Jump to content

Կաթոլիկություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիսուս Քրիստոսը Քրիստոնեության կարևորագույն դեմքերից է

 
Հիսուս Քրիստոսը
Ծնունդը · Մկրտությունը · Հարությունը · Զատիկ · Հիսուսը քրիստոնեությունում
Հիմնադրումը
Առաքյալները · Եկեղեցի · Հավատո հանգանակ · Ավետարան · Դրախտ
Աստվածաշունչ
Հին կտակարան · Նոր Կտակարան ·
Գրքերը · Կանոն · Ապոկրիֆ
Աստվածաբանություն
Ապոլոգետ · Մկրտություն · Աստված · Սուրբ Որդի · Սուրբ Հոգի ·
Աստվածաբանության պատմություն · Փրկություն · Սուրբ Երրորդություն
Պատմություն և Ավանդույթները
Ժամանակագրություն ·Քրիստոնեության պատմություն · Մարիամ Աստվածածին · Սուրբ Թադեոս · Սուրբ Բարդուղիմեոս ·
Գրիգոր Լուսավորիչ · Վաղ քրիստոնեություն · Տրդատ Գ ·
Տիեզերական ժողովներ · Վարդանանք ·
Ավարայրի ճակատամարտ · Միաբնակություն ·
Խաչակրաց արշավանքներ
Ուղղություններ և աղանդներ
Հայ Առաքելական Եկեղեցի ·
Կաթոլիկություն · Ուղղափառություն · Բողոքականություն ·
Հին արևելյան եկեղեցիներ · Թոնդրակյաններ ·
Պավլիկյաններ · Եհովայի վկաներ ·
Խաչակրաց արշավանքներ  ·
Միաբնակներ
Ընդհանուր թեմաներ
Մշակույթ · Մատաղ · Տաղեր · Պատարագ · Շարականներ · Այլ կրոնները · Աղոթք · Քարոզ · Կաթողիկոս
Պորտալ Քրիստոնեություն

Կաթոլիկություն (հունարեն՝ καvθολικοvτητα – ընդհանրականություն), քրիստոնեության հիմնական ուղղություններից, հետևորդների թվով քրիստոնեության ամենախոշոր ճյուղը (ըստ 2007 թ. տվյալների՝ աշխարհում հաշվում է մոտ 1,147 միլիարդ կաթոլիկադավան)։ Կաթոլիկությունը տարածված է և միլիոնավոր հետևորդներ ունի Եվրոպայում (հատկապես՝ Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ավստրիայում, Լեհաստանում), Լատինական և Կենտրոնական Ամերիկայում։ Հետևորդներ ունի նաև Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում, Աֆրիկայում, Ավստրալիայում։

Առանձնացման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձևավորվել է մ.թ. առաջին հազարամյակում նախկին Արևմտյան Հռոմեական կայսրության տարածքում։ Կաթոլիկության սկզբնավորումը կարելի է տանել մինչև IV դար, երբ Հռոմի աթոռը, որի գլուխ կանգնած էր Հռոմի եպիսկոպոսը (պապ), իր իրավասությանը ենթարկեց Արևմուտքի եկեղեցիները՝ ձգտելով իր գերիշխանությունը տարածել նաև Արևելքում։ Հռոմի աթոռը սկսում է իրեն բարձր դասել տիեզերական մյուս աթոռներից (Կ. Պոլիս, Ալեքսանդրիա, Անտիոք, Երուսաղեմ) և միջամտել Արևելքի եկեղեցական գործերին։ Հակասությունները հետզհետե ավելի են սրվում VII–IX դարերում։ Հռոմի նկրտումներն ավելի ցայտուն են դառնում IX դարից, երբ ձևավորվում է պապականությունը, նրա վարչական և գաղափարական հիմքերը։ Հռոմը ստանում է նաև քաղաղաքական իշխանություն՝ 756 թվականին ստեղծելով կրոնապետություն՝ Պապական մարզը։ Հռոմի պապերի նկրտումներն Արևելքի նկատմամբ հանդիպում են Կ. Պոլսի պատրիարքների (Փոտ, Նիկողայոս Միստիկոս, Միքայել Կերուլարիոս) հակազդեցությանը։ 867 թվականին Հույն եկեղեցին խզում է իր կապերը Հռոմի եկեղեցուց։ Այդ խզումը իր վերջնակետին է հասնում 1054 թվականին, երբ Հռոմն ու Կ. Պոլիսը փոխադարձաբար նզովում են միմյանց։ Բաժանման դավանաբանական առիթը Արևմուտքի ընդունած «և Որդւոյ» (Filioque) վարդապետությունն էր, ըստ որի՝ Ս. Հոգին բխում է և՛ Հորից, և՛ Որդուց։ Երկաբնակությունն ընդունող քրիստոնեական եկեղեցին բաժանվում է արևմտյան կաթոլիկական և արևելյան երկաբնակ ուղղափառ (օրթոդոքս) ճյուղերի։ Կաթոլիկությունը ձևավորվում է որպես դավանանք և եկեղեցական կազմակերպություն։

Պապության պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմի կաթոլիկ եկեղեցու գլուխը Հռոմի պապն է, որի նստավայրը՝ Վատիկանը, 1929 թվականին ճանաչվել է որպես առանձին պետություն։ 8-րդ դարում կազմավորված Պապական մարզը մինչև 962 թվականը գտնվել է ֆրանսիական Կարոլինգների թագավորության, այնուհետև՝ Հռոմեական սրբազան կայսրության կազմում։ XI դ. Կաթոլիկ եկեղեցին ընդարձակում և ամրապնդում է իր դիրքերը, Հռոմի աթոռն իրեն է ենթարկում Արևմուտքի բոլոր եկեղեցիները՝ հաստատելով Հռոմի պապի բացարձակ գերիշխանությունն ու հեղինակությունը հավատի և կրոնաեկեղեցական հարցերում, վճռորոշ դերակատարությունը քաղաքական խնդիրներում։ XIII դ. Պապական մարզը դառնում է անկախ, իսկ 1274 թվականին պաշտոնապես ճանաչվում ինքնիշխան պետություն։ Ֆրանսիական թագավոր Ֆիլիպ IV Գեղեցիկը պապի աթոռանիստը Հռոմից տեղափոխում է Ավինյոն (1309–77)։ Այդ շրջանը պատմության մեջ հայտնի է պապերի «Ավինյոնյան գերություն» անունով։ Հռոմի կաթոլիկ եկեղեցին, ձգտելով տիրանալ Սուրբ Հողին, XI–XIII դդ. նախաձեռնում է Խաչակրաց արշավանքներ, ստեղծում ասպետական օրդեններ (Հիվանդախնամների կամ Հյուրընկալների, Տաճարականների, Տևտոնական և այլն), կրոնական միաբանություններ (Ճիզվիտական, Դոմինիկյան, Ֆրանցիսկյան, Կարմելյան և այլն), Կաթոլիկ եկեղեցու հակառակորդներին, հերետիկոսներին, ազատամիտներին դարձի բերելու իսկ չուղղվողներին պատժելու համար XIII դ. ստեղծվում է ինկվիզիցիան (հավատաքննությունը), որը հետագայում պայքար է մղում բողոքականության դեմ։

Հռոմը նաև փորձել է ամենատարբեր եղանակներով կաթոլիկություն տարածել Հայաստանում, սկզբում՝ Կիլիկյան Հայաստանում՝ Հայ և Կաթոլիկ եկեղեցիների միություն հաստատելու միջոցով, ապա՝ XIV դ. սկզբից՝ բուն Հայաստանում՝ ունիթորության միջոցով։ Դա հանգեցրել է Հռոմի կաթոլիկ եկեղեցուն միացած Արևելյան պատրիարքությունների և եկեղեցիների կազմավորմանը, որոնցից է նաև Հայ կաթողիկե եկեղեցին։

XVI–XVIII դդ. Պապական մարզում հաստատվում է բացարձակապետություն, իսկ XIX դ. այն մտնում է միավորված Իտալական թագավորության մեջ և դադարում գոյություն ունենալուց։

Կաթոլիկ եկեղեցու ամբողջ համակարգը փոխվեց Վատիկանի II ժողովի ժամանակ։ Այս ժողովի որոշումների համաձայն կարելի է ասել, որ պապական Հռոմի ամբողջ համակարգը գլխիվայր փոխվեց և ավելի արդիանականացվեց։ Դրա օրինակ է հրաժարումն այն բանից, որ ծառայությունն անպայման կատարվի լատիներեն լեզվով։

Կաթոլիկ եկեղեցին ավանդական մյուս եկեղեցիներից տարբերվում է դավանաբանական, վարդապետական, ծիսական, եկեղեցական կառավարման, կազմակերպա-կանոնական յուրահատկություններով։ Ունի խիստ կենտրոնացված նվիրապետական կարգ։ Կաթոլիկ եկեղեցու գլուխը Հռոմի պապն է, նրա իշխանությունը ավելի բարձր է, քան Տիեզերական ժողովի իշխանությունը (լրիվ տիտղոսն է՝ Հռոմի եպիսկոպոս, Հիսուս Քրիստոսի տեղապահ, առաքյալների իշխանի ժառանգորդ, տիեզերական եկեղեցու գերագույն պոնտիֆիկ, Արևմուտքի պատրիարք, Իտալիայի գահերեց եպիսկոպոս (պրիմաս), Հռոմ. գավառի արքեպիսկոպոս և մետրոպոլիտ, Վատիկան քաղաք-պետության միապետ, Աստծո ստրկաց ստրուկ)։ Համարվում է Պետրոս առաքյալի տեղապահ ժառանգորդը։ Պապը կաթոլիկների կողմից ընկալվում է որպես Տիեզերական եկեղեցու գլուխ (մյուս եկեղեցիների համար Տիեզերական եկեղեցու գլուխն Աստված է). Քրիստոսն իր եկեղեցին որպես ժառանգություն փոխանցել է Պետրոս առաքյալին, նա էլ՝ իրեն հաջորդող Հռոմի եպիսկոպոսների (իմա՝ պապերին), ուստի պապը երկրի վրա Աստծո տեղապահն է և քրիստոնյա մյուս եկեղեցիների գլխավորը։ Պապի ու Աստծո միտքը և կամքը մեկ են, նա եկեղեցու միապետն է և գերագույն դատավորը, ունի հրեշտակներից, սրբերից և տիեզերական ժողովներից բարձր իշխանություն, դավանաբանական հարցերում անսխալ է (ըստ 1869–70 թվականի Վատիկանի I ժողովի պապի անսխալականության դոգմայի)։ Պապին կից գործում է կուրիան (վարչական մարմինը) և կարդինալների Կոլեգիան, որի ամբողջությունը Կոնսիստորիան (ժողով) է։ Պապի մահվան դեպքում նրա հաջորդին ընտրող արտակարգ ժողովը կոչվում է կոնկլավ (կողպված կամ դռնփակ սենյակ)։ Հավաքվում է պապի մահվանից հետո 11-րդ օրը և ընտրում պապ ձայների 2/3 մեծամասնությամբ ու ևս մեկ ձայնով՝ հավաքված կարդինալների թվից։ Կա կարդինալների երեք աստիճան՝ կարդինալ-եպիսկոպոս, կարդինալ-քահանա և կարդինալ-սարկավագ։ Կարդինալներն աշխատում են կոնգրեգացիաներում (սուրբ ժողովներում), որոնք վարչական և դատական մարմիններ են, ունեն իրենց գրասենյակները և վճռում են հավատի, դավանության, իրավունքի, բարոյականության, սրբադասման և այլ հարցեր։ Մի շարք կարևոր կոնգրեգացիաներում նախագահում է անձամբ պապը։ Հռոմից դուրս, մշտական կամ ժամանակավոր լիազորությամբ, գործում են պապի ներկայացուցիչներ՝ առաքելական փոխանորդներ, նվիրակներ, դիվանագիտական ներկայացուցիչներ (լեգատ)։ Թեմական առաջնորդ-եպիսկոպոսներին օծում է միայն պապը։ Նրանք կառավարում են պապին տված հնազանդության երդումով և իրենց աստիճանով ցածր են կարդինալներից։ Պապը հրավիրում է Կաթոլիկ եկեղեցու «տիեզերական» ժողովներ, հղում էնցիկլիկներ (կոնդակներ)։ Կաթոլիկ եկեղեցուն հատուկ երևույթ են «զինվոր»-միաբանությունները, որոնց վանքերը ենթարկվում են հիմնականում Հռոմում նստող իրենց գլխավորներին (գեներալ)։ Վանականները ճգնակյաց չեն, կատարում են եկեղեց-հաս. պարտականություններ։

Կաթոլիկության գաղափարական հիմքը Օգոստինոս Ավրելիոս Երանելու (IV–V դդ.), Թովմա Աքվինացու (XIII դ.) և այլոց ուսմունքներն են։ Կաթոլիկությունն ընդունում է քավարանի գոյությունը (պաշտոնապես ճանաչվել է Ֆլորանսի ժողովում՝ 1439 թվականին) գոյությունը, բոլոր կարգի հոգևորականների կուսակրոնությունը, Աստվածամոր մարմնավոր համբառնումը։ Ինքնատիպ է Սուրբ Երրորդության, եկեղեցական խորհուրդների մեկնաբանումն ու կիրառումը, օծումն արվում է մկրտությունից զատ՝ նվազագույնը ութամյա (գիտակից) տարիքում, հոգևորականների և աշխարհականների հաղորդության ձևերն ու եղանակները տարբեր են (գինու մեջ ջուր են խառնում, աշխարհականներին հաղորդություն տալիս միայն հացով, իսկ գինին վերապահում եկեղեցականներին)։ Կաթոլիկ եկեղեցին ընդունում է գոյափոխությունը (տրանսսուբստանցիացիա), այսինքն՝ Պատարագի ժամանակ հացն ու գինին փոխվում են մեկ այլ գոյացության՝ Քրիստոսի մարմնի և արյան, սուրբ խորհուրդ է համարում ոչ թե եկեղեցական պսակը, այլ՝ հենց ինքնին ամուսնությունը, իսկ ամուսնացողներին՝ խորհուրդն իրականացնողներ։ Կաթոլիկ եկեղեցին ունի սեփական տոնացույց և մեծ մասամբ միջին դարերում ձևավորված սրբարան, ընդունում է Մարիամ Աստվածածնի անարատ հղության վարդապետությունը, ունի «տիեզերական» ժողովների սեփական ցանկ (թվով՝ 21), ընդունում է երկաբնակությունը և Քաղկեդոնի ժողովի հանգանակը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 162