Եվգենի Կիսին
Եվգենի Կիսին | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1971[1][2][3] (53 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[4] |
Երկիր | Ռուսաստան, Միացյալ Թագավորություն, Իսրայել և ԽՍՀՄ |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դասական դաշնակահար, կոմպոզիտոր և դաշնակահար |
Գործիքներ | դաշնամուր |
Լեյբլ | Գերմանական գրամոֆոն, RCA Victor և Մելոդիա |
Կրթություն | Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա |
Պարգևներ | |
Կայք | kissin.org |
Evgeny Kissin Վիքիպահեստում |
Եվգենի Իգորևիչ Կիսին (ռուս.՝ Евгений Игоревич Кисин, հոկտեմբերի 10, 1971[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ[4]), ռուս դաշնակահար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1971 թվականին Մոսկվայում, ռուսական հրեաների ընտանիքում։ Վեց տարեկանում ընդունվել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական դպրոցին կից շնորհալի երեխաների հատուկ քոլեջը՝ աշակերտելով Աննա Կանտորին, որը նրա միակ ուսուցիչն է։ Տասը տարեկան հասակում կատարել է իր դեբյուտը՝ նվագելով Մոցարտի Դաշնամուրի թիվ 466 կոնցերտը, իսկ մեկ տարի անց Մոսվկայում հանդես է եկել մենահամերգով։
Նա միջազգային ուշադրության է արժանացել 1984 թվականի մարտին, տասներկու տարեկան հասակում, կատարելով Շոպենի Դաշնամուրի թիվ 1 և 2 կոնցերտները Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում, պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Դմիտրի Կիտաենկոյի ղեկավարությամբ (ձայնագրվել է «Մելոդիա» ընկերության կողմից)։
1987 թվականին կայացել է Կիսինի արևմտաեվրոպական դեբյուտը Բեռլինի փառատոնում։ 1988 թվականին շրջել է Եվրոպայում «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի և Վլադիմիր Սպիվակովի հետ, կայացել է նաև նրա լոնդոնյան դեբյուտը՝ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ, Վալերի Գերգիևի ղեկավարությամբ։ Նույն տարի դեկտեմբերին նա հանդես է եկել Հերբերտ ֆոն Կարայանի և Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Ամանորի համերգին, որը հեռարձակվել է բազմաթիվ երկրներում և ձայնագրվել «Դոյչե գրամոֆոն» ընկերության կողմից։
1990 թվականին Կիսինը տվել է իր առաջին BBC Promenade համերգը Լոնդոնում և նույն տարի առաջին անգամ հանդես եկել Հյուսիսային Ամերիկայում՝ կատարելով Շոպենի երկու դաշնամուրային կոնցերտները Նյու Յորքի ֆիլհարմոնիկի հետ՝ Զուբին Մեթայի ղեկավարությամբ։ Հաջորդ շաբաթ նա բացել է Քարնեգի Հոլի հարյուրամյակի համերգաշրջանը, որը տեղում ձայնագրվել է BMG Classics-ով։
Պարգևներ, մրցանակներ, նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիսինն արժանացել է բազմաթիվ երաժշտական պարգևների ու մրցանակների։ 1987 թվականին ստացել է Օսակայի սիմֆոնիկ համերգասրահի «Բյուրեղյա դահլիճ» մրցանակը՝ 1986 թվականի լավագույն կատարման համար։
1991 թվականին արժանացել է Սիենայի (Իտալիա) Չիգիանա երաժշտական ակադեմիայի «Տարվա երաժիշտ» մրցանակին։
Հատուկ հյուր է եղել 1992 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ, որը հեռարձակվել է ավելի քան մեկ միլիարդ լսարան ունեցող հանդիսասրահի համար։
1995 թվականին ճանաչվել է «Երաժշտական Ամերիկայի» ամենաերիտասարդ գործիքային երաժշտություն կատարող։
1997 թվականին արժանացել է հեղինակավոր «Հաղթական մրցանակին»՝ Ռուսաստանի մշակույթին բերած իր ակնառու ավանդի համար։
Առաջին դաշնակահար էր, որ հրավիրվել է համերգով հանդես գալու BBC Proms դասական երաժշտության փառատոնում (1997)։
2000 թվականի համերգաշրջանում եղել է առաջինը, որ երբևէ հրավիրվել է որպես համերգային մենակատար հանդես գալու Proms-ի բացման համերգին։
2001 թվականի մայիսին Մանհեթենի երաժշտական դպրոցի կողմից Կիսինին շնորհվեց պատվավոր դոկտորի կոչում։
2003 թվականի դեկտեմբերին Մոսկվայում ստացել է Ռուսաստանի բարձրագույն երաժշտական՝ Շոստակովիչի անվան մրցանակը։
2005 թվականին դարձել է Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայի պատվավոր անդամ, նույն թվականին արժանացել է Հերբերտ ֆոն Կարայանի անվան երաժշտական մրցանակին։
Կիսինի ձայնագրությունները նույնպես ստացել են բազմաթիվ պարգևներ և հիացական գնահատականներ՝ նշանակալի նպաստ բերելով աշխարհի մեծագույն կատարողների կողմից ձայնագրված գլուխգործոցների շտեմարանին։ Նա արժանացել է «Էդիսոն կլասիկ» (Նիդերլանդներ), «Գրեմմի», «Ոսկե դիապազոն», Ֆրանսիայի ձայնասկավառակների նոր ակադեմիայի գլխավոր և այլ մրցանակների։
2010-2012 թվականների համերգաշրջանում Կիսինը ելույթներ է ունեցել աշխարհի մի շարք խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Լոնդոնում, Միլանում, Փարիզում, Զալցբուրգում, Վիեննայում և այլուր։ Այնուհետև սկսել է հյուսիսամերիկյան լայնածավալ շրջագայություն, որն ընդգրկել է մենահամերգներ, նվագախմբային համերգներ, նաև կամերային երաժշտության համերգներ Յուրի Բաշմետի հետ համատեղ։
2012 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով[7]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի մարտի 10-ին Կիսինը ամուսնացել է մանկության ընկերուհու` հայուհի Կարինե Արզումանյանի հետ Պրահայում, որտեղ նրանք ապրում են[8][9]։
Կիսինը նաև բացահայտ քննադատել է Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։ 2022 թվականին Կիսինը և այլ ռուս նկարիչներ ստորագրել են ներխուժման դեմ նամակ[10]։ Դաշնամուրային եռյակը, որը նա ստեղծել է ի պատասխան ներխուժման, կայացել է Ամստերդամում 2022 թվականի հոկտեմբերի 14-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #122086775 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://web.archive.org/web/20170810052959/https://www.festspielhaus.de/en/sponsorship/foundation/herbert-von-karajan-musicprize/
- ↑ https://www.steinway.com/artists/evgeny-kissin — Steinway & Sons.
- ↑ Ե. Ի. Կիսինին Պատվո շքանշանով պարգևատրելու մասին
- ↑ «World- famous pianist Yevgeny Kissin marries Armenian from Prague». Armenia News. 2017 թ․ մարտի 17. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Evgeny Kissin is the world's most acclaimed classical pianist». The Economist. 2017 թ․ հուլիսի 6. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Leading Russian Musicians Sign Appeal Condemning Putin's Invasion of Ukraine». The Violin Channel. 2022 թ․ մարտ.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Կիսին» հոդվածին։ |
|