Արթուր Գրոտգեր
Արթուր Գրոտգեր լեհ.՝ Artur Grottger | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 11, 1837[1][2][3][…] |
Ծննդավայր | Otynevychi, Ավստրիական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 13, 1867[1][2][3][…] (30 տարեկան) |
Մահվան վայր | Amélie-les-Bains-Palalda[4] |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն |
Կրթություն | Կրակովի արվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ռոմանտիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Artur Grottger Վիքիպահեստում |
Արթուր Գրոտգեր (լեհ.՝ Artur Grottger, նոյեմբերի 11, 1837[1][2][3][…], Otynevychi, Ավստրիական կայսրություն - դեկտեմբերի 13, 1867[1][2][3][…], Amélie-les-Bains-Palalda[4]), լեհ նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1837 թվականի նոյեմբերի 11-ին Գալիցիայի Օտինյովիցե գյուղում (ներկայումս` Ուկրաինա, Լվովի մարզ)։ Նկարչության առաջին դասերը տղան ստացել է հորից։ 11 տարեկան հասակում Արթուրը ուսանելու է մեկնել լվովցի նկարիչ Յան Մաշկովսկու ստուդիա, որտեղ երկար տարիներ բարեկամացել է վարպետի որդիների` Ռաֆայելի, Կարոլի ու Մարցելի հետ։ Լվովում 1850 թվականին ծանոթացել է Յուլիուշ Կոսակի հետ, ով նպաստել է նրա ուսմանը։
1851 թվականի գարնանը Լվովի խանութներից մեկի ցուցահանդեսում իշխան Ալեքսանդր Պապենհայմը նկատել է ջրաներկով նկար, որը պատկերում էր լեհերի գրոհը թաթարների դեմ։ Իշխանը գնել է նկարը` վաճառողին հարցնելով նկարչի անունը։ Վաճառողը պատասխանել է, որ նկարի հեղինակը 14-ամյա պատանի է` Արթուր Գրոտգերը։ Իշխանը որոշում է ծանոթանալ հեղինակի հետ, և այդ ծանոթությունը վերածվում է տարիների բարեկամության, որի շնորհիվ երիտասարդ նկարիչը ձեռք է բերում հովանավորի ու մեկենասի։ Արթուր Գրոտգերի կյանքում երջանիկ դիպված է եղել նաև կայսր Ֆրանց Յոզեֆ I-ի` 1851 թվականի հոկտեմբերի 5-ին Լվով ժամանումը։ Նկարչի բարեկամները նրան խորհուրդ են տվել պատկերել կայսեր մուտքը Լվով։ Գաղափարը պաշտպանել է նաև իշխան Ագենոր Գոլուխովսկին, ով այդ ժամանակ Գալիցիայի նահանգապետն էր։ Այս ընդունելության ժամանակ կայսր Ֆրանց Յոզեֆը ջրաներկով պատկերը նվեր է ստացել լեհ ազնվականության կողմից։ Վիեննա վերադառնալուց հետո կայսրը Գրոտգերին ամսական 20 գուլդեն կրթաթոշակ է նշանակել և պատվիրել, որ երիտասարդ նկարիչը գեղարվեստական կրթություն ստանա Կրակովում, ապա այն շարունակի Վիեննայում[5]։
1852 թվականի հոկտեմբերի առաջին կեսին Գրոտգերը ժամանել է Կրակով, որտեղ սովորել է Կրակովի գեղարվեստի ակադեմիայում` Վոյչեխ Ստալլերի, Յուզեֆ Կրմերի և Վլադիսլավ Լուշկևիչի մոտ։ Ուսումնառության ընթացքում բարեկամացել է նկարիչներ Անջեյ Գրաբովսկու և Ալեքսանդր Ռաչինսկու հետ։
1854 թվականի վերջին նկարիչն ուղևորվել է Վիեննա և 1855-1858 թվականներին սոորել Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում, որտեղ նրա ուսուցիչներն են եղել Կարլ Բլաասը, Կարլ Մեյերը, Կարլ Վյուրցինգերը և Պետեր Հայգերը։ Նրանցից նկարիչն առանձնացրել է Հայգերին և հենց նրա ազդեցությամբ նախապատվությունը տվել սև-սպիտակ գրաֆիկական աշխատանքներին։ Նկարիչն իր կյանքի մեծ մասն անցկացրել է Վիեննայում` այնտեղ ապրելով 1854-1865 թվականներին։
Այդ ժամանակահատվածում նկարիչը հաջողությամբ աշխատել է նաև որպես նկարազարդող։ Նա համագործակցել է վիեննական ամսագրերի հետ ("Museestunden", "Waldheim’s Illustierte Zeitung" և "Waldheim’s Illustierte Blatter"): Մինչև 1864 թվականը Վիեննայի մի քանի ամսագրերի համար նա ստեղծել է ավելի քան 200 նկարազարդում, նրան հաջողվել է հասնել նյութական կայունության, վարձել բնակարան և Լվովից Վիեննա տեղափոխել մորն ու քրոջը[6]։ 1858 թվականին նկարիչը մի քանի շաբաթով Բավարիայում հյուրընկալվել է իր հովանավոր Պապենհայմի մոտ։ Նա այցելել է Մյունխենում գերմանական արվեստի ցուցահանդեսին։
1859 թվականին համագործակցել է լեհական "Postęp" ("Առաջընթաց") ամսագրի հետ, իսկ 1863 թվականին դարձել նրա գլխավոր խմբագիրը[7]։ Ավստրիական դատարանի կողմից Օսեցկուն վեց ամսով ձերբակալելու հրաման տալուց հետո նկարիչն ինքն իր սեփական միջոցներով է հրատարակել թերթը։ 1863 թվականի Հունվարյան ապստամբությունից հետո Գրոտգերը մասնակցել է ռուսական իշխանություններից փրկվածներին օգնություն տրամադրելու գործին։ 1863 թվականի դեկտեմբերի 23-ին նկարչի` Վիեննայի բնակարանում ձերբակալվել է Կրակովի ապստամբության մեջ կասկածվող մի լեհ։ Ավստրիական իշխանությունները Գրոտգերի դեմ դատական հայց են ներկայացնում, իսկ կայսր Ֆրանց Յոզեֆը նրան զրկում է իր նշանակած թոշակից, որի պատճառով նկարիչը շուտով հայտնվում է աղքատության մեջ և 1865 ստիպված մեկնում Վիեննայից[8]։ Նկարչի կրտսեր եղբայրը` Յարոսլավ Գրոտգերը, Հունվարյան ապստամբությանը մասնակցելու համար 1864 թվականին ռուսական իշխանությունների կողմից աքսորվել է Սիբիր[9]։
Ֆինանսական մշտական խնդիրների պատճառով նկարիչը հաճախ նկարել է ծամծմված թեմաներով։ Այդ ընթացքում նա ստվարաթղթի վրա ստեղծել է նկարների շարքեր` սև-սպիտակ մատիտներով։ Չնայած նա Հունվարյան ապստամբության ականատեսը չի եղել, սակայն բազմիցս պատկերել է այդ իրադարձությունը (Polonia (1863) և Lithuania (1864-1866)):
1866 թվականին Լվովում կազմակերպված պարահանդեսի ժամանակ հանդիպել է 16-ամյա Վանդա Մոնեին։ Նկարչի և աղջկա ռոմանտիկ հանդիպումները, զգացմունքային երկար նամակները երկար չեն տևել. աղջկա ընտանիքը դեմ էր նկարչին[10]։ Գրոտգերը հաջողություն հասնելու ակնկալիքով մեկնում է Փարիզ, որտեղ, արդեն հիվանդ լինելով թոքախտով, ավարտին է հասցրել «Պատերազմ» շարքը, որը վաճառել է Ավստրիայի կայսր Ֆրանց Յոզեֆին։ 1867 թվականի դեկտեմբերին բժիշկները նրան խորհուրդ են տվել մեկնել ֆրանսիական Պիրենեյներում գտնվող Ամելի լե Բեն առողջարան, որտեղ էլ 1867 թվականի դեկտեմբերի 13-ին մահացել է։ Նկարչի մարմինը 1868 թվականի հուլիսի 4-ին նրա հարսնացուն տեղափոխել է Լվով և վերահուղարկավորել Լիչակովսկի գերեզմանոցում` այն տեղում, որտեղ մի անգամ զբոսանքի ժամանակ մատնանշել էր Գրոտգերը։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարչի անունով փողոցներ են անվանակոչվել Լեհաստանի շատ բնակավայրերում։ Արթուր Գրոտգերի անունով փողոց կա բելառուսական Գրոդնո քաղաքում։
Արթուր Գրոտգերի գերեզմանը Լվովի Լիչակովսկի գերեզմանատանը | Արթուր Գրոտգերին նվիրված հուշարձան Լվովի Դոմինիկյան վանքում, հեղինակ` Ցիպրիան Գոդեբսկի | Գրոտգերի կիսանդրին Կրակովում |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Տարի | Հավաքածու | Նկարազարդում |
---|---|---|---|
Փախչող թաթարներ | մոտ 1855 | ||
Հրաձգություն շվեդների հետ | մոտ 1856 | ||
Աղջկա դիմանկար | 1860 | ||
Հենրի Վալուայի փախուստը Լեհաստանից | 1860 | Վարշավայի ազգային թանգարան | |
Կոնֆեդերատների աղոթքը | 1860 | ||
Գիշերային զորակոչ, Պոլոնիա շարքից | 1863 | Բուդապեշտի կերպարվեստի թանգարան | |
Կովկա կոս , Պոլոնիա շարքից | 1863 | Բուդապեշտի կերպարվեստի թանգարան | |
Ապաստարան, Պոլոնիա շարքից | 1863 | Բուդապեշտի կերպարվեստի թանգարան | |
Բակի պաշտպանություն, Պոլոնիա շարքից | 1863 | Բուդապեշտի կերպարվեստի թանգարան | |
Գույժ, Պոլոնիա շարքից | 1863 | Բուդապեշտի կերպարվեստի թանգարան | |
Մարտի դաշտում, Պոլոնիա շարքից | 1866 | Բուդապեշտի կերպարվեստի թանգարան | |
Լեհաստանի խորհրդանշական կերպարը, Պոլոնիա շարքից | 1863 | Բուդապեշտի կերպարվեստի թանգարան | |
Թավուտ, Լիտուանիա շարքից | 1864 | Կրակովի ազգային թանգարան | |
Ապստամբի հանդիպումը | 1865 | Կրակովի ազգային թանգարան | |
Անցում սահմանով | 1865 | Կրակովի ազգային թանգարան | |
Օֆելյա | 1865 | Կրակովի ազգային թանգարան | |
Ապստամբի հրաժեշտը | 1865-1866 | Կրակովի ազգային թանգարան | |
Ֆրինա | 1867 | Վարշավայի ազգային թանգարան | |
Ինքնադիմանկար | 1867 | տե՛ս տեղեկաքարտի պատկերը |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Artur Grottger (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Artur Grottger — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Гротгер Артур // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Artur Potocki „Grottger”. — Lwów, 1907. — С. s. 26-27.(լեհ.)
- ↑ Grottger. Wystawa w 150. rocznicę urodzin i 120. rocznicę śmierci artysty. — Kraków: Muzeum Narodowe w Krakowie, 1988. — С. 13.(լեհ.)
- ↑ Andrzej Niewiarowski Austria po polsku. — Warszawa: Świat Książki, 2009. — С. 158. — ISBN 978-83-247-1150-5(լեհ.)
- ↑ Andrzej Niewiarowski Austria po polsku. — Świat Książk. — Warszawa, 2009. — 159 с. — ISBN 978-83-247-1150-5(լեհ.)
- ↑ Muzeum Narodowe w Krakowie Grottger. Wystawa w 150. rocznicę urodzin i 120. rocznicę śmierci artysty”. — Kraków, 1988. — С. 15.
- ↑ Arthur i Wanda. Dzieje miłości Arthura Grottgera i Wandy Monné. Listy i pamiętniki / opracowanie M. Wolska i M. Pawlikowski. — Medyka – Lwów, 1928.(լեհ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Գրոտգեր» հոդվածին։ |
|