Բիտոնտո (իտալ.՝ Bitonto), քաղաք և կոմունաԱպուլիա մարզի Բարի գավառում[2], գտնվում է Բարի քաղաքից դեպի արևմուտք, Ադրիատիկ ծովի ափից 8 կմ հեռավորության վրա։ Քաղաքում բնակվում է 56 338 մարդ (2006 թվ. հունիսի 30 դրությամբ)։ Քաղաքում արտադրվում են ձիթայուղ և գինի։
Բիտոնտո քաղաքն առաջացել է դեռ անտիկ ժամանակներում, այն հիմնել են հունական նորաբնիկները, մետաղադրամների գտածոները թվագրվում են մ.թ.ա. VI դ.։ Հռոմեացիների կառավարման ժամանակահատվածում քաղաքը կրում էր Բուտունտում կամ Բոտոնտոմ անվանումը և համարվում էր հռոմեական մունիցիպալիտետ։ Միջնադարում՝ XI դարից, Բիտոնտոն դարձավ Ստորին Իտալիայում նորմանների նորաստեղծ պետության մի մասը, այնուհետև՝ Սիցիլյան թագավորության մաս։
1734 թվականի մայիսի 25-ին Բիտոնտոյի մոտ տեղի ունեցավ պատմական իրադարձություն` ճակատամարտ, որտեղ իսպանական զորքը Մոնտեմար դուքսի հրամանատարությամբ ջախջախեց ավստրիացիներին և Սիցիլիայի թագավորությունը ենթակա դարձրեց Բուրբոնների արքայատոհմին։