Jump to content

Առողջապահություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շուշիի հիվանդանոցի աշխատասենյակներից, 1910 թվական

Առողջապահություն, տարբերում են մարդու (անհատի) և հանրային առողջություն։

Մարդու առողջություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու առողջությունը բավականին բարդ սոցիալ-կենսաբանական կատեգորիա է, որի բնութագրման բազմաթիվ տարբերակներ են առաջադրվել, սակայն ամենաընդունելին և ամենաամբողջականն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բնութագրումն է՝

Մարդու առողջությունը սոցիալ-կենսաբանական ու հոգեկան լրիվ բարօրության վիճակն է, երբ օրգանիզմի բոլոր օրգանների ու համակարգերի ֆունկցիաները բնակլիմայական ու սոցիալական միջավայրի հետ գտնվում են հավասարակշռված վիճակում, և երբ բացակայում է որևէ հիվանդություն, ախտաբանական վիճակ ու ֆիզիկական թերություն։

Մարդու առողջական վիճակը բնորոշվում է նրա ֆիզիոլոգիական համակարգերի ու օրգանների ֆունկցիայով՝ կապված տարիքային, սեռային ու հոգեբանական գործոնների և արտաքին միջավայրի բնակլիմայական ու սոցիալական պայմանների հետ։

Անհատի «բացարձակ առողջություն»` որպես իդեալական չափանիշ, իրական կյանքում անհնար է պատկերացնել, քանի որ օրգանիզմի կենսագործունեությունը բնութագրող կարևոր ցուցանիշների անհատական տատանումների շրջանակները բավականին լայն են։ Այդ իսկ պատճառով բժշկության մեջ ավելի հաճախ կիրառվում է «գործնականորեն առողջ» հասկացությունը։ Սա այն բնականոն վիճակն է, որի սահմաններից դուրս այս կամ այն տատանումն արդեն բնութագրվում է որպես հիվանդություն կամ ախտաբանական վիճակ։ Թեկուզ առողջությունը դիտվում է որպես հիվանդության հակադիր վիճակ, այնուամենայնիվ, այն չի կարող ունենալ հստակորեն ընդգծված սահմաններ, քանի որ օրգանիզմը շատ հաճախ կարող է գտնվել, այսպես կոչված, «անցումային» կամ «սահմանային» վիճակում։ Այնպես որ, գործնականորեն առողջ վիճակը լրիվ չի բացառում դեռևս անախտանշան, կլինիկորեն չդրսևորված ախտաբանական վիճակների առկայությունը, որն էապես չի անդրադառնում մարդու ինքնազգացողության ու աշխատունակության վրա։

Հանրային առողջություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շտապ օգնության սենյակները շատ հաճախ առաջին օգնության ցուցաբերման հիմնական առողջապահական կայաններն են։

Հանրային առողջությունն (ՀԱ) ավելի լայն ու ընդգրկուն հասկացություն է։ Հետազոտողներից շատերն այն դիտում են որպես վիճակագրական կատեգորիա։ ՀԱ բնութագրվում է մի ամբողջ խումբ ցուցանիշներով, որոնք զուգակցված ու համալիր ներգործություն ունեն բնակչության առողջության վրա։ Դրանք են ժողովրդագրական (ծնելիություն, մահացություն, մանկական մահացություն, կյանքի միջին տևողություն, երկարակեցություն), ֆիզիկական զարգացման, հիվանդացության ու հաշմանդամության ցուցանիշները։ Այստեղ նկատի է առնվում, որ ժողովրդագրական ցուցանիշների մակարդակը որոշակիորեն կախված է կենսագործունեության այնպիսի պայմաններից, ինչպիսիք են շրջակա միջավայրի (օդ, ջուր, հող), աշխատանքի (ուժգնություն, տևողություն, ռեալ աշխատակարգի չափ), կենցաղի (բնակարան, սննդի որակ և քանակ, հագուստ) պայմանները, բնակավայրի սանիտարահիգիենիկ վիճակը, առողջապահության մակարդակը և հանրամատչելիությունը։

Թվարկված գործոններից յուրաքանչյուրը որոշակի ներգործություն ունի հանրային առողջությյան վրա, իսկ վերջինս տվյալ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակը և բնակչության բարեկեցության աստիճանը բնութագրող ամենաօբյեկտիվ ցուցանիշն է։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 548