Ռետինիտ
Ռետինիտ, աչքի ցանցաթաղանթի բորբոքում, որի ժամանակ վնասվում է ցանցաթաղանթը և կարող է զարգանալ կուրություն։ Ցանցաթաղանթում գտնվում են աչքի զգայական ընկալիչները։ Ռետինիտը կարող է առաջանալ մի շարք տարբեր վարակներից։ Ռետինիտի ամենատարածված ձևը պիգմենտային ռետինիտն է, որը հանդիպում է 1։ 2500 - 1։ 7000 հաճախականությամբ։ Ռետինիտը 20-60 տարեկան հիվանդների մոտ կուրության առաջացման առաջատար պատճառներից մեկն է։
Ռետինիտը կարող է առաջանալ մի շարք ինֆեկցիոն գործոններից, այդ թվում տոքսոպլազմոզից[1], ցիտոմեգալովիրուսից և կանդիդա սնկից[2]։ Ցիտոմեգալովիրուսային ռետինիտը ՁԻԱՀ-ով հիվանդների մոտ կուրության զարգացման հիմնական պատճառներից է[2]։ Արյան հոսքից դեպի ցանցաթաղանթ կանդիդայի տարածման հետևանքով ցանցաթաղանթի վրա կարող են առաջանալ մի քանի թարախակույտեր[2]։
Ռետինիտ Retinit | |
---|---|
աչքի ցանցաթաղանթի բորբոքային հիվանդություն | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | ակնաբուժություն |
ՀՄԴ-9 | 363.20 |
Ախտորոշում | ներակնային հեղուկի, արյան, ողնուղեղային հեղուկի քննություն, աչքի գործիքային հետազոտություն |
Բուժում | վիտամին A, լյուտեին և օմեգա-3 ճարպաթթուներ, հատուկ խոշորացնող ակնոցներ |
Բարդություններ | ցանցաթաղանթի վնասում, կուրություն |
Ախտանիշներ և նշաններ
խմբագրելԱյս հիվանդության առաջին ախտանիշը սովորաբար տեսողության դանդաղ կորուստն է, հատկապես գիշերային տեսողության կորուստը, ինչը դժվարեցնում է մթության մեջ հիվանդի կողմնորոշվելը, տեղաշարժվելը և մեքենա վարելը։ Հետագայում հիվանդները կորցնում են նաև ծայրամասային տեսողությունը։ Որոշ դեպքերում ախտանիշները դրսևորվում են միայն մեկ աչքում։ Միայն մեկ աչքում լողացող, թարթող, մշուշոտ տեսողությունը և կողմնային տեսողության կորուստը կարող են լինել ռետինիտի զարգացման վաղ նշաններ։
Մեխանիզմ
խմբագրելՊիգմենտային ռետինիտը ժառանգական հիվանդություն է, որը հանգեցնում է ծանր ֆենոտիպային փոփոխությունների։ Ռետինիտի տեսակները ներկայումս համարվում են ցանցաթաղանթի հիվանդությունների ամենաբարդ ձևերը։ Հիվանդության և բուժման բարդ ընթացքը պայմանավորված է դրա բարդ մեխանիզմով։ Պիգմենտային ռետինիտը վերահսկվում է մեկ գենով, որը կարող է ժառանգվել աուտոսոմային դոմինանտ, աուտոսոմային ռեցեսիվ կամ X քրոմոսոմի հետ շղթայակցված ձևով։
Ախտորոշում
խմբագրելՉնայած վերջին տասնամյակների ընթացքում հիվանդության վերաբերյալ իրականացվել են լայնածավալ հետազոտություններ, սակայն դեռևս չկան ապացույցների վրա հիմնված ախտորոշման տարբերակներ, որոնք հնարավոր կլինի օգտագործել վաղ տարիքում, սովորաբար դեռահասների կամ երիտասարդների մոտ հիվանդության վաղ հայտնաբերման համար։
Սպեցիֆիկ ախտորոշում կատարելու համար հիվանդից վերցնում և ուսումնասիրում են ներակնային հեղուկը։ Որոշ դեպքերում ստուգվում են նաև արյունն ու ողնուղեղային հեղուկը (CSF)։ Բացի նշված մեթոդներից ռետինիտի ախտորոշման համար կատարում են նաև աչքի գործիքային հետազոտություն։
Տեսակներ
խմբագրելԳոյություն ունի հիվանդության երկու տեսակ՝ պիգմենտային ռետինիտ (RP) և ցիտոմեգալովիրուսային ռետինիտ (CMV)։ Ռետինիտի երկու տեսակներն էլ հանգեցնում են ցանցաթաղանթի այտուցվածության և վնասման։ Այնուամենայնիվ, ռետինիտի երկու տեսակների հիմնական տարբերությունն այն է, որ պիգմենտային ռետինիտի հիմքում ընկած է ժառանգական գործոնը, որը փոխանցվում է ծնողներից մեկից կամ երկուսից։ Մյուս տարբերությունն այն է, որ ցիտոմեգալովիրուսային ռետինիտի առաջացման պատճառը ցանցաթաղանթի վիրուսային վարակն է։ Թեև հիվանդության բուժման հստակ տարբերակ չկա, բայց այնուամենայնիվ կան որոշակի մեթոդներ, որոնցով հնարավոր է կանխել տեսողության վատթարացումը։
Կանխարգելում
խմբագրելՀետազոտությունները ցույց են տալիս, որ որոշ հավելումներ, հատկապես վիտամին A-ն, լյուտեինը և օմեգա-3 ճարպաթթուները, կարող են դանդաղեցնել հիվանդության առաջընթացը և ժամանակավորապես մեղմացնել ախտանիշները։
Բուժում
խմբագրելՉափազանց կարևոր է պարբերաբար այցելել ակնաբույժի։ Թեև որոշ հավելումներ, ինչպիսիք են վիտամին A-ն, լյուտեինը և օմեգա-3 ճարպաթթուները, կարող են օգնել նվազեցնելու ռետինիտի ախտանիշները, սակայն ամբողջովին չեն վերացնում հիվանդությունը։ Ռետինիտի ժամանակ ցանցաթաղանքի բորբոքման հետևանքով վատացած տեսողությունը որոշակի չափով վերականգնելու համար կարող են օգտագործվել հատուկ խոշորացնող ակնոցներ, որոնց տրամադրմամբ զբաղվում են հատուկ վերականգնողական ծառայություններ։ Ի վերջո, խորհուրդ է տրվում կրել արևային ակնոցներ նույնիսկ մռայլ օրերին՝ աչքերը ուլտրամանուշակագույն ճառագայթումից պաշտպանելու համար։
Վերջին հետազոտություններ
խմբագրելՌետինիտի վերաբերյալ ընթացիկ հետազոտությունը ներառում է ցողունային բջիջների, դեղամիջոցների, գենային թերապիայի[3] և փոխպատվաստումների ուսումնասիրությունը՝ օգնելու բուժել այս հիվանդությունը։ Հետազոտություններից մեկը, որը ներառում էր ռետինիտով հիվանդներ, անցկացվել է գենային թերապիայի միջոցով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Goldman, Lee (2011). Goldman-Cecil Medicine (24th ed.). Philadelphia: Elsevier Saunders. էջ 2195. ISBN 978-1437727883.
- ↑ 2,0 2,1 2,2 Kumar, Vinay (2007). «Retina and Vitreous, Other Retinal Degenerations, Retinitis». Robbins basic pathology (8th ed.). Philadelphia: Saunders/Elsevier. ISBN 978-1416029731.
- ↑ «Retinitis Pigmentosa Research Advances». Foundation Fighting Blindness (անգլերեն).