Ականջ
Ականջ, լսողության և հավասարակշռության օրգան, որի միջոցով ընկալվում են ձայնային ազդանշանները և այնպիսի գրգիռներ, որոնք առաջանում են մարմնի դիրքի փոփոխության ժամանակ։ Կաթնասունների ականջների կառուցվածքը գրեթե միանման է։ Չնայած սողունները, երկկենցաղները և թռչունները նույնպես օժտված են գերազանց լսողությամբ, սակայն նրանց լսողության օրգանների կառուցվածքը տարբեր է։ Որոշ միջատների լսողության օրգանները տեղադրված են մարմնի կամ վերջույթների վրա։
Լսողության նշանակություն
խմբագրելԼսողությունը կարևոր դեր ունի մարդու կյանքում։ Լսողությունը և խոսքը կազմում են մարդկանց փոխհարաբերությունների հիմքը, առանց որի անհնար կլիներ հաղորդակցվել աշխատանքային գործունեության ընթացքում և հասարակական կյանքում։ Լսողությամբ մարդն ընկալում է տարբեր ձայներ, որոնք ազդարարում են շրջապատող միջավայրում կատարվող իրադարձությունները. անտառի խշշոցը, ծովի ձայնը, թռչունների դայլայլը, և աշխարհի մասին մեր ընկալումը դառնում է ավելի պարզ և հարուստ։ Լսողության կորուստը կարող է առաջացնել փոփոխություններ մարդու վարքագծում։
Ականջի կառուցվածք և ֆունկցիաներ
խմբագրելՄարդու լսողության օրգանը կազմված է երեք բաժիններից՝ արտաքին, միջին և ներքին ականջից։
Արտաքին ականջ
խմբագրելԱրտաքին ականջը ներառում է ականջախեցին և լսողական արտաքին անցուղին։ Խեցին մաշկով պատված աճառային թիթեղ է, որի միայն ականջաբլթակ կոչվող մասն է աճառազուրկ։ Շատ կենդանիների ականջախեցին շարժուն է և օգնում է որսալ նույնիսկ ամենացածր ձայնը։
Մարդկանց ականջախեցին ձայնային տատանումները հաղորդում է լսողության արտաքին անցուղուն, որն ունի 3 սմ երկարություն, պատված է մաշկով, որն ունի մազեր և ականջածծումբ արտադրող ճարպագեղձեր։ Այդ գեղձերի արտազատուկն ունի պաշտպանական նշանակություն (բնական պայմաններում չորանալով՝ ծամելիս, խոսելիս և այլն աստիճանաբար ինքնուրույն դուրս է գալիս), սակայն ավելցուկը կարող է խցանել լսողական անցուղին՝ առաջացնելով ականջի ծծմբախցան։
Արտաքին լսողական անցուղին լայն է, բայց մոտավորապես կենտրոնում բավականին նեղանում է և դառնում նեղուցանման։ Դա պետք է նկատի ունենալ ականջի օտար մարմինները հեռացնելիս։ Արտաքին լսողական անցուղու առջևի պատը սահմանակից է ստորին ծնոտի հոդին, ուստի դրա բորբոքման ժամանակ բերանը բացելիս ականջը ցավում է։ Արտաքին լսողական անցուղուց ներքև հարականջային թքագեղձն է։
Արտաքին լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով, որը միջին ականջը սահմանազատում է արտաքինից։
Միջին ականջ
խմբագրելՄիջին ականջը օդակիր խոռոչների և խորշիկների համակարգ է, որը տեղավորված է քունքոսկրի հաստության մեջ։ Միջին ականջում գտնվում են լսողական ոսկրիկները՝ մուրճը, սալը, ասպանդակը, որոնք թմբկաթաղանթի տատանումները հաղորդում են ներքին ականջին։
Միջին ականջի խոռոչը լսողական (եվստախյան) փողով հաղորդակցվում է քթըմպանի հետ։ Լսողական փողով թմբկաթաղանթի մեջ օդ է մտնում, որի շնորհիվ թմբկաթաղանթի վրա ընկնող ճնշումը հավասարվում է արտաքին լսանցքի ճնշմանը։ Եթե թաղանթի երկու կողմերում ճնշումների տարբերությունը մեծ է, թաղանթը կարող է պատռվել։ Խորհուրդ է տրվում պայթյունի, հրաձգության դեպքում բերանը բացել, որպեսզի լսողական փողով օդն անցնի թմբկախոռոչ և թմբկաթաղանթի երկու կողմերում ճնշումները հավասարվեն։ Միջին ականջը ներքին ականջից բաժանող թիթեղում գտնվում են նուրբ թաղանթով ձգված երկու պատուհան՝ կլոր և ձվաձև։
Ներքին ականջ
խմբագրելՆերքին ականջը գտնվում է քունքոսկրի բրգի հաստության մեջ և իրենից ներկայացնում է հեղուկով լցված խոռոչների և գալարուն խողովակների համակարգ՝ ոսկրային լաբիրինթոս։ Ներքին ականջը բաղկացած է անդաստակից, խխունջից և 2 պարկիկներով 3 կիսաշրջանաձև խողովակներից (հավասարակշռության օրգան)։ Խխունջը պարուրաձև ոսկրային խողովակ է, որի պարույրների թիվը մարդու մոտ 2,5 է։ Խխունջում տեղակայված են լսողական ընկալիչներ՝ մազակազմ էպիթելային բջիջներ, որոնց միջոցով ականջախեցին, լսողական անցուղին, թմբկաթաղանթը և լսողական ոսկրիկները փոխանցում են ձայնային ալիքները։ Այնուհետև ձայնային գրգիռները, վերափոխվելով նյարդային գրգիռների, լսողական նյարդով (բաղկացած ձայնազգաց բջիջների ելուստներից) հաղորդվում են գլխուղեղի կեղև, որտեղ տեղի է ունենում ձայների բարձրագույն վերլուծություն՝ լսողության զգացողություն։
Մարդու ականջն ընկալում է միայն 16-ից մինչև 20000 հց հաճախության տատանումներ՝ չնայած որոշ պայմաններում նաև գերձայնային հաճախությունները։ Քանի որ ձայնն արագ և բարձր է հասնում այն ականջին, որն ավելի մոտ է ձայնի աղբյուրին, ուստի հեշտ է որոշել դրա ուղղությունը։
Հավասարակշռության օրգանը (անդաստակային ապարատ) բաղկացած է տարբեր հարթություններում տեղակայված 3 կիսաշրջանաձև խողովակներից, ինչպես նաև 2 պարկիկից։ Խողովակներում և պարկիկներում կան նյարդային բջիջներ, որոնք գրգռվում են տարածության մեջ տեղաշարժվելիս, ինչպես նաև գլխի կտրուկ շարժումների ժամանակ։ Անդաստակային ապարատի վիճակը բնականոն պայմաններում տարբեր մարդկանց մոտ տարբեր է։ Որոշ մարդկանց մոտ այն հեշտությամբ է գրգռվում, և նման դեպքում մարդը վատ է տանում ավտոմեքենայով երկարատև ճանապարհորդությունը կամ նավարկությունը։ Այլ դեպքերում, ինչպես նաև հատուկ մարզումների ժամանակ, անդաստակային ապարատը թույլ է ընկալում նույնիսկ այնպիսի ուժեղ գրգիռներ, որոնց ազդեցությանը ենթարկվում է օդաչուն ինքնաթիռում կամ տիեզերանավում։ Անդաստակային ապարատը կապված է աչքի շարժումներ, սրտի կծկումներ, քրտնարտադրություն և այլ ֆունկցիաներ կատարող նյարդերի հետ, ուստի ուժեղ գրգռման, օրինակ՝ ներքին ականջի բորբոքման, այսպես կոչված, լաբիրինթաբորբի ժամանակ կարող են առաջանալ անոթազարկի փոփոխություն, քրտնոտություն, սրտխառնոց, փսխում, աչքերի յուրօրինակ շարժում։
Ձայնի ընկալումը
խմբագրելԱրտաքին ականջին հասնող ձայնային ալիքներն անցնում լսողական անցուղով և առաջացնում թմբկաթաղանթի տատանումներ, որոնց հաճախականությունը կախված է ձայնի ուժգնությունից։ Որքան բարձր է ձայնը, այնքան մեծ է տատանումների հաճախականությունը։ Այդ տատանումները փոխանցվում են միջին ականջի լսողական ոսկրիկներին, որոնք 20 անգամ ուժեղացնում են այն, ապա հաղորդում ներքին ականջի ձվաձև պատուհանին։ Ձվաձև պատուհանի թաղանթի տատանումները փոխանցվում են խխունջը լցնող հեղուկին և հիմային թաղանթին, որոնք նույն հաճախությամբ սկսում են տատանվել և տատանման մեջ են դնում մազակազմ բջիջներին։ Խխունջում տեղավորված ծածկող թաղանթը, հպվելով մազակազմ բջիջներին, առաջ է բերում ընկալիչների դրդում և նյարդային ազդակների առաջացում։ Վերջիններս լսողական նյարդով հաղորդվում են մեծ կիսագնդերի կեղևի քունքային բլթում տեղակայված լսողության կենտրոնին, ուր կատարվում է ձայնի բնույթի, հաճախության և ուժգնության զանազում։
Լսողության հիգիենա
խմբագրելՉնայած լսողության օրգանը գտնվում է քունքոսկրի խորքում, այնուամենայնիվ արտաքին զանազան ներգործություններից, վարակի ներթափանցումից զերծ պահելու համար անհրաժեշտ է կիրառել հիգիենայի մի շարք կանոններ։
Լսողության արտաքին անցուղու գեղձերից արտադրվող ականջածծումբն ունի պաշտպանական նշանակություն։ Նրա վրա պահվում են շրջապատող միջավայրի փոշին և մանրէները։ Ականջը մաքուր չպահելու դեպքում ականջածծումբը կուտակվելով խցանում է անցուղին, որից թուլանում է լսողությունը։ Երբեք չի կարելի այն հեռացնել լուցկու հատիկով, գնդասեղով։ Դրանից թմբկաթաղանթը կարող է վնասվել և նույնիսկ պատռվել։ Այդ դեպքում կխախտվի ձայնային տատանումների փոխանցումը ներքին ականջ, և լսողությունը կթուլանա կամ ամբողջովին կանհետանա։ Ականջածծումբ կուտակվելու դեպքում անպայման դիմել մասնագետ բժշկի, որը կմաքրի անցուղին։
Վարակիչ հիվանդությունների դեպքում (անգինա, գրիպ, քութեշ) մանրէները քթըմպանից լորձի հետ լսափողով կարող են ընկնել միջին ականջ և առաջացնել բորբոքում։ Այդ դեպքում կորչում է լսողության ոսկրիկների շարժունությունը և խանգարվում ձայնի տատանումների հաղորդումը ներքին ականջ։ Եթե բորբորքային պրոցեսը տարածվի ներքին ականջ, կարող են վնասվել լսողական ընկալիչները, և կառաջանա խլություն։ Ականջի ցավի դեպքում անհապաղ պետք է դիմել բժշկի։
Լսողությանը մեծ վնաս է հասցնում ուժեղ աղմուկը, որից թմբկաթաղանթը կորցնում է իր առաձգականությունը, և լսողությունը վատանում է։ Գործարաններում և ֆաբրիկաներում օգտագործում են ձայնը խլացնող հարմարանքներ՝ ձայնակլանող, ձայնամեկուսիչ նյութեր, իսկ բանվորները հագնում են անձայնաթափանց ականջակալներ։
Լսողություն
խմբագրելԲարձրության կտրուկ փոփոխությունների ժամանակ զգացվում է թեթևակի խլություն։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ լսողական անցուղում և թմբկաթաղանթի հետևում օդի ճնշումները հավասարվում են։ Նման դեպքերում ասում են՝ ականջները «խցվում» են։ Լսողության ժամանակավոր թուլացում տեղի է ունենում նաև հարբուխի և այլ հիվանդությունների դեպքերում, երբ խանգարվում է թմբկախոռոչի և մթնոլորտային ճնշումների տարբերությունը։ Այդ խլությունը կարելի է վերացնել կլման շարժումներ կատարելով և հորանջելով։ 120 դեցիբելից ավելի բարձր ձայնը կարող է վայրկենապես վնասել լսողությունը։
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ականջ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 221)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |