Jump to content

Էմիլ Կոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծննդյան թիվ՝հունվարի 4, 1857(1857-01-04)[1][2][3][…]
Ծննդավայր՝Փարիզ[2]
Վախճանի թիվ՝հունվարի 20, 1938(1938-01-20)[1][2][3][…] (81 տարեկան)
Վախճանի վայր՝Վիլժուիֆ[4] և Փարիզ[2]
Քաղաքացիություն՝Ֆրանսիա
Մասնագիտություն՝ծաղրանկարիչ, կինոօպերատոր, կոմիքսների հեղինակ, մուլտիպլիկատոր, կինոռեժիսոր, օպերատոր-բեմադրիչ, սցենարիստ, կոմիքսների արտիստ և վիզուալ արտիստ
IMDb։ID 0169871

Էմիլ Կոլ (ֆր.՝ Émile Cohl, ծննդյան անուն՝ Էմիլ Էժեն Ժան Լուի Կուրտե (ֆր.՝ Émile Eugène Jean Louis Courtet), հունվարի 4, 1857(1857-01-04)[1][2][3][…], Փարիզ[2] - հունվարի 20, 1938(1938-01-20)[1][2][3][…], Վիլժուիֆ[4] և Փարիզ[2]), ֆրանսիացի նկարիչ, մուլտիպլիկատոր, ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր։ Դրամատուրգիայի և մուլտիպլիկացիայի պատմության մեջ հիշվել է որպես գրաֆիկ անիմացիայի ստեղծող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլն ամբողջ մանկությունն անցկացրել է Լիլի արվարձանում, սովորել է մի ոսկերչի և աճպարարի մոտ[5]։ Հետաքրքրվելով նկարչությամբ՝ աշակերտել է այն ժամանակ ամենահայտնի ծաղրանկարիչներից մեկին՝ Անդրե Ժիլին (ֆր.՝ André Gill), որն աշխատել է «Լուսին» (ֆր.՝ La lune) և «Խավարում» (ֆր.՝ L'Eclipse) ամսագրերի համար։

Աշխատելով իր ուսուցչի ոճով՝ Էմիլ Կոլը դարձել է բավականին հայտնի ծաղրանկարիչ։ Համագործակցել է «Նոր լուսին» (ֆր.՝ La Nouvelle Lune) և «Ժամանակակիցները» (ֆր.՝ Homines d'aujourd-hui) ամսագրերի հետ՝ միաժամանակ աշխատելով որպես լուսանկարիչ[5]։

1900 թվականից հետո համագործակցել է հումորային ամսագրերի և ալմանախների հետ, օրինակ՝ «Սև կատու» (ֆր.՝ Homines d'aujourd-hui) ամսագրի, որտեղ նկարել է մուլտհերոսի մի շարք կատակերգական արկածներ, որոնք մոտ են եղել լուբոկի և կոմիքսների ավանդույթներին։ Այս շարքերից մեկում նա պատկերել է աշխատողներին, որոնք հատակը փորել են հսկա գայլիկոնով։

«Gaumont» ամսագրի սցենարիստներն օգտագործել են նրա գաղափարը, ինչից հետո Կոլը բողոքով դիմել է Լեոն Գոմոնտին, որն էլ նրան աշխատանքի է ընդունել որպես սցենարիստ[5]։ Իր ռեժիսորական գործունեությունը սկսել է՝ նկարահանելով կասկադյորական ֆիլմեր․ այդ ժանրով աշխատել է նաև Ֆեյլադը։ Դեռևս 1908 թվականի մարտին Էմիլ Կոլը հաջողության է հասել՝ նկարահանելով «Դդումների հետապնդում» ֆիլմը[5]։

Նույն 1908 թվականին կադր առ կադր մեթոդով գծանկարներ նկարահանելով՝ նա ստեղծել է առաջին գրաֆիկական մուլտֆիլմը աշխարհում[5]։ Իսկ նրա կարևոր հայտնագործություններից երկուսը` շարժման և նկարահանման յուրաքանչյուր փուլի համար առանձին գծանկար անելն ու ուղղահայաց տեղադրված տեսախցիկով նկարելը, մինչ օրս մնացել են գրաֆիկական անիմացիայի աշխատանքի հիմնական սկզբունքները։

1908 թվականի օգոստոսի 17-ին տեղի է ունեցել անիմացիոն ֆիլմերի նրա առաջին ցուցադրությունը Փարիզի «Ժիմնազ» թատրոնի էկրանին[6]։ Դա «Ֆանտաստիկ մղձավանջ» (ֆր.՝ Fantasmagorie) ֆիլմն է եղել։ «Fantoche» (ֆր.՝ fantoche) բառը, որը վերցված է իտալերենից (իտալ.՝ fantoccio), նշանակում է տիկնիկ։ Դա Էմիլ Կոլի առաջին մշտական կերպարն է եղել[6]։

էմիլ Կոլը 1885 թվականին

Կոլն ինքն է նկարել իր նկարները՝ կադր առ կադր, իսկ ժապավենը՝ ընդամենը 36 մետր երկարությամբ, պարունակել է 2000 կադր։ Էմիլ Կոլը նաև առաջինն է եղել, ով կիրառել է իրերը կենդանացնելու տեխնիկան։ Նա այդ տեխնիկան օգտագործել է «Կենդանի խաղեր» գործում (թեմա, որին նա մի քանի անգամ է անդրադարձել), ինչպես նաև «Կենդանի թերթ», «Փոքր Ֆաուստ» գործերում։ Նա համադրել է բնական առարկան գծագրված կերպարի հետ, իսկ անիմացիաների մեջ օգտագործել է նաև լուսանկարչություն։ 1909-1910 թվականներին Էմիլ Կոլը Gaumont ընկերության համար ստեղծել է հնարքներ, որոնցում նա հիմնականում օգտագործել է հակառակ կամ կադր առ կադր նկարահանում։

1910 թվականի վերջին Ֆերդինանդ Զեկկան հրավիրել է Կոլին պրոդյուսեր Պաթեի արվեստանոցում աշխատելու։ Կոլի ստեղծագործության այս շրջանին են պատկանել «Գրոտեսկների թանգարանը», «Մի կտոր թղթի արկածները» և «Ուղեղների ուղղիչը»․ հայեցակարգով վերջին գործը նման է «Ուրախ մանրէներ» աշխատանքին[5]։

1912 թվականին Կոլը «Էկլիպս» ընկերության համար վերանկարահանել է իր նախորդ նկարներից մի քանիսը։

1913 թվականին նրան հրավիրել են «Էկլեր», և արդեն լինելով այդ ընկերության աշխատակից՝ Կոլը մեկնել է Միացյալ Նահանգներ, որտեղ աշխատել է «Էկլեր» ընկերության Ֆորտ Լիի (Նյու Ջերսի) մասնաճյուղում։ Էմիլ Կոլը Միացյալ Նահանգներում թողարկել է «Snookums» սերիալը՝ նկարիչ Մաքմանուսի կողմից ստեղծված կերպարի արկածը[5]։

Նա վերադարձել է Ֆրանսիա Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին։ 1917-1918 թվականներին ստեղծել է երեք ավազակների մասին հինգ ֆիլմերից բաղկացած «Նիկելապատ ոտքերի արկածները» շարքը։

Ամբողջական ֆիլմագրությունը ներառել է ավելի քան երեք հարյուր ֆիլմ, սակայն դրանց կեսից ավելին այսօր անվերադարձ կորել է։

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Կոլն ապրել է աղքատների կացարանում։ 1938 թվականի հունվարին մահացել է դժբախտ պատահարի հետևանքով։

Էմիլ Կոլն ու Անդրե Ժիլը

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1908 թվական․ «Դդումների հետապնդում»
  • 1908 թվական․ «Ֆանտաստիկ մղձավանջ» / Fantasmagorie
  • 1908 թվական․ «Դրամա տիկնիկների մոտ»
  • 1908 թվական․ «Կենդանացած լուցկիներ»
  • 1908 թվական․ «Լռության հյուրանոցը»
  • 1908 թվական․ «Զինվորիկը, որը աստված է դառնալու»
  • 1909 թվական․ «Փոխակերպումներ»
  • 1909 թվական․ «Վազող լամպը»
  • 1909 թվական․ «Ուրախ մանրէներ»
  • 1908 թվական․ «Ժամանակակից դպրոց»
  • 1910 թվական․ «Գրոտեսկների թանգարանը»
  • 1910 թվական․ «Ուղեղների ուղղիչը»
  • 1910 թվական․ «Հերկուլեսի 12 քաջագործությունները»
  • 1910 թվական․ «Փոքր Ֆաուստը»
  • 1910 թվական․ «Երգ սրճարանում մի տղայի մասին»
  • 1910 թվական․ «Նկարիչ-նեոիմպրեսիոնիստ»
  • 1911 թվական․ «Մի կտոր թղթի արկածները»
  • 1911 թվական․ «Ոգիների վրեժը»
  • 1912 թվական․ «Կենդանացած խաղալիքները»
  • 1913 թվական․ «Սնուկումս» (Snookums)
  • 1917 թվական․ «Նիկելապատ ոտքերի արկածները»
  • 1921 թվական․ «Ֆանտոշի տունը»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Cohl, Émile // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary AnimatorsNY: Hal Leonard LLC, 2006. — ISBN 978-1-55783-671-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lambiek ComiclopediaLambiek, 1999.
  4. 4,0 4,1 4,2 http://www.lips.org/bio_cohl_GB.html
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Ж. Садуль. Всеобщая история кино. Том 1. — М.:"Искусство", 1958.
  6. 6,0 6,1 «Пионерский период анимации» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 15-ին.

Արտաքին հղումեր

[խմբագրել | խմբագրել կոդը]