Էպիդերմ (հուներեն epi - վրա և derma –մաշկ), վերնամաշկ, բույսերի առաջնային ծածկութային հյուսվածք, որը գոյանում է բջիջների արտաքին շերտից ընձյուղի աճման կոնում։ Էպիդերմը ծածկում է տերևները, երիտասարդ շիվերը, ծաղիկներն ու պտուղները՝ պաշտպանելով նրանց ջրիկորստից, հերձանցքերի օգնությամբ կարգավորելով գոլորշացումը և գազափոխանակությունը։ Արմատներում էպիդերմ կատարում է ներծծման ֆունկցիա և կոչվում է էպիբլեմ։ Էպիդերմը սովորաբար միաշերտ է, հազվադեպ, որոշ արևադարձային բույսերինը՝ բազմաշերտ (2–16)։ Էպիդերմի հիմնական բջիջները կիպ կպած են։ Նրանց ճառագայթաձև և ներսային պատերը բարակ թաղանթանյութային են, արտաքինները՝ հաստացած։ Արտաքինից էպիդերմի վրա զարգանում է կուտիկուլան, որի մակերևույթին կարող է արտադրվել մոմ՝ սալորենու և խաղողենու պտուղների, կաղամբի տերևների վրա առաջացնելով թխակապույտփառ, որը պաշտպանում է դրանք չորացումից և վնասվածքներից։ Որոշ բույսերի եպիդերմի տակ տեղադրված է ենթամաշկը (հիպոդերմ)՝ հյուսվածք, որը կատարում է ջրապաշարման և մեխ. ֆունկցիաներ։ Էպիդերմի միջոցով արտաթորվում են եթերայուղերը և աղերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։