Jump to content

Գեռնիկայի ծառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեռնիկայի նոր ծառը

Գեռնիկայի ծառ (բասկ.՝ Gernikako Arbola, իսպ.՝ Árbol de Guernica), կաղնի Գեռնիկայում, որը խորհրդանշում է բասկերի, Բիսկայայի ժողովուրդների ավանդական ազատությունը։ Բիսկայայի իշխանները, Կաստիլիայի թագավորության ղեկավարները ծառի տակ երդում են տվել հարգել այդ ժողովուրդների ազատությունը։

Ծառերի դինաստիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարում Բիսկայայի բնակավայրերի բնակիչները ծառերի տակ անցկացրել են հավաքներ։ Ժամանակի ընթացքում հավաքները կենտրոնացել են Գեռնիկայում. 1512 թվականին այն դարձել է հավաքների հիմնական վայրը, իսկ տեղի կաղնին խորհրդանշական իմաստ է ձեռք բերել։ Հավաքներն այնտեղ սկսում են կազմակերպել հատուկ այդ նպատակի համար կառուցված տաղավարում։ Ներկայիս տաղավարն իր վերջնական տեսքը ստացել է 1833 թվականին։

Հայտնի են ծառերի դինաստիայի հետևյալ ներկայացուցիչները[1].

  • Ամենահին ծառը, որի մասին պահպանվել են վավերագրական տեղեկություններ, Հայր ծառն է (իսպ.՝ El Árbol Padre), որը հայտնի է 14-րդ դարից։ Նրա չորացած բունը կարելի է տեսնել Գեռնիկայի հավաքների տան մոտ։ 1476 թվականին այս ծառի տակ երդվել են կաթոլիկ արքաները։
  • 1742 թվականին 450 տարեկան ծառը փոխարինվել է նորով` Ծերուկով (իսպ.՝ El Árbol Viejo, 1742-1892): 1839 թվականին նրա տակ վերջին երդումն է տեղի ունեցել, երբ արքայադուստր, ռեգենտ Մարիա Քրիստինան երդվել է Իզաբելա II-ի անունից։
Հայր ծառի չորացած բունը
  • Այս ծառը հեռացվել է 1860 թվականին և փոխարինվել նորով, որը ստացել է Որդի (իսպ.՝ El Árbol Hijo, 1858-2004) անունը։ Նրա տակ երդվել է Բասկերի Երկրի առաջին նախագահ (լեենդակարի) Խոսե Անտոնիո Ագիրեն (1936-1960)։ Այս ծառն ականատեսն է եղել 1937 թվականին Գեռնիկայի ռմբակոծմանը, երբ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում գերմանական ուժերը գեներալ Ֆրանկոյին իրենց աջակցությունը հայտնելու համար մոտ չորս ժամ անընդհատ ռմբակոծել են Գեռնիկան` այն գետնին հավասարեցնելով։
  • Չորրորդ ծառը (1986-2015) իր նախնու տեղում տնկվել է 2005 թվականի փետրվարի 25-ին։ Այն չորացել է 2015 թվականին հիվանդությունից, որը պայմանավորված է եղել խոնավությամբ։
  • Հինգերորդ ծառը տնկվել է 2015 թվականի մարտին։ Տնկման պահին այն եղել է 14 տարեկան։

Ծառի նշանակությունը նոր երանգ է ստացել Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Երբ քաղաքը գրավում են ֆրանկոյականները, լուրեր են տարածվում, որ Իսպանական ֆալանգայի անդամները ցանկանում են կտրել ծառն ու ոչնչացնել ազգային խորհրդանիշը։ Այդ ժամանակ կապիտան Խայմե դել Բուրգոն կազմավորում է զինված ջոկատ` զինված հսկողություն իրականացնելով ծառի մոտ ու կանխելով այդ մտադրությունը[2]։

Կաղնին պատկերված է Բիսկայայի ու նրա շատ քաղաքների զինանշաններին։ Բիսկայայի տեղական կառավարությունը կիրառում է կաղնու տերևով տարբերանշաններ։ «Բասկյան համերաշխություն» ազգայնական կուսակցության տարբերանշանը կաղնու տերև է, որի մի մասը կարմիր է, մյուսը` կանաչ։

Բասկյան իշխանությունները ծառի սերունդները դիտարկում են որպես բասկյան սփյուռքի ու հայրենի քաղաքների բարեկամության խորհրդանիշ։

Ծառի պատկերով խորհրդանշաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. El Mundo, 26 February 2005, Otro árbol de Gernika
  2. An interview with Jaime del Burgo Torres, the captain that ordered the guard. Allegedly from El Mundo (31 October 2005).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]