Անմիզապահություն
Անմիզապահություն | |
---|---|
Անմիզապահություն կարող է առաջանալ տարբեր պատճառներով | |
Տեսակ | հիվանդություն և ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | ուրոլոգիա |
ՀՄԴ-9 | 788.3 |
ՀՄԴ-10 | N39.3, N39.4 և R32 |
Urinary incontinence Վիքիպահեստում |
Անմիզապահություն, լինում է տարբեր հիվանդությունների (միզուղիների, նյարդային, կանանց) ժամանակ։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբերում են բացարձակ (լրիվ), հարաբեր, (մասնակի) և գիշերային անմիզապահություն։
Բացարձակ անմիզապահություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացարձակ անմիզապահությունյան դեպքում մշտական միզարձակում է լինում, և մեզը միզապարկում չի պահվում։ Հաճախ այն կապված է միզածորանների, միզապարկի կամ միզուկի բնածին թերությունների, ինչպես նաև տարբեր միզային խուղակների հետ։ Նման դեպքերում անհրաժեշտ է փորահատություն։
Հարաբերական անմիզապահություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարաբերական անմիզապահության ժամանակ լինում է քիչ միզարձակում՝ հազի, արագ քայլելու կամ ֆիզիկական լարվածության դեպքերում, հաճախ կանանց մոտ առաջանում է ծննդաբերական վնասվածքներից հետո։ Այն կարող է կապված լինել նաև նյարդային համակարգի հիվանդությունների հետ։ Այդ ձևի անմիզապահություն բուժելիս (այլ մեթոդների հետ միասին) մեծ է բուժական ֆիզկուլտուրայի դերը։ Վարժությունների համալիրն ընտրում է բժիշկը՝ նկատի ունենալով հիվանդի տարիքն ու ընդհանուր վիճակը։
Գիշերային անմիզապահություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիշերային անմիզապահություն, երբ ակամա միզարձակում է լինում քնած ժամանակ, որպես կանոն, ունենում են երեխաները, հազվադեպ՝ մեծահասակները։
Պատճառ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիշերային անմիզապահություն կարող է լինել բնածին թերզարգացած միզապարկի, երեխայի ֆիզիկական ընդհանուր թերզարգացման, թլիպանեղացման, միզապարկի բորբոքման և միզասեռական համակարգի այլ հիվանդությունների հետևանքով։ Այն երբեմն առաջանում է կենտրոնական նյարդային համակարգի ժամանակավոր ֆունկցիոնալ և օրգանական (ուռուցք, բորբոքում) փոփոխությունների հետևանքով։
Կանխարգելում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիշերային անմիզապահություն կանխելու նպատակով շատ կարևոր է վաղ մանկական տարիքում մշակել կամային միզարձակում, որի համար անհրաժեշտ է ստիպել երեխային մինչև քնելը անպայման միզել և դրա համար գիշերը ևս արթնացնել։ Տարիքի հետ (12-16 տարեկանում) գիշերային անմիզապահություն սովորաբար դադարում է։
Միզարձակումը զսպելու անկարողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անմիզապահությունից տարբերվում է միզարձակումը զսպելու անկարողությունը, որը կապված է միզապարկի բորբոքման, շագանակագեղձի գեղձուռուցքի, միզաքարային և այլ հիվանդությունների հետևանքով միզապարկի ուժեղ գրգռվածության հետ։ Միզարձակումը զսպել չկարողանալը դադարում է այն առաջացնող հիվանդությունը բուժելուց հետո։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անմիզապահության ժամանակ մշտապես կամ պարբերաբար միզարձակումը գրգռում, խոնավացնում է սեռական օրգանների, շեքի, ազդրի մաշկը և ազդում է հիվանդի ընդհանուր վիճակի վրա։ Հիվանդը դառնում է ինքնամփոփ, գրգռված, չհավասարակշռված։ Մաշկի վրա մեզի գրգռող ազդեցությունը կանխելու համար օգտվում են մեզընդունիչից, ամեն օր ընդունում հիգիենային լոգանքներ, շեքի և ազդրերի մաշկին վազելին քսում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անմիզապահություն» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 429)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |