Jump to content

Երկարատև դեպրեսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1873 թվականի մայիսի 9-ի Սև ուրբաթը Վիենայի ֆոնդային բորսա

Երկարատև դեպրեսիա (անգլ.՝ Long Depression, 1873-1896), համաշխարհային տնտեսական ճգնաժամ, առավել ծանր արտահայտվել է Եվրոպայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որոնք ԱՄՆ-ում Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո և Երկրորդ արդյունաբերական հեղափոխության (կամ գիտատեխնիկական հեղափոխության) շնորհիվ գտնվում էին ինտենսիվ տնտեսական աճի փուլում։ Մինչև 1930-ական թվականների դեպրեսիան Երկարատև դեպրեսիան կրում էր Մեծ դեպրեսիա անվանումը։ Չնայած ընդհանուր դեֆլյացիայի և ցածր տնտեսական աճի տեմպերի շրջանը սկսվել էր 1873 թվականին (և ավարտվել է մինչև 1896 թվականը), իր նշանակալիությամբ այն անհամեմատելի է 1930-ականների Մեծ ճգնաժամի ժամանակ «տնտեսության բացառիկ ռեցեսիայի և ահագնացող ճգնաժամի» հետ[1]։

Համարվում է, որ Երկարատև դեպրեսիան առավել արտահայտված է եղել Արևմտյան Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրներում, ընդ որում պակաս կարևոր չէ, որ այդ ժամանակաշրջանում առավելապես այդ տարածաշրջաններում էին տնտեսության մասին հավաստի տվյալները համեմատաբար հասանելի։ Մասնագետներից շատերը համարում են, որ Մեծ Բրիտանիան առավել շատ է տուժել Երկարատև դեպրեսիայից. այդ ժամանակ Մայրցամաքային Եվրոպայի համեմատ նրա արդյունաբերական արտադրանքը նկատելիորեն կրճատվեց[2]։

Նախկինում լայն տարածում էր գտել այն տեսակետը, որ Մեծ Բրիտանիայի տնտեսական ճգնաժամը սկսվել էր 1873 թվականին և չէր ընդհատվել մինչև 1896 թվականը, և որոշ աղբյուրներում այդ ժամանակաշրջանը անվանում են 1873-1896 թվականների Մեծ դեպրեսիա (անգլ.՝ Great Depression of 1873–96)[3]:

ԱՄՆ-ի տնտեսագետները, որպես կանոն, Երկարատև դեպրեսիան անվանում են 1873-1879 թվականների դեպրեսիա (անգլ.՝ Depression of 1873–79), սկիզբը համարելով 1873 թվականի խուճապը (անգլ.՝ Panic of 1873), ավարտը՝ 1893 թվականի խուճապը (անգլ.՝ Panic of 1893)[4]) համարում է, որ խուճապին հաջորդող տնտեսական աշխուժության անկումը ձգվել է 1873 թվականի հոկտեմբերից մինչև 1879 թվականի մարտ ամիսը։ Սա Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի կողմից արձանագրված ամենատևական ռեցեսիան է. 65 ամիս, որը գերազանցել է Մեծ դեպրեսիայի ընթացքում (43 ամիս) տնտեսական ակտիվության անկման տևողությանը[5][6]։ Խուճապից հետո ԱՄՆ տնտեսությունը սկսեց արագորեն աճել. 1870-ական և 1880-ական թվականները համարվում են ԱՄն-ի պատմության ամենամեծ տնտեսական աճի տարիները[7]։

Նախադրյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպրեսիայից առաջ կարևորագույն իրադարձություններից են համարվում մի քանի լայնամասշտաբ պատերազմական հակասությունների ավարտը և տնտեսական զարգացման նոր փուլի սկիզբը։ ԱՄՆ քաղաքացիական պատերազմի ավարտից և կարճատև հետպատրազմական ռեցեսիայից հետո (1865-1867 թթ.) Ամերիկայի Միացյալ Նահանգներում սկսվեց ներդրումային բումի շրջանը, հատկապես երկրի արևմտյան հողերում երկաթգծի շինարարության ոլորտում[8]։ Երկաթուղային ցանցի ընդլայնման նախագծերի ֆինանսավորումը մեծ մասամբ իրականացվում էր օտարերկրյա ներդրողների կողմից։ Եվրոպայում Պրուս-Ֆրանսիական պատերազմի ավարտը հանգեցրեց Գերմանիայի քաղաքական համակարգի փոփոխության, իսկ Ֆրանսիայից 200 միլիոն ֆունտ ստեռլինգի չափով ռեպարացիաները Գերմանիայում և Կենտրոնական Եվրոպայում առաջացրեցին ներդրումային բում, որը ինֆլյացիայի պատճառ դարձավ։ Այդ շրջանում ակտիվորեն ներդրվում էին նոր արդյունաբերական տեխնոլոգիաներ, ինչպես օրինակ, Բեսեմերովյան կոնվերտորը (փոխակերպիչը), ինչպես նաև բուռն զարգանում էր երկաթուղային հաղորդակցությունը[8]։

1873 թվականի Խուճապը համարվում է «միջազգային մակարդակի առաջին ճգնաժամը»[8]։ 1873 թվականի ապրիլ ամսին Վիենայի ֆոնդային բորսայի խուճապի առաջացման պատճառն այն էր, որ ներդրողները Կենտրոնական Եվրոպայում ներդրումային բումի գագաթնակետին հասնելուց հետո սկսեցին զգուշանալ տնտեսական պղպջակի առաջացումից։ Խուճապը սկսվեց 1873 թվականի մայիսի 8-ին, իսկ մայիսի 10-ին բորսան փակվեց։ Այն բացվեց կարծելով, որ Ավստրո-Հունգարական կայսրության սահմաններից դուրս չի եկել խուճապը[8]։ Սակայն ամիսներ անց 1873 թվականի սեպտեմբերի 18-ին (Սև հինգշաբթի) ֆինանսական խուճապ սկսվեց Ամերիկայում։ Պատճառը «Ջեյ Քուք ընդ Քոմփանի» (Jay Cooke and Company) բանկի սնանկացումը, որը պայմանավորված էր «Հյուսիս-Խաղաղ օվկիանոսյան երկաթուղի» (Northern Pacific Railway) կազմակերպությանը ներդրումներ տրամադրելու հետ[9]։ Այդ կազմակերպությանը տրամադրվել էր ԱՄՆ արևմուտքի 160 կմ² պետական հողեր և երկաթուղու շինարարության նախագծի ֆինանսավորման նպատակով, կազմակերպությունը թողարկեց 100 միլիոն դոլարի պարտատոմսեր։ Բանկը սնանկացավ, երբ պարզվեց, որ թողարկված պարտատոմսերը իրացում չեն գտնում։ Դրան հաջորդեց ևս մի քանի խոշոր բանկերի սնանկացումը։ 1873 թվականի սեպտեմբերի 20-ին Նյու Յորքի ֆոնդային բորսան 10 օրով փակվեց[8]։

Դոմինոյի սկզբունքի համաձայն Վիենայի ֆոնդային բորսայում կրկնվեց խուճապը, մայրցամաքային Եվրոպայի մի քանի կազմակերպություններ սնանկացան, որից հետո միայն դադարեց արձագանքը։ Սկզբնական շրջանում Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան խուսաեցին ֆինանսական ճգնաժամից, քանի որ նախորդ տարիներին այդ երկրներում դիտվում էր դեֆլյացիա։ Որոշ մասնագետների պնդմամբ Երկարատև դեպրեսիայի գլխավոր պատճառը Պրուս-Ֆրանսիական պատերազմն էր, որը Ֆրանսիայի էկոնոմիկային մեծ հարված հասցրեց և որի ավարտից հետո Ֆրանկֆուրտի հաշտեցման պայմանագրի համաձայն (Ֆրանկֆուրտյան խաղաղություն) Ֆրանսիան ստիպված էր նշանակկալից ռեպարացիաներ վճարել Գերմանիային։ ԱՄՆ-ում գնային դեպրեսիայի գլխավոր պատճառը եղավ խիստ դրամական քաղաքականությունը, որը ԱՄՆ կառավարությունը կիրառեց, որպեսզի Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո վերականգնի ոսկու ստանդարտը։ Այդ նպատակի համար կառավարությունը դրամը հանեց շրջանառությունից, համապատասխանաբար, առևտրային գործընթացների համար հասանելի դրամական զանգվածը կրճատվեց; Նմանապես, այդ քաղաքականությունը հանգեցրեց արծաթի գների անկմանը, որի հետևանքով էականորեն կրճատվեցին ակտիվների նոմինալ արժեքները։ Բազմաթիվ աղբյուրների համաձայն, 1879 թվականից հետո ԱՄՆ արդյունաբերական ծավալը շարունակեց աճել, համապատասխանաբար, ավելացավ արտադրության արտադրողականությունը, առևտրի ծավալի և մրցակցության ինտենսիվության ավելացումը գների հետագա անկման ճնշող ազդեցություն ունեցավ։

Մինչև ճգնաժամը ԱՄՆ-ում ֆինանսավորումը կրում էր սպեկուլյատիվ բնույթ, մասնավորապես Քաղաքացիական պատերազմի ֆինանսավորման համար պետական բանկային արժետոմսերի թողարկման և «Միացյալ խաղաղ օվկիանոսյան երկաթուղի» (անգլ.՝ Union Pacific) կազմակերպության շենքում մեծաքանակ կեղծ դրամներ արտադրելու (մինչև 1869) պատճառով։ Գագաթնակետ հանդիսացավ «Կրեդիտ մոբիլե օֆ Ամերիկա» (անգլ.՝ Crédit Mobilier of America) և «Միացյալ խաղաղ-օվկիանոսյան երկաթուղի» կազմակերպությունների ներգրավումը։ 1873 թվականի երկաթուղային շինարարության ոլորտի բումը և թույլ շուկայական կոնյուկտուրան հանգեցրին շուկայի փլուզման, որի հետևանքով սնանկացման հասան ինչպես «Միացյալ խաղաղ-օվկիանոսյան երկաթուղին», այնպես էլ «Հյուսիս-խաղաղ-օվկիանոսյան երկաթուղին»։ Սնանկացավ նաև Մեծ Բրիտանիայի երկաթուղաշինությունը, որտեղ էլ վերջ դրվեց «երկաթուղաշինության մոլուցքին» (անգլ.՝ railroad mania

1873 թվականի խուճապից հետո շատ կառավարություններ նախընտրեցին հրաժարվել արժույթի ոսկուց ունեցած կախվածությունից, որպեսզի նվազեցնեն դրամական կորուստները։ Դրան անկասկած նպաստում էր 1870-ականների սկզբին եվրոպական և հյուսիսամերիկյան երկրների կառավարությունների արծաթե մետաղադրամների շրջանառությունից հանելը։ 1873 թվականին ԱՄՆ-ում ընդունված «Մետաղադրամների փոխանակման մասին» օրենքը (Coinage Act of 1873) լավ չընդունվեց ինչպես ֆերմերների, այնպես էլ արծաթի հանքերի տերերի կողմից, քանի որ ենթադրվում էր, որ արծաթե մետաղադրամների օգտագործումը ավելի ձեռնտու է գյուղական բնակիչներին, քան մեծ քաղաքների բանկերին։ Բացի այդ, որոշ ամերիկացիներ պաշտպանում էին, որ կառավարությունը շարունակի թողարկել ոչ ոսկով ապահովված արժույթ (թղթադրամարտահանումը խթանելու և գնանկումը կանխելու համար։ Արևմտյան՝ արծաթի խոշոր արտադրող պետությունները, որոնցում կային արծաթի հանքեր, ինչպիսիք են Նևադան, Կոլորադոն և Այդահոն, կտրականապես դեմ էին նոր օրենքին, իսկ հանքերը մի որոշ ժամանակ անկում ապրեցին։ 1890 թվականին ԱՄՆ կառավարությունը կրկին սկսեց արծաթ գնել, որն օրինականորեն ամրագրվեց արծաթի գնաման մասին Շերմանի օրենքով (Sherman Silver Purchase Act)։

Դեպրեսիայի ընթացք

[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի Մեծ դեպրեսիայի նման, Երկարատև դեպրեսիան տարբեր երկրներում տարբեր ժամանակներում և տարբեր ինտենսիվությամբ է դրսևորվել, իսկ որոշ երկրներում եղել են արագ տնտեսական աճի առանձին շրջաններ։ Սակայն, ընդհանուր առմամբ, 1870-1890 թվականները գների անկման ժամանակներ էին, և տնտեսական աճը զգալիորեն ցածր էր, քան դեպրեսիաներից առաջ և հետո։

1870-1890 թվականների ընթացքում հինգ առաջատար արտադրող երկրներում երկաթի արտադրությունը կրկնապատկվել է՝ 11-ից 23 միլիոն տոննա հասնելով, պողպատի արտադրությունն աճել է ավելի քան 20 անգամ (0,5 միլիոնից 11 միլիոն տոննա), իսկ երկաթուղիների շինարարությունն առավել ինտենսիվ էր[10]։ Միևնույն ժամանակ, որոշ շուկաներում գները զգալիորեն անկում ապրեցին. հացահատիկի գինը 1894 թվականին կազմում էր 1867 թվականի գնի ընդամենը մեկ երրորդը[10], և բամբակի գինն ընկավ գրեթե 50% -ով հինգ տարիների ընթացքում (1872 թվականից մինչև 1877 թվականը)[11], ինչը զգալի ֆինանսական դժվարությունների առաջ կանգնեցրեց գյուղատնտեսական աշխատողներին։ Գների կտրուկ անկումը մի շարք երկրների, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան և Միացյալ Նահանգները[10], ստիպեց դիմել պրոտեկցիոնիստական միջոցառումների և առաջացրեց զանգվածային արտագաղթ այլ երկրներից, ինչպիսիք են Իտալիան, Իսպանիան, Ավստրո-Հունգարիան և Ռուսաստանը։ Նմանապես, երկաթի արտադրության ծավալը 1870-1890 թվականներին կրկնապատկվելուն զուգընթաց, երկաթի գինն ընկավ 2 անգամ[10]։

Շատ երկրներում տնտեսական աճի տեմպերը զգալիորեն ցածր էին, ինչպես դեպրեսիայից հետո, և դրանից առաջ.

Արդյունաբերական արտադրության աճի տեմպերը (1850-1913)[12]
1850-1873 1873-1890 1890-1913
Գերմանիա 4.3 2.9 4.1
Միացյալ Թագավորություն 3.0 1.7 2.0
Ամերիկայի Միացյալ Նահանգներ 6.2 4.7 5.3
Ֆրանսիա 1.7 1.3 2.5
Իտալիա 0.9 3.0
Շվեդիա 3.1 3.5
Եվրոպայի մի շարք առաջատար պետությունների ՀԱԱ (միլիարդ ԱՄՆ դոլար, 1960 թվականի գներով)[13]
1830 1840 1850 1860 1870 1880 1890
Ռուսաստան 10.5 11.2 12.7 14.4 22.9 23.2 21.1
Ֆրանսիա 8.5 10.3 11.8 13.3 16.8 17.3 19.7
Միացյալ Թագավորություն 8.2 10.4 12.5 16.0 19.6 23.5 29.4
Գերմանիա 7.2 8.3 10.3 12.7 16.6 19.9 26.4
Ավստրո-Հունգարիա 7.2 8.3 9.1 9.9 11.3 12.2 15.3
Իտալիա 5.5 5.9 6.6 7.4 8.2 8.7 9.4

Ավստրո-Հունգարիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային ճգնաժամի առաջին դրսևորումը 1873 թվականի մայիսին ֆոնդային բորսայում Վիեննայի ֆոնդային բորսայի անկումն էր[8]։ Հունգարիայում 1873 թվականի Խուճապը հանգեցրեց երկաթուղիների չափազանց մեծ շինարարության ավարտին[14]։

Ֆրանսիայի վիճակը ճգնաժամի ընթացքում առանձնահատուկ էր․ երկիրը դեռևս 1873 թվականին ծանր իրավիճակում էր գտնվում Ֆրանս-պրուսական պատերազմում պարտվելուց հետո Գերմանիային 200 մլն ֆունտ ստեռլինգ ռազմատուգանք վճարելու հետևանքով։ Փոխհատուցումների վճարների ժամանակահատվածում Ֆրանսիայի կառավարությունը կանխամտածված վարում էր գնանկման քաղաքականություն[8]։

Այն ժամանակ, երբ 1880-ականներին ԱՄՆ-ում ժամանակավորապես վերսկսվեց տնտեսական աճը, 1882 թվականի Փարիզի ֆոնդային բորսայի սնանկացմամբ սկսվեց դեպրեսիան, որը «ավելի երկար տևեց և ավելի թանկ նստեց Ֆրանսիայի վրա, քան 19-րդ դարի ցանկացած այլ դեպրեսիա»[14](էջեր 70-71)։ ... Նույն՝ 1882 թվականին սնանկացավ ֆրանսիական «Յունիոն Ջեներալ» (Union Générale) բանկը, որն առաջացրեց ֆրանսիական արժեթղթերի արժեքորոշման փլուզում և հանգեցրեց «Անգլիական բանկից» երեք միլիոն ֆունտ ստերլինգ հանելուն[15]։

Ֆրանսիայում ֆինանսական ճգնաժամը սրվեց գինեգործության և մետաքսի արդյունաբերության վրա ազդող համաճարակներով[14](էջեր 70-71): Կապիտալի կուտակումն ու օտարերկրյա ներդրումները 19-րդ դարի վերջին կեսի ամենացածր մակարդակներում էին[14](էջեր 198-199): Չնայած ֆրանս-պրուսական պատերազմի ավարտից հետո նոր ներդրումային բանկերը արագ զարգացան, ճգնաժամը դադարեցրեց բանկային արդյունաբերության զարգացումը, որը վերականգնվեց միայն 20-րդ դարի սկզբին[14](էջեր 70—71): Լրացուցիչ հարված հասցվեց ֆինանսական հատվածին `անհաջող ներդրումները արտասահմանում, հիմնականում երկաթուղիներում[14](էջ 320): Ֆրանսիայի զուտ ազգային արտադրանքի չափը 10 տարի շարունակ նվազում էր 1882 թվականից մինչև 1892 թվականը[14](էջ 457):

1887 թվականից հետո տասամյա մաքսային պատերազմ սկսվեց Ֆրանսիայի և Իտալիայի միջև՝ բարդացնելով ֆրանս-իտալական հարաբերությունները, որոնք ծաղկում էին ապրում Իտալիայի միավորման ժամանակ։ Քանի որ Ֆրանսիան ամենամեծ օտարերկրյա ներդրողն էր, ֆրանսիական ակտիվների լուծարումը հատկապես ծանր էր Իտալիայի տնտեսության համարվ[14](էջ 457):

Ռուսաստանում, ինչպես Միացյալ Նահանգներում, Երկարատև դեպրեսիան իրեն դրսևորել է երեք առանձին ռեցեսիաներով (1874-1877, 1881-1886 և 1891-1892), որոնք մեծ ազդեցություն են ունեցել արտադրության վրա, և որոնց միջակայքերում նկատվել է տնտեսության վերականգնում[16]։

Մեծ Բրիտանիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Մեծ Բրիտանիայում 1820-ականներից ֆինանսական ճգնաժամերը տեղի էին ունենում ամեն տասնամյակ, Երկարատև դեպրեսիան էական բացասական ազդեցություն չի ունեցել երկրի տնտեսության վրա, չնայած այն բանին, որ Անգլիական բանկը 1870-ականներին պահպանում էր բարձր տոկոսադրույք՝ մինչև 9 տոկոս[8]։ 1879 թվականին՝ Իռլանդական հողային օրենքի 1870 թվականի բարեփոխման (Irish Land Act 1870) հետևանքով, ինչպես նաև 1879 թվականի սովի (Irish famine of 1879), գյուղատնտեսության գների անկման և բարձր վարձավճարների պատճառով հազարավոր իռլանդացի ֆերմերներ վարձակալներ սկսեցին «Հողային պատերազմ» (Land War) հողերի համար, որի արդյունքում բարեփոխվեցին Իռլանդական Հողային օրենքները (Irish Land Acts

Միացյալ Նահանգներում Երկարատև դեպրեսիայի սկիզբը 1873 թվականի Խուճապը։ Ըստ Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի, տնտեսական գործունեության հետագա անկումը տևեց 1873 թվականի հոկտեմբերից մինչև 1879 թվականի մարտը։ Սա Բյուրոյի կողմից արձանագրված ռեցեսիայի ամենաերկար ժամանակահատվածն է եղել՝ 65 ամիս։ Մեծ ճգնաժամի պայմաններում տնտեսական ակտիվության անկման տևողությունը 43 ամիս էր[5][17]։ Միլթոն Ֆրիդմանի և Աննա Շվարցի վկայակոչած տվյալները ցույց են տալիս, որ 1869 թվականից 1879 թվականներին զուտ ազգային արտադրանքը (ՀԱԱ) տարեկան աճել է 3% -ով, և որ այդ ընթացքում իրական ազգային արտադրանքը տարեկան աճում էր 6.8% -ով[18]։ Այնուամենայնիվ, քանի որ 1869-1879 թվականներին ԱՄՆ բնակչությունն աճել է ավելի քան 17,5% -ով, ՀԱԱ-ի աճը մեկ շնչի հաշվով պակաս է եղել։ ԱՄՆ-ում տնտեսական իրավիճակը անկայուն է մնացել 1879 թվականից մինչև 1901 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում․ ռեցեսիա դիտվել է 253 ամիսներից 114 -ում[19]։

Անկումը վերաճել է ֆինանսական ճգնաժամի, երբ 1883-1884 թվականներին օտարերկրյա ներդրողները, վախենալով, որ ԱՄՆ կառավարությունը կհրաժարվի ոսկու ստանդարտից[15], ազատվեցին տասնյակ միլիոնավոր դոլարների արժողությամբ ԱՄՆ արժեթղթերից, որից հետո 1884 թվականին Նյու Յորքի շատ բանկեր սնանկացան։ Ֆինանսական խուճապը հանգեցրեց Նյու Յորքի տասնմեկ բանկի փլուզմանը, պետական բանկերի հարյուրավոր ձախողումներին և առնվազն 32 միլիոն դոլարի դրամական պարտավորությունների չկատարմանը[15]։ Գործազրկությունը, որը ռեցեսիաների միջև ընկած ժամանակահատվածներում 2,5% էր կազմում, 1884-1885 թվականներին կտրուկ աճեց՝ կազմելով 7,5%, իսկ հյուսիսարևելյան նահանգներում՝ 13%: Միևնույն ժամանակ, ի պատասխան աշխատաշուկայում իրավիճակի վատթարացման, ներգաղթյալների ներհոսքը զգալիորեն նվազել էր[15]։

Նահանջի երկրորդ ալիքը հանգեցրեց գյուղատնտեսության գների հետագա անկմանը. 1885 թվականին Կանզասում ֆերմերներն օգտագործում էին իրենց եգիպտացորենի բերքը վառելիքի համար, քանի որ դրա գինը ածխի և փայտի գներից էլ ցածր էր։ Տնտեսության վերականգնման նոր փուլ սկսվեց 1885 թվականից[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Rosenberg, Hans (1943).«Political and Social Consequences of the Great Depression of 1873-1896 in Central Europe». The Economic History Review (Blackwell Publishing) (1/2): 58–73.
  2. Musson, A.E. (1959). «The Great Depression in Britain, 1873-1896: A Reappraisal». The Journal of Economic History (Cambridge University Press) 19 (2): 199–228.
  3. Great Depression of 1873–1896 // Business cycles and depressions: an encyclopedia. — New York: Garland Publishing, 1997. — P. 148–49. — ISBN 0824009444.
  4. The History of Economic Downturns in the US " But Now You Know: Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոն (անգլ.՝ National Bureau of Economic Research
  5. 5,0 5,1 Business Cycle Expansions and Contractions. National Bureau of Economic Research
  6. Fels, Rendigs (1949). «The Long-Wave Depression, 1873-97». The Review of Economics and Statistics (The MIT Press) 31 (1): 69–73. DOI:10.2307/1927196.
  7. Rothbard (2002), 164
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 David Glasner, Thomas F. Cooley (1997). Business cycles and depressions : an encyclopedia․ Crisis of 1873. New York: Garland Pub. ISBN 0-8240-0944-4. OCLC 34651539.
  9. Ron Chernow. Titan. — New York: Vintage Books, 1998. — P. 160. — ISBN 1-4000-7730-3.
  10. 10,0 10,1 10,2 10,3 Hobsbawm, E. J. (Eric J.), 1917-2012. (1989, ©1987). The age of empire, 1875-1914 (1st Vintage books ed ed.). New York: Vintage. ISBN 0-679-72175-4. OCLC 18907020. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  11. Foner, Eric, 1943- (2002). Reconstruction : America's unfinished revolution, 1863-1877 (1st Perennial Classics ed ed.). New York: Perennial Classics. ISBN 0-06-093716-5. OCLC 48074168. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  12. Andrew Tylecote The long wave in the world economy. — Routledge, 1993. — С. 12. — ISBN 0415036909
  13. Paul Kennedy The Rise and Fall of the Great Powers. — Fontana Press, 1989. — С. 219.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 14,7 Cameron, Rondo E. (2000). France and the economic development of Europe, 1800-1914. London: Routledge. ISBN 0-415-19011-8. OCLC 43634322.
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 Depression of 1882-1885․ Business cycles and depressions : an encyclopedia. Glasner, David., Cooley, Thomas F. New York: Garland Pub. 1997. ISBN 0-8240-0944-4. OCLC 34651539.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  16. Business cycles in Russia (1700-1914) - Business cycles and depressions : an encyclopedia. Glasner, David., Cooley, Thomas F. New York: Garland Pub. 1997. ISBN 0-8240-0944-4. OCLC 34651539.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  17. Fels, Rendigs (1949-02). «The Long-Wave Depression, 1873-97». The Review of Economics and Statistics. 31 (1): 69–73. doi:10.2307/1927196.
  18. Milton Friedman, Anna Jacobson Schwartz. A monetary history of the United States, 1867—1960. Princeton University Press, 1971. p. 37
  19. «Business Cycle Dating». NBER (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 1-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկարատև դեպրեսիա» հոդվածին։