Արևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արևշատ Ավագյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արևշատ Ավագյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 24, 1940 (84 տարեկան) |
Ծննդավայր | Աշտարակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | թարգմանիչ, խմբագիր, բանաստեղծ և նկարիչ |
Պարգևներ | |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Արևշատ Ավագյան Վիքիդարանում |
Արևշատ Խոսրովի Ավագյան (հուլիսի 24, 1940, Աշտարակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ, «Մշակույթի հայկական ֆոնդ»֊ի նախագահ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1970 թվականից, Հայաստանի նկարիչների միության, Հայաստանի ժուռնալիստների միության, Հայաստանի գրողների միության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1940թ.-ի հուլիսի 24-ին, ՀՀ Աշտարակ քաղաքում։ Սովորել է Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան միջնակարգ դպրոցում։ 1957 թվականին ղեկավարել է Աշտարակի պիոներների պալատի նկարչական խմբակը։ Դեռ ուսանողական տարիներից աշխատանքի է անցել «Ավանգարդ» թերթի խմբագրությունում՝ որպես գրականության բաժնի վարիչ։ 1966 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Հետագայում նրան շնորհվել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Պատվավոր շրջանավարտ» տիտղոսը։ 1969 թ․-ին մասնակցել է Մոսկվայում կայացած երիտասարդ գրողների համամիութենական հավաքին։ 1973 թ․-ին աշխատանքի է անցել «Գարուն» ամսագրի խմբագրությունում՝ որպես գրականության բաժնի վարիչ, իսկ 1971-1973 թվականներին՝ հայկական հեռուստատեսության ստուդիայում՝ որպես ավագ խմբագիր։ 1973-1975 թվականներին աշխատել է «Գարուն» ամսագրի խմբագրությունում՝ որպես արձակի և պոեզիայի բաժնի վարիչ։ 1976-1983 թվականներին եղել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ։ 1986 թ․-ին հիմնադրել է ազգային հեռուստատեսությամբ եթեր տրվող «Նավասարդ» մշակութային հանդեսը։ 1986 թ․-ին հրատարակել է «Լույսի արմատներ» ժողովածուն, որի համար արժանել է ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակին։ 1984-1986 թվականներին եղել է ՀԳՄ Արարատյան գրական միավորման պատասխանատու քարտուղարը։ 1986 թվականի փետրվարից եղել է ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի գրական-գեղարվեստական հաղորդումների գլխավոր խմբագրության գլխավոր խմբագիրը[1]։ 1994 թվականից Մշակույթի հայկական ֆոնդի նախագահն է[2]։ 1996 թ․-ին հիմնադրել է «Ծիր կաթին» գիտամշակութային միավորումը։ 1999 թ. ստեղծել է Մշակութային խորհրդարանը։ 2005 թ․-ին դասավանդել է Երևանի Հրաչյա Աճառյանի անվան համալսարանում (Զանգվածային լրատվամիջոցներ և մշակույթ)։ 2007 թ․-ին արժանացել է «Հրանտ և Մանուշակ Սիմոնյան» գրական հիմնադրի ամենամյա մրցանակին։ 2010 թ․-ին նրա «Աստղալույսերի ձայնը» ժողովածուն արժանացել է ՀԳՄ տարվա լավագույն բանաստեղծական գիրք մրցանակին։ Նույն թվականին գրողն արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության և Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալներին։ 2010 թ․-ին Մշակութաբանություն և Արվեստի պատմություն է դասավանդել Երևանի Մշակույթի համալսարանում։ Սույն թվականին հիմնադրել է «Արագածոտն» գրական-մշակութային միավորումը։ 2011 թ․-ից ՀՀ Գիտատեխնոլոգիական ազգային ակադեմիայի ակադեմիկոս է։ Պարգևատրվել է «Մովսես Խորենացու» մեդալով։ ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանի կողմից պարգրատրվել է «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով և պատվոգրով՝ գրականության տարածման, հանրահռչակման գործում ունեցած ավանդի համար։ Պարգևատրվել է «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալով՝ հայ մշակույթին մատուցած ծառայությունների, ազգային-հասարակական կյանքում ունեցած ավանդի համար։
Հեղինակել է շուրջ 20 բանաստեղծական և արձակ ժողովածուներ։ Հրատարակված գրքերից են՝ «Երկնային պատուհաններ» (բանաստեղծություններ, պոեմներ), «Լուսավոր հետագիծ» (պատմվածքներ), «Հոգենյութ», «Հոգեգույներ ծածկագրերով», «Ինքնության գույնն ու իմաստը» և այլն։ Գրողի պոեզիային բնորոշ են պատկերավոր լեզվամտածողությունը, քնարը, շունչը, հայրենասիրական պաթոսը՝ «Ակունքներ», «Օրերի հայտնությունը», «Մաքրվող հեռուներ», «Նավը ուռկանի մեջ», «Աստղի ծնունդը», «Երկնային պատուհաններ», «Հոգենյութ», «Բառերի բանալին», «Հանգրվաններ», «Սերմացու լույս»։ Գրել է նաև պատմվածքներ՝ «Անթառամներ», «Լուսավոր հետագիծ» և այլն։ Զբաղվել է նաև թարգմանությամբ, թարգմանել է ֆրանսիացի, լեհ, ռուս, վրացի, ուկրաինացի և այլ ազգերի բանաստեղծների ստեղծագործություններ։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել և հրատարակվել են աշխարհի շատ լեզուներով։ 1981 թ. «Լույսի արմատներ» բանաստեղծական ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի։ Կազմել է «Արդի հայ քնարերգություն» (Երևան, 2008) անթոլոգիան։
Գրական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրողի բանաստեղծությունների առաջին ժողովածուն «Ակունքներ»-ն է, որը լույս է ընծայել 1963 թ․-ին[3], իսկ գեղանկարչական աշխատանքների առաջին ցուցահանդեսը բացել է 1973 թ․-ին՝ «Գարուն» ամսագրի խմբագրությունում։ 1974 թ․-ին լույս է ընծայել «Մաքրվող հեռուներ» ժողովածուն՝ իր իսկ ձևավորմամբ։ Այնուհետև ինքն է ձևավորել Երևանում, Մոսկվայում լույս տեսնող իր բոլոր գրքերը։ 1976թ․ին լույս է ընծայել «Նավը ուռկանի մեջ» ժողովածուն։ 1977 թ․-ին անհատական ցուցահանդես է ունեցել Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում։ 1978 թ․-ին գեղանկարչական և գրաֆիկական ստեղծագործությունների ցուցահանդեսներ է բացել Մոսկվայի գրողների կենտրոնական տանը և «Տրուդ» թերթի խմբագրատանը։ 1979 թ․-ին Երևանում հրատարակել է «Ի՞նչ կարող է անել բանաստեղծը» մանկական բանաստեղծությունների պատկերազարդ ժողովածուն։ Նույն թվականին անհատական ցուցահանդես և հեղինակային երեկո է ունեցել Կիևում, պոեզիայի երեկո՝ Լվովում։ 1980 թ․-ին հրատարակել է «Երկնային պատուհաններ» ժողովածուն։ Նույն թվականին տպագրել է գեղանկարչական ստեղծագործությունների և բանաստեղծությունների ալբոմ-ժողովածուն՝ «Աստղի ծնունդը»։ 1981 թ․-ին Մոսկվայում հրատարակել է «Дыхание гор» ՝ (Լեռների շնչառությունը) ժողովածուն՝ հեղինակային պատկերազարդումներով։ 1982 թ․-ին գեղանկարչական ստեղծագործությունների ցուցահանդեսներ և հեղինակային երեկոներ է ունեցել Վիլնյուսում, Կաունասում, Պանևեժիսում։ 1983 թվականին անհատական ցուցահանդես և հեղինակային երեկո է ունեցել Մոսկվայում՝ Գրողների կենտրոնական տանը։ 1984 թ․-ին Խորհրդային գրողների պատվիրակության կազմում մասնակցել է Հարավսլավիայում կազմակերպված բանաստեղծական փառատոնին։ Նույն թվականին հրատարակվել է պատմվածքների առաջին՝ «Անթառամներ» ժողովածուն։ Խորհրդային գրողների պատվիրակության կազմում մասնակցել է Փարիզում կայացած պոեզիայի միջազգային սիմպոզիումին։ 1986 թ․-ին հրատարակել է «Լույսի արմատներ» ժողովածուն, որի համար արժանել է ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակին։ 1987 թ․-ին տպագրել է «Թափանցիկ լեռներ» մանկական բանաստեղծությունների պատկերազարդ ժողովածուն։ 1988 թ․-ին հրատարակել է «Անվայրեջք թռիչքներ» բանաստեղծությունների և պոեմների ժողովածուն։ 1982 թ․-ին Մոսկվայում հրատարակվել է «Երկնային պատուհաններ» բանաստեղծությունների և պոեմների ժողովածուն։ 1990 թ․-ին անհատական ցուցահանդես է բացել Լոս-Անջելեսի «Նոր սերունդ» մշակութային սրահում։ Նույն թվականին լույս է ընծայել «Լուսավոր հետագիծ» խորագրով պատմվածքների ժողովածուն։
1992 թ․-ին գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսներ է ունեցել Լոս-Անջելեսում և Բոստոնում։ 1995 թ․-ին կազմակերպել է «Մշակութային գարուն» և «Մշակութային աշուն» փառատոնները։ Նույն թվականին Երևանում բացել է գեղանկարչական աշխատանքների իր հավաքածուի ցուցահանդեսը։ 1997 թ․-ին մասնակցել է Միացյալ Արաբական Էմիրություններում կազմակերպած հայ նկարիչների ցուցահանդեսին։ Նույն թվականին ցուցահանդես է բացել նաև Փարիզում։ 1998 թ․-ին Երևանում կազմակերպել է «Բոլոր մուսաները թատրոնում» փառատոնը։ 2000 թ․-ին լույս է ընծայել բանաստեղծությունների «Հոգենյութ» ժողովածուն և անհատական ցուցահանդես է ունեցել Աշտարակում։ 2001 թ․-ին լույս է ընծայել «Արևշատ» գեղանկարչական և գրաֆիկական ստեղծագործությունների ալբոմը և անհատական ցուցահանդես է բացել Երևանի նկարչի տանը և Վանաձորի գեղագիտական կենտրոնում։ 2002 թ․-ին ցուցահանդես է բացել Էջմիածնում։ 2003 թ․-ին տպագրել է «Բառերի բանալին» բանաստեղծությունների ժողովածուն և «Հանգրվաններ» բանաստեղծությունների ընտրանին։ 2004 թ․-ին լույս է տեսել «Սերմացու լույս» բանաստեղծությունների ժողովածուն։ 2006 թ․-ին հրատարակվել է «Խոսք և գույն» պատկերազարդ ժողովածուն։ 2007 թ․-ին լույս է տեսել «Թիթեռնիկների դպրոցը» մանկական գրքույկը։ 2008 թ․-ին լույս է տեսել «Արդի հայ քնարերգություն» հատորի առաջին ժողովածուն։ 2009 թ․-ին անհատական ցուցահանդես է բացել Երևանի նկարչի տանը։ 2010 թ․-ին լույս է տեսել «Արդի հայ քնարերգություն» ժողովածուի երկրորդ հատորը (Սփյուռք)։ 2010 թ․-ին հրատարակել է «Աստղալույսերի ձայնը» ժողովածուն, որն արժանացել է ՀԳՄ տարվա լավագույն բանաստեղծական գիրք մրցանակին։ Սույն թվականին ցուցահանդեսներ է բացել «Նարեկացի» մշակութային կենտրոնում և «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ 2011 թ․-ին լույս է տեսել «Հոգեգույներ ծածկագրերով» ժողովածուն։ 2013 թ․-ին հրատարակվել է «Ինքնության գույնն ու իմաստը» ալբոմ-ժողովածուն։
Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խճանկար։ «Գարուն», 1967, № 4, էջ 14-15։
- Սասունիկ։ «Գարուն», 1967, № 6:
Ա. Ավագյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թադեուշ Ռուժևիչ, Սաթե թռչունը, Երևան, «Հայաստան», 1970, 60 էջ։
- Վահե Գոդել, Հատուկ նշաններ (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Ա. Ավագյանը), Երևան, «Հայաստան», 1975, 62 էջ։
- Մարիս Չակլայս, Նվագիր, ծղրիդ (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Ա. Ավագյանը), Երևան, «Սովետական գրող», 1976, 51 էջ։
- Գրիգոլ Աբաշիձե, Ծովը և ծիծեռնակը (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Ա. Ավագյանը), Երևան, «Սովետական գրող», 1978, 168 էջ։
- Պավլո Տիչինա, Բանաստեղծություններ (մի մասը թարգմանել է Ա. Ավագյանը), Երևան, «Սովետական գրող», 1980, 167 էջ։
- Ծիածան։ Բանաստեղծությունների ժողովածուն ամփոփում է 15 հանրապետությունների մանկագիրների լավագույն գործերը (մի մասը թարգմանել է Ա. Ավագյանը), Երևան, «Սովետական գրող», 1982, 184 էջ։
- Քնար եղբայրության։ Ուկրաինայի բանաստեղծները Հայաստանի մասին (ժողովածուի մի մասը թարգմանել է Ա. Ավագյանը), Երևան, ՀՍՍՀ Գրքասերների միություն-«Սովետական գրող», 1983, 164 էջ։
- Դայանա Տեր-Հովհաննիսյան, Սև աչքեր կանաչ աչքերի խորքում (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Ա. Ավագյանը), Երևան, «Սովետական գրող», 1985, 112 էջ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Հուլիսի 24 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Ապրող անձինք
- Աշտարակ քաղաքում ծնվածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- Հայաստանի նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- 20-րդ դարի հայ բանաստեղծներ
- 20-րդ դարի հայ գրողներ
- 21-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Հայ բանաստեղծներ
- Հայ թարգմանիչներ
- Հայ խմբագիրներ
- Հայ նկարիչներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- Հայաստանի ժուռնալիստների միության անդամներ
- Ռուսերենից հայերեն թարգմանիչներ