Ռազմատնտեսական ներուժ
Ռազմատնտեսական ներուժ, երկրի (երկրների կոալիցիայի) առարկայական (օբյեկտիվ) հնարավորությունները, որոնք կարող են օգտագործվել նրա պաշտպանական հզորության ամրապնդման և պատերազմի վարման համար։ Որոշվում է պետության սոցիալ-տնտեսական և քաղաքական կարգով, արտադրության ծավալով ու կառուցվածքով, արդյունաբերության (առաջին հերթին՝ ծանր և ռազմական) արտադրական կարողությունների առկայությամբ, գյուղատնտեսության զարգացմամբ, հաղորդակցության ճանապարհների վիճակով, համապատասխան փոխադրամիջոցների (տրանսպորտային միջոցներ) ու կապի գոյությամբ, բնակչության թվով ու բարոյաքաղաքական մակարդակով, գիտության ու տեխնիկայի զարգացման աստիճանով, ֆինանսների վիճակով, բնական ռեսուրսների առկայությամբ և դրանց յուրացման աստիճանով, արտադրողական ուժերի տեղաբաշխմամբ, արտադրության կոոպերացման, ներքին ու արտաքին տնտեսական կապերի մասշտաբներով ու խորությամբ, նյութական միջոցների ու ռեզերվների պաշարներով։ Ռազմատնտեսական ներուժի (ռազմատնտեսական պոտենցիալ) կարևոր ցուցանիշներից է ժողովրդական տնտեսության (ազգային տնտեսության, էկոնոմիկայի) հիմնական ճյուղերի ձեռնարկությունները կարճ ժամանակամիջոցում ռազմական արտադրության փոխադրելու հնարավորությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 588)։ |