble Books, 2004. ISBN 1-86205-662-5.
- Dickie, John, Delizia! The Epic History of Italians and Their Food (New York, 2008).
- Evans, Matthew; Cossi, Gabriella; D'Onghia, Peter, World Food Italy. CA: Lonely Planet Publications Pty Ltd, 2000. ISBN 1-86450-022-0.
- Faccioli, Emilio. L'Arte della Cucina in Italia. Milano: Einaudi, 1987 (in Italian).
- Marcella Hazan, Essentials of Classic Italian Cooking, Alfred A. Knopf (October 27, 1992), hardcover, 704 pages, ISBN 978-0394584041.
- Koplan, Steven; Smith, Brian H.; Weiss, Michael A.; Exploring Wine, New York: Van Nostrand Reinhold, 1996. ISBN 0-471-35295-0.
- Piras, Claudia and Medagliani, Eugenio. Culinaria Italy. Cologne: Könemann Verlagsgesellschaft mbh, 2000. ISBN 3-8290-2901-2.
- Gillian Riley (2007). The Oxford Companion to Italian Food. Oxford University Press. ISBN 978-0-19-860617-8.
- The Italian Academy of Cuisine (Accademia Italiana della Cucina) (2009). La Cucina: The Regional Cooking of Italy. Trans. Jay Hyams. New York: Rizzoli. ISBN 978-0-8478-3147-0. OCLC 303040489. The longest and most extensive Italian cookbook with over 2000 recipes, including background information regarding each recipe.
- Thoms, Ulrike: From Migrant Food to Lifestyle Cooking: The Career of Italian Cuisine in Europe, European History Online, Mainz: Institute of European History, 2011, retrieved: 22 June 2011.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իտալական խոհանոցի պատմություն(չաշխատող հղում)
- Ulrike Thoms, From Migrant Food to Lifestyle Cooking: The Career of Italian Cuisine in Europe, EGO — European History Online, Майнц: Institute of European History, 2011, проверено 16 юния 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իտալական խոհանոց» հոդվածին։ |
|
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2017 թվականի հուլիսի 22-ի օրվա հոդված: |