Jump to content

Ապաանհատականացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ապաանհատականացում, անհատազրկում կամ դեինդիվիդուալիզացիա, սոցիալական հոգեբանության մեջ հասկացություն, որն ընդհանուր առմամբ համարվում է սոցիալական խմբերում ինքնագիտակցման կորուստ[1], թեև դա վիճաբանության առարկա է (տես ստորև)։ Սոցիալական հոգեբանի համար վերլուծության առարկան անհատն է սոցիալական իրավիճակի համատեքստում։ Որպես այդպիսին, սոցիալական հոգեբանները շեշտը դնում են ներքին հոգեբանական գործընթացների դերի վրա։ Այլ հասարակագետները, ինչպիսիք են սոցիոլոգները, ավելի շատ մտահոգված են սոցիալական, տնտեսական, քաղաքական և պատմական լայն գործոններով, որոնք ազդում են տվյալ հասարակության իրադարձությունների վրա[2]։

Ապաանհատականացում տերմինը ստեղծել են Ֆեստինգերը, Պեպիտոնը և Նյուքոմբը 1952 թվականին` նկարագրելու համար, թե ինչ է տեղի ունենում, երբ խմբում մարդկանց չեն վերաբերվում որպես անհատների[3]։

Ընդհանուր ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապաանհատականացման տեսություններն ենթադրում են, որ դա ցածր ինքնագնահատականի և գնահատման նվազման մտավախության հոգեբանական վիճակ է, որն առաջացնում է հականորմատիվային և անզուսպ վարք[4]։ Ապաանհատականացման տեսությունը փորձում է բացատրություն տալ հականորմատիվ կոլեկտիվ վարքագծի բազմազանության համար, ինչպիսիք են ագրեսիվ ամբոխները, լինչի ենթարկող ամբոխները և այլն[5]։ Ապաանհատականացման տեսությունը կիրառվում է նաև ցեղասպանության նկատմամբ[6] և ներկայացվում է որպես առցանց և համակարգչային միջնորդավորված հաղորդակցություններում հականորմատիվ վարքի բացատրություն[7]։

Թեև ընդհանուր առմամբ ապաանհատականացումը վերլուծվում է բացասական վարքագծի համատեքստում, ինչպիսիք են ամբոխի բռնությունը և ցեղասպանությունը, պարզվել է, որ այն դերակատարում ունի նաև դրական վարքագծի և փորձառության մեջ։ Դեռևս գոյություն ունեն որոշ տատանումներ՝ հասկանալու ապաանհատականացման դերը հականորմատիվ վարքագծերի առաջացման գործում, ինչպես նաև հասկանալու, թե ինչպես են համատեքստային ազդանշաններն ազդում ապաանհատականացման կառուցվածքի կանոնների վրա։ Ապաանհատականացումը խմբում սեփական անձի զգացումը կորցնելն է։

Հիմնական տեսական մոտեցումներ և պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից սոցիալական հոգեբանության մեջ ապաանհատականացումը վերաբերում է անձի ինդիվիդուալության զգացողության նվազմանը, որի տեղի ունենալը կապված չէ անձի անձնական կամ սոցիալական վարքագծի մասին ունեցած չափանիշների հետ։ Օրինակ, ինչ-որ մեկը, ով ամբոխի անանուն անդամ է, ավելի հավանական է, որ բռնություն գործադրի ոստիկանի նկատմամբ, քան հայտնի անդամը։ Ինչ-որ իմաստով, ապաանհատականացման վիճակը կարող է գրավիչ համարվել, եթե ինչ-որ մեկի վրա այնպիսի ազդեցություն է ունենում, որ նա զգում է, թե ազատ է իրեն իմպուլսիվ կերպով դրսևորելու՝ չմտածելով հնարավոր հետևանքների մասին։ Այնուամենայնիվ, ապաանհատականացումը նմանապես կապված է «բռնի և հակասոցիալական վարքագծի հետ»[8]։

Դասական տեսություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուստավ Լը Բոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուստավ Լը Բոնը այս երևույթի` որպես ամբոխների վրա ազդեցություն, վաղ հետազոտողն է։ Լը Բոնը ներկայացրել է իր ամբոխի հոգեբանության տեսությունը 1895 թվականի իր «Ամբոխ. հանրային կարծիքի ուսումնասիրություն» (The Crowd: A study of the Popular Mind) հրապարակման մեջ[9]։ Ֆրանսիացի հոգեբանը բնութագրել է ամբոխի մտածելակերպի իր ձևակերպած ազդեցությունը, երբ առանձին ինդիվիդների վրա գերակշռում է ամբոխի հավաքական մտածելակերպը։ Լը Բոնը ամբոխի վարքը համարել է «միահամուռ, զգացմունքային և ինտելեկտուալ տկար»[10]։

Ըստ նրա տեսության, ամբոխի մեջ անձնական պատասխանատվության անկումը հանգեցնում է ամբողջ խմբի կողմից պարզունակ և հեդոնիստական վարքագծի հակվածության։ Սա առաջացնում է մտածելակերպ, որն ըստ Լը Բոնի, ավելի շատ պատկանում է կոլեկտիվին, քան որևէ անհատի, այնպես, որ անհատական հատկանիշները թաքնված են մնում։

Արդեն Լը Բոնը հակվել է ապաանհատականացման հայեցակարգին, որպես վիճակի, որն առաջացել է պատասխանատվության նվազման հետևանքով, որը պայմանավորված է ամբոխին անդամակցելու պատճառով անանունության աստիճանով, որտեղ ուշադրությունը ես-ից տեղափոխվում է խմբի գործողությունն ավելի խթանող, արտաքին որակների վրա (որը կարող է ծայրահեղ լինել)[8]։

Ըստ էության, Լը Բոնը համարել է, որ ամբոխում անհատները գերի են դառնում խմբավորման մտածելակերպին և ընդունակ են իրականացնելու ամենադաժան ու հերոսական արարքներ։ Լը Բոնի ամբոխի վարքագծային երևույթների վերաբերյալ խմբային մակարդակի ֆենոմենը Ֆրոյդին, Մակդուգալին, Հերբերտ Բլյումերին և Օլպորտին ոգեշնչել է ստեղծել հետագա տեսություններ կոլեկտիվ հոգեբանության վերաբերյալ։

Ֆեստինգեր և մյուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեստինգերը, Պեպիտոնը և Նյուքոմբը վերանայել են Լը Բոնի գաղափարները` 1952 թվականին ստեղծելով ապաանհատականացում տերմինը՝ նկարագրելու համար, թե ինչ է տեղի ունենում, երբ խմբում մարդկանց չեն վերաբերվում որպես անհատների[3]։ Ըստ այս տեսաբանների, այն, ինչ գրավում է ինդիվիդին լինել որոշակի խմբում, նրանցից յուրաքանչյուրին ստիպում է ավելի շատ շեշտը դնել խմբի վրա, քան անհատների վրա[8]։ Խմբի ներսում այս անպատասխանատվությունն ազդում է «ներքին սահմանափակումների նվազման վրա և գերազանցում է սովորաբար զսպվող վարքագիծը»[3]։

Ֆեստինգերը և մյուները համաձայնվել են Լը Բոնի ամբոխում վարքագծի ընկալման հետ այն իմաստով, որ անհատները լուծվում են ամբոխի մեջ, ինչը հանգեցնում է նրանց պատասխանատվության նվազմանը։ Այնուամենայնիվ, այս համեմատաբար ժամանակակից տեսաբանները զանազանում են ապաանհատականացումը ամբոխի տեսությունից՝ բարեփոխելով այն գաղափարը, որ ամբոխի ներսում անհատականության կորուստը փոխարինվում է խմբի մտածելակերպով։ Փոխարենը, Ֆեստինգերը և մյուները պնդում են, որ անհատականության կորուստը հանգեցնում է ներքին կամ բարոյական սահմանափակումների նկատմամբ վերահսկողության կորստի[11]։

Ռոբերտ Զիլլեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես այլընտրանք, ըստ Ռ. Ս. Զիլլերի (1964)[12]` անհատները ենթակա են ապաանհատականացման ավելի կոնկրետ իրավիճակային պայմաններում։ Օրինակ, ըստ արժանվույն գնահատվող պայմաններում անհատները խթան են ունենում դրսևորելու անհատականացված որակներ՝ իրենց վարկանիշը բարձրացնելու համար. մինչդեռ, պատժիչ պայմաններում, անհատները հակվածություն ունեն դառնալու անկազմակերպ՝ խմբի մեջ ընկղմվելու միջոցով՝ որպես պատասխանատվությունը ցրելու միջոց[8]։

Ֆիլիպ Զիմբարդո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպ Զիմբարդոն (1969) ենթադրել է, որ «հիմնականում զսպված վարքի արտահայտությունը» կարող է ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ։ Նա ընդլայնել է առաջարկվող գործոնների տիրույթը, որոնք անանունության և անձնական բարոյական պատասխանատվության կորստի հետ միասին նպաստում են ապաանհատականացմանը[3]` ներառելով «գրգռվածությունը, զգայական գերբեռնվածությունը, համատեքստային կառուցվածքի կամ կանխատեսելիության բացակայությունը և թմրամիջոցների կամ ալկոհոլի պատճառով գիտակցության փոփոխությունը», ինչպես նաև «փոփոխված ժամանակի հեռանկարները... և խմբի գործունեության մեջ ներգրավվածության աստիճանը»։

Ըստ Զիմբարդոյի` այս գործոնները հանգեցնում են «ինքնության կորստի կամ ինքնագիտակցման կորստի», ինչը հանգեցնում է անհատի կողմից արտաքին գրգռիչները չզգալուն և «մոտիվացիաների և հույզերի նկատմամբ ճանաչողական վերահսկողության» կորստի։ Հետևաբար, անհատները նվազեցնում են իրենց համապատասխանությունը լավ և վատ պատժամիջոցներին, որոնք ունեն խմբից դուրս գտնվող ազդեցությունների պայմաններում[8]։

Զիմբարդոն համաձայն է Ֆեստինգերի և այլոց հետ իր ենթադրությամբ, որ անհատականության կորուստը հանգեցնում է վերահսկողության կորստի, որի պատճառով ազդված անձինք դրսևորում են ինտենսիվ և իմպուլսիվ վարք՝ բաց թողնելով ներքին սահմանափակումները։ Այնուամենայնիվ, նա մշակել է այս մոդելը՝ նշելով «մուտքային փոփոխականները» (իրավիճակային գործոնները), որոնք հանգեցնում են անհատականության այս կորստի, ինչպես նաև արդյունքում առաջացած վարքագծի բնույթը (հուզական, իմպուլսիվ և ռեգրեսիվ)։

Զիմբարդոն հետագայում զարգացրել է գոյություն ունեցող ապաանհատականացման տեսությունը՝ ենթադրելով, որ այս արդյունքի վարքագիծը «ինքնաուժեղացնող» է և, հետևաբար, այն դադարեցնել դժվար է։ Ավելին, Զիմբարդոն չի սահմանափակել իր խմբային իրավիճակներում կիրառությունը. նա նաև կիրառել է ապաանհատականացման տեսությունը «ինքնասպանության, սպանության և միջանձնային թշնամանքի» նկատմամբ[11]։

Ժամանակակից տեսություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթանասունականների վերջին Էդ Դայները սկսել է դժգոհություն արտահայտել ներկայիս ապաանհատականացման վարկածի վերաբերյալ, որը նա համարել է անվավեր՝ առանց հատուկ ուշադրություն դարձնելու հոգեբանական պրոցեսներին, որոնք հանգեցնում են ապաանհատական վիճակի։ Ըստ նրա` Զիմբարդոյի մոդելը ոչ միայն այդ առումով թերի է, այլև նրա մուտքային փոփոխականների (իրավիճակային գործոնները) դերը հականորմատիվ վարքագիծ առաջացնելու գործում միատեսակ չէ։ Հետևաբար, Դիները ձեռնարկել է կատարելագործել Զիմբարդոյի մոդելը՝ հետագայում հստակեցնելով այն ներքին գործընթացները, որոնք հանգեցնում են ապաանհատականացման։

1980 թվականին նա պնդել է, որ սեփական անձի արժեքներին ուշադրություն դարձնելը ինքնաճանաչման միջոցով մեծացնում է այդ անձի ինքնակարգավորման կարողությունը։ Խմբային համատեքստում, երբ ուշադրությունը բաշխվում է դեպի արտաքին (այս մոդելի համաձայն)՝ հեռու ինքն իրենից, անհատը կորցնում է իր գործողությունները ռացիոնալ պլանավորելու ունակությունը և պլանավորված վարքագիծը փոխարինում է շրջակա միջավայրի նշաններին բարձր արձագանքողությամբ[11]։ Այսպիսով, ըստ Դիների, ինքնագիտակցման նվազումը «ապաանհատականացման որոշիչ հատկանիշն է»։ Դիները երնթադրում է, որ անանունության վրա խիստ ուշադրություն դարձնելը, որպես ապաանհատականացման առաջնային գործոն, ստեղծել է էմպիրիկ խոչընդոտ, որը պահանջում է վերահասցեավորել թեմայի վերաբերյալ էմպիրիկ հետազոտությունները[3]։

Թեև ապաանհատականացման տեսական էվոլյուցիայի մեջ Դիներին հաջողվել է հեռացնել ուշադրությունը անանունությունից, նա չի կարողացել փորձնականորեն պարզաբանել նվազեցված ինքնագիտակցման գործառույթը անարգելված (արգելվածի սահմաններից դուրս) վարքագիծ առաջացնելու գործում։

Ի պատասխան այս երկիմաստության՝ Պրենտիս-Դանը և Ռոջերսը (1982, 1989) ընդլայնել են Դայների մոդելը՝ տարբերելով հանրային ինքնագիտակցությունը մասնավոր ինքնագիտակցությունից։ Հասարակական ինքնագիտակցությունը, ըստ նրանց կարող է կրճատվել «պատասխանատվության ազդակներով», ինչպիսիք են պատասխանատվության ցրումը կամ անանունությունը։ Նման գործոնները, ըստ այս տեսաբանների, պատճառ են դառնում, որ ամբոխի անդամները կորցնեն իրենց գործողությունների հետևանքների զգացումը։ Այսպիսով, նրանք ավելի քիչ են անհանգստանում գնահատվելու մասին և չեն ակնկալում պատիժ։

Անհատական ինքնագիտակցումը (որտեղ ուշադրությունը շեղվում է ես-ից), այնուամենայնիվ, կրճատվում է «ուշադրության ազդակներով», օրինակ՝ խմբային համախմբվածությամբ և ֆիզիոլոգիական գրգռմամբ։ Այս կրճատումը հանգեցնում է «ներքին ապաանձնավորված վիճակի» (որը ներառում է մասնավոր ինքնագիտակցման անկում և փոփոխված մտածողություն՝ որպես բնական կողմնակի հետևանքի արդյունք), որը հանգեցնում է «վարքագծի ներքին չափանիշներին համապատասխանող ինքնակարգավորման և ուշադրության նվազմանը»։ «Դիֆերենցված ինքնագիտակցման» տեսաբաններն ենթադրել են, որ ինքնագիտակցման երկու ձևերն էլ կարող են հանգեցնել «հականորմատիվային և արգելակող վարքագծի», բայց այս տեսաբանների դեանհատականացման սահմանման մեջ միայն հաշվի է առնված անհատական ինքնագիտակցման նվազման գործընթացը[11]։

Ապաանհատականացման էֆեկտների սոցիալական ինքնության մոդել (SIDE)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապաանհատականացման ամենավերջին մոդելը` Ապաանհատականացման էֆեկտների սոցիալական ինքնության մոդելը ( SIDE -Social identity model of deindividuation effects), մշակվել է Ռասել Սփիրսի և Մարտին Լիի կողմից 1995 թվականին։ SIDE մոդելը պնդում է, որ ապաանհատականացման մանիպուլյացիաները կարող են նվազեցնել ուշադրությունը անհատական հատկանիշների և խմբի ներսում միջանձնային տարբերությունների վրա։ Նրանք ուրվագծել են իրենց մոդելը՝ բացատրելով, որ սոցիալական ինքնությունը կարող է կատարել երկու ընդհանուր գործառույթ.

  1. անհատական կամ խմբային նույնականության հաստատում, համապատասխանություն կամ ամրապնդում
  2. լսարանին համոզել հատուկ վարքագիծ դրսևորել։

Այս մոդելը փորձում է իմաստավորել մի շարք ապաանհատական էֆեկտներ, որոնք բխում են իրավիճակային գործոններից, ինչպիսիք են խմբի մեջ խորասուզվելը, անանունությունը և նույնականացման նվազեցումը։ Հետևաբար, ապաանհատականացումը խմբային ինքնության աճող կարևորությունն է, որը կարող է առաջանալ նման գործոնների մանիպուլյացիայի արդյունքում[13]։ SIDE մոդելը հակադրում է այլ դեանհատականացման բացատրությունները, որոնք ներառում են ես-ի նվազեցված ազդեցությունը։ Ռայխերի և այլոց հետագա բացատրությունները նշում են, որ ապաանհատականացման մանիպուլյացիաները ազդում են նորմերի հաստատման վրա՝ ոչ միայն իրենց ազդեցությամբ ինքնորոշման վրա, այլև խմբի անդամների և նրանց լսարանի միջև ուժային հարաբերությունների վրա[14]։

Դասական և ժամանակակից մոտեցումները համակարծիք են ապաանհատականացման տեսության հիմնական բաղադրիչի շուրջ, որ ապաանհատականացումը հանգեցնում է «հականորմատիվ և արգելակված վարքագծի»[3]։

Հիմնական փորձնական բացահայտումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթենլի Միլգրեմ (1963)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթենլի Միլգրամի ուսումնասիրությունը կույր հնազանդության դասական ուսումնասիրություն է, սակայն այս ուսումնասիրության շատ ասպեկտներ բացահայտորեն ցույց են տալիս իրավիճակների բնութագրերը, որոնցում հնարավոր է, որ տեղի ունենա ապաանհատականացում։ Մասնակիցները գտնվում են սենյակում և նստած են կեղծ հսկիչ վահանակի առջև, դեմդիմաց։ Նրացից մեկը «սովորողն» է, մյուսը` «գնահատող» և սխալի համար պատժողն է։ Նրանց տվում է բառազույգերով առաջադրանք, որի վերաբերյալ լինելու է ստուգիչ թեստը։ Այնուհետև փորձարարը «սովորողին» ասում է, որ առաջադրանքի ուսուցումն ավարտված է, և որ նրա համար կկարդան բառազույգերի ցուցակը, և կստուգեն «սովորողի» պատասխանների ճշգրտությունը։

Այնուհետև գնահատող մասնակիցը կարդում է մի բառ և չորս հնարավոր համընկնում։ «Սովորողը» պետք է ընտրի իր սովորած ճիշտ տարբերակը։ Եթե պատասխանը սխալ է, ապա գնահատող մասնակիցը նրան էլեկտրական շոկի է ենթարկում (որը իրական չէր, բայց շոկի ենթարկող մասնակիցը չգիտի դրա մասին) կեղծ կառավարման վահանակից, որի դիմաց մասնակիցները նստած են։ Ամեն սխալ պատասխանից հետո շոկի ուժգնությունը պետք է ավելացվի։ Գնահատող մասնակիցը փորձարարի կողմից հրահանգվում է շարունակել կառավարել ցնցումները՝ նշելով, որ դա իրենց պարտականությունն է գիտափորձի մեջ։

Երբ լարումն աճում է, շոկի ենթարկվող մասնակիցը սկսում է բողոքել ցավից, բղավելով անհանգստությունից և ի վերջո գոռալ, որ ցավը չափազանց ուժգին է, երբեմն նույնիսկ սկսում է պատը ծեծել։ Ամենամեծ լարման դեպքում շոկի ենթարկվողն ընդհանրապես դադարում է խոսել։

Այս հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ փորձի մասնակիցների 65 տոկոսը կատարում է փորձի վերջնական և ամենածանր՝ 450 վոլտ շոկը։ Միայն 1 մասնակից է հրաժարվում 300 վոլտից բարձ մակարդակի շոկի ենթարկելուց։ Անանունության շղարշի ներքո գտնվող մասնակիցները, այս իրավիճակում ավելի ագրեսիվ վարք են ցուցաբերում, քան կարող էին ունենալ սովորական պայմաններում։ Բացի այդ, սա պատասխանատվության դիֆուզիայի դասական օրինակ է այն առումով, որ մասնակիցը փորձի ընթացքում հետևում է հեղինակություն հանդիսացող գործչին (փորձարարին)՝ փոխարենը գիտակցելու իր պատճառած ցավը կամ ներգրավվելու ինքնագնահատման մեջ, որը կարող էր ստիպել նրան հավատարիմ մնալ ընդունված սոցիալական նորմերին[15]։

Ֆիլիպ Զիմբարդո (1969)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլգրեմի ուսումնասիրությունը դրդել է Զիմբարդոյին գրել իր սկզբնական տեսությունը և ապաանհատականության մոդելը՝ հիմնվելով իր հետազոտության արդյունքների վրա։

Հետազոտություններից մեկում փորձարարկման մասնակիցներին ստիպել են անանուն մնալ՝ նրանց տրամադրելով մեծ վերարկուներ և գլխարկներ, որոնք հիմնականում թաքցնում էին նրանց ինքնությունը։ Մասնակիցները Նյու Յորքի համալսարանից չորս հոգանոց կանանց խմբեր էին, որոնք հագնված էին Կու Կլուքս Կլանի անդամների նման։ Մյուս հետազոտության մեջ փորձարկման մասնակիցները նորմալ հագուստով էին և նրանց վզից կախված էր իրենց անունով նույնականացման ցուցանակ։

Դեպքերից յուրաքանչյուրում մասնակիցը մտնում էր սենյակ և պետք է «շոկի ենթարկեր» մյուս սենյակում գտնվող մեկ այլ մասնակցի, ընդ որում, տարբեր աստիճանի ուժգնությամբ՝ մեղմից մինչև վտանգավոր (նման է Սթենլի Միլգրամի ուսումնասիրությանը 1963 թվականին)։ Զիմբարդոն արձանագրել է, որ անանուն վիճակում գտնվող մասնակիցներն ավելի երկար են «շոկի ենթարկում» մյուս մասնակիցներին (ինչը իրական լինելու դեպքում մեծ ցավ կպատճառեր շոկի ենթարկվածին), քան նույնականացման ցուցանակով խմբի անդամները։

Այնուամենայնիվ, զինվորների մասնակցությամբ մեկ այլ հետազոտություն ցույց է տվել ճիշտ հակառակ արդյունքները։ Երբ զինվորները նույնականացման ցուցանակներով էին, նրանք ավելի երկար էին շոկի ենթարկում, քան անանուն զինվորները։ Զիմբարդոն եզրակացրել է, որ անանուն մնալու արդյունքում զինվորները կարող էին իրենց մեկուսացված զգալ իրենց ծառայակիցներից և իրենց ինքնությանն առավել մոտ վարք ցուցաբերել։ Այս ուսումնասիրությունները Զիմբարդոյին դրդել են ուսումնասիրել այս ապաանհատականացումն ու ագրեսիան բանտային միջավայրում, 1971 թվականին[16]։

Ֆիլիպ Զիմբարդո (1971)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպ Զիմբարդոյի «Լյուցիֆերի էֆեկտը » գրքի հրապարակումից ի վեր ավելի լայնորեն ճանաչում ստացած «Սթենֆորդի բանտային գիտափորձ» ուսումնասիրությունը տխրահռչակ ճանաչում է գտել ապաանհատականացման իրավիճակներում ագրեսիայի բացահայտ դրսևորումներով։

Զիմբարդոն Ստենֆորդի համալսարանի Հոգեբանության ֆակուլտետի շենքի նկուղում ստեղծել էր կեղծ բանտային միջավայր, որտեղ 24 տղաների պատահական ընտրությամբ հանձնանարարել էր ստանձնել կա՛մ պահակի, կա՛մ բանտարկյալի դերեր։ Հատուկ ընտրվել էին տղաներ, որոնք չունեին բնավորության աննորմալ գծեր (օրինակ՝ նարցիսիստական, ավտորիտար, հակասոցիալական)։ Գիտափորձը, որն ի սկզբանե նախատեսված էր տևել ավելի քան երկու շաբաթ, ավարտվել էր ժամկետից շուտ, ընդամենը վեց օր հետո, քանի որ հսկիչներն աչքի էին ընկել բանտարկյալների նկատմամբ սադիստական վերաբերմունքով։

Զիմբարդոն ապաանհատականացման այս վարքագիծը բացատրել է խմբում խորասուզվելու և փոքր խմբի ուժեղ շարժիչ ուժերի (փոխազդեցությունների) ստեղծման հետևանքով։ Մի քանի գործոններ էլ նպաստել են և՛ պահակախմբի, և՛ բանտարկյալների ապաանհատականացմանը։ Բանտարկյալներին ստիպում էին միանման հագնվել՝ գլխին քաշել գուլպայից գլխարկ, և կրել հիվանդանոցային խալաթ, ինչպես նաև նրանց դիմում էին իրենց հատկացրած համապատասխան թվով, այլ ոչ թե իրենց անունով։ Պահակներն էլ ունեին համապատասխան արտահագուստ և դեմքը թաքցնող անդրադարձնող ապակիով ակնոցներ։

Պահակների և բանտարկյալների հագուստը մի տեսակ անանունության շղարշ էր երկու կողմից, քանի որ տղաների անհատական նույնական հատկանիշները դուրս էին մնում հավասարումից։ Բացի այդ, պահակները պատասխանատվության ցրման հավելյալ տարր ունեին, որը նրանց հնարավորություն էր տալիս հեռացնել անձնական պատասխանատվությունը և այն դնել ավելի բարձր ղեկավարության վրա։

Գիտափորձից հետո հսկիչներից մի քանիսը մեկնաբանել են, որ իրենք բոլորը համարում էին, որ մեկ ուրիշը կկանգնեցներ իրենց, եթե նրանք իսկապես հատեին սահմանը, ուստի նրանք շարունակել են իրենց վարքագիծը։ Զիմբարդոյի բանտային ուսումնասիրությունը չէր դադարեցվի, եթե Զիմբարդոյի ասպիրանտներից մեկը՝ Քրիստինա Մասլաչը, չհակաճառեր նրան[17]։

Դայներ, Ֆրեյզեր, Բիմեն և Քելեմ (1976)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիները և այլք ուսումնասիրություն են կատարել` մի կնոջ առաջարկելով իր հյուրասենյակում կոնֆետներով լի աման դնել քաղցրավենիքի սիրահար երեխաների համար։ Երեխաների տեսադաշտից հեռու դիտորդը հետևել և գրանցել է ֆոկուսային խմբի վարքագիծը, արձանագրվել է նաև՝ երեխաներն առանձին-առանձին են գալիս, թե խմբով։

Դեպքերից մեկում կինը երեխաներին տալիս էր նույնականացման հարցեր, ինչպիսիք են՝ որտեղ ես ապրում, ովքեր են ծնողներդ, ինչ է անունդ և այլն։ Մյուս դեպքում՝ երեխաները լիովին անանուն էին մնում։ Որից հետո դեպքերից յուրաքանչյուրում կինը երեխաներին ներս հրավիրելով ասում էր, որ խոհանոցում գործ ունի, ուստի պետք է դուրս գա սենյակից, իսկ հետո յուրաքանչյուր երեխայի հանձնարարում էր ամանից վերցնել միայն մեկ կոնֆետ։

Ուսումնասիրության ամփոփումը ցույց է տվել, որ անանուն խմբի դեպքում մեկից ավելի կոնֆետ վերցնողների թիվը մեծապես գերազանցում է ոչ անանուն վերցնողների թվին։ 60% դեպքերում անանուն խմբի երեխաները վերցնում են մեկից ավելի կոնֆետ, երբեմն նույնիսկ ամբողջ ամանի պարունակությունը։ Անանուն խմբի և նույնականացված խմբի անդամները հավասարապես երկրորդ տեղում են` 20% դեպքերում մեկից ավելի կոնֆետ վերցնելով։ Պայմանն ամենաքիչը խախտողները նույնականացված խմբի անդամներն են, որտեղ միայն 10% դեպքերում են մեկից ավելի կոնֆետ վերցնողները[18][19]։

Նադլեր Ա., Գոլդբերգ Մ., Ջաֆե Յ. (1982)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադլերի, Գոլդբերգի և Ջաֆեի այս ուսումնասիրությունը չափել է ապաանհատականացնող պայմանների ազդեցությունը (անանունություն ընդդեմ ճանաչվելիության) երկու սուբյեկտների վիճակների վրա (ինքնատարբերակված - self-differentiated ընդդեմ չտարբերակված - undifferentiated անհատների)։ Ենթադրվում է, որ ինքնատարբերակված անհատն ունի որոշակի սահմաններ իր ներքին հատկանիշների միջակայքում, որոնք նույնականացվում են որպես անձնական և սոցիալական միջավայր։ Չտարբերակված անհատի մոտ նման տարբերիչ սահմաններն ավելի քիչ են դրսևորվում։

Այն սուբյեկտները, որոնք նախապես ընտրվել էին որպես ինքնատարբերակված կամ չտարբերակված, դիտարկվել են բարձր կամ ցածր անանունության պայմաններում։ Յուրաքանչյուր սուբյեկտ ենթարկվել է այլ համակից սուբյեկտի կատարած օրինազանցությունների կամ նվիրատվությունների ազդեցությանը, այնուհետև չափվել է նրա սեփական օրինախախտ կամ պրոսոցիալական գործողությունները։ Նաև ձեռնարկվել են փորձարարի նկատմամբ ուղղված բանավոր ագրեսիայի, ինչպես նաև ապաանհատականացման ներքին վիճակի կանխարգելիչ միջոցներ։ Ուսումնասիրության հիմնական արդյունքներ.

  • Չտարբերակված խմբերի ներսում ավելի մեծ հաճախականությամբ սուբյեկտի հետագա տրանսգրեսիվ/օրինազանց վարքագիծ տեղի է ունենում անանունության պայմաններում, ոչ թե ճանաչվելիության պայմաններում։
  • Չտարբերակված անհատների վրա ազդում են ապաանհատականացնող հանգամանքները, և նրանք հակված են ավելի շատ օրինազանցության փորձի մոդելը տեսնելուց հետո։
  • Բանավոր ագրեսիայի առումով, ինքնատարբերակված անհատների բանավոր ագրեսիայի մակարդակը հավասար է անանունության և ճանաչվելիության պայմանների մակարդակին։ Այնուամենայնիվ, չտարբերակված անհատները հակված են մոդելավորելու համակիցների ագրեսիան և ավելի շատ բանավոր ագրեսիվ են, երբ անանուն են, քան այն դեպքում, երբ նրանք ճանաչվելի են։
  • Հետազոտությունը ցույց է տվել, որ չտարբերակված անհատներն ավելի քիչ են ամաչկոտ և ավելի քիչ են զուսպ անանունության պայմաններում։

Ընդհանուր առմամբ, այս ուսումնասիրությունը հակված է այն վարկածին, որ ապաանհատական պայմանները չտարբերակված անհատների վարքագծային փոփոխություններ են առաջացնում, բայց համեմատաբար քիչ ազդեցություն են ունենում ինքնատարբերակված անհատների վարքագծի վրա[20]։

Դավիդ Դոդդ (1985)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոդդի գիտափորձը գնահատում է ապաանհատականացման և անանունության միջև կապը։ Դոդդը փորձարկվողներին հարցրել է, թե ինչ կանեին (իրականության սահմաններում), եթե նրանց ինքնությունը մնար գաղտնի, և նրանք ոչ մի հետևանքի համար պատասխանատվության չկրեին։ Պատասխանները խմբավորվել են չորս կատեգորիաներով՝ պրոսոցիալական, հակասոցիալական, նորմատիվներից դուրս և չեզոք։

Նրա ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ պատասխանների 36%-ը եղել է հակասոցիալական, 19%-ը՝ նորմատիվներից դուրս, 36%-ը՝ չեզոք և միայն 9%-ը՝ պրոսոցիալական։ Ամենից հաճախ արձանագրված արձագանքները եղել են հանցավոր արարքները։

Ապաանհատականացման վերաբերյալ այս ուսումնասիրությունը ցույց է տալիս հակասոցիալական վարքագիծը արձանագրելիս իրավիճակային գործոնների, այս դեպքում՝ անանունության կարևորությունը։ Ավելին, այս ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անձնային հատկանիշներն ու բնութագրերն այնքան էլ կանխատեսելի չեն վարքագիծը կանխատեսելիս։ Ընդհանուր առմամբ, այս ուսումնասիրությունը հակված է ապաանհատականացման հայեցակարգին, քանի որ Դոդդը պարզել է, որ որոշակի անհատի վարքագիծը փոխվում է նրան բնորոշ նորմալ վարքագծից մինչև վարքագիծ, որը չի ներկայացնում նրա նորմալ վարքային որոշումները[21]։

Ռայխեր, Լևին, Գորդայն (1998)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևելով ինքնության սոցիալական մոդելներին, որոնք առաջարկվում են ապաանհատականացմամբ, Ռայխերի, Լևինի և Գորդայնի կողմից իրականացված ուսումնասիրությունն արտացոլում է ներխմբային կամ խմբի ներսում (անգլ.՝ in-group) տեսանելիության ռազմավարական ազդեցությունը։ Փորձարարների կարծիքով խմբի անդամների միջև տեսանելիության ավելացումը հետագայում կմեծացնի նրանց կարողությունը՝ աջակցելու միմյանց արտախմբային կամ խմբից դուրս (անգլ.՝ out-group) անդամների դեմ, ինչը նաև կհանգեցնի ներխմբային այն հատկանիշների ավելացմանը, որոնք սովորաբար սանկցիայի են ենթարվում արտախմբային անդամների կողմից։

Հետազոտության թեման այն բանավեճն է, թե արդյոք պետք է արգելել աղվեսի որսը, թե ոչ։ Փորձի կազմակերպիչներին հիմնականում հետաքրքրել են այն մասնակիցները, ովքեր իրենց բնորոշում էին որպես «որսորդության հակառակորդներ»։

Մասնակիցներն ընտրվել են Հարավարևմտյան Անգլիայի գյուղական քաղաքում գտնվող հոգեբանության ֆակուլտետի A մակարդակի դասընթացի առաջին կուրսի երեսուն տղա և աղջիկ ուսանողներից, որոնք միջինը 17 տարեկան էին։ Հետազոտությունը երկու առանձին մասից էր կազմված, նախ մասնակիցները լրացնում են նախնական թեստը, որով պարզվում է որսորդության կողմ և դեմ կարծիքները։ Յուրաքանչյուր մասնակցի հետ առանձնազրույց է անցկացվում, որի ժամանակ նա հինավորում է իր կողմ կամ դեմ լինելը։ Որսորդությանը կողմ խումբը տեղափոխվեում է մեկ այլ սենյակ և հետագա ուսումնասիրությանը չի մասնակցում։

Որսորդությանը դեմ մասնակիցների մի մասին տեղավորում են իրարից առանձին խցիկներում` ներխմբային ցածր տեսանելիության պայմաններ ապահովելու համար. նրանք իրար չեն տեսնում փորձի ժամանակ։ Որսորդությանը դեմ արտահայտված մնացած մասնակիցներին տեղավորում են խմբային բարձր տեսանելիության պայմաններում, շրջանաձև նստած, որտեղ յուրաքանչյուրը տեսանելի է բոլորի համար փորձի ամբողջ ընթացքում։

Որից հետո երկու խմբերին էլ ցուցադրվում է տեսանյութ։ Տեսանյութը դիտելուց հետո մասնակիցներին տրվում է հարցաթերթիկ և ասվում է, որ թերթի վերևի մասում գրեն իրենց անունները, որպեսզի արտամբային խոսնակը կարողանա բացահայտել հարցաթերթի հեղինակներին՝ նախքան հարցաթերթի մեկնաբանություններն առանձին-առանձին քննարկելը։

Ի զարմանս փորձարարների, փորձը ցույց է տվել նրանց նախնական վարկածի հակառակը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ ավելի շատ մասնակիցներ ավելի հավանական է կարտահայտեն նորմատիվային վարքագիծ (որը պատժվում է հզոր արտաքին խմբի կողմից), երբ նրանք տեսանելի են իրենց ներխմբային անդամներին։

Փորձարարները նաև պարզել են, որ ներխմբային մասնակիցներն իրականում դեմ են արտահայտվել հենց փորձարարների կողմից պարտադրված դերերին։ Ուղղակի որսի դեմ միավորվելու փոխարեն, խմբի ներսի որոշ մասնակիցներ արտահայտում էին իրենց զայրույթը, երբ նրանց ասում էին, որ իրենց խումբը պաշտպանում է որոշակի այլ տեսակետներ. ոմանք փոխարենը իրենց համարում էին չափավոր կողմ կամ չափավոր հակաորսորդներ։ Այս դեպքում փորձարարներն իրենք են խթանել պատասխանը խմբի ներսում, որը հետագայում վերլուծվել է հետագա փորձերի միջոցով[22]։

Յուն-Ջու Լի (2007)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիի կողմից անցկացված այս գիտափորձն ուսումնասիրում է ապաանհատականացման ազդեցությունը խմբային բևեռացման վրա։ Խմբային բևեռացումը վերաբերում է այն բացահայտմանը, որ խմբային քննարկումներից հետո անհատը կարող է հավանություն տալ խիստ հակառակ դիրքորոշմանը` հակվելով խմբի արդեն իսկ նախընտրած ուղղությանը։ Լիի ուսումնասիրության մեջ սուբյեկտները հակվել են կա՛մ ապաանհատականացման կամ անհատականացման պայմաններին։ Այնուհետև յուրաքանչյուր սուբյեկտ պատասխանել է հարցերին և բերել փաստարկ տվյալ երկընտրանքի վերաբերյալ։ Այնուհետև նրանց ցույց են տվել խմբի այլ անդամների որոշումները, և սուբյեկտներին խնդրել են նշել, թե որքանով են համոզիչ և հիմնավոր համարում ընդհանուր փաստարկները։ Իր արդյունքները վերլուծելիս Լին հանգել մի քանի եզրակացության[23].

  • Խմբի հավաքական նույնականությունը դրական փոխկապակցված է խմբային բևեռացման հետ։
  • Լին հաստատել է իր վարկածը, որ սուբյեկտները ցույց կտան ավելի ուժեղ խմբային նույնականացում և կարծիքների ավելի մեծ բևեռացում, երբ ապաանհատականացված են, քան անհատականացված լինելու դեպքում։
  • Լին պարզել է, որ որքան շատ են մասնակիցները նույնականանում իրենց գործընկերների հետ, այնքան ավելի դրական են գնահատում գործընկերների փաստարկները՝ դրսևորելով խմբային ֆավորիտիզմ։
  • Լիի բացահայտումները ցույց են տալիս, որ թե՛ առավել բարձր խմբային նույնականացված, թե՛ ապաանհատականացված փորձարկվողները հայտնել են հանրային ինքնագիտակցման զգալիորեն ավելի բարձր մակարդակի մասին։

Ընդհանուր առմամբ, այս ուսումնասիրությունը ծանրակշիռ հետազոտություն է, որը թույլ է տալիս ամրապնդել ապաանհատականացման վերաբերյալ նախորդ բացահայտումները։ Եզրակացությունը, որ ապաանհատականացումը կապված է ավելի ուժեղ խմբային բևեռացման և նույնականացման հետ, համապատասխանում է ապաանհատականացման հիմքին. այն անհատները, որոնք ավելի բևեռացված են և նույնականացված են խմբի հետ, ավելի հակված կլինեն գործել ոչ իրենց բնավորությամբ և դրսևորել հականորմատիվ վարք[24]։

Նպաստավոր պայմաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապաանհատականացումն անհատականության և անձնական պատասխանատվության ընկալման կորուստն է, որը կարող է առաջանալ, երբ անհատը հանդես է գալիս որպես խմբի մաս։ Դա կարող է պատճառ դառնալ, որ անձը մեծ գումարներ նվիրաբերի բարեգործությանը, բայց նաև կարող է պատճառ դառնալ, որ նա ավելի հավանական է մասնակցի զանգվածային բռնությամբ[25]։

Կան բազմաթիվ իրական դեպքեր, որոնցում կարելի է տեսնել անհատազրկման հետևանքները։ Ապաանհատականացում կարող է տեղի ունենալ ամենատարբեր դեպքերում` ոստիկանական ուժերում, բանակում, ինտերնետում, սպորտային թիմերում, ավազակային, պաշտամունքային խմբերում և սոցիալական կազմակերպություններում։ Թեև առաջին հայացքից այս խմբերը կարող են շատ տարբեր թվալ, բայց դրանք ունեն բազմաթիվ հատկություններ, որոնք դրանց դարձնում են ապաանհատականացման համար նպաստավոր, և նույնիսկ հնարավոր։ Բոլոր դեպքերում միավորում է խմբային միաբանվածության ուժեղ մղումը[26]։

Ոստիկանության սպաները, զինվորները և սպորտային թիմերը բոլորն էլ կրում են համազգեստ, որը ստեղծում է խմբային հստակություն՝ միաժամանակ վերացնելով անհատական ոճի անհատական տարբերությունները։ Զինվորական տղամարդկանցից նույնիսկ պահանջվում է, որ գլուխը սափրված լինի, որպեսզի արտաքնապես ավելի լավ միավորված լինեն։ Թեև ավազակախմբերը, պաշտամունքները, եղբայրություններն ու ընկերակցությունները չեն պահանջում ֆիզիկական միատեսակության նույն աստիճանը, նրանք նաև դրսևորում են արտաքինը միավորելու այս միտումը՝ իրենց խմբին միավորելու համար։ Օրինակ, ավազակախմբերը կարող են ունենալ խորհրդանիշ, որը նրանք դաջում են իրենց մարմինների վրա` այդ խմբավորման անդամ ճանաչելի լինելու համար։ Եղբայրությունների և ընկերությունների անդամները հաճախ հագնում են իրենց միությունը խորհրդանշող «տառերով» նշված հագուստ, որպեսզի նրանք արագորեն ճանաչվեն որպես տվյալ խմբի մաս։ Նվազեցնելով անհատական տարբերությունները՝ այս տարբեր խմբերը դառնում են ավելի համախմբված։

Խմբի համախմբվածությունը կարող է ստիպել նրա անդամներին կորցնել իրենց ինքնության զգացումը խմբի ճնշող ինքնության մեջ։ Օրինակ, երիտասարդ զինվորականը կարող է իր ինքնությունը ճանաչել տարբեր անհատական հատկանիշների միջոցով, սակայն համազգեստով, սափրված գլխով և պարանոցին ժետոն կախած վիճակում նա կարող է հանկարծ իրեն միայն որպես զինվոր ճանաչել։ Նմանապես, որևէ կազմակերպության անդամ աղջիկը, որը հագել է այդ կազմակերպությունը խորհրդանշող տառերով վերնաշապիկ և կանգնած է իր համակիր ամբոխի մեջ, կարող է իրեն ավելի քիչ անհատական զգալ, և ավելի շատ նման լինել «ChiO» (ΧΩ) կամ «Tridelt» (ΔΔΔ): Ֆիզիկապես նորմավորված իրենց համապատասխան խմբերի չափանիշներին համապատասխան՝ այս տարբեր խմբի անդամները բոլորն էլ վտանգի տակ են, որ զգան ապաանհատականացված։ Նրանք կարող են սկսել իրենց համարել որպես խմբի մի մաս և կորցնել ինքնագիտակցումը, որ իրենք անհատականություն են, ովքեր կարող են մտածել և գործել իրենց խմբից բոլորովին առանձին[27]։ Նրանք կարող են անել այնպիսի բաներ, որոնք սովորաբար չէին անում՝ ելնելով ամաչկոտությունից, անհատական բարոյական չափանիշներից, ինքնագիտակցությունից կամ այլ գործոններից։ Հաշվետուության զգացումների նվազման և խմբի համախմբվածության և համապատասխանության զգացումների մեծացման պատճառով խմբի այս անդամները կարող են ցուցաբերել ոչ նորմատիվային վարք։

Ապաանհատականացումը հաճախ տեղի է ունենում առանց դեմ առ դեմ փոխազդեցության և հանդիսանում է համացանցի տարածվածության առանձնահատկություն։ Վարքագծում սովորական սահմանափակումների թուլացումը, որն առաջանում է ապաանհատականացմամբ, ծաղկում է առցանց միջավայրում և նպաստում կիբերհարձակման վարքագծին[28]։ Բացի այդ, ենթադրվում է, որ անհատազրկումը, որը տեղի է ունենում առցանց, պատճառ է դառնում ծրագրակազմն ապօրինի ներբեռնելու համատարած ցանկություն ունենալու համար։

Հետազոտողներից մեկը փորձարկել է վարկածն այն մասին, որ «այն մարդիկ, ովքեր նախընտրում են անանունությունը և կեղծանունը, որոնք կապված են ինտերնետում փոխազդեցության հետ, ավելի հավանական է, որ ծովահենություն անեն ծրագրային ապահովումում», սակայն պարզել է, որ ոչ անանունությունը, ոչ էլ կեղծանունը չեն կանխատեսում ծրագրային ապահովման ծովահենային հափշտակություն[29]։ Անհատազրկումը կարող է ստիպել ամենատարբեր մարդկանց վարվել այնպես, ինչպես նրանց կարող էր անհնարին թվալ. անծանոթ մարդկանցով լի մի ամբողջ բարի համար ըմպելիք գնելուց մինչև սպանություն կամ բռնաբարության պես սարսափելի բռնություն գործադրելը։

Հակասություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցեր են բարձրացվել ապաանհատականացման հետազոտության արտաքին վավերականության վերաբերյալ։ Ապաանհատականացումը որպես տեսություն զարգանալուն համընթաց, որոշ հետազոտողներ կարծում են, որ տեսությունը տեսադաշտից բաց է թողել կոլեկտիվ վարքագծի դինամիկ խմբի միջխմբային համատեքստը, որը նա փորձում է մոդելավորել[13]։

Ոմանք առաջարկում են, որ ապաանհատականացման ազդեցությունը իրականում կարող է լինել խմբի նորմերի արդյունք. ամբոխի վարքագիծն առաջնորդվում է նորմերով, որոնք առաջանում են կոնկրետ համատեքստում[20]։ Ընդհանրապես, տարօրինակ է թվում, որ թեև ապաանհատականացման տեսությունը պնդում է, որ խմբի մեջ խորասուզվելն առաջացնում է հականորմատիվ վարք, սոցիալական հոգեբանության հետազոտությունները ցույց են տվել նաև, որ խմբի առկայությունն առաջացնում խմբի նորմերի և չափանիշների հետ համապատասխանություն[30]։ Որոշ փորձեր, ինչպիսիք են Միլգրամի հնազանդության ուսումնասիրությունները (1974), ցույց են տալիս փորձարարի պահանջներին համապատասխանությունը։ Այնուամենայնիվ, այս փորձի հետազոտության պարադիգմը շատ նման է ապաանհատականացման ուսումնասիրություններում կիրառված որոշներին, բացառությամբ, որ փորձարարի դերը սովորաբար հաշվի չի առնվում նման դեպքերում[31]։

Ավելի մեծապես քննադատվում է այն, որ ապաանհատակացմամբ պայմանավորված հականորմատիվ վարքագծի մասին հայեցակարգը հիմնված է սոցիալական նորմերի վրա, ինչը խնդրահարույց է, քանի որ նորմերն իրենց բնույթով փոփոխական են և կոնկրետ իրավիճակային[11]։ Օրինակ,

  • Ջոնսոնը և Դաունինգը (1979) ցույց են տվել, որ խմբային վարքագիծը մեծապես տարբերվում է կախված իրավիճակից։ Մասնակիցները, ովքեր հագնվել էին Կու Կլուքս Կլանի մնան, ավելի շատ ցնցեցին հետազոտողներին, բայց բուժքույրերի հագուստով մասնակիցներն իրականում ավելի քիչ ցնցվեցին՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք նրանք նույնականացված են, թե անանուն։ Նրանք բացատրեցին այս արդյունքները որպես համատեքստային նշանների արդյունք, մասնավորապես՝ զգեստների[32]։
  • Այս բացատրությունը հակասում է Զիմբարդոյի ապաանհատականացման սկզբնական տեսությանը, որն ասում է, որ ապաանհատականացումն ավելացնում է հականորմատիվ վարքը՝ անկախ արտաքին նշաններից (բանտարկյալ կամ բանտապահ)։

Հետազոտողները, ովքեր ուսումնասիրում են ապաանհատականացման էֆեկտները իրավիճակային նորմերի համատեքստում, աջակցում են Անհատականության էֆեկտների սոցիալական ինքնության մոդելին (SIDE)[13]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Deindividuation». changingminds.org.
  2. Aronson, Wilson, and Akert. Social Psychology. 7th ed. Rentice Hall:2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Postmes, Tom (2001). «Deindividuation». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2002 թ․ փետրվարի 12-ին. (Անհատականացման տեսության, ամբոխի մեջ անհատի սոցիալական հոգեբանական նկարագրության և հականորմատիվ կոլեկտիվ գործողությունները բացատրելու փորձի մասին)
  4. Diener, Ed; Lusk, Rob; Defour, Darlene; Flax, Robert (1980). «Deindividuation: Effects of group size, density, number of observers, and group member similarity on self-consciousness and disinhibited behavior». Journal of Personality and Social Psychology. 39 (3): 449–459. doi:10.1037/0022-3514.39.3.449.
  5. doi:10.1037/0022-3514.33.2.1788
  6. Staub, Ervin (1996). «Cultural-societal roots of violence: The examples of genocidal violence and of contemporary youth violence in the United States». American Psychologist. 51 (2): 117–132. doi:10.1037/0003-066X.51.2.117. PMID 8746147.
  7. Kiesler, Sara; Sproull, Lee (1992). «Group decision making and communication technology». Organizational Behavior and Human Decision Processes. 52: 96–123. doi:10.1016/0749-5978(92)90047-B.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Roeckelein, Jon. "Deindividuation theory". Elsevier's Dictionary of Psychological Theories. Amsterdam: Elsevier B.V., 2006.
  9.  Gustave Le Bon (2016) The Crowd: A Study of the Popular Mind
  10. «The Crowd». Encyclopædia Britannica. 2011 թ․ ապրիլի 15.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Postmes, T. & Spears, R. (1998). "Deindividuation and antinormative behavior: A meta-analysis". Psychological Bulletin, 123, 238–259.
  12. Ziller, Robert C. Individuation and socialization: A theory of assimilation in large organizations. 1964
  13. 13,0 13,1 13,2 Reicher, S. D.; Spears, R.; Postmes, T. (1995). «A Social Identity Model of Deindividuation Phenomena». European Review of Social Psychology. 6: 161–198. doi:10.1080/14792779443000049.
  14. Reicher, S. D. (1987). "Crowd behaviour as social action". In J. C. Turner, M. A. Hogg, P. J. Oakes, S. D. Reicher, & M. S. Wetherell (Eds.), Rediscovering the social group: A self-categorization theory (pp. 171–202). Oxford, England: Basil Blackwell
  15. Milgram, S. (1963). Behavioural study of obedience. Journal of Abnormal & Social Psychology 67, 371–378.
  16. Zimbardo, P. G. (1969). The human choice: Individuation, reason, and order vs. deindividuation, impulse, and chaos. *In W. J. Arnold & D. Levine (Eds.), Nebraska Symposium on Motivation (pp. 237–307). lincoln: university of nebraska press.
  17. «The Stanford Prison Experiment: A Simulation Study of the Psychology of Imprisonment». prisonexp.org.
  18. Diener, Edward; Fraser, Scott C.; Beaman, Arthur L.; Kelem, Roger T. (1976). «Effects of deindividuation variables on stealing among Halloween trick-or-treaters». Journal of Personality and Social Psychology. American Psychological Association (APA). 33 (2): 178–183. doi:10.1037/0022-3514.33.2.178. ISSN 1939-1315.
  19. Stone, Larry (2014 թ․ փետրվարի 15). «The psychology of being a sports fan». The Seattle Times. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 12-ին.
  20. 20,0 20,1 Nadler, Arie; Goldberg, Marta; Jaffe, Yoram (1982). «Effect of self-differentiation and anonymity in group on deindividuation». Journal of Personality and Social Psychology. 42 (6): 1127–1136. doi:10.1037/0022-3514.42.6.1127.
  21. Dodd, David K. (1985). «Robbers in the Classroom: A Deindividuation Exercise». Teaching of Psychology. 12 (2): 89–91. doi:10.1207/s15328023top1202_9. S2CID 144654359.
  22. Reicher, S., Levine, R. M., Gordijn, E. (1998). "More on deindividuation, power relations between groups and the expression of social identity: Three studies on the effects of visibility to the in-group"(չաշխատող հղում). British Journal of Social Psychology, 37, 15–40.
  23. Eun-Ju Lee. Deindividuation Effects on Group Polarization in Computer‐Mediated Communication: The Role of Group Identification, Public‐Self‐Awareness, and Perceived Argument Quality Sungkyunkwan University, Կորեա
  24. Lee, E. (2007). "Deindividuation effects on group polarization in computer-mediated communication: the role of group identification, public-self-awareness, and perceived argument quality". Journal of Communication, 57(2), 385–403.
  25. Morris, M. (1996). "By Force of Arms: Rape, War, and Military Culture". Duke Law Journal, 45(4), 651–781.
  26. Abrams, D. (1989). Self-Consciousness and Social Identity: Self-Regulation as a Group Member. Social Psychology Quarterly, 52(4), 311–318.
  27. Hazelwood, L. (1998). The Effects of Juror Anonymity on Jury Verdicts. Law and Human Behavior, 22(6), 695–713.
  28. Aronson, E., Wilson, T., Akert, R., & Sommers, S. (2016). Social Psychology. Boston. Pearson. 281–282. 9th ed. 0133936546
  29. Hinduja, S. (2008). Deindividuation and Internet Software Piracy. Cyberpsychology & Behavior, 11(4), 391–398. doi:10.1089/cpb.2007.0048
  30. Deutsch, M., & Gerard, H. B. (1955). A study of normative and informational social influences upon individual judgment. Journal of Personality & Social Psychology, 51, 629–636. 1987-00135 -00110.1037//0022 -3514.51.3.629
  31. Milgram, S. (1974). Obedience to authority. New York: Harper & Row.
  32. Johnson, Robert D.; Downing, Leslie L. (1979). «Deindividuation and valence of cues: Effects on prosocial and antisocial behavior». Journal of Personality and Social Psychology. 37 (9): 1532–1538. doi:10.1037/0022-3514.37.9.1532. PMID 501521.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]