Անատոլիական վագրեր
Անատոլիական վագրերը ( թուրքերեն՝ Anadolu Kaplanları) թուրքական տնտեսության համատեքստում Թուրքիայի մի շարք քաղաքներ են, որոնք 1980-ական թվականներից սկսած՝ աճի տպավորիչ ռեկորդներ են գրանցել, ինչպես նաև առաջ են բերել ճանաչված ձեռներեցների որոշակի տեսակ, որոնց ձեռնարկությունները հիմնականում փոքր կարգավիճակից հասել են միջինի մակարդակի[1]։
Ինչ վերաբերում է կոնկրետ քաղաքներին, տերմինն առավել հաճախ օգտագործվում է Դենիզլիի, Գազիանթեփի, Կայսերիի, Բալըքեսիրի, Քոնիայի, Քահրամանմարաշի, Բուրսայի և Իզմիթի տարածաշրջանային կենտրոնների համար[2]։ Թուրքիայի ներսում շեշտը դրվել է այն քաղաքների վրա, որոնք տարիների ընթացքում քիչ պետական ներդրումներ կամ սուբսիդիաներ են ստացել։ Հատկապես Օրդուն, Չորումը, Դենիզլին, Գազիանթեփը և Քահրամանմարաշը նշված են այն քաղաքների թվում, որոնք «իրենք են իրենց ստեղծել»։ Թուրքիայի Էգեյան տարածաշրջանի Դենիզլի քաղաքը անատոլիական վագրերին բնորոշ արագ աճի թերևս ամենավաղ նմուշօրինակն է[3], իսկ Գազիանթեփը, Մալաթիան, Քոնյան և Կայսերին ամենավերջին ակնառու վագրերն են՝ ելնելով իրենց սահմաններում գործող այն ընկերությունների թվից, որոնք տեղ են զբաղեցնում Թուրքիայի 500 խոշորագույնների շարքում[4]։
Արտադրական միավորները մի կողմ դնելով՝ կարելի է ասել, որ անատոլիական վագրեր սահմանումը հիմնականում բացառում է հասարակական կապիտալով ձևավորված ընկերությունները, ինչպես նաև այն ընկերությունները, որոնք իրենց գլխամասային գրասենյակներն ունեն Թուրքիայի խոշորագույն քաղաքներում, մասնավորապես Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Բուրսայում և Ադանայում։ Որոշակի տարածվածություն ունի նաև անատոլիական առյուծներ եզրույթը (թուրք. Anadolu Aslanları )՝ մասնավոր հատվածի Askon ասոցիացիայի անունով, որը միավորում է մի շարք այլ քաղաքների այն գործարարներին, ովքեր ընդհանուր եզրեր են գտել միմյանց միջև։ Այդ ասոցիացիան մասնաճյուղեր ունի Անկարայում, Բուրդուրում, Բուրսայում, Գեբզեում, Իզմիթում, Քոնիայում, Մալաթիայում և Տրապիզոնում։ Առյուծները մի շարք պատճառներով ավելի քիչ են հիշատակվում, քան վագրերը։ Գործածվում են նաև տերմինի այլ տարբերակներ, ինչպես, օրինակ, «Թուրքիայի վագրերը» կամ «թուրքական վագրերը», որ կիրառվում է PBS- ի կողմից՝ չբացառելով առավել հաճախ օգտագործվող «անատոլիական վագրեր» ձևը։
Քաղաքը | Ընկերությունների քանակը |
---|---|
Դենիզլի | 29 |
Գազիանթեփ & Կայսերի | 23 |
Բալիքեսիր | 15 |
Քոնիա | 14 |
Քահրամանմարաշ | 9 |
Օրդու | 7 |
Սամսուն | 5 |
Չորում | 8 |
Տրապիզոն & Յունիե | 4 |
Քոթահիա & Նիղդե | 3 |
Ադիյաման & Աֆիոնկարահիսար & Չանղրը & Գիրսուն & Իսպարտա & Քարաման & Մալաթիա |
2 |
Քաղաքական ընտրությունների արդյունքների և քվեարկության միտումների տեսակետից խնդրո առարկա քաղաքները կարող են մեծապես տարբերվել միմյանցից։ 2005 թվականին Եվրոպական կայունության նախաձեռնության ուսումնասիրությունը, որը կենտրոնացած էր Կայսերիի վրա, օգտագործում է «Իսլամական կալվինիստներ» տերմինը՝ ձեռներեցներին և նրանց արժեքները սահմանելու համար[5]։ Թուրքիայում մի քանի բիզնես մրցանակներ կամ կոնֆերանսներ վկայակոչում են «անատոլիական վագրեր» տերմինը կամ դրա տարբերակները։ Տերմինն ինքը կրկնօրինակվել է ասիական վագրերից։
Աշխարհագրական բաշխվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստամբուլի արդյունաբերական պալատի՝ 2005 թվականին հրապարակած Թուրքիայի լավագույն 1000 արդյունաբերական ձեռնարկությունների ամենամյա վարկանիշի[6] հիման վրա կազմված հարակից աղյուսակը պարունակում է քաղաքներ, որոնք լավագույնս համապատասխանում են անատոլիական վագրեր սահմանմանը։ Ընդ որում՝ այս քաղաքներից Տրապիզոնը մեկ ընկերություն ունի թոփ 25-ում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թուրքիայի տնտեսություն
- Թուրքական Ռիվիերա
- Վագրային տնտեսություն
- Tiger Cub տնտեսություններ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Demir, Ömer; Acar, Mustafa; Toprak, Metin (2004). «Anatolian Tigers or Islamic Capital: Prospects and Challenges». Middle Eastern Studies. 40 (6): 166–188. doi:10.1080/0026320042000282937. S2CID 145182014.
- ↑ Wendy Christianasen (1997 թ․ հուլիս). «New Faces of Islam». Le Monde Diplomatique. Արխիվացված օրիգինալից 2002 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Hüseyin Özgür. «Integration of a Local Economy to the Global and European Markets through Export–Led Growth and Specialized Textile Products Export: Home Textile Production in Denizli – Turkey» (PDF). 18th European Advanced Studies Institute in Regional Science. University of Łódź. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Pelin Turgut. «Anatolian Tigers: Regions prove plentiful». Financial Times. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ ESI. «Islamic Calvinists: Change and Conservatism in Central Anatolia» (PDF). European Stability Initiative, Berlin. Վերցված է 2005 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ Istanbul Chamber of Industry Արխիվացված 2007-04-27 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Guy Sorman The Tigers of Anatolia // Economics Does Not Lie. A Defense of the Free Market in a Time of Crisis. — New York: Encounter Books, 2009. — ISBN 978-1-59403-254-7